Արցախի գրողների միություն

կազմակերպություն

Արցախի գրողների միություն, ստեղծվել է 1925 թվականին՝ որպես Ղարաբաղի պրոլետար գրողների ասոցիացիա։

Արցախի գրողների միություն
Տեսակկազմակերպություն
Երկիր Արցախ
Հիմնադրված1925
Կայքartsakhwriters.com

Պատմություն խմբագրել

Նախապատմություն խմբագրել

Գրիգոր Ներսիսյանի նախաձեռնությամբ 1925 թվականի օգոստոսին Ստեփանակերտում ստեղծվել է Ղարաբաղի պրոլետար գրողների ասոցիացիան, որի նախագահ է ընտրվել Գրիգոր Ներսիսյանը։ 1929 թվականին Ստեփանակերտում Գրիգոր Ներսիսյանի խմբագրությամբ հրատարակվել է «Կայծ» ամսագիրը, որը անվտանգության խորհրդի միջնորդությամբ փակվել է։ 1929 թվականին Մկրտիչ Բերբերյանը Ստեփանակերտում նախաձեռնել և հիմնադրել է «Գրոհ» գրական-գեղարվեստական հանդեսը, որը նույնպես փակվել է առաջին համարից հետո։ 1936 թվականին Գրիգոր Ներսիսյանը բանտարկվել է, նրան փոխարինել է Աշոտ Գրաշին, Գրաշուն՝ Թաթուլ Հուրյանը։ Նացիոնալիզմի մեջ մեղադրվելու վտանգի սպառնալիքով երկուսն էլ հեռացել են Ղարաբաղից։ Պաշտոնում նշանակված բանաստեղծ Միքայել Հարությունյանը երկու շաբաթից հետո հեռացել է Ղարաբաղից՝ ապաստան փնտրելով Հայաստանում։

1946 թվականին Ղարաբաղի գրական բաժանմունքի քարտուղար է նշանակվել բանաստեղծ Բոգդան Ջանյանը։ 1948 թվականին Հրաչյա Քոչարի հորդորանքով Ղարաբաղ է այցելել Ավետիք Իսահակյանը շուշեցի տիկնոջ՝ Սոֆիի ու Ամերիկայից հայրենիք դարձած ղարաբաղցի Զաքարե Սուվարյանի հետ։ Զաքարեին ու Բոգդան Ջանյանին մեղադրում են նացիոնալիզմի մեջ ու բանտարկում։ Բոգդան Ջանյանին փոխարինում է բանաստեղծ Վերդի Վերխաչյանը։ 1949 թվականի ապրիլի 1-ին Ադրբեջանի գրողների միության Լեռնային Ղարաբաղի բաժանմունքի պատասխանատու քարտուղար է նշանակվում բանաստեղծ Բագրատ Ուլուբաբյանը։ Կարճ ժամանակաընթացքում գյուղից քաղաք են գալիս Վազգեն Օվյանը, Գևորգ Աղաջանյանը, Գերասիմ Հովսեփյանը, Արմո Լեռնենցը, Գուրգեն Գաբրիելյանն ու Ժան Անդրյանը։ Բագրատ Ուլուբաբյանը 1964 թվականին կազմակերպում և Ստեփանակերտի Մաքսիմ Գորկու անվան թատրոնում անցկացնում է Ադրբեջանի գրողների միության շրջիկ պլենում, որտեղ բազմամարդ դահլիճում չորս հոգու (Սարգիս Աբրահամյան, Իսահակ Ալավերդյան, Գևորգ Օհանյան, Վարդան Բալայան) ընդունում են գրողների միության շարքերը, որից հետո թուրքերն քսան տարի շարունակ Ղարաբաղից ոչ մի հայ գրողի չընդունեցին գրողների միության անդամ։

1967 թվականին Բագրատ Ուլուբաբյանին հեռացնում են զբաղեցրած պաշտոնից և ԼՂ գրողների միության պատասխանատու քարտուղար է նշանակվում Գևորգ Աղաջանյանը։ Վերջինիս փոխարինում է Արմեն Հովհաննիսյանը։ Այդ տարիների ընթացքում «թուրքական տարրը» կուսակցության հովանավորությամբ, հանուն «բարեկամության», ներմուծվեց գրական օջախ և ԳՄ անդամների թիվն սկսեց աճել «յազըչիների» հաշվին։ Բաքուն Շուշիում ԳՄ մասնաճյուղ էր ստեղծել գրականության հետ կապ չունեցող «գրագետներից»։

1983 թվականին ԼՂ գրողների պահանջով բաժանմունքի պատասխանատու քարտուղար է ընտրվում բանաստեղծ, դրամատուրգ և հրապարակախոս Վարդան Հակոբյանը։

Ադրբեջանի կազմից դուրս խմբագրել

Ղարաբաղի գրողների միությունը մարզի առաջին կազմակերպությունն էր, որը դուրս եկավ Ադրբեջանի կազմից։ Վարդան Հակոբյանը գրողների համար ապահովեց նոր կարգավիճակ՝ դարձնելով այն առանձին, միութենական նշանակության կազմակերպություն։ ԽՍՀՄ ԳՄ անդամների թիվը, շնորհալի երիտասարդների հաշվին, հասցվեց 41-ի։

Գրական ընտանիքից անժամանակ հեռացել են գրողներ Վազգեն Օվյանը, Գերասիմ Հովսեփյանը, Իսահակ Ալավերդյանը, Գուրգեն Անտոնյանը, Ժան Անդրյանը, Գրիշա Մովսիսյանը, Միքայել Գասպարյանը, Վերդի Վերխաչյանը, Վարդան Բալայանը, Սուրեն Ստեփանյանը, Շահեն Օհանջանյանը։

Գրողների միության ջանքերով Ղարաբաղի գրական օջախը մտավ իր դերի ու դիրքի մեջ։ Գրողների միության նախագահ Վ.Հակոբյանը հիմնադրեց «Արցախ», «Պըլը-Պուղի» հանդեսները, «Եղիցի լույս» գրական թերթն ու «Արցախ» հրատարակչությունը։

Ստեղծվեց ԼՂ գրողների միության հատուկ մրցանակներ՝ Աղայանի, Մուրացանի և Շիրազի անվամբ։

Արցախյան ազատամարտի տարիներ խմբագրել

Արցախյան գոյամարտում իրենց գրիչը զենքով փոխարինեցին ու թշնամու դեմ մարտնչեցին Գագիկ Բեգլարյանը, Ռոբերտ Եսայանը, Սեյրան Քամալյանը, Աշոտ Բեգլարյանը, Լեռնիկ Հակոբյանը, Դավիթ Շիրինյանը, Արիս Արսենին (Գրիգորյան), Սպարտակ Հակոբյանը և ուրիշներ։ Արցախի գրողներն ու լրագրողները արցախյան գոյամարտում երգն ու զենքը գործածեցին միասին։

Արտաքին հղումներ խմբագրել