Գաբրիել Լեքեջյան
Գաբրիել Լեքեջյան[5] (1853[1][2] կամ 1860[3] - 1920[2][3], հայտնի է նաև որպես Գ. Լեքեջյան), հայ նկարիչ և լուսանկարիչ, 1880-ականներից մինչև 1920-ական թվականները ակտիվ գործունեություն է ծավալել Կոստանդնուպոլսում և Կահիրեում։ Նրա կյանքի մասին քիչ բան է հայտնի, սակայն նա թողել է մի կարևոր ստեղծագործություն՝ իր «Photographie Artistique G. Lekegian & Cie» ստուդիայի անունով։ Օսմանյան Եգիպտոսի բազմաթիվ այժմ արդեն պատմական լուսանկարներով նա փաստագրել է երկիրը 19-րդ դարի սկզբին։ Ի թիվս այլ հավաքածուների, նրա լուսանկարները պահվում են Նյու Յորքի հանրային գրադարանում և Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում։
Գաբրիել Լեքեջյան | |
---|---|
Ծնվել է | 1853[1][2] կամ 1860[3] |
Մահացել է | 1920[2][3] |
Քաղաքացիություն | Հայաստան[4] |
Մասնագիտություն | լուսանկարիչ |
G. Lekegian Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՄոտ 1880 թվականին Լեքեջյանն ապրում էր Կոստանդնուպոլսում, այժմ՝ Ստամբուլում, որն այն ժամանակ Օսմանյան կայսրության մայրաքաղաքն էր, որտեղ նա աշակերտել է իտալացի արտագաղթած նկարիչ Սալվատորե Վալերիին։ Աշխատելով ջրաներկով՝ Լեքեջյանն իր ուսուցչի մանրակրկիտ ոճով մի շարք կերպարային և ժանրային էտյուդներ է արել՝ ցուցադրելով Վալերիից և ֆրանսիացի ակադեմիական նկարիչ Ժան Լեոն Ժերոմից փոխառված արևելյան հակումներ։ Լեքեջյանի նկարները 1881 թվականին ցուցադրվել են Կոստանդնուպոլսում, իսկ 1885 թվականին՝ Լոնդոնում[6]։ Դրանցից շատ քչերն են պահպանվել։ հայտնի է, որ Պոլսում պալատական պահակախմբի և ջրի սափորով կնոջ նկարները պահպանվել են[7]։
Կահիրե տեղափոխվելուց հետո նա աշակերտել է հայկական կամ հունական լուսանկարչական ստուդիաներից մեկում։ Կահիրեի եվրոպական թաղամասում՝ Shepheard's Hotel-ի դիմաց իր ստուդիան հիմնելուց հետո, Լեքեջյանն իրեն դրսևորեց որպես «արտիստիկ» լուսանկարիչ։ Նրա աշխատանքներն առանձնանում էին գեղագիտական առումով և ավելի բարձր էին հիմնականում հայ, ֆրանսիացի կամ հույն (Ժան Պասկալ Սեբահ, Զանգակի եղբայրներ) մրցակիցների աշխատանքներից[8]։
Հաջողակ գործարար Լեքեջյանը ստեղծել է Արևելքի բազմաթիվ էկզոտիկ պատկերներ, որոնք համապատասխանում էին նրա հիմնականում եվրոպացի և ամերիկացի հաճախորդների երևակայությանը։ Բացի այդ, նրա լուսանկարները գեղարվեստական փաստաթղթեր են ապահովել արևելագետ նկարիչների համար, ինչպիսին է Լյուդվիգ Դոյչը, որն իր նկարները ստեղծել է Փարիզի արվեստանոցում[9]։ Ինչպես գրել է Իսրայելի թանգարանի լուսանկարչության բաժնի գլխավոր համակարգող Նիսսան Պերեսը՝ Դոյչի «Էլ Ազար - Կահիրեի արաբական համալսարան» և «Գրագիրը» նկարներում պատերի շարվածքի մանրամասները և տեսադաշտի անկյունը, անկասկած, համեմատելի են Լեքեջյանի նույն վայրերի լուսանկարների հետ[10]։
Լեքեջյանը դարձել է եգիպտական թագավորական ընտանիքի սիրելի լուսանկարիչը։ Ընտանիքի անդամներից մի քանիսը, օրինակ՝ արքայադուստր Նազլին, արել են իրենց դիմանկարները։ Այն բանից հետո, երբ 1883-1884 թվականներին Լեքեջյանը դարձել է անգլո-եգիպտական բանակի պաշտոնական լուսանկարիչը, նրա բիզնեսն ավելի է բարգավաճել[11]։ Նա գրքեր նկարազարդելու և տարածաշրջանում կառավարական շենքերի պատկերներ տրամադրելու պատվերներ է ստացել։ Այդ պատկերները համարվում են Լեքեջյանի ամենաքիչ հայտնի, բայց ուշագրավ գործերը՝ որպես վավերագրական լուսանկարչության վաղ ձևեր[6]։
Բացի աճող թվով զբոսաշրջիկների համար հայտնի տեսարաններից, ինչպիսիք են բուրգերը, Լուքսորի տաճարը և Նեղոսի տեսարանները, Լեքեջյանը ստեղծել է նաև Եգիպտոսի պատմական շենքերի բազմաթիվ պատկերներ, ինչպես նաև տեսարաններ զինվորների, բեդվինների, այլ եգիպտացիների, ներառյալ՝ Սուդանից ներգաղթյալների առօրյա կյանքի լուսանկարները։ Ըստ Հայկական լուսանկարչության հիմնադրամի[6]՝
