Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիք

Սասեքսի դուքս, արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքը տեղի է ունեցել 2018 թվականի մայիսի 19-ին Վինձոր ամրոցի Սուրբ Գեորգի մատուռում[1][2]։ Ուելսի արքայազն Չարլզի կրտսեր որդին՝ արքայազն Հարրին, դերասանուհի Մեգան Մարքլի հետ ծանոթացել է 2016 թվականին։ 2016 թվականի նոյեմբերի 8-ին Քենսինգթոնյան պալատը հաստատել է այն տեղեկությունը, որ Մարքլը մի քանի ամսվա ընթացքում հարաբերություններ ունի արքայազն Հարրիի հետ[3]։ 2017 թվականի նոյեմբերի 27-ին հայտարարվել է Հարրիի և Մեգանի պաշտոնական նշանադրության մասին[4]։ Նույն ամսին դերասանուհին ավարտել է իր դերասանական գործունեությունը[5]։

Հարրին և Մեգանը եկեղեցի գնալիս, Սուրբ Ծնունդ (2017)
Սուրբ Գեորգի մատուռ, Վինձոր

Նշանադրությանը Մեգանին նվիրած մատանու դիզայնը պատրաստել է անձամբ արքայազն Հարրին։ Կոմպոզիցիայի կենտրոնում Բոթսվանայից բերված հսկայական ադամանդն է, մյուս երկու ադամանդները վերցված են Հարրիի հանգուցյալ մոր՝ արքայադուստր Դիանայի հավաքածուից[6]։ Նախքան թագավորական ընտանիքի կողմից վճարված հարսանիքը Մարքլն ընդունել է բրիտանական հպատակությունը և փոխել հավատը՝ անցնելով Անգլիկան եկեղեցում ընդունված մկրտության և կոնֆիրմացիայի ծիսակատարությունների միջով[7][8]։ Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիի կատարած նոր մկրտությունը և կոնֆիրմացիան տեղի է ունեցել Սուրբ Ջեյմսի պալատի մատուռում 2018 թվականի մարտի 6-ին[9]։ Հարսանիքից հետո Մեգանը ստացել է Սասեքսի դքսուհու տիտղոսը[10]։

Ամուսնությունն անցկացրել է Անգլիայի եկեղեցու հոգևոր առաջնորդ, Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին։ Քարոզը, որտեղ խախտված էին ավանդույթները, կարդացել է նորապսակների կողմից հրավիրված ԱՄՆ Եպիսկոպոսաց եկեղեցու ղեկավար Մայքլ Քարին։ Նա հայտնի է իր արտահայտիչ շփման ոճով, ակտիվորեն ժեստեր է կատարում, 14 րոպեի ընթացքում նա բարձրաձայն պատմում էր յուրաքանչյուր մարդու կյանքում սիրո կարևորության մասին։

Հարսնացուն սպիտակ ծանր մետաքսից պատրաստված մինիմալիստական զգեստով էր, որն ուներ եռանկյունաձև կտրվածք, երեք քառորդ թևեր և պատրաստել էր «Givenchy» նորաձևության տան դիզայներ Քլեր Ուեյթ Քելերը։ Մետաքսե օրգանզայից պատրաստված հինգմետրանոց հարսնաքողի պատրաստման համար, որը ծայրով ասեղնագործված է Ազգերի համագործակցության 53 երկրները խորհրդանշորեն ներկայացնող ծաղկային նախշով, պահանջվել է մի քանի հարյուր ժամ ձեռքի աշխատանք։ Մեգանի ցանկությամբ հարսնաքողի նախշում ներհյուսված են նաև Քենսինգթոնյան այգիներում աճող ձնծաղիկներ և կալիֆոռնիական կակաչը, որն աճում է այն նահանգում, որտեղից ծագում է։ Հարսնաքողն ամրացված էր թագավորական հավաքածուից շրջանաձև ադամանդե խույրին, որը 1932 թվականին պատրաստվել է Անգլիայում Մարիա Թեքցիի համար։ Խույրի կենտրոնում 10 ադամանդից բաղկացած օվալաձև բրոշ է, որը 1893 թվականին մատուցվել է արքայադուստր Մարիայի կողմից որպես հարսանեկան նվեր։ Հարսնացուի հանդերձանքը լրացրել են «Cartier»-ի ականջօղերն ու ապարանջանը և արքայադուստր Դիանային պատկանող ծովակնով մատանին։

Հարսնացուի դրանիկներն էին 7-ամյա երկվորյակներ Բրայան և Ջոն Մալրունիները, Մեգանի մտերիմ ընկերուհու՝ կանադացի ոճաբան Ջեսիկա Մալրունիի որդիները։ Հարսնացուի ընկերուհին Մեգանի մոտ չի եղել, ընդ որում անձամբ Մեգանը միշտ չէ, որ արարողության ժամանակ կարողացել է կարգավորել երկայնափեշը, և նա մի քանի անգամ ստիպված է եղել ինքնուրույն շտկել հանդերձանքը։

