Եղեգնաձորի շրջան
Եղեգնաձորի շրջան (մինչև 1935 թվականը՝ Քեշիշքենդի շրջան, 1935 թվականից մինչև 1957 թվականը՝ Միկոյանի շրջան), Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Վայոց ձորի մարզի հյուսիսում։ Գտնվում էր Հայկական ԽՍՀ հարավարևելքում։ Կազմվել է 1931 թվականի հոկտեմբերի 15-ին։ Սահմանակից է Արարատի, Մարտունու և Ազիզբեկովի շրջաններին, ինչպես նաև Նախիջևանին։ Տարածությունը 1 134 կմ² է, բնակչությունը՝ 35 400 մարդ (1987)։
Երկիր | Հայաստան |
---|---|
Կարգավիճակ | Շրջան |
Մտնում է | Հայկական ԽՍՀ → Հայաստան |
Վարչկենտրոն | Եղեգնաձոր |
Հիմնական լեզու | Հայերեն |
Բնակչություն (1987) | 35 400 |
Խտություն | 31 |
Ազգային կազմ | Հայեր, ադրբեջանցիներ |
Տարածք | 1 134 (3,8 %) |
Հիմնադրված է | 1931-1995 թ. |
Պատմական շրջան(ներ) | Սյունիք |
Բնակավայրեր
խմբագրելԵղեգնաձորի շրջանի վարչական կենտրոնը Եղեգնաձոր ավանն էր։ Ուներ 1 քտա և 19 գյուղական խորհուրդ։ Բնակավայրերն են՝
Պատմություն
խմբագրելԵղեգնաձորի շրջանի տարածքը համընկնում է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառի արևմտյան հատվածին։ Միջնադարյան նշանավոր Մոզ ավանի (այժմյան Մալիշկա գյուղ, հարավ-արևելքում) ավերակների մոտ եղած դամբարանների պեղումներից հայտնաբերված իրերը վկայում են, որ այստեղ մարդը բնակվել է դեռևս բրոնզի դարաշրջանում։
Վայոց ձորն առաջին անգամ հիշատակում է 5-րդ դարի պատմիչ Եղիշեն։ Արժեքավոր տեղեկություններ են հաղորդում նաև Ստեփանոս Օրբելյանը, Մկրտիչ և Կյուրեդ գրիչները։ 7-8-րդ դարերին նշանավոր է եղել մոտ 10 հազար բնակչություն ունեցող Մոզ ավանը (կործանվել է 8-րդ դարում), որտեղ ապրել ու ստեղծագործել է Ստեփանոս Սյունեցին։ Մինչև սելջուկների տիրապետությունը Եղեգնաձորի շրջանի տերիտորիան պատկանում էր Սյունյաց իշխաններին, որոնք հայ Բագրատունիների գերիշխանության պայմաններում իրենց նստավայրը դարձրին Վայոց ձորի Եղեգիս ավանը (821-963), որից հետո, մոտ 200 տարի, Եղեգնաձորի շրջանի տերիտորիային տիրում են օտար նվաճողները։
13-րդ դարի առաջին տասնամյակում հայ-վրացական միացյալ բանակը Զաքարե և Իվանե Զաքարյանների գլխավորությամբ գավառն ազատագրում է սելջուկներից և հանձնում Լիպարիտ Օրբելյան ու Պռոշ Խաղբակյան իշխաններին՝ որպես ժառանգական կալվածք։ Նրանց հովանավորությամբ կառուցվում են մի շարք վանքեր ու եկեղեցիներ, մահարձաններ, կամուրջներ, իջևանատներ, բերդեր, ամրոցներ և այլն, ծաղկում է միջնադարի նշանավոր բարձրագույն դպրոցը՝ Գլաձորի համալսարանը։
