Օշինդր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Աստղածաղկայիններ (Asteroideae)
Տրիբա Anthemideae
Ենթատրիբա Artemisiinae
Ցեղ Օշինդր (Artemisia)
L., 1753

Օշինդր (բարձվենյակ, բարձմենակ, ափսինդ, լատին․՝ Artemísia), աստղածաղկազգիների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույս կամ կիսաթուփ։

Հայտնի է օշինդրի մոտ 300 տեսակ։

Հայկական տարանունները

բարձմանեակ, բարձնակ, բարձվենյակ, բացմենակ, նգածաղիկ։

Տարածում խմբագրել

Տարածված է Եվրոպայի, Ասիայի բարեխառն գոտում, Հյուսիսային Ամերիկայում և Աֆրիկայում։

Հայաստանում աճում է 16 տեսակ՝ սովորական, բուժիչ, բուրավետ, Տուրնֆորի, ալեհեր, դառը և այլն, ու բնաշխարհիկներ՝ հայկական, արաքսյան, Շովիցի և այլն։

Տարածված է բոլոր մարզերում՝ անապատայինից մինչև ենթալպյան գոտի։ Աճում է չոր մարգագետիններում, ավազուտներում, այգիներում, բանջարանոցներում, բնակավայրերի մոտ, աղբոտում ցանքերը։ Մշակության մեջ տարածված է թարխունը, օգտագործվում է որպես համեմունքային բույս (թարմ և չորացրած)։

Նկարագրված 200 տեսակներից Կովկասում աճում են 28-ը, իսկ Հայաստանում՝ 15 տեսակ, որոնցից միայն մի քանիսն ունեն բուժական նշանակություն։ Մեր հանրապետությունում որպես մոլախոտ օշինդրը հանդիպում է բոլոր գոտիներում։ Խառը բուսուտների ձևով աճում է շենքերի մոտ, ճամփեզրերին, աղբուտներում, խամահողերում, ցանքերում, ձորալանջերին, թփուտներում, այգիներում՝ հաճախ բարձրանալով ծովի մակերևույթից 1400-2500 մ բարձրության վրա։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Օշինդրի ցողունը ճյուղավորվող է, կանգուն կամ վեր բարձրացող, բարձրությունը՝ 20-150 սմ, թեթևակի թավոտ, ստորին մասում՝ փայտացած։ Ցողունները և տերևները գորշ արծաթավուն են և ծածկված են մանր մազմզուկներով։ Տերևները կրկնակի, եռակի փետրաբաժան են, արծաթավուն։ Ցողունի վերին մասի տերևները մանր են, հերթադիր, կանաչավուն, արմատամերձերը՝ ավելի խոշոր, մոխրագույն։

Ծաղկաբույլը ողկուզանման է կամ հուրանանման, ծաղիկները՝ երկսեռ, մանր, դեղնավուն կամ կարմրավուն՝ փոքրիկ զամբյուղներում։ Ծաղկում է հունիս-հոկտեմբերին։ Պտուղը սերմիկ է։ Օշինդրի մեկ բույսը կարող է տալ 100 հազար (երբեմն՝ 150 000) սերմ։ Օշինդրն ունի յուրահատուկ սուր հոտ և դառը համ։ Օշինդրը համարվում է երկրագնդի ֆլորայի ամենադառը բույսերից մեկը։

Քիմիական կազմ խմբագրել

Դառը և բուժիչ օշինդրները դեղաբույսեր են. պարունակում են աղաղանյութեր, եթերայուղեր, թթուներ, վիտամիններ և այլն։ Բույսի մեջ հայտնաբերվել են 0,5-2% կապտականաչավուն եթերայուղ, դաբաղանյութեր, ֆլավոնոիդ արտեմետին, կվեբրախիտ, լիգնաններ, ֆիտոնցիդներ, սադաթթու, խնձորաթթու, քացախաթթու, պալմիտինաթթու, իզովալերիանաթթու, կալիումական աղեր, սպիրտներ, օսլա, խեժ, խամազուլեն, վիտամիններից` K, B6, C, կարոտին, արմատներում` ինուլին։

Եթերայուղը միատարր չէ, այն իր հերթին պարունակում է տույիլ սպիրտ, ածխաջրածիններից՝ տույոն, պինեն, կադինեն, ֆելանդրեն, բիզաբոլեն և այլն, սեսկվիտերպենային լակտոններ (դառնահամ աբսինթին և անաբսինթին), այդ թվում նաև մոնոցիկլիկ կետոլակտոններ և ազուլինոգեն, սեսկվիտերպենային գվայյանոլիդներ։

