Էջկապ

Տպագրական կաղապարի պատրաստման պոլիգրաֆիական պրոցես

Էջկապ, առանձին պատրաստած տպագրական ֆորմայից միատեսակ ֆորմատի երեսներ կազմելու պրոցես՝ դրանց կից դնելով էջաթվեր, էջախորագրեր, մամլադրեր, մամլանիշներ, առանձին երեսով գնացող տիտղոսաթերթեր, ձոներ, ոտանավորներ և այլն։

  1. Տպագրական կաղապարի պատրաստման պոլիգրաֆիական պրոցես։ Էջկապի ժամանակ որոշվում է էջերի թիվը, էջում՝ տողերի թիվը, վերնագրի, պատկերազարդումների, տիտղոսատարրերի, տեղեկատու նյութերի տեղադրումը, նախնական էջերում բացատների չափերը ևն։ Էջկապ կատարվում է տպարանում, ըստ հրատարակության մակետի կամ ըստ շարվածքի և կլիշեի շարվածասյան տպվածքների վրա կատարված նշումների։ Առանց սյուների տպագրության դեպքում էջկապ կատարվում է ըստ բնագրի վրա կատարված նշումների։ Ըստ բնագիր–մակետի էջկապի դեպքում բնագիր–մակետը տպարան է իջեցվում էջավորված մակետի տեսքով՝ ճշգրիտ և վերջնական հաշվարկով, բոլոր նյութերի նշումով։ Էջկապի գլխավոր խնդիրն է տեքստի տրամաբանական կառուցվածքի դրսևորումը, դյուրընթեռնելիության, էջերի և ամբողջ հրատարակության անհրաժեշտ համամասնությունների ապահովումը։ Տեքստը էջկապվում է մեկ, երկու, երեք և ավելի շարվածասյուներով։ Պատկերազարդումների էջկապի համար կան մի քանի հիմնական սխեմաներ, բաց (պատկերազարդումները տեղադրվում են էջի վերևում կամ ներքևում), փակ (պատկերազարդումները տեքստով սահմանափակվում են վերևից և ներքևից), խուլ (պատկերազարդումները տեքստով սահմանափակվում են բոլոր կողմերից, ինչպես նաև տեղադրվում են լուսանցքում կամ մասամբ դուրս են բերվում լուսանցք)։
  2. Էջկապված շարվածքի (սրբագրության) տպվածք՝ սխալների ուղղման համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 64