Տառարվեստ

տառատեսակների ձևավորման արվեստ

Տառարվեստ, տառերի (գրանշաններ) ստեղծման արվեստը, գրաֆիկայի բաժին (տառային գրաֆիկա), որի հիմնական միջոցները տառերի գծերի (հիմնական և լրացուցիչ) հաստություններն ու ձևերն են, նրանց համամասնությունները. նպատակը դյուրընթեռնելի, դյուրընկալելի ու գեղեցիկ տառատեսակների ստեղծումն է։

Պատմություն խմբագրել

Շարժական տառատեսակով տեքստի տպագրության տեխնոլոգիան հորինվել է Չինաստանում[1], բայց չինական հիերոգլիֆների հսկայական քանակը և գեղագրության նկատմամբ հարգանքը հանգեցրել են նրան, որ տպագրության առաջին դարերում Չինաստանում ստեղծվել են միմյանցից տարբերվող ընդամենը մի քանի ամբողջական տառատեսակներ։

Առաջին տպագրությունները կատարվել են ձեռագրին շատ մոտ տառատեսակով, իսկ առաջին լատինական տպատառերը՝ «Անտիկվա», ստեղծվել են Գուտենբերգի օգտագործած գոթիկա ձեռագիր տառերի սուր անկյունների վերացման և ուղիղ միացումները կորերով փոխարինելով։ 1470 թվականին մշակվել է Իենսոնի «Անտիկվան», որոնք 15-17-րդ դարերում ամենաշքեղ տառերն էին։ 1500 թվականին տպագրիչ Ալդ Մանուցին ստեղծել է առաջին շղատառերը։ Տառաստեղծման հարցերով զբաղվել են նաև Լեոնարդո դա Վինչին (առաջարկել է տառերի նախագծման սխեմա՝ մարդու մարմնամասերի համամասնությամբ՝ որպես միավոր ընդունելով դեմքի երկարությունը), Ալբրեխտ Դյուրերը և ուրիշ նկարիչներ։ Դա Վինչիի սկզբունքով տառեր են նախագծել իտալացի Լուկա Պաչիոլին (1509) և ֆրանսիացի Ժոֆրուա Տորին (1529)։

 

16-17-րդ դարերում հայտնի են եղել Էթիենների, Պատենի և Էլզևիրների հրատարակչատների տառատեսակները։ Մեծ համարում է ունեցել վերջիններիս տառափորագրիչ Կլոդ Գարամոնի (1480–1561) տառատեսակը, որը հետագայում մշակել և կատարելության են հասցրել Քրիստոֆեր վան Դեյքը (1605–1669) և Ֆիլիպ Գրանժոնը (1666–1714): Տառերի նախագծման առաջին սկզբունքները Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի համար 1692 թվականին մշակել են Ժոժոնը, Ֆիյոն և Տրյուշոն, որոնք, սակայն, տարածում չեն գտել։ Տառերի կառուցվածքային տարրերն ու համաչափություններն ապահովելու համար առաջարկվել է այսպես կոչված մոդուլային ցանց՝ մանր քառակուսիների բաժանված (մինչև 64 x 36 = 2304) քառակուսի, որին ներգծվել են շրջանագիծ և տառապատկերը։

18-րդ դարում ստեղծվել է «Նոր անտիկվա» կամ Դիդոյի տառատեսակը (ֆրանսիացի հայտնի տառափորագրիչ Ֆրանսուա Ամբրուազ Դիդոյի (1730–1804) անունով), որի հիմքի վրա մշակվել և մինչև օրս չնչին փոփոխություններով օգտագործվում են «Քեզլոն», «Բասկերվիլ», «Թայմս» (Անգլիա), «Գրանամոն», «Բոտոնի» (Իտալիա) և այլ տառատեսակներ։

Հայկական տառատեսակներ խմբագրել

Հայերեն առաջին տպատառերը նույնպես պատրաստվել են ձեռագրի (բոլորգրի) նմանությամբ և օգտագործվել Հակոբ Մեղապարտի հրատարակություններում։ Իսկ առաջին իսկական տպատառերը («Անտիկվայի» սկզբունքներով՝ բոլորգրի հիման վրա) 1579 թվականին պատրաստել է ֆրանսիացի տառափորագրիչ Ռոբերտ Գրանժոնը (1513–1589/90)՝ Սուլթանշահ Աբգարյան Թոխաթեցու պատվերով. դրանցով տպագրված առաջին գիրքը «Տօմար Գրիգորեանն» է (1584)։ Այնուհետև հայերեն Աստվածաշունչ տպագրելու համար Մատթեոս Ծարեցին 1658 թվականին տառեր է պատվիրել Քրիստոֆեր վան Դեյքին, որի տառաշարը համալրվել է Ոսկան Երևանցու նախաձեռնությամբ. դրանցով է տպագրվել հայերեն առաջին Աստվածաշունչը (1666-1668)։ Այդ տառերը հայտնի են որպես «Ոսկանյան կամ Աստվածաշնչի տառեր» և օգտագործվել են շուրջ 200 տարի։