Մոնղոլական կենտրոնական իշխանության քայքայումից հետո, Եղեգնաձորի շրջանի տարածքը ենթարկվում է Լենկթեմուրի, նրա հաջորդների, ինչպես նաև Կարա-Կոյունլու և Ակ-Կոյունլու թուրքմեն ցեղապետերի ամայացուցիչ արշավանքներին, ապա դառնում թուրք-պարսկական հակամարտությունների թատերաբեմ։ 1604 թվականին Վայոց ձորի բնակչությունը ենթարկվում է շահ Աբբասի բռնագաղթին։
Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրի համաձայն, Արևելյան Հայաստան գաղթելու իրավունք ստացած պարսկահպատակ շատ հայ ընտանիքներ վերաբնակեցվում են Վայոց ձորում։ 1829 թվականին Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից գաղթած 500 հայ ընտանիքներ բնակություն են հաստատում շրջանի Մալիշկա, Քեշիշքենդ (Եղեգնաձոր), Օրթաքենդ (Գլաձոր), Բաշքենդ (Վերնաշեն), Այար (Ագարակաձոր), Ղոթուր (Գետափ), Շատին, Երդափին (Եղեգիս), Քարագլուխ, Թառաթումբ և այլ գյուղերում։ 19-րդ դարի շրջանի տերիտորիան մտնում էր Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառի մեջ։ Այստեղով էին անցնում Սևանի ավազանից և Արաքսի հովտից եկող ճանապարհները, որոնք միանում էին Արփա (այժմ՝ Արենի) գյուղում և շարունակվում Արփայի հովտով, Որոտանի լեռնանցքով մինչև Զանգեզուր ու Ղարաբաղ։ Այդ ճանապարհի վրա կառուցվել են մի շարք կամուրջներ ու իջևանատներ, որոնցից նշանավոր են Արփայի վրա լավ պահպանված Ագարակաձորի կամուրջը և Սուլեմա (Սելիմի իջևանատունը)։
Եղեգնաձորի շրջանը չափազանց հարուստ լինելով արժեքավոր ճարտարապետական հուշարձաններով ն համալիրներով՝ հիրավի «բացօթյա թանգարան» է հանդիսանում։ Նշանավոր են Խաչիկի Խոտակերաց, Արատեսի վանքերը, Արենիի Աստվածածին, Ալայազի Զորաց և Սուրբ Նշան եկեղեցիները, Ցախացքարի, Թանադե, Վերնաշենի Սպիտակավոր Աստվածածին վանքերը, Ամաղուի Նորավանքը ), ամրոցներից Սմբատաբերդը և Պռոշաբերդը։ Ուշ միջնադարից պահպանվել են Շատինի, Հերմոնի, Արկազի Սուրբ Խաչվանքերը։
Հուլիսի սկզբին ստեղծվում է Դարալագյազի գավառային կուսակցական կազմակերպությունը, որի մեջ միավորված Եղեգնաձորի և Ազիզբեկովի շրջանային կազմակերպությունները 1931 թվականի հոկտեմբերի վերջին առանձնացան։ Անցած տարիներին տեղի է ունեցել Եղեգնաձորի շրջանի կուսակցական կազմակերպության 32 կոնֆերանս։ 1977 թվականի հունվարի 1-ի դրությամբ Եղեգնաձորի շրջանում կար 74 սկզբնական կուսակցական կազմակերպություն՝ 1523 կոմունիստներով։ Շրջանում կոմերիտական կազմակերպությունները ձնավորվել են 1920-1921 թվականներին։ 1976 թվականի հունվարի 1-ին Եղեգնաձորի շրջանում կար 96 սկզբնական ԼԿԵՄ կազմակերպություն՝ 5593 կոմերիտականներով։
Ռելիեֆ և կլիմա
