Եղեգնաձոր
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եղեգնաձոր (այլ կիրառումներ)
Եղեգնաձոր, Հայաստանի Վայոց ձորի մարզի մարզկենտրոնը։ Գտնվում է Արփա գետի աջ կողմում, Երևանից մոտ 120 կիլոմետր հարավ-արևելք։ Զբաղեցնում է Վայքի գոգավորության արևմտյան մասը։
Մարզկենտրոն | ||
---|---|---|
Եղեգնաձոր | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Վայոց ձոր | |
Համայնք | Վայոց Ձորի մարզ | |
Քաղաքապետ | Դավիթ Հարությունյան | |
Հիմնադրված է | 5-րդ դար թ. | |
Առաջին հիշատակում | V դար | |
Այլ անվանումներ | Փոնձաթաղ, Եղեգիք, Եղեգյաց Միկոյան, Խոտորալեզ, | |
Մակերես | 27 կմ² | |
ԲԾՄ | 1240 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 7 800[1] մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի[փա՞ստ] | |
Տեղաբնականուն | եղեգնաձորցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 (281) | |
Փոստային ինդեքս | 3601 | |
Պաշտոնական կայք | yeghegnadzor.am(հայ.) (անգլ.) (ռուս.) | |
| ||
Մինչև 1935 թվականը բնակավայրը կոչվում էր Խոտորալեզ, ապա վերանվանվել Միկոյան՝ Խորհրդային Միության ականավոր քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի պատվին[2]։
Պատմություն
խմբագրելԵղեգնաձորը հայոց լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից է։ Այդ մասին են վկայում քաղաքի հյուսիսարևելյան հատվածում պեղված դամբարանաշերտի գտածոները։ Դրանք պատկանում են մթա առաջին հազարամյակին։ Ըստ պատմական աղբյուրների Եղեգնաձորը միջնադարում անվանվել է Փոնձաթաղ, Խոտորալեզ, հետագայում նաև Եղեգիք, Եղեգյաց, Եղեգնաձոր, իսկ 19-րդ դարի սկզբներից՝ Խոտորալեզ։ Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Քեշիշքենդը դառնում է շրջկենտրոն։
1935 թվականին Խոտորալեզը վերանվանվեց Միկոյան, Խորհրդային Միության քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի պատվին։ 1958 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի գերագույն խորհրդի հրամանագրով Միկոյանի շրջանը և համանուն ավանը վերանվանվեց Եղեգնաձոր։ 1996 թվականին Եղեգնաձորի և Վայքի շրջանները միավորվեցին և դարձան մարզ՝ Վայոց ձոր անվանումով, իսկ ավանին շնորհվեց քաղաքի կարգավիճակ։
Ըստ տեղեկությունների 9-րդ դարի առաջին քառորդում, երբ Սյունյաց իշխան Վասակի որդի Փիլիպեն իր նստավայրը փոխադրում է Վայոց ձոր և հաստատվում Եղեգիս գյուղաքաղաքում, Եղեգնաձոր կամ Եղեգեաց Ձոր անունը տարածվում է ամբողջ գավառի վրա։ Իսկ Եղեգնաձորի անվանումը ըստ ժողովրդական ստուգաբանության մեկնաբանվում է այսպես, երբ 7-րդ դարում արաբները հարձակվում են Վայոց ձորի վրա, գրավում են այն և մեծ ավերվածություններ կատարում, բնակչությունը արտագաղթում է և այն դառնում է գրեթե անմարդաբնակ և երբ այս տարածքները երկար ժամանակ չեն մշակվում, վեր են ածվում եղեգնուտների, որտեղից էլ առաջացել է եղեգների ձոր, ապա Եղեգնաձոր անվանումը։
Աշխարհագրություն