Իր «Նոր Եգիպտոս» (1905 թ.) գրքում, որի համար Լեքեջյանը ներկայացրել էր շենքերի, բնիկ մարդկանց և Մուհամմադ Ալի փաշայի ձիավոր արձանի լուսանկարները, ամերիկացի ճանապարհորդական գրող Ամեդե Բեյլո դը Գերվիլը (1869-1913) գրել է. «Շատ քիչ լավ լուսանկարիչներ կան այստեղ՝ Եգիպտոսում, և ես պետք է խորհուրդ տամ այն սիրող լուսանկարիչներին, որոնք չեն զարգացնում իրենց աշխատանքները, շատ զգույշ լինել։ Ես ունեցել եմ բազմաթիվ սկավառակներ և ֆիլմեր, որոնք բացարձակապես փչացել են տգետների կողմից, որոնք իրենց անվանում են «մրցանակային լուսանկարիչներ»։ Կահիրեում գտնվողներին ես կարող եմ հիմնովին խորհուրդ տալ Մ. Լեքեջյանին կամ Մ. Դիտրիխին, արքունի լուսանկարչին[12]։
Քանի որ Լեքեջյանը պատրաստում էր կոլոդիոնային պատկերներ 10×8 մեծ չափերից մինչև չափազանց մեծ՝ 20×16 չափեր, «Նոր Եգիպտոսի» հեղինակն այնուհետև գրել է, որ նա, «բացի որոշ ուշագրավ դիմանկարներից, ունի տեսարանների եզակի հավաքածու. ինչպես մեծ վերարտադրանկաներ, այնպես էլ փոստային բացիկներ»[11]։
Անվանի այլ լուսանկարիչների գործերի հետ մեկտեղ, ինչպիսիք են Ֆելիքս Բեատոն, Ժան Պասկալ Սեբահը կամ Զանգակի եղբայրները, նրա նկարները հաճախ հրապարակվում էին Եգիպտոսի զբոսաշրջային վայրերը ցուցադրող ալբոմներում։ 1920-ականների սկզբին Լեքեջյանի ստուդիան հիմնականում պատրաստում էր դիմանկարներ և փոստային բացիկների հավաքածուներ նրա հին նեգատիվներից, և ենթադրվում է, որ նա փակել էր իր բիզնեսը և շուտով անցել թոշակի[6]։
Ճանաչում
խմբագրելԿահիրեի և Լուքսորի մերձակայքում գտնվող Հին Եգիպտոսի վայրերի նրա լուսանկարների հավաքածուն, ինչպես նաև տեղացի մարդկանց և իրադարձությունների պատկերները հրապարակվել են մոտ 1880 թվականին՝ «Եգիպտոսի լուսանկարները ցույց են տալիս Կահիրեն, Լուքսորը և Նեղոսի ափերը» խորագրով[13]։
1889 թվականին Փարիզում կայացած միջազգային ցուցահանդեսում Լեքեջյանն արժանացել է «Պրոֆեսիոնալ գեղարվեստական լուսանկարչության» մեդալի[8], իսկ 1893 թվականին Չիկագոյում կայացած Համաշխարհային կոլումբիական ցուցահանդեսում նրան շնորհվել է գլխավոր մրցանակը[14]։
2010 թվականին Իտալիայի Բոլոնիայի Մունիցիպալ միջնադարյան թանգարանը ներկայացրել է Memoires d'Egypte խորագրով ցուցահանդեսը Ֆելիքս Բեատոյի, Ֆելիքս Բոնֆիլսի, Անդրեաս Ռայզերի և Լեքեջյանի Մերձավոր Արևելքի պատմական լուսանկարների ուղեկցող կատալոգով[15]։
Լեքեջյանի լուսանկարները Վիկտորիայի և Ալբերտի թանգարանի[16], Wellcome Collection-ի[17], Լոնդոնի, շվեդական Հալվիլ թանգարանի, Նիդերլանդների Լեյդենի համալսարանի գրադարանի, Ռայսի համալսարանի TIMEA - Travelers in the Middle East Archive-ի[18] և Նյու Յորքի հանրային գրադարանի թվային հավաքածուների մաս են[19]։
Պատկերասրահ
խմբագրել-
Անգլո-եգիպտական բանակի ուղտային կորպուսը
-
Պորտապարուհիների խումբ
-
Բեդվինների ճամբար
-
Ջրավաճառ
-
Սուդանցի տղամարդ շայգիա ցեղից
-
Աղքատ
-
Կին Վերին Եգիպտոսից
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.mutualart.com/Artist/Gabriel-Lekegian/395374FB79A320E1
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Artnet — 1998.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ online image library Nederlands Fotomuseum
- ↑ «ԼԵՔԵՋՅԱՆ, ԳԱԲՐԻԵԼ | Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան». www.lusarvest.org. Վերցված է 2022 թ․ հունիսի 30-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «Armenian Photography Foundation - Lekegian, Gabriel». lusadaran.org. Վերցված է 2022 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Gabriel Lekegian». www.artnet.com. Վերցված է 2022 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ 8,0 8,1 Jacobson 2007, p. 250
- ↑ Behdad, A., Camera Orientalis: Reflections on Photography of the Middle East, University of Chicago Press, 2016, p. 25.
