Արարատ Աղասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արարատ Վլադիմիրի Աղասյան (օգոստոսի 11, 1956[1], Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), արվեստի պատմաբան, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր։ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ՝ արվեստագիտության գծով (2014)։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի տնօրեն (2003)[3], Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ[4]։
Արարատ Աղասյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 11, 1956[1] (68 տարեկան) Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | արվեստաբան |
Հաստատություն(ներ) | Արվեստի ինստիտուտ |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր[2] |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր[2] |
Պարգևներ | |
Հայր | Վլադիմիր Աղասյան |
Կենսագրություն
խմբագրելԱրարատ Աղասյանը ծնվել է 1956 թվականին Սիսիանում, ՀԽՍՀ վաստակավոր տնտեսագետ, տնտեսագիտության թեկնածու Վլադիմիր Աղասյանի (նրա անունով է կոչվում «Արդշինբանկի» Երևանի Կենտրոն վարչական շրջանի մասնաճյուղերից մեկը) և մանկավարժ, անգլերենի ուսուցչուհի Մարգարիտա Ասոյանի ընտանիքում։ 1960 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան։ Սովորել է Երևանի թիվ 122 միջնակարգ դպրոցում, 1973-1978 թվականներին՝ Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստաբանական բաժնում։ 1978 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի կերպարվեստի բաժնում՝ որպես կրտսեր գիտաշխատող, այնուհետև ընտրվել է երիտասարդ գիտաշխատողների գիտխորհրդի նախագահ, 1981 թվականից՝ խորհրդի անդամ։ 1989 թվականին Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է դիսերտացիա՝ «Формирование живописного метода Мартироса Сарьяна» թեմայով և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան (ղեկավար՝ արվեստաբան, ակադեմիկոս Դմիտրի Սարաբյանով)։ 1991 թվականի հունիսի 1-ին նշանակվել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտքարտուղար և գիտական խորհրդի քարտուղար, 2003 թվականից՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, 2008 և 2013 թվականներին վերընտրվել է նույն պաշտոնում։ 2003 թվականից Աղասյանը ինստիտուտի գիտական խորհրդի նախագահն է։ 2005 թվականին որակավորվել է որպես առաջատար գիտաշխատող, 2010 թվականին՝ գլխավոր գիտաշխատող։ 1995 թվականին ընդգրկվել է արվեստագիտության բնագավառի գիտական աստիճանաշնորհման 016 մասնագիտական խորհրդի գիտքարտուղար, 2009 թվականից՝ նախագահի տեղակալ։ 1986 թվականից սկսել է դասավանդել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, 1996 թվականից՝ Երևանի պետական համալսարանում։ 2007 թվականին Երևանում պաշտպանել է ատենախոսություն՝ «Հայ կերպարվեստի զարգացման ուղիները XIX-XX դարերում» թեմայով և ստացել արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան։ Նույն թվականին նրան շնորհվել է «Արվեստագիտություն» մասնագիտությամբ պրոֆեսորի գիտական կոչում։ 2015 թվականին նշանակվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում գործող ՀՀ ԲՈՀ-ի ճարտարապետության և շինարարության - 030 մասնագիտական խորհրդի անդամ։ 2016 թվականին նշանակվել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժնի վարիչ (հասարակական կարգով)։
Հեղինակ է նոր և նորագույն շրջանների հայ կերպարվեստի ու գեղարվեստական մտքի պատմության ուսումնասիրությանը նվիրված 13 գրքերի ու մենագրությունների, շուրջ 150 գիտական և գիտահանրամատչելի հոդվածների, որոնք լույս են տեսել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, ԱՄՆ-ի, ԳՖՀ-ի, Հունգարիայի, Լիբանանի, Լեհաստանի գիտական ժողովածուներում, կերպարվեստին նվիրված հանրագիտարաններում և պարբերականներում։
Աղասյանն առաջինն է, ով ուսումնասիրել և հայերեն է շարադրել նոր և նորագույն շրջանների հայ կերպարվեստի ամբողջական պատմությունը[5]։
Անդամակցություն
խմբագրելԱրարատ Աղասյանն ընդգրկվել է «Գրականության և արվեստի բնագավառում արվեստի ոլորտի ՀՀ պետական մրցանակների շնորհման» (2009), «Հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում ՀՀ պետական մրցանակների շնորհման» (2011, 2013, 2015) և «Հանրապետության Նախագահի մրցանակների շնորհման» արվեստի (2006-2009) հանձնախմբերում։ Աղասյանը ՀՀ ԳԱԱ գիտահրատարակչական խորհրդի և ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի բյուրոյի անդամ է, Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ։ Ընդգրկված է ՀՀ ԳԱԱ փորձագիտական ազգային բյուրոյի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Հայաստանի ժողովրդական արվեստի, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի, Մարտիրոս Սարյանի ու Երվանդ Քոչարի թանգարանների գիտական խորհուրդների, ՀՀ ԳԱԱ «Հայկական հանրագիտարանի» գիտահրատարակչական խորհրդի, ՀՀ ԳԱԱ «Լրաբեր հասարակական գիտությունների», «Բանբեր հայագիտության» և «Գիտության աշխարհում», ՀՀ նկարիչների միության «Կերպարվեստ» հանդեսների, Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի «Լրատու» գիտական հոդվածների ժողովածուի և «Կանթեղ» գիտական պարբերականի խմբագրական խորհուրդների կազմում։
