Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պիգմենտներ (այլ կիրառումներ)

Պիգմենտ կամ գունափոշի (լատին․՝ pigmentum — գույն), գունավոր նյութ, փոշի, որը ներկերի բոլոր տարատեսակների կարևորագույն բաղկացուցիչ մասն է կազմում՝ որոշելով նրա գունային հատկանիշները։ Լինում են բնական և արհեստական։

Գունավորող նյութեր, Հնդկաստան

Գունափոշուն կապակցող նյութեր ավելացնելով ստացվում են տարբեր տեխնիկական հատկություններով օժտված զանազան ներկեր՝ յուղաներկ, ջրաներկ, պաստել և այլն[1]։

Պիգմենտներ (լատիներեն՝ pigmentum-ներկ), գունակներ, կենսաբանության մեջ, օրգանիզմների հյուսվածքների կազմության մեջ մտնող գունավոր նյութեր։ Պայմանավորում են բույսերի, միկրոօրգանիզմների, կենդանիների մաշկի, մազերի, աչքերի ևն գույնը և կարևոր դեր են խաղում կենսագործունեության պրոցեսներում։ Բուսական և կենդանական օրգանիզմների մեծ մասում առավել տարածված են կարոտինոիդները և պորֆիրինները՝ Քիմիական բնույթով ամենատարբեր օրգանական միացություններ են։ Պիգմենտներ գտնվում են բջջի կառուցվածքային գոյացություններում, երբեմն օրգանիզմի հեղուկներում (լուծված վիճակում), օրինակ, քլորոֆիլը կենտրոնացած է քլորոպլաստներում, հեմոգլոբինը էրիթրոցիտներում, ֆլավոնոիդները՝ բույսերի բջջահյութում։ Սպիտակուցների և լիպիդների հետ կապված Պիգմենտներ մտնում են կենսաբանական թաղանթների կառուցվածքի մեջ։ Պիգմենտների գույնը պայմանավորված է նրանց մոլեկուլներում գունակիրների առկայությամբ։ Պիգմենտներ լայնորեն տարածված են բնության մեջ։ Պիգմենտային համակարգը այն օղակն է, որը կապում է արտաքին միջավայրի լուսային պայմանները օրգանիզմի նյութափոխանակության հետ։ Բույսերում Պիգմենտների ամենակարևոր ֆունկցիաներից մեկը դրանց մասնակցությունն է ֆոտոսինթեզին։ Բացի այդ լույսի կլանումը մեծ դեր է կատարում բույսերի աճման, զարգացման և շարժման պրոցեսներում։ Կենդանիների օրգանիզմում Պիգմենտների կարևորագույն ֆունկցիան է տեսողության պրոցեսին մասնակցելը։ Հեմոգլոբինը և արյան մյուս Պիգմենտները շնչառության օրգաններից թթվածինը տեղափոխում են դեպի հյուսվածքները։ Ցիտորոմները, շնչառական քրոմոգենները ևն լինելով ֆերմենտներ մասնակցում են հյուսվածքային շնչառությանը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Երզնկյան Մերի, Բաղդասարյան Արմինե, Կերպարվեստի բառագիրք, հ. Ա, Երևան, ««Զանգակ―97»», 2002 — 13, էջեր 13 — 13 էջ. — 500 հատ։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիգմենտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 289