խմբագրելՔաղաքը տարածվում է Արփա գետի Սրկղոնք վտակի աջ և ձախ ափերին, հյուսիսում ձուլվում է Գլաձոր և Վերնաշեն գյուղերի հետ։ Եղեգնաձորով է անցնում Սյունիքի մարզը և Արցախի Հանրապետությունը Երևանի հետ կապող մայրուղին։
Ծովի մակերևույթից քաղաքը գտնվում է 1250 մ միջին բարձրության վրա։ Համայնքի ֆիզիկա-աշխարհագրական կոմպլեքսները ներկայացված են ցածրադիր և միջին բարձրության գոտիներում, որտեղ գերիշխում են կիսաանապատները և չոր տափաստանները։
Բնություն
խմբագրելԳերակշռում է չոր տափաստանային լանդշաֆտը, տարածքում առկա են որոշ ֆրագինային բույսեր (գժնիկի, նշենի, սարի չամչ, գիհի, դաշտավելուկ, փետրախոտ, ցորնուկ և այլն), կենդանիներ (բեզոարյան այծ, գայլ, աղվես, նապաստակ), սողուններ (գյուրզա, իժ,) և թռչուններ (կաքավ, ճնճղուկ)։
Կլիմա
խմբագրելԿլիման չոր է, խիստ ցամաքային, օրական ջերմաստիճանների մեծ տատանումներով, տարեկան միջին 400 մմ տեղումներով և լեռնահովտային քամիներով։ Օդի միջին ջերմաստիճանը հունվարին -5-6 °C է, նվազագույնը -22 °C, հուլիսին +35 °C։
Բնակչություն
խմբագրելՆախնիների մի մասը 1829-1830 թվականներին այստեղ են գաղթել Պարսկահայքի Խոյ և Սալմաստ գավառներից։
Համայնքի բնակչությունը 2011 թվականի մարդահամարի տվյալներով կազմում է 7,944 մարդ [2]։
Եղեգնաձորի ազգաբնակչության փոփոխությունը ըստ ՀՀ մարդահամարների [3].
Տարի | 1831 | 1990 | 2001 | 2011 | 2015 |
---|---|---|---|---|---|
Բնակիչ | 232 | 12000 | 8187 | 7944 | 7800 |
Բնակչության սեռային կազմում խիստ անհամամասնություն կա, որը պայմանավորված է արտագաղթով։ 2011 թվականին քաղաքում առկա բնակչության սեռային կազմում կանայք կազմում են 4051, տղամարդիկ՝ 3370։
Համեմատաբար բարձր է բնակչության կրթական ցենզը։ Աշխատանքային ռեսուրսների մեծ մասը զբաղված է գյուղատնտեսության, կրթության, առևտրի, արդյունաբերության, շինարարության և պետական կառավարման ոլորտներում։
Կրթություն
խմբագրել2004 թվականից գործում է «Գիտելիք» մանկավարժական համալսարանը՝ իր 12 ֆակուլտետներով։ Համալսարանը բուհական և հետբուհական կրթություն է ապահովում եվրոպական չափորոշիչներին համապատասխան։ 2008 թվականից քաղաքում գործում է Հայաստանի տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղը։ այստեղ ուսուցումն իրականացվում է «կառավարում, այդ թվում զբոսաշրջության կառավարում», «ֆինանսներ» և «միջազգային տնտեսական հարաբերություններ» մասնագիտություններով, ինչպես անվճար, այնպես էլ վճարովի հիմունքներով։ Քաղաքում գործում են պետական քոլեջ իր 13 բաժիններով, 4 հանրակրթական դպրոցներ, 3 նախադպրոցական հիմնարկ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն, 1 երաժշտական դպրոց, գեղարվեստի դպրոց, մշակույթի տուն։ Գրադարանում գործում են 4 բաժիններ՝ 56119 գրքային ֆոնդով։ Գործում է մշակույթի տան մասնաշենքում մարզադպրոց։
Առողջապահություն
խմբագրելԵղեգնաձորում գործում է քաղաքային հիվանդանոց, որն ունի վիրաբուժական, գինեկոլոգիական, մանկական, թերապևտիկ, ինֆեկցիոն, արյան փոխներարկման բաժանմունքներ, ծննդատուն, շտապօգնություն։
Զբոսաշրջություն
