Ձեռագիր մատյան, ձեռագիր, գրական, գիտական աշխատություն՝ մատյան՝ գրված մագաղաթի, թղթի և այլնի վրա, որը, որպես կանոն, ամփոփվել է տարբեր նյութերից պատրաստված կազմերում կամ զետեղվել հատուկ տուփերում։

Շարակնոց, Ամստերդամ, 1664-1665

Պատմություն խմբագրել

Պահպանվել են բազմաթիվ Ձեռագիր մատյաններ, որոնք պատմության ուսումնասիրման կարևոր աղբյուր են և արտացոլում են հայ գեղարվեստական գրականության, գիտության, մանրանկարչության ակնառու ձեռքբերումները։ Հայկական Ձեռագիր մատյաններ գրել և ընդօրինակել են 5-18-րդ դարերում, մեծ մասամբ՝ գրչության կենտրոններում, պահել են ձեռագրատներում։ Ձեռագրերից շատերն ունեն հիշատակարան, որտեղ նշված են Ձեռագիր մատյանի գրության վայրը, ժամանակը, տեղեկություններ՝ գրիչի, ծաղկողի, պատվիրատուի և այլնի մասին։ Հնագույն շատ Ձեռագիր մատյաններ մեզ են հասել քայքայված կամ առանց հիշատակարանի։ Նման դեպքերում գրության ժամանակը որոշելու լավագույն միջոցը գրատեսակն է։

Հայկական Ձեռագիր մատյանների ամենահին գրատեսակը մեսրոպյան երկաթագիրն է՝ իր տարատեսակներով։ Տարբեր ժամանակներում տարածված են եղել նաև գրչագիրը, բոլորգիրը, նոտրգիրը, շղագիրը։ Հանդիպում են նաև կրկնագիր Ձեռագիր մատյաններ, երբ մագաղաթ չլինելու պատճառով էջերից քերել-ջնջել են նախկին բնագիրը և ընդօրինակել նորը։ Կրկնագրերն այժմ հեշտությամբ վերծանում են՝ երբեմն ի հայտ բերելով նախորդ դարերի նշանավոր երկեր (այսպես է Վատիկանի գրադարանում հայտնաբերվել հռոմեացի հռետոր Ցիցերոնի «Հանրապետություն» աշխատությունը, որի ջնջված բնագրի վրա ընդօրինակվել էր Սուրբ Օգոստինոսի ատենախոսություններից մեկը)։ Մեզ հասած հայկական ամենահին ամբողջական Ձեռագիր մատյանը 7-րդ դարի «Վեհամոր Աւետարանն» է, իսկ թվագրվածը՝ «Լազարեան Աւետարանը» (887 թվական

Ներկայում աշխարհում հաշվվում է ավելի քան 35 հազար հայկական ձեռագիր (ամբողջական և պատառիկ)։ Մատենադարանում պահվում են 20 280-ը (11233-ը հայկական հիմնական Ձեռագիր մատյաններ են, 420-ը՝ հայկական նոր, 2143-ը՝ հայկական պատառիկ, 530-ը՝ հայկական հմայիլ, շուրջ 6000-ը՝ այլալեզու), Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքի մատենադարանում՝ 3800-ը, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան մատենադարաններում՝ 6000-ը, Զմմառի մատենադարանում՝ ավելի քան 2000-ը, Էջմիածնի ձեռագրատանը՝ 1300-ը, Նոր Ջուղայի մատենադարանում՝ 700-ից ավելի։ Հայկական Ձեռագիր մատյաններ կան նաև Լոնդոնի բրիտանական թանգարանում, Փարիզի ազգային գրադարանում, Օքսֆորդի Բոդլեյան գրադարանում, Կ. Պոլսի Ազգային պատրիարքարանում, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մատենադարանում, Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի Սանկտ Պետերբուրգի բաժանմունքում և Սալտիկով-Շչեդրինի անվան հանրային գրադարանում, Վրաստանի գիտությունների ակադեմիայի հին ձեռագրերի ինստիտուտում, Բեռլինում, Նյու Յորքում, Վաշինգտոնում, նաև անհատական հավաքածուներում։

Հսկայական է նաև կորած կամ ոչնչացված հայկական Ձեռագիր մատյանների քանակը։ 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ՝ միայն Սյունյաց Բաղաբերդ(չաշխատող հղում) ամրոցում 1170 թվականին սելջուկներն ավարառել են շուրջ 10 հազար Ձեռագիր մատյան։ Հիշատակություններ կան, որ մեծ քանակությամբ Ձեռագիր մատյաններ Միջին Ասիա է տարել Լենկթեմուրը։ Քիչ չեն նաև կորուստները թշնամու հարձակումների (միայն Գոշավանքում հրի է մատնվել ավելի քան 1000 ձեռագիր), անտերնչության, անցյալում պետական հսկողության ու հոգածության բացակայության պատճառով։ Բազմաթիվ Ձեռագիր մատյաններ են ոչնչացել Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918 թվականներ), հատկապես՝ Մեծ եղեռնի ժամանակ։ Այսուհանդերձ, այժմ հայկական Ձեռագիր մատյանների հավաքածուների ամբողջությունն ամենահարուստներից է աշխարհում։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Յովսէփեան Գ., Գրչութեան արուեստը հին հայոց մէջ, Վաղ-պատ, 1913։
  • Աբրահամյան Ա., Հայոց գիր և գրչություն, Ե., 1973:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։