Հայերեն տպատառեր պատրաստել է նաև հունգար հայտնի տառափորագրիչ Միկլոշ Կիշը (1650–1702)՝ Մատթեոս Վանանդեցու պատվերով, որոնցով տպագրված առաջին գիրքը Շարակնոց է (1684)։ Դրանք Մխիթար Սեբաստացու հավատարմատարը 1729 թվականին գնել և տարել է Վենետիկ, որոնց հենքի վրա այնտեղ հետագայում մշակվել են (Ս. Հոֆեր, Ա. Այտընյան և ուրիշներ) նույնքան գրավիչ ու դյուրընթեռնելի «Վենետ» և «Վիեն» տառատեսակները։

Հայկական տառատեսակները հետագայում կատարելագործվել է Փարիզում (Ճանիկ Արամյան, «Արամյան» տառատեսակ), Կ. Պոլսում (Հովհաննես Մյուհենտիսյան և ուր.) և այլուր, բազմաթիվ տպարաններին կից գործել են հատուկ տառաձուլարաններ, որտեղ պատրաստվել ու ձուլվել են ոչ միայն հայերեն, այլև օտար (մասնավորապես՝ թուրք.) տառատեսակներ։ Խորհրդ. շրջանում հայկ. տառատեսականին հարստացել է 1920-1930-ական թվականներին ԽՍՀՄ-ում լայնորեն տարածված «Գրոտեսկ»-ով (առանց գծափակերի և նույն հաստության հիմնա- և նրբագծերով տառատեսակ), որը խնայողական ու հարմար էր նաև պլակատների տպագրության համար։

1950–60-ական թվականներին մշակվել են «Մնացականյան», «Աստղ», «Զվարթնոց», «Հանրագիտարանային» (հատուկ՝ «ՀՍՀ»-ի համար) «Նոր հայկական», «Նորք», «Եղեգնածիր լարային», «Դպրոցական», «Արմենուհի» և այլ տառատեսակաշարեր, ձևավորվել է տառաստեղծների նոր սերունդ։

Տառատեսակների զարգացման նոր շրջան է սկսվել 21-րդ դարում՝ համակարգչային գրաֆիկայի ներդրման շնորհիվ։ Հայերեն համակարգչային տառատեսակի առաջին նմուշները «Անտիկվա» ոճի «Արիալ Արմենիա» և գծափակերով «Թայմս Անտիկվա» տառատեսակներն են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Needham, Joseph (1994). The Shorter Science and Civilisation in China, Volume 4. Cambridge University Press. էջ 14. ISBN 9780521329958. «Bi Sheng... who first devised, about 1045, the art of printing with movable type»

Գրականություն խմբագրել

  • Զօհրապեան Յ., Գաղափար հայկական Մեսրովպեան տառից..., Վնտ., 1816։
  • Մինասեան Պ., Արուեստագրութիւն, Վնտ., 1834։
  • Թէոդիկ, Տիպ ու տառ, ԿՊ, 1912, Ե., 2012 (նմանահանություն)։
  • Շահվերդյան Ա., Սամվելան Խ., Հայերեն տպագրական տառերի բարեփոխման ալբոմ, Ե., 1953։
  • Մնացականյան Հ., Հայկական գեղարվեստական և տպագրական տառատեսակներ, Ե., 1955։
  • Գործակալան Հ., Հայկական տառատեսակներ, Ե., 1973։
  • Մկրտչյան Ա., Ղաբուզ­յան Է., Ղաբուզ­յան Հ., Հայկական համակարգչային տառատեսակներ, ալբոմ, Ե., 2004։
  • Տիրատուրյան Կ., Հայոց գիրը։ Գեղարվեստական տառաձևեր, Ե., 2005։
  • Բաղդասարյան Ա., Ինչպես է ստեղծվում գիրքը, Ե., 2010։
  • Քյուրքչյան Ա. և ուր., Հայկական զարդատառ, ալբոմ, Ե., 2012։
  • Stiebner, Erhardt D. & Dieter Urban. Initials and Decorative Alphabets. Poole, England: Blandford Press, 1985. 0-7137-1640-1

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Types of Patents». United States Patent and Trademark Office. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.
  • Samara, Timothy (2018). Letterforms: Typeface Design From Past to Future. Minneapolis: Rockport Publishers. ISBN 978-1631594731.
  • Takagi, Mariko (2012). «Typography between Chinese complex characters and Latin Letters». ATypI 2012 Hong Kong: 11.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տառարվեստ» հոդվածին։