Արտաշավի, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկենտրոնից գտնվում է 35 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 85 կմ հեռավորության վրա։

Գյուղական համայնք
Արտաշավի
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Մակերես3085,9 կմ²
Բնակչություն127 մարդ
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Արտաշավի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Արտաշավի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղը գտնվում է Արցախի Հնարապետության արևմտյան թևում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Արցախի Բերդաձոր գավառում։ Բնակավայրը տեղաբաշխված է Շալուա գետի ստորին հոսանքի ձախակողմյան Արտաշավի վտակի աջափնյա ձորալանջին[1]։

Համայնքը բարձր լեռնային է, ունի 3089,5 հա տարածք, որից 2483,1 հա գյուղատնտեսական նշանակություն, 484,1 հա անտառային հողեր։ Արտաշավի համայնքի սահմանային գոտով հոսում է Շալվա գետի վտակը։

Համայնքի տարածքում առկա են սեզոնային խմելու ջրի որոշ քանակի բնական աղբյուր-առվակներ։

Արտաշավիի հարևանությամբ են գտնվում Ձորաշեն, Հախնազար գյուղերը։

Պատմություն խմբագրել

Արտաշավին Արցախի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ընդհանրապես վերոհիշյալ տարածքը վաղ և միջին միջնադարում զգալի չափով խիտ բնակեցված է եղել[1]։

1615 թվականին Քասպար երեցի կողմից նորոգված ձեռագիր հիշատակարանում գյուղը ներկայացված է Արտաշաիպ, իսկ 1637 թվականի ընդօրինակված Ավետարանի հիշատակարանում` Արտայշիբի անուններով։

18-րդ դարի վերջերին և 19-րդ դարում թրքախոս քրդական ցեղերը ներխուժեցին տարածաշրջան։ Վերջին հայ բնակիչները լքեցին հայրենի օջախները, և հազարամյակների ընթացքում ստեղծածը շուրջ երկու դար մնաց օտար եկվորների գերության մեջ։ Երկու հարյուրամյակի ընթացքում Արտաշավիի պատմամշակութային նշանակության հուշարձանների ոչնչացումից մնաց միայն նրանց հետքերը։ Գյուղում կարելի է ականատես լինել միջնադարյան եկեղեցու հիմքերի մնացորդներին, իսկ նրա շրջակայքում եղած գերեզմանոցի խաչքարերն ու տապանաքարերը եկվորները ջարդել և իրենց տների ու գոմերի համար շինանյութ էին դարձրել[1]։

Գյուղի աղբյուրի պատի մեջ տեղադրված է մի տապանաքար, իսկ փոստի շենքի որմերի մեջ ագուցված քանդակազարդ արձանագիր (1481 թ․) խաչքարի բեկորը հայ վերաբնակիչները 1995 թվականին տեղադրել են Արտաշավիի կենտրոնում գտնվող աղբյուրի մոտ[1]։

Խորհրդային տարիներին գյուղը գտնվում էր Կարմիր Քուրդիստանի օկրուգի, իսկ 1930 թվականին՝ Լաչինի շրջանի կազմի մեջ[1]։

Գյուղը Արցախյան ազատամարտին խմբագրել

1993 թվականին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գործելաոճի շնորհիվ և վերջինիս ջանքերով Արտաշավին ազատագրվեց։

1994 թվականի մայիսին զինադադարի կնքումից հետո գյուղում հաստատվեցին Ադրբեջանից բռնագաղթած հայ ընտանիքներ և ՀՀ բնակավայրերից քաղաքացիներ[1]։

Գյուղը Հայ-ադրբեջանական պատերազմին խմբագրել

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։

Բնակչություն խմբագրել

2015 թվականին Արտաշավի համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 127 մարդ, կա 31 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 89 76 84

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ արձանագիր քար (1221 թ.), 2 խաչքարեր (1481 թ.), խաչքար (13-րդ դար), տապանաքար (1575 թ.), գյուղատեղի Մալխալափ, կամուրջ։

Հասարարակական կառույցներ խմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 42 աշակերտներ[4]։ 2002 թվականին դպրոցը անվանակոչվել էր Արցախի հերոս, ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Լեոնիդ Ազգալդյանի անունով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 630–631.
  2. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 339.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։