Յուտա
Յուտա (անգլերեն՝ Utah), նահանգ ԱՄՆ-ի արևմտյան մասում։ ԱՄՆ-ի՝ տարածքի մեծությամբ 13-րդ, 2,9 միլիոն բնակչությամբ 34-րդ և նոսր բնակեցվածությամբ 10-րդ նահանգն է։ Յուտան 1896 թվականի հունվարի 4-ին դարձել է ԱՄՆ քառասունհինգերորդ նահանգը։
Յուտա անգլ.՝ Utah | ||||||
---|---|---|---|---|---|---|
| ||||||
Երկիր | ![]() | |||||
Մասն է | Մայրցամաքային նահանգներ | |||||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||||
Մտնում է | ԱՄՆ | |||||
Վարչկենտրոն | Սոլթ Լեյք Սիթի | |||||
Ամենաբարձր կետ | King's Peak? | |||||
ԲԾՄ | 1860 մետր | |||||
Օրենսդրական մարմին | Utah State Legislature? | |||||
Դատական մարմին | Utah Supreme Court? | |||||
Միության մուտք | հունվարի 4, 1896 (45-րդ) | |||||
Պաշտոնական լեզուներ | անգլերեն | |||||
Բնակչություն | ▲2 995 919 մարդ (2015)[1] (34 տեղ) | |||||
Տարածք | 219 653 կմ² (13 տեղ) | |||||
![]() | ||||||
Հիմնադրված է | հունվարի 4, 1896 թ. | |||||
Սահմանակցում է | Նևադա, Այդահո, Վայոմինգ, Կոլորադո, Արիզոնա և Նյու Մեքսիկո | |||||
Ժամային գոտի | UTC-7, Ամերիկա/Դենվեր և Լեռնային ժամային գոտի | |||||
Հապավում | UT | |||||
Փոխարինեց | Յուտայի նահանգ | |||||
ISO 3166-2 կոդ | US-UT | |||||
Անվանված է | մարդ | |||||
Մականուն | Beehive State | |||||
Միության մուտք | հունվարի 4, 1896 (45-րդ) | |||||
utah.gov(անգլ.) |
Գտնվում է Ժայռոտ լեռների շրջանում: Հյուսիս-արևելքում սահմանակցում է Վայոմինգ, արևելքում` Կոլորադո, հարավում` Արիզոնա, արևմուտքում` Նևադա և հյուսիսում` Այդահո նահանգներին[2]: Մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Սոլթ Լեյք Սիթին է: Մյուս խոշոր քաղաքներից են Օգդենն ու Պրովոն:
«Յուտա» անվանումը յուտե լեզվում նշանակում է «լեռնցիներ»[3]: Քաղաքային բնակչությունը կազմում է նահանգի ողջ բնակչության 87 %-ը, ինչը ուրբանիզացման մակարդակով վեցերորդ ցուցանիշն է ԱՄՆ-ի նահանգների մեջ[4]: Բնակչության մոտ 80 %-ը ապրում է Ուոսատչ-Ֆրոնտ շրջանում, որի կենտրոնը Սոլթ Լեյք Սիթին է:
Կրոնական առումով նահանգը միատարր է. բնակիչների մոտ 60 %-ը Հիսուս Քրիստոսի վերջին օրերի եկեղեցու ներկայացուցիչներ են: Այս հանգամանքը որոշ առումով պայմանավորում է նահանգի առօրյա ու մշակութային կյանքը[5][6]:
Յուտան տրանսպորտային կենտրոն է: Այստեղ զարգացած են տեղեկատվական տեխնոլոգիաները և գիտական հետազոտությունները, պետական ծառայությունը, հանքարդյունաբերությունը: Յուտան զբոսաշրջային կարևոր կենտրոն է: 2008 թվականի տվյալներով նահանգը ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոյի գնահատականներով բնակչությամբ ամենաարագ աճող նահանգն է[7]: 2000-2005 թվականներին Սաութ Ջորդան քաղաքը ամենաարագ աճող ագլոմերացիան է եղել ողջ ԱՄՆ-ում[8]:
ՊատմությունԽմբագրել
