Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, 2015 թվականին ստեղծված թանգարան է Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Թանգարան-ինստիտուտը միտված է կոմիտասագիտության զարգացմանը, Կոմիտասի ստեղծագործական ժառանգության հետազոտմանը և հանրահռչակմանը։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ | |
---|---|
![]() | |
Տեսակ | հուշային թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց պող., 28 շենք0023 |
Հիմնադրվել է | 2015 |
Տնօրեն | Նիկոլայ Կոստանդյան |
Կայք | komitasmuseum.am |
![]() | |
![]() |
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 29-ին։ Թանգարանը գտնվում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու հարակից տարածքում։ Կառուցվել է նախկին մշակույթի պալատի հիման վրա, որը 1949 թվականին նախագծել է ճարտարապետ Կորյուն Հակոբյանը։ Նորաստեղծ կառույցի ճարտարապետը Արթուր Մեսչյանն է։ Ցուցադրության հեղինակը և համադրողը Վարդան Կարապետյանն է, նկարիչ-ձևավորողը՝ Ալբերտո Տորսելլոն։ Ծրագիրն իրականացրել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) Հայաստանի ազգային կոմիտեն։ Ֆինանսական ծախսերը հոգացել են «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական և «Լույս» հիմնադրամները[1]։
Թանգարան
խմբագրելՀիմնադրվել է 2015 թ. հունվարիի 25-ի ՀՀ Կառավարության որոշմամբ՝ որպես «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն[2]։
Կառուցվել է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում գտնվող նախկին մշակույթի պալատի հիման վրա։ Ֆինանսական ծախսերը հոգացել են «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական և «Լույս» հիմնադրամները։ Թանգարանի նախագծի հեղինակն ու ճարտարապետն է Արթուր Մեսչյանը։ Բացվել է 2015 թվականի հունվարի 29-ին[3]։
Թանգարան-ինստիտուտն ունի համերգասրահ, մշտական ցուցադրություն և ժամանակավոր ցուցահանդեսների հնարավորություն։ Կառույցի շրջանակում գործելու են գիտահետազոտական կենտրոն, երաժշտական ստուդիա, գրադարան, հրատարակչություն։ Ցուցադրության կազմակերպման համար թանգարանային առարկաներ են հանձնվել Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի Ազգային գրադարանի հավաքածուներից։
Կոմիտասի կյանքն ու գործունեությունը, երաժշտական տեսական և հոգևոր գործունեությունը, ինչպես նաև բանահավաքչական հարուստ ժառանգությունն ամփոփված են թանգարանի ութ սրահների մշտական ցուցադրության մեջ։ Ցուցադրության հեղինակն ու համադրողը Վարդան Կարապետյանն է, ձևավորող–նկարիչը՝ Ալբերտո Տորսելլոն։ Ծրագիրն իրականացրել է Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) (անգլ.՝ The International Council of Museums (ICOM)) Հայաստանի ազգային կոմիտեն։
Սրահներ
խմբագրել- Առաջին սրահ՝ «Ժամանակագրություն» սրահում ներկայացված է Կոմիտասի կենսագրությունը և Կոմիտասի կյանքի համառոտ ժամանակագրությունը, որին զուգահեռ տրված է նաև եվրոպական երաժշտական մշակույթի տարեգրությունը։
- Երկրորդ սրահ՝ «Կոմիտասը և իր ժամանակակիցները» սրահում քարտեզագրված են բոլոր այն ճանապարհները, որոնցով անցել է Կոմիտասը, և ցուցադրված այն անձանց լուսանկարները, որոնք ժամանակի գիտական միտքն ու հոգևոր արժեքները կրող անհատականություններ էին և իրենց կարևոր դերն են ունեցել արվեստագետի կյանքի տարբեր ժամանակափուլերում։
- Երրորդ սրահ՝ «Կոմիտասի միտքը» սրահում ներկայացված են Կոմիտասի աշխատությունները, անձնական օգտագործման իրերը, վկայականները։