Կիրառություն խմբագրել

 
Artemisia absinthium

Պատրաստուկները (մզվածք, թուրմ) օգտագործում են որպես ախորժաբեր և մարսողությունը կարգավորող, ճիճվամուղ միջոց՝ ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, նաև պոդագրայի, ֆուրունկուլի ժամանակ։ Հայկական օշինդրից պատրաստում են ավելներ։

Դեղաբույսը ցրտադիմացկուն է, չորակայուն, լուսասեր, պտղակալում է կանոնավոր։

Անվանում խմբագրել

Ցեղի «Արտեմիզիա» անվանումը հունարեն «արտեմես» բառից է, որը նշանակում է «առողջ»։ Ոմանք այդ անունը կապում են Մավզոլ թագավորի կնոջ՝ Արտեմիզիայի անվան հետ, որն իբր, ըստ Պլինիոսի, բուժվել է այս բույսով։

Ուրիշներն այդ անունը կապում են հունական աստված Արտեմիսի հետ։ «Աբսինթիում» հունարեն նշանակում է «տհաճ»` ելնելով բույսի տհաճ դառնությունից։

Բժշկության մեջ խմբագրել

Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները և ծաղկակիր գլխամասերը։ Տերևները մթերում են մինչև բույսի ծաղկելը, իսկ ծաղկաբույլերը` մինչև ծաղիկների բացվելը։ Հումքը չորացնում են թիթեղյա ծածկով տանիքում, փռված կամ կախված վիճակում։ Չոր հումքը պահում են պարկերի մեջ, 3 տարի ժամկետով։ Այն կազմում է նախնականի 24-25 %-ը։

Դեղաբույսն ունի բուժական կիրառման վաղնջական պատմություն։ Դեռևս Պլինիոսն այն օգտագործել է խպիպի դեպքում և նշել, որ եթե ոտքերին կապեն օշինդր, ապա վերանում է հոգնածությունը։ Լոնիցերուսը առաջարկել է ուտելիքին ավելացնել օշինդր, որպեսզի ուժեղանա ստամոքսը, լավանա մարսողությունը և թույներն ու լեղին դուրս գան օրգանիզմից։ Ավիցեննան դեղաբույսը համարել է լեղամուղ, միզամուղ, հակաջերմային, դաշտանը կանոնավորող և ստամոքսի գործունեությունն ուժեղացնող միջոց։ Օշինդրը՝ գինու հետ խառնված, նա առաջարկել է ուղիղ աղու ճաքվածքի և թութքի, իսկ բրնձի և մեղրի հետ՝ ճիճվակրության, սնկային թունավորումների, աչքի և ականջի հիվանդությունների և որոշ ուռուցքների ժամանակ։ Մեծ գիտնականը նշել է նաև, որ եթե բույսը խառնվի թանաքին, վերջինս ամուր կլինի և թղթից պոկ չի գա, իսկ շորի մեջ դնելուց՝ այն վանում է ցեցին։

Մ. Հերացին դեղաբույսն՝ առանձին կամ խառնուրդների ձևով, նշանակել է լյարդի և փայծաղի խցանումների, ստամոքսի ուռուցքի, ջրգողության, հեպատիտների, գլխացավերի, աչքի և ոսկրերի հիվանդությունների, մալարիայի, ձգձգվող ջերմերի և այտուցների ժամանակ։

 
Artemisia arborescens

Բժշկապետն օշինդրը համարել է ստամոքսը կազդուրող և տոնուսավորող միջոց։ Ամիրդովլաթը, բացի վերոհիշյալ դեպքերից, դեղաբույսը տարբեր ձևերով ու եղանակներով օգտագործել է կլոր և տափակ որդերի, լեղաքարերի, մաշկային խոցերի, ասթմայի, ստամոքսացավերի, ստամոքսի խոցի, բքնածության, կարիճի կծածի, արճիճով թունավորման դեպքերում։ Ըստ բժշկապետի, դեղաբույսը՝ մեղրի հետ տալով, օգնում է դեղնուկին և կաթվածահարին, ականջի ցավին, չի թողնում որ մարդ շուտ հարբի ալկոհոլային խմիչքներից, լավացնում է լսողությունը, բացում միզակապությունը, դաշտանը, ամոքում թութքը, լավացնում երեսի գույնը։ Ամիրդովլաթի մեջբերումներով, Մատային օշինդրն օգտագործել է ատամների ոսկրափուտի, Սահակը՝ նողկանքի և դաշտանի ետպահումների, Արճիճանիսը՝ ստամոքսասրտային ցավային վիճակի, Մասրճուեն՝ փսխման և վիժումների, Ըռուֆոսը՝ մաստիտների, Էհանան՝ բորբոքական ջերմերի ժամանակ և այլն։

