Գրքագիտություն
Գրքագիտություն, համալիր գիտություն (կամ գիտությունների համալիր) գրքի և հրատարակչական գործի մասին։ Ներառում է գրքի պատրաստման, հրատարակման, տարածման (վաճառք), ուսումնասիրության (մատենագիտություն, վիճակագրություն և այլն), օգտագործման (գրադարանագիտություն) և հարակից այլ ոլորտներ։
Պատմություն
խմբագրել«Գրքագիտություն» տերմինը սահմանել (որպես բանասիրական գիտության բաղկացուցիչ) և շրջանառության մեջ է դրել ավստրիացի մատենագետ Միշել Դենիսը (1729–1800): Գրքագիտության ձևավորմանն ու զարգացմանը նպաստել են ֆրանսիացի մատենագետներ Ժ. Ֆ. Նե դը լա Ռոշելը (1782), Գ. Պենյոն (կազմել է առաջին «Գրքագիտության բացատրական բառարանը», 1802-1804, և գրքագիտությունը սահմանազատել մատենագիտությունից), գերմանացի Ֆ. Էգերտը, ռուսներ Ս. Բոգդանովը, Վ. Սոպիկովը, Պ. Յուրովսկին, Ա. Լյովագինը, Ն. Լիսովսկին, Ն. Ռուբակինը, Ս. Բելովիցկայան և օտարազգի այլ մատենագետներ։
Դեռևս միջնադարում իտալական Վերածննդի ներկայացուցիչ Պաոլո Վերջերիոն (1370–1444) գիրքը համարել է մարդու հիշողության պահպանության գլխավոր գործիք, իսկ XVI դարի ֆրանսիացի փիլիսոփա Միշել Մոնտենը (1533–1592)՝ մշակույթի բարձր արժեք։
Գիրքն այնպիսի ներգործություն է ունեցել հասարակական ընկալման ու մտածողության և հասարակական կյանքի կազմակերպման, նրանց եղանակների վրա, որ, «գրքի ֆենոմենից» բացի, ձևավորվել է նաև «գրքի մշակույթ» բազմանշանակ հասկացությունը, որը դեռևս միարժեքորեն սահմանված չէ։ Դրանով է պայմանավորված նաև այն, որ գրքագիտությունը նույնպես, որպես ինքնուրույն գիտություն, չի ամբողջացել ու դեռևս վերջնականապես չի սահմանվել։
Գրքագիտությունը՝ որպես ուսումնական առարկա, առաջինը դասավանդել են Ֆրանսիայում (1799, Ֆ. Լեր). դասընթացն ընդգրկել է գրի և ձեռագրի պատմության, գրատպության պատմության, հազվագյուտ գրքերի դասակարգման ու նրանց նկարագրման, նաև գրքի մշակման մեթոդաբանության բաժիններ։ «Գրքագիտություն» տերմինը Ռուսաստանում առաջինն օգտագործել է Վ. Անաստասևիչը (1820)՝ այն դիտարկելով որպես «մատենագիտության փիլիսոփայություն»։ Գրքագիտության առաջին համալսարանական դասընթացները կազմակերպվել են Գյոթինգենի (1886, Կ. Ձյացկո) և Ս. Պետերբուրգի (1915, Ն. Լիսովսկի) համալսարաններում։ Ընդ որում, Կ. Ձյացկոյի աշակերտ Ֆ. Էյխլերը գրքագիտությունը դիտարկել է գրադարանագիտության շրջանակներում նրա ուսումնասիրության ոլորտ ներառելով գրքի պատմության, արտադրության, տարածման ու պահպանության, նաև հասարակական-քաղաքական կյանքի վրա ազդեցության կառավարման եղանակները։
Ըստ Ն. Լիսովսկու՝ գրքագիտությունը գիտություն է, որը միավորում է գրքի ճանաչման սկզբունքները, ուսումնասիրում նրա զարգացումը՝ որակական և քանակական առումներով։ Գրքագիտության զարգացմանն էապես նպաստել է բելգիացի մատենագետ Պ. Օտլեն (1868–1944), որը հիմնադրել է Բրյուսելի միջազգային գրքագիտության ինստիտուտը (1895) և ներդրել «փաստաթուղթ» հասկացությունը՝ նրա մեջ ներառելով նաև գիրքն ու մյուս տպագիր արտադրանքը։
20-րդ դարում, հատկապես Ռուսաստանում, մշակվել են գրքագիտության նոր հայեցակարգեր, որոնք միմյանցից տարբերվում են իրենց շեշտադրումներով և ընդգրկման ոլորտներով (1964, Ա. Սիդորով, Ն. Սիկորսկի, 1970, Ա. Բարսուկ, Գ. Բարենբաում, 1970-ական թվականներ, Ե. Նեմիրովսկի)։ Իսկ այսպես կոչված Համակարգատիպաբանական հայեցակարգը գիրքն ու գրահրատարակությունը դիտարկում է ոչ այնքան որպես ինքնուրույն գիտակարգ, որքան ընդհանուր տեղեկատվության և հաղորդակցության բաղկացուցիչ մաս։
Գրքագիտության արդի խնդիրները կապված են էլեկտրոնային գրքի տարածման, դասական գրքի և ԶԼՄ-ների էլեկտրոնային միջոցների համագոյության, գրքի ապագայի, ընթերցանության որակական ու քանակական փոփոխությունների պատճառների ուսումնասիրության հետ։ Խնդրի հանրային բնույթը հանգեցրել է նրան, որ գրքագիտության հիմնախնդիրները, գրողներից ու հրատարակիչներից բացի, դարձել են նաև մանկավարժության, հոգեբանության, փիլիսոփայության, մշակութաբանության և բազմաթիվ այլ ոլորտների ուսումնասիրության առարկա։
Հայկական գրքագիտություն
խմբագրելՀայկական գրքագիտությունը ձևավորվել է 1880-ական թվականներին՝ հիմնականում հայ գրքի և գրատպության պատմության մասին ուսումնասիրություններով։ Ճշգրտվել է հայերեն հնատիպ գրքերի լույսընծայման հաջորդականությունը, և Հակոբ Մեղապարտը ճանաչվել է առաջին հայ տպագրիչ (մինչ այդ առաջին հայ տպագրիչը համարվել է Աբգար Թոխաթեցին)։ Ռաֆայել Իշխանյանը հայ գրքի պատմության ուսումնասիրությանը նվիրված աշխատությունները բաժանել է 4 խմբի.