- Չորրորդ սրահ՝ «Կոմիտասի բանահավաքչական գործունեությունը» սրահում գեղանկարչական գործերի և այլ նմուշների միջոցով պատկերված է այն միջավայրը, որտեղ ձևավորվում է երաժշտական ֆոլկլորը և դրա գրառման ընթացքը։
- Հինգերորդ սրահ՝«Կոմպոզիտոր Կոմիտասը» սրահը ներկայացնում է Կոմիտասի ստեղծագործական կերպարը։ Ցուցադրված են նրա ստեղծագործության ձեռագիր և հրատարակված նմուշներ, «Անուշ» օպերայի նախագիծը և այլն։
- Վեցերորդ սրահ՝ «Կոմիտասը և հոգևոր երաժշտությունը» սրահում ներկայացված է Կոմիտասի հոգևոր ժանրի ստեղծագործությունները և էջեր հայ եկեղեցական երաժշտությանը նվիրված ուսումնասիրություններից։
- Յոթերորդ սրահ՝ «Կոմիտասի ելույթները» սրահում ներկայացված է մեծ երգահանի, որպես հայ երգի քարոզչի գործունեությունը՝ համերգներն ու դասախոսությունները և նրանց ազդագրերը, ծրագրերը, տոմսերը և այլն, որոնցով հանդես է եկել Փարիզում, Լոզանում, Ալեքսանդրիայում, Թիֆլիսում, Կոստանդնուպոլսում և այլուր։
- «Կոմիտասից հետո» սրահում, որտեղ և գրաֆիկայի միջոցով։
- Ութերորդ սրահ՝ «Կոմիտասից հետո». այստեղ Կոմիտասի կերպարը ցուցադրված է քանդակագործության միջոցով, նաև շարժանկարի ժապավենի նման անցնում է Կոմիտասի կյանքը։ Կյանքն անցավ, բայց գործը մնաց…[4]
Թանգարանի մշտական ցուցադրությունն ավարտվում է այս սրահով։
Բացում
խմբագրելԿոմիտասի թանգարան-ինստիտուտը բացվել է 2015 թվականի հունվարի 29-ին։ Նորաբաց թանգարանի համերգային դահլիճում բացման կապակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն[11]։ Թանգարան-ինստիտուտի բացմանը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պետական հանձնաժողովի անդամների և հյուրերի հետ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, ծաղիկներ դրել Կոմիտաս Վարդապետի շիրիմին։ Բացման կապակցությամբ ՀՀ Նախագահը պատվավոր հյուրերի գրքում գրառում է արել՝
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հայ ժողովրդի միասնության և վերածննդի խորհրդանիշն է։ Կոմիտաս վարդապետը միավորեց հոգևորը և աշխարհիկը, ազնվականը և գեղջկականը, արևմտահայկականը և արևելահայկականը՝ ապացուցելով, թե որքան արհեստական են եղել այդ և բազում այլ բաժանարար գծերը։ Դրանով իսկ նա դարձավ ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի նոր ընթացքի ռահվիրան ու երաշխավորը՝ վեր հանելով և մեզ հասցնելով մի ահռելի քաղաքակրթական շերտ։ Ուրախ եմ, որ այս թանգարանի շնորհիվ Կոմիտասի անօրինակ ժառանգությունն այժմ կարող է համակարգված ուսումնասիրության և լայն տարածման առարկա դառնալ ինչպես Հայաստանում, այդպես էլ աշխարհով մեկ։ Կոմիտասը մեր մշակութային կյանքի մասնակիցն է, ով շարունակում է մեզ ուղղորդել արդեն երրորդ հազարամյակի բարդ քառուղիներում։ Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի բացումը կարևոր իրադարձություն է մեր երկրի ու մեր ժողովրդի համար[3]։ - Սերժ Սարգսյան
|
Նորաբաց թանգարանի համերգային դահլիճում բացման կապակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն և համերգ[3]։
Գիտահետազոտական կենտրոն
խմբագրելԿոմիտասի թանգարան-ինստիտուտում գործող գիտահետազոտական կենտրոնը նպատակ ունի հանգամանորեն և համակարգված հետազոտել Կոմիտասի կյանքն ու գործունեությունը, Կոմիտասին վերաբերող արխիվային նյութերը։ Կարևորվում է հայ հոգևոր երաժշտության տարբեր ճյուղերի ու դպրոցների պատմական և տեսական խնդիրների ուսումնասիրությունը` ըստ Կոմիտասի գիտական սկզբունքների։
Գիտական աշխատանքներ են կատարվում հետևյալ ոլորտներում.