Փեսացուի խաչեղբայրը նրա ավագ եղբայրն էր՝ արքայազն Ուիլյամը։ Երկուսն էլ հարսանիք են եկել պալատական հեծելազորի գնդի համազգեստով։ Արքայազն Ուիլյամի կինը՝ Քեթրինը, հարսանիքին ներկայացել է «Alexander McQueen»-ի՝ կաթնային գույնի ամառային վերարկուով, որում նա արդեն առնվազն երեք անգամ հայտնվել էր հանրության առջև՝ արքայադուստր Շարլոտի մկրտություններին՝ 2015 թվականին, թագուհու 90-ամյա հոբելյանին՝ 2016 թվականին, և 2017 թվականին՝ Բելգիա ուղևորության ժամանակ։

Եղիսաբեթ թագուհին հարսանիքի ժամանակ հայտնվել է վառ կիտրոնագույն հանդերձանքով։ Նշվել է, որ ողջ արարողության ընթացքում նա ոչ մի ուրախ տրամադրություն չի ցուցաբերել և ոչ մի անգամ չի ժպտացել։

Մեգանի հարազատներից միայն ծնողներն են արարողության հրավեր ստացել։ Քանի որ նրա հայրը չի կարողացել հարսանիքին ներկա գտնվել առողջական խնդիրների պատճառներով, դեպի եկեղեցական բեմ հարսնացուին ուղեկցել է փեսացուի հայրը՝ արքայազն Չարլզը։ Արարողության ժամանակ արքայազն Հարրին չի թաքցրել իր զգացմունքները։ Բեմի առաջ նա Մեգանին շշնջացել է.

Հիանալի տեսք ունես։ Ես այնքա՜ն բախտավոր եմ։

Միայն պսակադրության արարողությանը ներկա է եղել շուրջ 600 մարդ։ Հարսանիքին հրավիրված էին արքայազն Հարրիի նախկին (6 տարի) ընկերուհին՝ Չելսի Դևին, սըր Էլթոն Ջոնը, Դևիդ ու Վիկտորյա Բեքհեմները (ընդ որում, Վիկտորիային դատապարտել են այն բանի համար, որ նա հարսանիքին ներկայացել է սև գույնի զգեստով, իսկ Դևիդին՝ մաստակմաստակ ծամելու համար), ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, դերասան Ջորջ Քլունին կնոջ հետ, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, դերասան Իդրիս Էլբան, փոփ երգիչ Ջեյմս Բլանտը և այլ հայտնիներ[11]։ Վինձոր ամրոցում հարսանյաց հանդիսությանը միաժամանակ հրավիրված էր ավելի քան 1,2 հազար հասարակական ներկայացուցիչ[12]։ Որոշվել է չհրավիրել ինչպես բրիտանական, այնպես էլ օտարերկրյա քաղաքական գործիչների[13]։ Հարսանեկան տորթը պատրաստված էր Սանդրինգհեմյան թագավորական կալվածքում աճող շամբուկի օշարակով։

Ամուսնության արարողությունից հետո տեղի է ունեցել ընդունելություն քաղաքից դուրս գտնվող կալվածքում՝ Ֆրոգմոր Հաուսում։ Նորապսակներն այնտեղ են մեկնել 1968 թվականի արտադրության «Jaguar E-type Concept Zero» սպորտային կաբրիոլետով՝ «19 05 18» համարանիշով (հարսանիքի օրը)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «His Royal Highness Prince Harry and Ms. Meghan Markle are engaged to be married». Британская королевская семья. 27 ноября 2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 27 ноября 2017-ին.
  2. «The wedding of Prince Harry and Ms.Meghan Markle». Британская королевская семья. 28 ноября 2017. Վերցված է 28 ноября 2017-ին.
  3. Prince Harry condemns press 'abuse' of girlfriend
  4. «Принц Гарри женится на Меган Маркл». BBC Русская служба (ռուսերեն). 2017 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.
  5. Griffiths, Emmy (2017 թ․ նոյեմբերի 22). «Meghan Markle moves out of apartment in Toronto». Hello! Canada. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 5-ին.
  6. Принц Гарри сам придумал дизайн помолвочного кольца Меган Маркл // Spletnik.ru.
  7. «Свадьба принца Гарри и Меган Маркл назначена на май». BBC Russian. 28 ноября 2017. Վերցված է 28 ноября 2017-ին.
  8. Robert Booth (28 ноября 2017). «Prince Harry to marry Meghan Markle at Windsor Castle in May». The Guardian. Վերցված է 29 ноября 2017-ին.
  9. Walter, Stephen (2018 թ․ մարտի 8). «Meghan Markle 'baptised by Archbishop of Canterbury ahead of wedding to Prince Harry'». The Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  10. «Prince Harry and Ms. Meghan Markle: Announcement of Titles». The Royal Family. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  11. «Royal Wedding 2018: Pictures of the guests, from Oprah to Elton John». Би-би-си (անգլերեն). 2018 թ․ մայիսի 19. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  12. «World leaders to miss union of Prince Harry and Meghan Markle». The Guardian. 2018 թ․ ապրիլի 11. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
  13. «Royal wedding: Trump and Obama not attending». CNN. 10 April 2018.

Արտաքին հղումներ խմբագրել