Ղ. Ալիշանի մեջբերումով, հայկական հին բժշկարաններում նշվում է, որ օշինդրի ծաղիկները՝ եփուկի ձևով, օգնում են արյունալուծին, ջարդվածքներին, հետանցքի շրջանի ցավերին, դժվարամիզությանը, թունավորումներին, գազանահարին, կարիճահարին։ Ծխելուց՝ տան միջից փախցնում է սողուններին, նշի յուղով կաթեցնելով ականջի մեջ՝ կտրում է վերջինիս ցավը։ Իսկ հայկական այլ աղբյուրներում նշվում է նաև, որ դեղաբույսն օրգանիզմից հանում է մաղձը, մաքրում ստամոքսը, օգնում այտուցներին և բարձր ջերմությանը, լյարդի և երիկամների հիվանդություններին, ռևմատիզմին, քոսին, քորին, միգրենին, ականջի թարախային բորբոքումներին, մեղրի և գինու հետ կիրառելուց՝ առաջացնում է քուն։

Սալերնյան կոդեքսի տվյալներով, օշինդրը մայրն է բոլոր խոտաբույսերի։ Եփուկի ձևով, նշված է կոդեքսում, դեղաբույսը բացում է դաշտանը, վերացնում փորկապությունը և բքնածությունը, միզամուղ է, ընդունակ է դուրս բերելու միզաքարերը։ Գինու հետ ընդունելիս՝ օգնում է դեղնուկին, ափիոնով թունավորվածին, ամրապնդում ստամոքսը։ Դեղաբույսն ունի նաև հագուստը ցեցից պաշտպանելու հատկություններ։

Այլ ազգերի ժողովրդական բժշկության մեջ բույսի թարմ հյութն օգտագործում են վերքերը վարակազերծելու, արյունահոսությունը դադարեցնելու և դրանց հետագա բուժման համար։ Թարմ, տրորված տերևները օգտագործում են արտաքին ձևով՝ սալաջարդերի, հոդախախտումների և ջլերի պրկման ժամանակ՝ որպես հուսալի ցավազրկող միջոց։ Ներքին ընդունման ձևով դեղաբույսն օգտագործվել է որպես ախտահանիչ միջոց խոլերայի, իսկ այլ դեղաբույսերի հետ՝ ալկոհոլիզմի ժամանակ։

Գիտական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործվում է թերսեկրետոր բնույթի քրոնիկական գաստրիտների դեպքում՝ ախորժակը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև ծանր հիվանդություններից հետո օրգանիզմի ուժերը վերականգնելու համար։ Դեղաբույսն օժտված է ուժեղ ֆիտոնցիդային ակտիվությամբ։

Օշինդրի ներգործության շնորհիվ ոչ միայն կարգավորվել են ստամքսի վերոհիշյալ կարևոր ֆունկցիաները, այլև հիվանդների արյան պատկերը, մասնավորապես էրիթրոցիտների և հեմոգլոբինի քանակները։ Այս հարցում, անշուշտ, կարևոր դեր են խաղացել գաստրոմուկոպրոտեինները, որոնց քանակը, բուժման շնորհիվ, նորմալանում է։

Այլ օգտակար հատկանիշներ խմբագրել

Օշինդրն օգտագործվում է որպես համեմունք որոշ ճաշատեսակների, իսկ եթերայուղը՝ սպիրտային խմիչքների արտադրության մեջ։ Ընտանի կենդանիներն ուտում են սակավ, իսկ սիլոսի ձևով՝ բավական լավ։ Այս դեպքում կաթն ունենում է օշինդրի համ ու հոտ։ Բույսը լավ ուտում են ճագարները, կտորեղենը ներկում է կանաչի տարբեր երանգներով։

Դասակարգում խմբագրել

Տաքսոնոմիա խմբագրել

  ևս 172 ընտանիք   200 մինչև 400 տեսակ  
         
  կարգ Բարդածաղկավորներ     դաս Օշինդր     Artemisia absinthium
               
  բաժին Ծաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր     ընտանիք Աստղածաղկազգիներ     Artemisia abrotanum    
             
  ծակավոր բույսերի 44 կարգ   ևս մոտ 900-1000 դաս   Artemisia afra
     

Տեսակներ խմբագրել

 
Artemisia abrotanum
 
Artemisia annua

Հայտնի է մոտ 470 տեսակ[1], նրանցից մի քանիսը[2].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Plant List: Artemisia
  2. По данным сайтов GRIN, ITIS и NCBI (см. карточку растения).

Գրականություն խմբագրել

  • Род 1550. Полынь — Artemisia L. // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1961. — Т. XXVI. — С. 425—631. — 938 с. — 2400 экз.
  • Полынь — статья из Большой советской энциклопедии (Проверено 3 августа 2010)
  • Артемизия, растение из семейства сложноцветных // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Аксёнова, Л. Полынь — горькая, полезная, красивая. — Цветоводство. — 2008. — С. 58—61.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օշինդր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օշինդր» հոդվածին։