- ↑ Perez 1988, p. 191
- ↑ 11,0 11,1 Hannavy, 2008, p. 840
- ↑ Baillot de Guerville, Amédée (1906). «New Egypt [Electronic Edition]». scholarship.rice.edu. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Gabriel Lekegian and Adelphoi Zangaki (1880). Photographs of Egypt showing Cairo, Luxor, and the Nile Banks (English). OCLC 1223983125.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Julie K. Brown. Contesting Images: Photography and the World’s Columbian Exposition, University of Arizona Press, 1994.
- ↑ Ferri, Antonio (2010). Memoires d'Egypte: da un album fotografico del 1895 : fotografie di Beato, Bonfils, Lekegian, Reiser (իտալերեն). Bologna: Bononia University Press. ISBN 978-88-7395-552-8. OCLC 710817016.
- ↑ «Lekegian». collections.vam.ac.uk. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Lekegian | Catalogue search». Wellcome Collection (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Lekegian». scholarship.rice.edu. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Search results - Lekegian». digitalcollections.nypl.org. Վերցված է 2022 թ․ փետրվարի 15-ին.
Մատենագիտություն
խմբագրել- Vaczek, Louis (1981). Travelers in ancient lands: a portrait of the Middle East, 1839–1919. Boston: New York Graphic Society. ISBN 0-8212-1130-7. OCLC 7577393.
- Perez, Nissan N. (1988) Focus East: Early Photography in the Near East 1839-1885. New York: Harry N. Abrams, Inc., p. 190
- Peeters, Agnes (1994). Palmen en tempels : fotografie in Egypte in de XIXe eeuw = la photographie en Egypte au XIXe siècle = 19th-century photography in Egypt (հոլանդերեն, անգլերեն, and ֆրանսերեն). Leuven Paris: Peeters Peeters-France. ISBN 2-87723-147-X. OCLC 906661405.
- Jacobson, Ken (2007). Odalisques & Arabesques: Orientalist Photography 1839–1925. London: Quaritch. ISBN 9780955085253, OCLC 883254420. p. 249–250
- Hannavy, John (2008). Encyclopedia of nineteenth-century photography. New York, NY: Routledge. ISBN 978-0-415-97235-2. OCLC 123968757. p. 840
- Golia, Maria (2010). Photography and Egypt. London: Reaktion. ISBN 978-1-86189-543-1. OCLC 318873198.
- Ferri, Antonio (2010). Memoires d'Egypte: da un album fotografico del 1895 : fotografie di Beato, Bonfils, Lekegian, Reiser (իտալերեն). Bologna: Bononia University Press. ISBN 978-88-7395-552-8. OCLC 710817016.
- Petit, A. (2011). Ägypten. Eine Reise durch drei Zeiten; Bildband der frühen Orientfotografie (գերմաներեն). BoD – Books on Demand. էջեր 22–36. ISBN 978-3-8423-6091-4.
- Gordon, Robert; Kurzwelly, Jonatan (2018). «Photographs as Sources in African History». Oxford Research Encyclopedia of African History. London: Oxford University Press. doi:10.1093/acrefore/9780190277734.013.250. ISBN 978-0-19-027773-4.
Արտաքին հղումներ
խմբագրել- Photographs by G. Lekegian on Google Arts & Culture
- Photographs by G. Lekegian in the Digital Collections of the New York Public Library
- Photographs by G. Lekegian in the online collection of the Victoria and Albert Museum, London
- Photographs by G. Lekegian Արխիվացված 2022-07-05 Wayback Machine at Rice University Digital Scholarship Archive
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Լեքեջյան» հոդվածին։ |