Ազուրիտ
Ազուրիտ, պղնձի փխրուն, վառ կապույտ գույնի հանքաքար, կարբոնատ, քիմիական բանաձևը Cu3(CO3)2(OH)2, հայտնի է եղել դեռևս հնագույն ժամանակներից։ 19-րդ դարի սկզբին հայտնի էր նաև «չեսիլիտ» անվամբ Չեսի Լե Մայն (Ֆրանսիա, Լիոնի մոտակայքում) տեղանքի պատվին, որտեղ արտահանում էին ազուրիտը[2] Այն հիշատակվում է Պլինիոս Ավագի «Բնագիտական պատմություն» աշխատությունում հունարեն «kuanos» (κυανός, «վառ կապույտ») և լատիներեն «caeruleum» անվանումներով[4]։ Ազուրիտի գույնը բացարձակապես վառ և մաքուր կապույտ է, այդ իսկ պատճառով այս հանքաքարը հնագույն ժամանակներից միտում ունի ասոցացվելու ցածր խոնավության անապատների վառ կապույտի և ձմեռային երկնքի գույների հետ։ Ժամանակակից անվանումը արտացոլում է այդ ասոցիացիան, քանի որ «ազուրիտը» և «լազուրիտը» ստացվել են պարսկերեն «lazhward » (لاژورد, «լաջվարդ») բառից, որը մի այլ վառ կապույտ գույնի քարի (լաջվարդ, ազուրի քար) հանքավայրերով հայտնի շրջան էր։
Ազուրիտ | |
---|---|
Ընդհանուր | |
Կատեգորիա | Կարբոնատային միներալ |
Բանաձև (կրկնվող միավորը) | Cu3(CO3)2(OH)2 |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 5.BA.05 |
Դանա դասակարգում | 16a.2.1.1 |
Բյուրեղի սիմետրիա | P21/c |
Միավոր | a = 5.01 Å, b = 5.85 Å c = 10.35 Å; β = 92.43°; Z = 2 |
Նույնականացում | |
Մոլեկուլային զանված | 344.67 գ/մոլ |
Գույն | Վառ կապույտից մինչև գունատ կապույտ |
Շերտի գույն | բաց կապույտ |
Բյուրեղի հատկություն | Հոծ, պրիզմայաձև, ստալակտիտային, աղյուսաձև |
Բյուրեղային համակարգ | Մոնոկլինիկ |
Դիմադրողականություն | Փխրուն |
Մոոսի կարծրություն | 3.5 - 4 |
Փայլ | Ապակենման |
Շերտեր | Բաց կապույտ |
Թափանցիկություն | Թափանցիկից կիսաթափանցիկ |
Ձգողականություն | 3.773 (չափված), 3.78 (հաշվարկած) |
Օպտիկական հատկություններ | Երկառանցք (+) |
Բեկման ցուցանիշ | nα = 1.730 nβ = 1.758 nγ = 1.838 |
Երկճառագայթաբեկում | δ = 0.108 |
Պլեոքրոիզմ | Կապույտի երանգներ |
2V անկյուն | Չափած 68°, հաշվարկած 64° |
Դիսպերսիա | Թույլ |
Ծանոթագրություններ | [1][2][3] |
Ենթակատեգորիա | carbonate and nitrate class of minerals? |
Հանքաբանություն
խմբագրելԱզուրիտը պղնձի (II) երկու հիմնային կարբոնատներից մեկն է, իսկ մյուսը վառ կանաչ գույնի մալաքիտն է։ Պղնձի սովորական կարբոնատ (CuCO3) բնության մեջ գոյություն չունի։ Ազուրիտի քիմիական կազմն արտահայտվում է հետևյալ բանաձևով Cu3(CO3)2(OH)2, ընդ որում պղնձի (II) կատիոնները կապված են երկու տարբեր անիոնների հետ՝ կարբոնատ և հիդրօքսիլ։ Ազուրիտի մանր բյուրեղներ կարող են ստացվել նատրիումի կարբոնատի Na2CO3 հագեցած լուծույթին մի քանի կաթիլ պղնձի սուլֆատի CuSO4 լուծույթ ավելացնելիս, սկզբում ինտենսիվ խառնում են, հետո մեկ գիշեր թողնում հանգստանալու։