խմբագրելՔաղաքի զբոսաշրջային ոլորտում իր նշանակալի ներդրումն ունի Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը, որտեղ պարբերաբար անցկացվում են մշակութային միջոցառումներ, կրթական ծրագրեր։ Քաղաքն ունի 4 զբոսայգի։ Մոմիկի անվան այգին, որն ունի խաղահրապարակ, կարուսելներ, ամֆիթատրոն՝ իր հարմարավետ բեմով, որտեղ անց են կացվում մասսայական միջոցառումներ, տրվում են համերգներ։ Միկոյանի անվան զբոսայգին, որտեղ էլ տեղադրված է Անաստաս Միկոյանի արձանը։ Քաղաքի բնակչությունը, որպես հանգստի գոտի, օգտագործում է նաև Արփա գետի հունին կից ծառապատ ազատ տարածությունը։
Տնտեսություն
խմբագրելՔաղաքի տնտեսության զարգացումը նկատելի է դարձել 1931 թվականից հետո, երբ այն դարձավ վարչական կենտրոն։ Մինչ ԽՍՀՄ-ի փլուզումը այն հանդիսանում էր զարգացած տնտեսություն ունեցող բնակավայր։ Այստեղ գործում էին Երևանի «Էլեկտրասարք» արտադրատեխնիկական միավորման և «Հայգորգ» ֆիրմայի մասնաճյուղը։ Այստեղ բուծում էին բալբաս ցեղատեսակի ոչխարներ, որի բուրդը լավագույն հումք էր հանդիսանում գորգագործության համար։ Մեծ ճանաչում է ունեցել ոչխարի կաթից արտադրվող «Բրինզա» պանիրը։
Ներկայումս քաղաքում զարգանում է վերամշակող արդյունաբերությունը, գործում են կահույքի, քարերի և շինանյութերի, գինե տակառների արտադրամասեր, տրիկոտաժի և կարի արտադրություն։ Այստեղ գործում է սարքերի գործարան, որտեղ արտադրվում են չափիչ սարքեր։ Արագ զարգանում է ագրոարդյունաբերությունը, որտեղ արտադրվում են գինիներ, կաթնամթերք, պահածոներ։ Քաղաքում գործում է ալրաղաց։
Համայնքում մշակվող հողահանդակները կազմում են 598 հա, որից 427 հա վարելահողերն են, ուր մշակում են հացահատիկ, բանջարաբոստանային կուլտուրաներ, կերային բույսեր։ Մեծ տարածում ունեն խաղողի և պտղատու այգիները՝ 105 հա, դրանց բերքի հիմնական մասը վերամշակվում է տեղի պահածոների և գինու գործարաններում։ Զբաղվում են անասնապահությամբ։ Վերջին տարիներին ստեղծվել են այծաբուծական ֆերմաներ, ավելացվում է այծերի գլխաքանակը, քանի որ այստեղ արտադրավող այծի պանիրը գնալով ավելի մեծ պահանջարկ է ձեռք բերում և արտահանվում է մարզի սահմաններից դուրս։
Օգտակար հանածոներ
խմբագրելՀամայնքի տարածքում հանքային հանածոներից կան շինարարական քար (ֆելզիտ, գրանիտ), ապակու հումք, գրավյա։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԵղեգնաձորի մոտ են գտնվում Արփայի հին կամուրջներից մեկը՝ Ագարակաձորի կամուրջը (13-րդ դար), 12-ից 16-րդ դարերի խաչքարեր, 4-րդ դարի ամրոց, 17-րդ դարի եկեղեցի (վերակառուցված 19-րդ դար)։
Պատկերասրահ
խմբագրել-
Եղեգնաձորի Սուրբ Սարգիս եկեղեցի
-
Եսայի Նշեցու հուշարձան
-
Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին, Եղեգնաձոր
-
Հուշարձան Արցախյան ազատամարտում զոհվածներին, Եղեգնաձոր
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
- ↑ «Եղեգնաձոր. համայնքի մասին». Հայաստանի տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայք. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղեգնաձոր» հոդվածին։ |