- հայկական տպագրության պատմության ընդհանուր բնույթի ուսումնասիրություններ (Գ. Զարբհանալյան, Լեո, Թեոդիկ, Ա. Ալպոյաճյան, Գ. Լևոնյան, Ա. Բաբայան, Ք. Կորկոտյան, Ռ. Իշխանյան և ուրիշներ),
- Հայ գրքի և տպագրության հարցերին ու հատվածներին վերաբերող աշխատություններ (Ղ. Ալիշան, Գ. Գալեմքյարյան, Գ. Գովրիկյան, Կ. Բասմաճյան, Վ. Զարդարյան, Ս. Մալխասյան, Պ. Տեր-Սահակյան, Ն. Ակինյան և ուր.),
- Տարբեր հարցերի նվիրված աշխատությունների և հոդվածների մեջ հայ գրքի ու տպագրության որոշ խնդիրներ շոշափող հատվածներ (Մ. Չամչյան, Ղ. Ալիշան, Մ. Օրմանյան, Ա. Հովհաննիսյան և ուրիշներ),
- Հայ մամուլի պատմությանը վերաբերող աշխատություններ։
Լույս են ընծայվել նաև մի շարք մատենագիտական ժողովածուներ (Մ. Միանսարյանց, Գ. Զարբհանալյան, Ա. Ղազիկյան, Հ. Անասյան, Ն. Ոսկանյան և ուրիշներ), որոնք լուրջ ներդրում են հայ գրքագիտության մեջ։
Վերջին տարիներին գրքագիտությունը դասավանդվում է ՀՊՄՀ-ում՝ որպես գրադարանային-տեղեկատվական մատենագիտության ուսումնական առարկա (Գ. Սուքիասյան և ուրիշներ)։
Գրականություն
խմբագրել- Զարբհանալեան Գ., Պատմութիւն հայկական տպագրութեան, Վնտ., 1895:
- Լէօ, Հայկական տպագրութիւն, Թ., հ. 1, 1901, հ. 2, 1902:
- Թէոդիկ, Տիպ ու տառ, ԿՊ, 1912, Ե., 2012 (նմանահանություն)։
- Լևոնյան Գ., Հայ գիրքը և տպագրության արվեստը, Ե., 1958, 2012:
- Իշխանյան Ռ., Հայ գրքի պատմություն, Ե., 1977, 2012:
- Աբրահամյան Ա., Հայ գրի և գրչության պատմություն, Ե., 2012:
- Սուքիասյան Գ., Գրքագիտություն և հայ գրատպության պատմագրություն, Ե., 2013:
- Blum, Rudolf. (1980) Bibliographia. An Inquiry in Its Definition and Designations, Dawson, American Library Association.
- Bowers, Fredson. (1995) Principles of Bibliographical Description, Oak Knoll Press.
- Duncan, Paul Shaner. (1973) How to Catalog a Rare Book, 2nd ed., rev., American Library Association.
- Carter, John; Barker, Nicolas (2004). «Bibliography». ABC for Book Collectors (8th ed.). Oak Knoll Press and British Library. ISBN 1-58456-112-2.
- Gaskell, Philip. (2000) A New Introduction to Bibliography, Oak Knoll Press.
- McKerrow, R. B. (1927) An Introduction to Bibliography for Literary Students, Oxford: Clarendon Press
- Schneider, Georg. (1934) Theory and History of Bibliography, New York: Scarecrow Press.
- National Library of Canada, Committee on Bibliography and Information Services for the Social Sciences and Humanities, Guidelines for the Compilation of a Bibliography (National Library of Canada, 1987). N.B.: This is a brief guide to accurately practical bibliography, not a study concerning more precise and systematic bibliography.
- British Museum. Department of Printed Books (1881). Hand List of Bibliographies, Classified Catalogues, and Indexes Placed in the Reading Room of the British Museum for Reference. London: Printed by William Clowes and Sons.
- Robinson, A. M. Lewin (1966) Systematic Bibliography; rev. ed. London: Clive Bingley