- Հայաստանի նկարիչների միության անդամ, 1996
- ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի բյուրոյի անդամ, 2003
- ՀՀ ԳԱԱ գիտահրատարակչական խորհրդի անդամ, 2004
- Հումանիզմի պրոբլեմների նախագահության անդամ, 2007
- Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ, 2008
- Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի անվան գիտությունների և արվեստների ակադեմիայի թղթակից անդամ, 2009
- Հայոց փիլիսոփայական ակադեմիայի թղթակից անդամ, 2011
- «Հումանիտար և հասարակական գիտութունների բնագավառում ՀՀ պետական մրցանակների շնորհման» հանձնախմբի անդամ, 2011
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 2014
Պարգևներ
խմբագրել- ՀՀ ԳԱԱ պատվոգիր, 2005
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2008
- ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ոսկե մեդալ», 2008
- Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, 2008
- Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ, 2009 («Հայ արվեստի պատմություն» աշխատության համար)[6]
- Գարեգին Նժդեհ մեդալ, 2012
- ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագիր, 2013
- ՀՀ ԳԱԱ վաստակագիր, 2016
Գրքեր և պատկերագրքեր
խմբագրել- Մարտիրոս Սարյան։ Կյանքի և ստեղծագործության տարեգրություն, Երևան, Հայաստանի պետական պատկերասրահ, 1980 (համահեղինակ՝ Մ. Ղազարյան), 317 էջ։
- Հայաստանի երիտասարդ նկարիչները, Երևան, «Սովետական գրող», 1987 (նույնը՝ ռուսերեն), 168 էջ։
- Мартирос Сарьян. Раннее творчество. Ереван, Издательство АН Армении, 1992, 210 с.
- Ерванд Кочар. Ереван, Издательство "Гитутюн" НАН РА, 1999, 90 с.
- Հայերը Սանկտ Պետերբուրգի գեղարվեստական կրթօջախներում (19-20-րդ դարեր), Երևան, «Անտարես», 2004 (համահեղինակ՝ Ա. Տեր-Մինասյան, նյույնը՝ ռուսերեն), 112 էջ։
- Փարավոն Միրզոյան, Երևան, «Էդիթ Պրինտ», 2005 (համահեղինակներ՝ Է. Միանսարյան և Լևոն Չուգասզյան, նույնը՝ անգլերեն), 189 էջ։
- Հայ արվեստի պատմություն, Երևան, «Զանգակ-97», 2009 (համահեղինակներ՝ Հ. Հակոբյան, Մ. Հասրաթյան, Վիգեն Ղազարյան), 575 էջ։
- Հայ կերպարվեստի զարգացման ուղիները 19-20-րդ դարերում (1828-1991), Երևան, «Ոսկան Երևանցի», 2009, 292 էջ։
- Քաջազի մշտավառ կանթեղը, Երևան, «Տիգրան Մեծ», 2009 (նույնը՝ անգլերեն), 128 էջ։
- Վարդգես Սուրենյանց (1860-1921), Երևան, Հայաստանի ազգային պատկերասրահ, 2010 (նույնը՝ անգլերեն), 224 էջ։
- Символизм и творчество Мартироса Сарьяна. Ереван, "Воскан Ереванци", 2012, 188 с.
- Երվանդ Քոչարի տարածության մեջ, Երևան, «Ոսկան Երևանցի», 2013 (նույնը՝ ռուսերեն), 196 էջ։
- Հայ-ռուսական գեղարվեստական առնչությունների պատմությունից. Սանկտ Պետերբուրգ, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2015 (համահեղինակ՝ Ա. Ասատրյան), 208 էջ։
Թարգմանություններ
խմբագրել- Из сокровищницы русской поэзии (переводы) - Ռուսական պոեզիայի գանձարանից (թարգմանություններ), Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2013, 164 էջ։
- Հայոց ցեղասպանության արձագանքները ռուսական պոեզիայում (թարգմանություններ Իվան Բունինից, Վալերի Բրյուսովից և Արսենի Տարկովսկուց) // «Գիտություն», Երևան, 2013, N 4 (257), ապրիլ։
- Վալերի Բրյուսով, «Հայաստանին» (թարգանություն) // «Գիտություն», Երևան, 2014, N 2 (267), փետրվար։
- Ռուսական պոեզիայի գանձարանից. Միխայիլ Լերմոնտով - 200 (թարգմանություններ) // «Որոտան», Սիսիան, 2014, 11 հուլիսի։
- Վլադիմիր Նաբոկով և Արսենի Տարկովսկի. Բանաստեղծություններ (թարգմանություններ) // «Գրական թերթ», Երևան, 2014, 17 հոկտեմբերի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.sci.am/membersview.php?id=538&langid=2
- ↑ 2,0 2,1 http://arts.sci.am/filesimages/files/biography/CV%20Aghasyan.pdf
- ↑ «ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ». arts.sci.am. Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ Արարատ Աղասյան. վաստակաշատ արվեստաբանն ու գիտության հմուտ կազմակերպիչը
- ↑ Գրականության և արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական մրցանակներ շնորհելու մասին
Գրականություն
խմբագրել- Արարատ Աղասյան - 60։ Երևան։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2016։