Գրիգոր Ներսիսյան

հայ խմբագիր, բանաստեղծ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գրիգոր Միրզայի Ներսիսյան (1887, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1937), հայ բանաստեղծ, հարապարակախոս, մանկավարժ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1917 թվականից։ 1926 թվականից կրել է Շերբինին գրական անունը, որն իր ռուս կնոջ ազգանունն է։

Գրիգոր Ներսիսյան
Ծնվել է1887
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1937
Մասնագիտությունխմբագիր և բանաստեղծ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՇուշիի թեմական հոգևոր դպրոց
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Գրիգոր Ներսիսյան Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Շուշի քաղաքում։ Շուշիի թեմական դպրոցն ավարտելուց հետո զբաղվել է ուսուցչությամբ։ 1915 թվականին ընդունվել է Մոսկվայի առևտրի ինստիտուտը, սակայն ուսումը կիսատ է թողել նյութական սուղ պայմանների պատճառով։ 1917-1919 թվականներին եղել է Ալեքսանդրապոլում։ 1919 թվականին փոխադրվել է Աբխազիա։ 1919-1920 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Սուխումին մերձ Բուրճ գյուղի դպրոցում։ Ապա, մինչև 1928 թվականը, աշխատել է Սուխումի տարբեր հիմնարկություններում։ 1928 թվականին վերադարձել է հայրենի Արցախ և աշխատել մինչև կյանքի վերջը՝ 1937 թվականը։ 1929 թվականին եղել է Ստեփանակերտում լույս տեսնող «Կայծ» գրական, գեղարվեստական, քննադատական և գյուղատնտեսական ամսագրի խմբագիրը։ 1928-1937 թվականներին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումում։

Ռուսերենից հայերեն է թարգմանել «Ինտերնացիոնալը»։ Փորձել է մրցել Եղիշե Չարենցի հետ և նրա նմանությամբ գրել բազմաթիվ գործեր։

1979 թվականին լույս տեսած «Հայ նոր գրականության պատմություն» ակադեմիական հրատարակության 5-րդ հատորում (էջ 971-972) գրված է. «Հայ պրոլետարական պոեզիայի զարգացման նոր փուլի արժեքավոր էջերից է Գրիգոր Ներսիսյանի «Նոր տարին», «Փոթորիկը», «Ես հավատում եմ», «Արշալույսին» և այլ բանաստեղծություններ։ Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոնը 1930 թվականին բեմադրել է նրա «Ջախջախված ժանիքներ» պիեսը[1][2]։

  • Խորտակված հույսեր, Շուշի, տպարան Մ. Բաբաջանյանի, 1912, 15 էջ։
  • Բանաստեղծություններ, Ստեփանակերտ, Լեռնային Ղարաբաղի պրոլետգրողների ասոցիացիայի հրատարակչություն, 1928, 96 էջ[3]։
  • Պոեմներ, Ստեփանակերտ, 1928[4]։
  • Սայիդն ու Լեյլին (Ադրբեջանի խորհրդայնացման տասնամյակին), Ստեփանակերտ, 1930 11 էջ[5]։
  • Գրբաց Բղդո (արևելյան հեքիաթ), Երևան, Պետհրատ, 1931, 27 էջ[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 412-413.
  2. «Zarkfoundation - Գրիգոր Ներսիսյան». zarkfoundation.com.
  3. Ներսիսյան, Գրիգոր Միրզայի (1928). Բանաստեղծություններ. Ստեփանակերտ: Տպ. «Համիդ Սուլթանովի» անվան.
  4. Ներսիսյան, Գրիգոր Միրզայի (1928). Պոյեմներ. Ստեփանակերտ: Տպ. «Խորհրդային Ղարաբաղ» թերթի Համիդ Սուլթանովի անվան.
  5. Ներսիսյան, Գրիգոր Միրզայի (1930). Սայիդն ու Լեյլին։ Պոեմ. Ստեփանակերտ: Ա.հ.
  6. Ներսիսյան, Գրիգոր Միրզայի (1931). Գրբաց Բղդո։ Արևելեան հեքիաթ. Յերևան: Պետհրատ.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Ներսիսյան» հոդվածին։