Գրքի բլոկ, գրքի՝ տետրերով կամ առանձին թերթերով համալրած, կռնակում ամրակված, երեք կողմից հատած և շապկելու կամ կազմակողերի մեջ դնելու պատրաստ լրակազմը։ Գրքի հիմնական բաղադրիչն է։

Գրքի բլոկի պատրաստման գործողություններից են կախված գրքի ամրությունը, երկարակեցությունը, արտաքին տեսքի պահպանությունը և այլն։ Ժամանակակից բրոշուրավորման-կազմարարական արտադրությունում գրքի շապիկն ու կազմակողերը պատրաստվում են գրքի բլոկից առանձին, իսկ նրանց միացումը կատարվում է պոլիգրաֆիական արտադրության վերջում։ Գրքի բլոկի ամրակման եղանակը կախված է բլոկում էջերի քանակից. եթե էջերի թիվը մինչև 80 է, գրքի բլոկն ամրակվում է պահանգներով, ավելի մեծ ծավալի (հաստության) դեպքում՝ կարի կամ սոսնձման եղանակով։

Գրքի բլոկի ամրությունը մեծացնելու և գիրքն աղտոտումից պաշտպանելու նպատակով կռնակի վերևի և ներքևի հատվածքներին սոսնձում են մետաքսե կամ բամբակե գործվածքի երիզ (կապտալ), երբեմն կպցնում նաև էջանշան (վերևից)։ Շապիկը գրքի բլոկին ամրացնում են մետաղե պահանգներով, իսկ կազմակողերին՝ եզրակման կամ կռնականյութերով ու պահպանակով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։