Մեծ ավազանի շրջանում առաջին մարդիկ հայտնվել են 10.000 տարի առաջ: Նրանք գերազանցապես զբաղվել են որսով ու հավաքչությամբ: Մոտ 2.000 տարի առաջ Կոլորադոյի բարձրավանդակում ձևավորվել է անասազի քաղաքակրթությունը: Այնուհետև այստեղ հաստատվել են պուեբլո ցեղերը, որոնց գործունեության բազմաթիվ հետքերը, այդ թվում քարանձավային կացարանները, պահպանվել են նահանգի հարավարևելյան հատվածում: Մինչ եվրոպացիների հայտնվելը տարածքում բնակվել են պայուտները, գոշուտները, նավախո, յուտա ցեղախմբերը:
Ժամանակակից նահանգի տարածքում առաջին եվրոպացիները եղել են Ֆրանցիսկո դե Կորոնադոյի (1540) զինվորները, ովքեր փնտրում էին «յոթ ոսկե քաղաքները» (Ciudades de oro): 1776 թվականին ֆրանցիսկյան երկու միաբաններ` Սիլվեստրե դե Էսկալանտեն և Ֆրանսիսկո Դոմինգեսը, արշավախմբով անցնում են տարածքով` նպատակ ունենալով Սանտա Ֆեի և Կալիֆորնիայի միջև հարմար ուղի գտնել: 1825 թվականին այստեղ են եղել այնպիսի հայտնի մաունթինմեններ (որսով, մորթու առևտրով զբաղվող մարդ), ինչպիսիք են Ուիլյամ Էշլին, Թոմաս Ֆիցպատրիկը, Ջիմ Բրիջերը և Ջեդեդայա Սմիթը: 1843-1844 թվականներին ամերիկացի սպա Ջոն Ֆրիմոնտը առաջինը հետազոտեց Մեծ ավազանի տարածքը: 1840-ական թվականներին Յուտան տրանզիտային ճանապարհ է հանդիսացել բազմաթիվ արշավախմբերի համար, այդ թվում` Դոներ Պատիի տխրահռչակ արշավախմբի համար (1846), ում ուղերթով հետագայում Իլինոյսից Յուտա են ժամանել մորմոնները: Հետապնդումներից խուսափող աղանդավորական այս շարժման ներկայացուցիչները հետագայում վճռական դեր են ունեցել շրջանի յուրացման գործում:
1847 թվականի հուլիսի 24-ին մորմոնները Բրիգամ Յանգի գլխավորությամբ մտել են Մեծ աղի լճի հովիտը: Մեկ տարի անց` ամերիկա-մեքսիկական պատերազմի ավարտից հետո, ժամանակակից Յուտայի տարածքն անցել է ԱՄՆ-ին: 1849 թվականին մորմոնները ստեղծեցին Դեզերետ նահանգը, որը ձգվում էր Օրեգոնից մինչև Մեքսիկա, իսկ արևմուտքում` ընդհուպ Սիեռա Նևադա լեռնաշղթան` Կոնգրեսին խնդրելով այն ներառել ԱՄՆ-ի կազմի մեջ: Կոնգրեսը հրաժարվում է այդպիսի սահմաններով նահանգ ընդունել, սակայն 1850 թվականին որոշում է ընդունում ավելի փոքր մակերեսով նահանգ ստեղծելու մասին` այն անվանելով «Յուտա»: Նահանգապետ է դառնում Բրիգամ Յանգը: Դեզերետ նահանգի ստեղծման հավակնությունները մորմոնները պահում են մինչև 1870-ական թվականները:
Հետագա մի քանի տարիների պատմությունը նշանավորվում է բնիկների, հատկապես յուտա ցեղի և վերաբնակիչների պայքարով: Դրանք դադարում են 1867 թվականին հնդկացիական ռեզերվացիաների ստեղծումով, ինչպես նաև պետական իշխանությունների` մորմոնների դեմ մղած պայքարով. նրանց հետապնդում էին հատկապես բազմակնության պատճառով: 1857-1858 թվականներին դեպքերը հանգեցնում են, այսպես կոչված, Յուտայի պատերազմին, երբ ԱՄՆ նախագահ Ջեյմս Բյուկենենը այնտեղ է ուղարկում պետական զորքեր` նպատակ դնելով նահանգապետ նշանակել ոչ մորմոնի: Միջնահանգային առաջին երկաթուղու կառուցման ավարտից հետո (1869) նոր բնակիչներ են հաստատվում տարածքում, նաև ոչ մորմոններ, ովքեր հետաքրքրված էին գյուղատնտեսությամբ և արդյունաբերությամբ: 1895 թվականին ընդունվում է նահանգային օրենսդրությունը, որը սահմանում էր կանանց քվեարկելու իրավունք, ինչն անսովոր երևույթ էր ժամանակի համար:
1896 թվականին հողատարածքից 12 միլիոն հեկտարը (Յուտայի նահանգի 65 %-ը) տրվում է երկրի կառավարությանը, որը ներկայումս տնօրինում է Հողատարածքի հսկողության բյուրոն (Bureau of Land Management): Դրանից հետո Յուտան նահանգի կարգավիճակով ընդունվել է ԱՄՆ-ի կազմի մեջ: 2012 թվականի մարտի 23-ին Յուտայի նահանգապետ, հանրապետական Գարի Հերբերտը (Gary Herbert) ստորագրել է օրենք, որով պահանջում էր երկրի իշխանություններից նահանգին վերադարձնել 12 միլիոն հեկտարը: Նա խոստացել էր երկրի իշխանության դեմ դատական գործ հարուցել, եթե մինչև 2015 թվականը տարածքը չվերադարձվեր նահանգին[9]:
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Յուտայի տարածքում հայտնաբերվել են արծաթի, ոսկու, ցինկի, պղնձի և օգտակար այլ հանածոների հանքեր: Ոռոգման համակարգի բարելավման հետ ընդարձակվեցին գյուղատնտեսական նշանակության հողատարածքները: Երկու պատերազմների ընթացքում ռազմական պատվերները նպաստեցին արդյունահանող ու վերամշակող արդյունաբերության զարգացմանը: 1960-ական թվականներին նահանգը ուրբանիզացվում է. ներկայումս նահանգի բնակչության մեծ մասը կենտրոնացված է խոշոր քաղաքներում: 1968-1990 թվականներին նահանգի բնակչությունը աճել է 70 %-ով: 1980-ական թվականներին սկսվում է տնտեսության դիվերսիֆիկացումը. նոր նշանակություն են ստանում սպասարկման ու զբոսաշրջության ոլորտները:
ԱշխարհագրությունԽմբագրել
Նահանգը գտնվում է ԱՄՆ-ի կենտրոնական մասի արևմուտքում: Նրա մակերեսը 219.887 կմ² է: Սահմանակցում է Այդահո (հյուսիսում), Վայոմինգ (հյուսիս-արևելքում), Կոլորադո (արևելքում), Արիզոնա (հարավում) և Նևադա (արևմուտքում) նահանգներին:
Յուտան գտնվում է աշխարհագրական երեք խոշոր շրջանների հատման տեղում` Ժայռոտ լեռներ, Մեծ ավազան և Կոլորադոյի բարձրավանդակ: Նահանգը բնորոշվում է բազմազան ռելիեֆով: Յուտայի կենտրոնական մասի հյուսիսում հառնում է Ուոսատչ լեռնագագաթը, որի բարձրությունը ծովի մակարդակից 3700 մ է: Հյուսիս-արևելքում գտնվում են Յուինտա լեռները, որնք ունեն 3950 մ և ավելի բարձրություն: Նահանգի ամենաբարձր գագաթը Քինգս պիկն է (4123 մ): Ուոսատչ լեռնազանգվածի արևմտյան մասում կան մի քանի հովիտներ, որտեղ կենտրոնցված է Յուտայի բնակչության 75 %-ը: Նահանգի արևմուտքը անապատային տարածք է, որ հատվում է մի քանի ոչ մեծ լեռնազանգվածներով: Բացառություն է նախկին Բոնեվիլ լճի տարածքի հովիտը, որ գրեթե հարթ է: Կոլորադոյի բարձրավանդակը հարավում և հարավ-արևելքում ներկայանում է ավազաքարով: Այս տարածքով է հոսում Կոլորադո գետը, որը ավազաքարի մեջ առաջացրել է խոր հարթավայր: Յուտայի արևելքը ներկայանում է բարձրավանդակի առավել բարձր հատվածով:
Գլխավոր գետը Կոլորադոն է` Գրին Ռիվեր և Սան Խուան վտակներով: Յուտայի հյուսիսում գտնվում է ԱՄՆ-ի արևմտյան հատվածի ամենախոշոր լիճը` Մեծ աղի լիճը: Նահանգի մոտ 30 %-ը անտառածածկ է, ընդ որում անտառների մոտ կեսը դաշնային սեփականություն է: Անտառների մեծ մասում ծառահատումն արգելված է:
ԿլիմաԽմբագրել
Յուտայի կլիման հիմնականում անապատային է: Դա բացատրվում է նրանով, որ նահանգը գտնվում է Սիեռա Նևադայի, այսպես կոչված, անձրևային ստվերում: Յուտայի հարավը գտնվում է Ուոսատչ լեռնազանգվածի անձրևային ստվերում: Ամռանը նահանգը (հատկապես հարավային և արևելյան հատվածները) ընկած են Կալիֆոռնիական ծոցից փչող մուսսոնի ճանապարհին: Յուտայի ցածրադիր հատվածների մեծ մասը տարեկան ունենում են 305 մմ տեղումներ, չնայած Ուոսատչի խիտ բնակեցված հատվածներում դրա քանակությունը հասում է 381 մմ-ի: Մեծ աղի լճի անապատը Յուտայի ամենաչորային հատվածն է. տարեկան տեղումների քանակը հասնում է 127 մմ-ի: Ձյան տեղումները բնորոշ են բոլոր հովիտներին` բացառությամբ հարավային մի քանի հովիտների:
Տարածքի մեծ մասին բնորոշ են ցուրտ ձմեռն ու շոգ ամառը: Յուտան օդային սառը հոսանքներից պաշտպանված է հյուսիսում ու արևելքում գտնվող լեռներով: Չնայած դրան` երբեմն արկտիկական սառը հոսանքները հասնում են այս տարածք: Հունվարի միջին ջերմաստիճանը −1 °C-ից (հյուսիսում) մինչև 13 °С է (Սենտ Ջորջում): 0 °С-ից ցածր ջերմաստիճան գրանցվում է Յուտայի գրեթե բոլոր շրջաններում, սակայն որոշ հատվածներում դրանք հաճախակի ու տևական բնույթ ունեն: Հուլիսի առավելագույն ջերմաստիճանը 29-38 °С է:
ԺողովրդագրությունԽմբագրել
ԱՆ-ի Բնակչության մարդահամարի բյուրոյի տվյալներով 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ նահանգի բնակչությունը 2.817.222 մարդ է: 2010 թվականի համեմատությամբ բնակչության աճը կազմել է 1.93 %: Կանայք կազմում են բնակչության 49.9 %-ը, իսկ տղամարդիկ` 20.1 %-ը: 2010 թվականի մարդահամարի տվյալներով նահանգի ռասայական կազմը հետևյալ պատկերն ունի.
- Սպիտակամորթներ` 86.1 %
- Աֆրոամերիկացիներ` 1.1 %
- Բնիկ ամերիկացիներ` 1.2 %
- Ասիացիներ` 2 %
- Օվկիանաիայի բնակիչներ` 0.9 %
Բնակչությունը հիմնականում եվրոպական ծագման է.
- Անգլիացիներ` 26 %
- Սկանդինավներ` 12 %
- Գերմանացիներ` 12 %
- Իռլանդացիններ` 6 %
- Շոտլանդացիներ` 6 %
- Լատինաամերիկացիներ` 13 %, որից 9 %` մեքսիկացիներ
Բնակչության աճի դինամիկա:
- 1950: 688 862 մարդ
- 1960: 890 627 մարդ, աճը` 29,3 %
- 1970: 1 059 273 մարդ, աճը` 18,9 %
- 1980: 1 461 037 մարդ, աճը` 37,9 %
- 1990: 1 722 850 մարդ, աճը` 17,9 %
- 2000: 2 233 169 մարդ, աճը` 29,6 %
- 2010: 2 763 885 մարդ, աճը` 23,7 %
- 2011: 2 817 222 մարդ, աճը` 1,9 %
Խոշոր քաղաքներԽմբագրել
- Սոլթ Լեյք Սիթի, 186.440 բնակիչ
- Ուեսթ Վալի Սիթի, 129.480 բնակիչ
- Պրովո, 112.488 բնակիչ
- Ուեսթ Ջորդան, 103.712 բնակիչ
- Օրեմ, 88.328 բնակիչ
ՏնտեսությունԽմբագրել