- Կոմիտասի արխիվ
- Կոմիտասի բանահավաքչական, երաժշտագիտական և ստեղծագործական ժառանգություն
- Հայ հոգևոր երգարվեստի Ութձայն համակարգ
- «Սասունցի Դավիթ» էպոսի երգվող հատվածներ և այլն[12]
Հրատարակչություն
խմբագրելԿոմիտասի թանգարան-ինստիտուտը հրատարակում է գիտական աշխատություններ, ժամանակավոր ցուցադրությունների սրահում կազմակերպված ցուցադրությունների պատկերագրքեր և գիտական հոդվածների ժողովածուներ[12][13][14]։
Հրատարակություններ
խմբագրել- Կոմիտասը և միջնադարյան երաժշտական մշակույթը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տարեգիրք, հատոր Ա, պատասխանատու խմբագիր՝ Տ. Շախկուլյան, Երևան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հրատարակչություն, 2016։
- Կոմիտասը և ավանդական երաժշտական մշակույթը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տարեգիրք, հատոր Բ, պատասխանատու խմբագիր՝ Տ. Շախկուլյան, Երևան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հրատարակչություն, 2017։
- Հնչյուն և լռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում, գիտական հոդվածներ և պատկերագիրք, պատասխանաու խմբագիր՝ Հ. Պիկիչյան, ցուցադրության համադրող՝ Ն. Խաչատուրեան, Երևան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հրատարակչություն, 2017։
- Կուտինայի հայկական հախճապակու արվեստը, խմբագիր՝ Ն. Խաչատուրեան. Երևան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հրատարակչություն, 2016։
- Ծառերի հիշողություն. Քեթրին Քուք, ցուցադրության պատկերագիրք, համադրող՝ Ն. Խաչատուրեան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, 2016։
- Գոյնէն անդին. Ռուբէն Նաճարեան, խմբագիր Ն. Խաչատուրեան, Երևան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հրատարակչություն, 2017։
- Հասկաքաղ. Միհրան Թումաճան (1890-1973), ցուցադրության պատկերագիրք և գիտական հոդվածներ, ցուցադրության համադրող՝ Ն. Խաչատուրեան, խմբագիր՝ Գ. Ամիրաղյան, Երևան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հրատարակչություն, 2018։
Երաժշտական գրադարան
խմբագրել2017 թվականից Կոմիտասի թանգարան-ինստիտուտում է գործում երաժշտական գրադարանը (նախկինում որպես առանձին կառույց՝ Երաժշտագիտական գրադարան)։ Այստեղ առկա է նոտային և երաժշտական-մասնագիտական բազմաժանր գրականություն, ինչպես նաև հայկական և համաշխարհային երաժշտության բազմաթիվ ձայնապնակներ։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Տաթևիկ Շախկուլյան, «Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հիմնադրումը քառորդդարյա պետությունում», Հայոց նորագույն պետականության քառորդ դարը, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2017, էջ 149-155
- ↑ «ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացմանը 168 Ժամ առցանց լրատվական կայք
- ↑ Հայաստանի Հանրապետության Նախագահի կայքից․ Մամլո հաղորդագրություն
- ↑ «Հնչյուն և լռություն. Երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ցուցադրությունը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում
- ↑ «Գոյնէն անդին». Կոմիտասի թանգարան-ինստիտուտում նոր ցուցադրություն է բացվել
- ↑ «Ծառերի հիշողություն»
- ↑ «Հնչյուն և լռություն»
- ↑ «Կուտինայի հայկական հախճապակու արվեստը»
- ↑ «Գոյնէն անդին»
- ↑ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացմանը
- ↑ 12,0 12,1 Գիտահետազոտական կենտրոն
- ↑ «Կոմիտասը և ավանդական երաժշտական մշակույթը» տարեգրքի շնորհանես Կոմիտասի թանգարանում, Շողակաթ հ/ը
- ↑ [komitasmuseum.am/wp-content/uploads/2015/03/Տարեգիրք-Ա.pdf Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տարեգիրք, Երևան, 2016]
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կոմիտասի թանգարան-ինստիտուտ կատեգորիայում։ |