Ազուրիտի բյուրեղավանդակը մոնոկլինային է։ Մեծ բյուրեղները վառ կապույտ են , հաճախ պրիզմատիկ[2][3][6]։ Ազուրիտի նմուշները կարող են լինել հոծ ագրեգատներից սկսած մինչև հանգուցավորներ։ Նրանք հաճախ ունենում են ստալակտիների ձև։ Նմուշների գույնը ժամանակի ընթացքում խամրելու միտում ունի, քանի որ նմուշի արտաքին մակերևույթը հողմահարվում է վերածվելով մալաքիտի։ Ազուրիտը փխրուն է, ամրությունը ըստ Մոոսի սանդղակի 3,5-ից մինչև 4, տեսակարար կշիռը 3,77-ից մինչև 3,89։ Ջերմության ազդեցության տակ ազուրիտը քայքայվում է, կորցնելով ածխաթթու գազ և ջուր առաջացնում է պղնձի (II) օքսիդի CuO սև փոշի։ Կարբոնատների բնորոշ հատկությունը աղաթթվով մշակելիս փրփրելու ընդունակությունն է։
Գույն
խմբագրելԱզուրիտի ու մալաքիտի օպտիկական հատկությունները (գույնը, ինտենսիվությունը) բնութագրական են պղնձի (II) իոնին, որի կոորդինացիոն կոմպլեքս միացություններից շատերը նույնպես ցուցաբերում են նման գույներ։ Ըստ լիգանդների դաշտերի տեսության գույնը ցածր էներգիայով էլեկտրոնների d-d անցման հետևանք է։
Հողմահարում
խմբագրելԱզուրիտը մալաքիտի համեմատ բաց օդում կայուն չէ և հաճախ հողմահարման արդյունքում ձևափոխվում է մալաքիտի։ Հողմահարման այդ գործընթացը իրենից ներկայացնում է ածխաթթու գազի (CO2) մի քանի միավորների փոխարինում ջրով (H2O), որի արդյունքում փոխվում է կարբոնատ հիդրօքսիդ հարաբերակցությունը՝ ազուրիտից 1:1 մինչև մալաքիտ՝ 1: 2 :
- 2 Cu3(CO3)2(OH)2 + H2O → 3 Cu2(CO3)(OH)2 + CO2
- Համաձայն վերոհիշյալ հավասարման ազուրիտից մալաքիտ ձևափոխման երևույթը կապված է օդում ածխաթթու գազի ցածր պարցիալ ճնշման հետ։ Ազուրիտը անհամատեղելի է ջրային միջավայրների հետ, այնպիսիք, ինչպիսիք են ծովի ջրով ակվարիումները։
Կիրառում
խմբագրելԳունանյութ
խմբագրելԱզուրիտը չի հանդիսանում օգտակար պիգմենտ, որովհետև օդում կայուն չի։ Բայց և այնպես հնագույն ժամանակներում այն օգտագործվել է որպես կապույտ գունանյութ[7]։ Բնական ազուրիտի օգտագործման դեպքեր հայտնի են Սինայում և Եգիպտոսի արևելյան անապատներում։ Այդ մասին հայտնել է Ֆ. Կ. Ջ. Սփերելը (1895) հետևյալ օրինակներում՝ Չորրորդ դինաստիայի (Ք.ա. 2613-2494), Հինգերորդ դինաստիայի (Ք.ա. 2494-2345) ինչպես նաև Տասնութերերդ դինաստիայի (1543–1292 թվականներ ) ժամանակահատվածներում ազուրիտն օգտագործվել է մումիաների պատյանները, բուրգերի պատերը նկարազարդելու համար[8]։ Կախված ազուրիտի մանրացման աստիճանից ու նրանում պղնձի հիմնային կարբոնատի պարունակությունից, այն տալիս է կապույտի տարբեր երանգների լայն սպեկտր։ Ազուրիտը հայտնի է եղել նաև «լեռնային կապույտ» կամ «հայկական քար» անուններով։ Յուղերի հետ խառնելիս այն թեթևակի կանաչում է, իսկ ձվի դեղնուցով պատրաստած ազուրիտը կանաչամոխրագույն է։ Ինչքան հին է ազուրիտի պիգմենտը, այնքան ավելի կանաչավուն երանգ է այն դրսևորում, պատճառը ազուրիտի հողմահարումն է, որի արդյունքում այն վերածվում է մալաքիտի։ Ազուրիտի մեծ մասը ստացել է անվան ոչ ճիշտ պիտակավորում, այն է «լաջվարդ», որն օգտագործվում է մի շարք կապույտ գունանյութերի համար։ Միջնադարյան նկարների քիմիական անալիզի արդյունքում պարզվել է, որ ազուրիտը նկարիչների կողմից օգտագործվել է որպես կապույտի տարբեր երանգներ ստանալու հիմնական աղբյուր։