Յուտայի տնտեսական վերլուծության բյուրոյի տվյալներով նահանգի համախառն ներքին արդյունքը 114.5 միլիարդ դոլար է, որը ԱՄՆ-ի համախառն ներքին արդյունքի 0.78 %-ն է[10]: Բնակչության մեկ շնչին հասնող եկամուտը 2005 թվականին եղել է 24.977 դոլար: 2010 թվականի հունվարի տվյալներով գործազրկությունը 6.8 % է[11]: Արդյունաբերության հիմնական ճյուղերն են մեքենաշինությունը, ավիատիեզերական, էլեկտրատեխնիկական, սննդի, քիմիական, նավթային արդյունաբերությունը, տպագրությունը: Յուտայում արդյունահանվում են մոտ 200 տեսակ օգտակար հանածոներ` նավթ, բնական գազ, ածուխ, պղինձ: Պղնձի արդյունահանումը սկսվել է դեռևս 1907 թվականին, նավթինը` 1948 թվականին: Պղնձի արդյունահանման ցուցանիշով նահանգը առաջիններից մեկն է երկրում: Չնայած դրան` արդյունահանումը կազմում է համախառն արդյունքի 3 %-ը միայն: Գյուղատնտեսությամբ զբաղվում է բնակչության 5 %-ը, իսկ 75 %-ը զբաղված է սպասարկման ոլորտում:
Յուտայում լավ զարգացած է զբոսաշրջությունը: Զբոսաշրջիկների մեծ մասին գրավում է նահանգի գեղատեսիլ ու անսովոր բնությունը: Յուտայի տարածքում կան ազգային 5 և նահանգային 43 պարկեր: Նահանգը հայտնի է նաև լեռնադահուկային առողջարաններով, որոնք հիմնականում տեղակայված են հյուսիսում` Սոլթ Լեյք Սիթիի հարևանությամբ, ուր 2002 թվականին անց են կացվել Ձմեռային օլիմպիական խաղեր:
ՏրանսպորտԽմբագրել
Յուտայում միակ միջազգային օդանավակայանը գտնվում է Սոլթ Լեյք Սիթիում: Այստեղից չվերթեր են իրականացվում դեպի ԱՄՆ-ի խոշոր քաղաքների մեծ մասը, Կանադա, Մեքսիկա, ինչպես նաև Փարիզ ու Լոնդոն:
ԿրթությունԽմբագրել
Յուտայում գործում են մի շարք բուհեր: Դրանցից են`
- Դիքսի համալսարան, Սենտ Ջորջ
- Յուտայի համալսարան, Սոլթ Լեյք Սիթի
- Յուտա նահանգի համալսարան, Լոգան
- Վեբերի համալսարան, Օգդեն
- Բրիգամ Յանգի համալսարան, Պրովո
- Վեստմինիստերյան քոլեջ, Սոլթ Լեյք Սիթի
- Յուտայի հարավային համալսարան, Սիդար Սիթի
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Population Estimates Program
- ↑ Водовозов В. В. (1890–1907)։ «Утах»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ
- ↑ Utah Quick Facts at Utah.gov
- ↑ «Introduction»։ QGET Databook։ Արխիվացված օրիգինալից 2011-08-23-ին։ Վերցված է August 27, 2009
- ↑ U.S. Religious Landscape Survey 2008, the Pew Forum on Religion & Public Life, pp 99-100. Retrieved 2008-07-02.
- ↑ Salt Lake City (2008-01-17)։ «LDS Church reports its membership records»։ Newsroom.lds.org։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-23-ին։ Վերցված է 2010-07-31
- ↑ «Utah is Fastest-Growing State»։ U.S. Census Bureau։ December 22, 2008։ Վերցված է April 29, 2009
- ↑ «Appendix E. – Ranking Tables»։ State and Metropolitan Area Data Book: 2006 (U.S. Census Bureau)։ December 22, 2008։ Վերցված է April 29, 2009
- ↑ Юта потребовала от властей США вернуть 12 миллионов гектаров
- ↑ «GDP by State»։ Greyhill Advisors։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին։ Վերցված է September 9, 2011
- ↑ Bls.gov; Local Area Unemployment Statistics
Արտաքին հղումներԽմբագրել
- Utah.gov – Պաշտոնական կայք
- Utah License Search – Լիցենզիաների որոնում