Վինչեսթերի մայր տաճար
Վինչեսթերի մայր տաճար (անգլ.՝ Winchester Cathedral), մայր տաճար Անգլիայի Հեմփշիրի կոմսության Վինչեսթեր քաղաքում, Եվրոպայի ամենամեծ տաճարներից մեկը։ Նվիրված է Սուրբ երրորդությանը, Պողոս և Պետրոս առաքյալներին։ Վինչեսթերի թեմի գլխավոր տաճարն է։ Կառուցված է ռոմանական ոճով։ Չորս նավերը, որոնք կրկնում են կամարների ձևը, և խաչի ձևը ռոմանական ոճով են։
Վինչեսթերի մայր տաճար անգլ.՝ Winchester Cathedral | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | անգլիկական տաճար |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տեղագրություն | Վինչեսթեր[1] և Սիթի օֆ Վինչեստեր |
Դավանանք | Անգլիկան եկեղեցի |
Թեմ | Վինչեսթեր |
Օծման թվական | 1093 |
Հիմնական ամսաթվերը | 11-րդ դար |
Ժառանգության կարգավիճակ | 1-ին աստիճանի ցուցակագրված շենք |
Նվիրված | Երրորդություն |
Անվանված | Երրորդություն |
Ճարտարապետական ոճ | ռոմանական |
Հիմնադրված | 11-րդ դար |
Winchester Cathedral Վիքիպահեստում | |
winchester-cathedral.org.uk(անգլ.) |
Պատմություն
խմբագրելՆորմանդական արշավանքների շրջան
խմբագրելՔարե առաջին եկեղեցին, որ կառուցվել էր ներկայիս տաճարի տեղում, Օլդ մինստեր (բառացի` Հին տաճար) անունով մայր տաճարն էր։ Ավանդության համաձայն` այն հիմնադրվել է 2-րդ դարում բրիտոնների առասպելական արքա Լյուցիոսի կողմից։ Սակայն սա ընդամենը լեգենդ է։ Իրականում տաճարի շինարարությունը սկսվել է Կենվալ արքայի նախաձեռնությամբ և ավարտվել է 648 թվականին։ 660 թվականին եկեղեցին դարձել է թեմի գլխավոր կրոնատեղին։ Հաջորդ հարյուրամյակի ընթացքում եկեղեցուն կից անընդհատ ավելացրել են նոր շինություններ, օրինակ` սուրբ Մարտինին նվիրված աշտարակը։ 862 թվականին Օլդ մինստերի տարածքում թաղվել է Վինչեսթերի եպիսկոպոս Սվիտինը։ 901 թվականին եկեղեցուն կից կառուցվում է նոր եկեղեցի` Նյու մինստեր (բառացի` Նոր տաճար) անունով։ 10-րդ դարի վերջին` եպիսկոպոս Էտելվոլդի բարեփոխոմների ժամանակ, Օլդ մինստերը ամբողջովին վերակառուցվել է` դառնալով բենեդիկտյան վանք։ Էտելվոլդի մահից հետո նրան հաջորդած Էլֆիան շարունակել է տաճարի ձևափոխումը։
Օլդ մինստերի տարածքում թաղված են Անգլիայի մի շարք արքաներ` Կինեգիլս (643 թ.), Կենվալ (674 թ.), Կինեվուլֆ (786 թ.), Էգբերտ (839 թ.), ինչպես նաև կայացել են շատ արքաների թագադրման արարողություններ` Էտելվուլֆ (858 թ.), Ալֆրեդ Մեծ (899 թ.), Կնուդ I Մեծ (1035 թ.)։
Ժամանակակից տաճարի պատմություն
խմբագրելԱնգլիայի նորմանդական նվաճումից հետո եպիսկոպոս Վալկելինը` նորմանդացիների դրածոն, Օլդ մինստերի տեղում ռոմանական ոճով նոր եկեղեցի կառուցելու իրավունք է ստանում։ Հին վանքը հիմնահատակ քանդվում է։ Նոր տաճարի շինարարությունն ընթանում է 1079-1093 թվականներին։ Նոր կերպարանքով տաճարը շարունակում է մնալ երկրի կրոնական կարևոր կենտրոններից մեկը։ 1093 թվականի ապրիլի 8-ին տաճարն օծվում է եպիսկոպոս Վալկելինի (Walkelin) կողմից[2]։ 1100 թվականի օգոստոսի 11-ին եկեղեցու աշտարակում թաղվում է Վիլհելմ 2-րդ արքան, որին սպանել էին օգոստոսի 2-ին` որսի ժամանակ։ Սակայն մի քանի տարի անց աշտարակը փլուզվել է։ 1108 թվականին հիմնադրվում է նոր աշտարակը, որի շինարարությունն ընթանում է մինչև 1120 թվականը։ Ընդհանուր առմամբ տաճարը բազմիցս վերաշինվել և բարեկարգվել է։ Այսպես` 1394 թվականին վերակառուցվել է նավը։ 1905-1912 թվականներին տաճարում անցկացվել են հիմնավերանորոգման աշխատանքներ։ Բրիտանացի նշանավոր ջրասուզորդ Ուիլյամ Ուոլքերի ջանքերով ամրացվել են հարավային և արևելյան խարխլված հիմքերը։ Տաճարը վերջնական քայքայումից փրկելու համար նա պարգևատրվել է և դարձել Արքայական վիկտորիանական օրդենի անդամ։
Իրադարձություններ
խմբագրելՎինչեսթերի մայր տաճարում տեղի են ունեցել հետևյալ նշանավոր իրադարձությունները.
- 1172 - Հենրիխ Կրտսերի և իր կնոջ` Մարգարիտա Ֆրանսիացու թագադրություն
- 1194 - Ռիչարդ I Առյուծասիրտ արքայի երկրորդ թագադրություն
- 1403 - Հենրի IV արքայի և Ժաննա Նավարացու պսակադրություն
- 1554 - Ֆիլիպ II Հաբսբուրգ արքայի և Մարի Թյուդորի պսակադրություն
Տեսարժան վայրեր
խմբագրելԶբոսաշրջիկներին գրավում է Ջեյն Օսթինի գերեզմանը, ով մահացել է 1817 թվականին Վինչեսթերում և թաղվել հյուսիսային նավի շրջանում։ Տաճարին հռչակ է բերում նրա հիշատակումը գրող Էնթոնի Թրոլոփի գրքում, ինչպես նաև այն հանգամանքը, որ 2005 թվականին տաճարի հյուսիսային տրանսեպտում նկարահանվել է «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմը Դեն Բրաունի համանուն վեպի հիման վրա։ Տաճարի Աստվածահայտնության կապելլայում աչքի են ընկնում վիտրաժները, որոնք պատրաստվել են անգլիացի նկարիչ Էդվարդ Բյորն-Ջոնսի էսքիզներով և Ուիլյամ Մոռիսի դիզայնով։
Մշակույթում
խմբագրել1966 թվականին գրվել է Winchester Cathedral (Վինչեսթերի մայր տաճար) երգը։ Երգը ձայնագրելու համար նրա հեղինակը` Ջեոֆ Սթեֆնսը, ստեղծել է New Vaudeville Band խումբը։ Այս երգը կատարել են Ֆրենկ Սինատրան, Դիզի Գիլեսպին, The Shadows խումբը և այլք։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ BBC History vol 14, no 4 april 2013
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինչեսթերի մայր տաճար» հոդվածին։ |