Լաջվարդը (ուլտրամարին գունանյութ) միջնադարում հիմնականում արդյունահանվում էր Ավղանստանում, իսկ ազուրիտը այդ ժամանակ տարածված հանքաքար էր Եվրոպայում։ Մեծ հանքավայրեր կային Ֆրանսիայում, Լիոնի մոտակայքում։ 12-րդ դարում ազուրիտը արդյունահանվել է Սաքսոնիայում գտնվող արծաթի հանքերում[9]։
Տաքացման ճանապարհով կարելի է ազուրիտը տարբերել մաքուր բնական կապույտ ուլտրամարինից։ Ավելի թանկարժեք, բայց ավելի քիչ կայուն գունանյութ, այսպես է բնութագրում ազուրիտը իտալական նկարիչ Չենինո դ՚Անդրեա Չենինին։ Ուլտրամարինը դիմանում է ջերմությանը, իսկ ազուրիտը վեր է ածվում սև գույնի պղնձի օքսիդի CuO: Բայց ազուրիտը մեղմորեն տաքացնելիս այն վեր է ածվում մուգ կապույտ գույնի պիգմենտի, որն օգտագործվում է ճապոնական ներկերի տեխնիկայում։
Ակնագործություն
Ազուրիտը երբեմն օգտագործվում է ուլունքներ և այլ ակնագործական իրեր պատրաստելու համար, ինչպես նաև որպես շինվածքային քար։ Բայց և այնպես նրա փափկությունը և վառ կապույտ գույնը կորցնելու հատկությունը սահմանափակում են նրա գործածությունը եղանակային տարբեր պայմաններում։
Հավաքածուներ
խմբագրելԱզուրիտի ինտենսիվ կապույտ գույնը նրան դարձնում է հանրաճանաչ քարերի կոլեկցիա հավաքողների շրջանում։ Բայց և այնպես ուժեղ լույսի, տաքության, բաց օդի պայմաններում ազուրիտի վառ գույնը ժամանակի հետ խամրելու հակում ունի։ Որպեսզի պահպանվի ազուրիտի նմուշի անարատ գույնը, կոլեկցիոներները պետք է հանքաքարի պահելու պայմանները նմանեցնեն նրա բնական պայմաններին՝ մութ, սառը, հերմետիկ տարածք։
Հետախուզական աշխատանքներ
խմբագրելՉնայած ազուրիտը չի համարվում պղնձի ստացման համար հիմնական հանքաքար, բայց այն հանդիսանում է մակերևութային լավ ինդիկատոր պղնձի սուլֆիդի հողմահարված հանքերը հայտնաբերելու համար։ Ազուրիտը սովորաբար հանդիպում է քիմիական բաղադրությամբ իրեն շատ մոտ մալաքիտի համադրությամբ, որի արդյունքում ստացվում է վառ կապույտի ու վառ կանաչի ապշեցուցիչ համադրություն, ինչն էլ ակնհայտորեն վկայում է պղնձի հանքաքարի առկայության մասին։
Պատմություն
խմբագրելԱզուրիտի ու մալաքիտի օգտագործումը որպես ինդիկատոր պղնձի հանքերի համար անուղղակիորեն բերեց անգլերեն լեզվում «նիկել» տարրի անվանմանը։ Նիկելինը՝ նիկելի հիմնական հանքաքարը հայտնի նաև որպես նիկոլիտ, մակերևույթում հողմահարվում է առաջացնելով կանաչ միներալ (անաբերգիտ), որը հիշեցնում է մալաքիտ։ Այդ նմանությունը հանգեցնում էր այն բանին, որ մարդիկ փորձում էին հալեցնել նիկելինը համոզված լինելով, որ դա պղնձի հանքաքար է, բայց այդ փորձերը միշտ ավարտվում էին անհաջողությամբ նիկելի վերականգնման համար անհրաժեշտ բարձր հալման ջերմաստիճանի պատճառով։ Գերմանիայում այդ խաբուսիկ հանքաքարը դարձավ հայտնի որպես «կուպֆերնիկել» թարգմանաբար «պղնձե սատանա»։ Շվեդացի ալքիմիկ բարոն Ակսել Ֆրեդերիկ Կրոնշտեդտը, որի ուսուցիչը եղել է Գեորգ Բրանդտը՝ նիկելանման մետաղական կոբալտի հայտնաբերողը, հասկացավ, որ հնարավոր է կուպֆերնիկելում թաքնված է նոր մետաղ, և 1751 թվականին նրան հաջողվեց հալեցնել կուպֆերնիկելը նախկինում անհայտ արծաթասպիտակ, երկաթանման մետաղի արտադրության համար։ Տրամաբանական էր, որ Կրոնշտեդտը իր նոր մետաղը անվանեց «կուպֆերնիկելի» «նիկել» մասի պատվին։
Ազուրիտ միներալի նմուշների պատկերասրահ
խմբագրել-
Ազուրիտի թարմ, չհողմահարված, մուգ կապույտ գույնի բյուրեղներ, Սլովակիա
-
Ազուրիտը մալաքիտի հետ, Բիսբի, Արիզոնա
-
Ազուրիտ, Թուիսիտ, Մարոկո
-
Ազուրիտ, Մորենցի, Արիզոնա
-
Ազուրիտը նստվածքային ապարի վրա, Մալբունկա հանքավայր, Ավստրալիա
-
Ազուրիտ, Ցումեբ, Նամիբիա
-
Ազուրիտի ստալակտիտի լայնակի կտրվածքը, Բիսբի, Արիզոնա
-
Ազուրիտի բյուրեղ, Բնության Պատմության թանգարան,Լոնդոն
-
Ազուրիտի գնդաձև նմուշներ, Յուտա
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Handbook of Mineralogy
- ↑ 2,0 2,1 2,2 Mindat.org
- ↑ 3,0 3,1 Webmineral.com Webmineral Data
- ↑ The Ancient Library: Smith, Dictionary of Greek and Roman Antiquities, p.321, right col., under BLUE Արխիվացված Դեկտեմբեր 20, 2005 Wayback Machine
- ↑ Zigan, F.; Schuster, H.D. (1972). «Verfeinerung der Struktur von Azurit, Cu3(OH)2(CO3)2, durch Neutronenbeugung». Zeitschrift fuer Kristallographie, Kristallgeometrie, Kristallphysik, Kristallchemie. 135: 416–436.
- ↑ Hurlbut, Cornelius S.; Klein, Cornelis, 1985, Manual of Mineralogy, 20th ed., Wiley, 978-0-471-00042-6
- ↑ Gettens, R.J. and Fitzhugh, E.W., Azurite and Blue Verditer, in Artists’ Pigments. A Handbook of Their History and Characteristics, Vol. 2: A. Roy (Ed.) Oxford University Press 1993, p. 23–24
- ↑ Nicholson, Paul; Shaw, Ian (2000). Ancient Egyptian Materials and Technology. Cambridge University Press. ISBN 978-0521452571.
- ↑ Andersen, Frank J. Riches of the Earth. W.H. Smith Publishers, New York, 1981, 0-8317-7739-7
Գրականություն
խմբագրել- Gettens, R.J. and Fitzhugh, E.W., "Azurite and Blue Verditer", in Artists' Pigments: A Handbook of Their History and Characteristics, Vol. 2: A. Roy (Ed.) Oxford University Press 1993, p. 23–35
Արտաքին հղումներ
խմբագրել- Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 3 (11th ed.). 1911. էջ 86. .
- Azurite, Colourlex
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազուրիտ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 125)։ |