խմբագրելԵղեգնաձորի շրջանը գտնվում է Արփա գետի միջին հոսանքի ավազանում, Վայքի գոգահովտի արևմտյան մասում։ Սուլեմայի Լեռնանցքով (2410 մետր) կապված է Սևանի, Զովաշենի լեռնանցքով՝ Արարատյան գոգավորությանը, Արփայի կիրճով՝ Նախիջևանին։ Ունի բևռնային մակերևույթ։ Հյուսիսում գտնվում է Վարդենիսի լեռնաշղթան (բարձրությունը՝ 3000-3500 մետր), հյուսիս–արևմուտքում՝ Գնդասար լեռնազանգվածը (2946 մետր) և Գեղամա լեռնաշղթայի լեռնաճյուղերը, հարավում՝ Վայքի լեռնաշղթայի արևմտյան հատվածը (2500-3000 մետր), արևելքում՝ Թեքսարի լեռնաշղթան (Թեքսար լեռ, 2898 մետր)։
Ռելիեֆի բարձրությունների տատանումները ավելի քան 2000 մետր են։ Ցածրագույն կետը (920 մետր) Արփայի հովտում է, բարձրագույն կետը (2946 մետր) Գնդասարն է։ Վարդենիսի լեռնաշղթայի՝ Եղեգնաձորի շրջանի սահմանների մեջ մտնող հարավահայաց լանջերը և դեպի հարավ տարածվող լեռնաճյուղերը բարձր են, կարճ, զառիթափ և կտրտված բազմաթիվ ձորակներով։ Եղեգիս գետի վերին և միջին հոսանքների ավազանը, որ պարփակված է վարդենիսի և Թեքսարի լեռնաշղթաներով, ունի խիստ մասնատված ռելիեֆ, ձախափնյա մասում՝ սարավանդային տեղամասեր։ Վարդենիսի լեռնաշղթայի լեռնաճյուղերը և Թեքսարը տեղ-տեղ այնքան են մոտենում, որ Եղեգիսի հովիտը վերածում են նեղ կիրճի։ Ռելիեֆի ձևավորման գործում մեծ դեր ունի հողմահարությունը, որն առաջացրել է բազմաթիվ բուրգերի արտասովոր լանդշաֆտ։ Եղեգնաձորի շրջանի ռելիեֆում որոշակի տեղ է գրավում շրջանի արևելքում բարձրացող Վայոց սար (2586 մետր) հանգած հրաբուխը, որի լավաները հոսելով դեպի Արփայի հովիտը՝ փակել են նրա հունը, ծածկել Մոզ ավանը։ Հետագայում գետը պատռել է այդ պատնեշը և առաջացրել խոր կանյոն։
Օգտակար հանածոներից կան շինարարական քար (ֆելզիտային տուֆ, բազալտ, գրանիտ, տրախիտ, կրաքար), ավազ, հրաբխային խարամ, կապարի և բազմամետաղների բռնկումներ։ Կան նաև հանքային աղբյուրներ։ Շրջանի ֆիզիկաաշխարհագրական կոմպլեքսները ներկայացված են ցածրադիր (մինչև 1400 մետր), միջին բարձրության (1400-2800 մետր) և բարձրադիր (2800 մետրից բարձր) ուղղաձիգ գոտիներով։ Ցածրադիր գոտում, որն ընդգրկում է Արփայի հովտի մերձհունային մասը, Նախիջևանի սահմանից մինչև Մալիշկա գյուղը, տարածված են կիսաանապատներն ու չոր տափաստանները։
Կլիման չոր է, խիստ ցամաքային, օրական ջերմաստիճանների մեծ տատանումներով, տարեկան մինչև 400 մմ տեղումներով և լեռնահովտային քամիներով։ Տիրապետում է չոր-տափաստանային լանդշաֆտը՝ ֆրիգանային բույսերի (դժնիկի, նշենու, սարի չամիչի, գիհու, կեռասենու և այլ թփեր, դաշտավլուկ, փետրախոտ, ցորնուկ, սեզ և այլ խոտաբույսեր) և սողունների (գյուրզա, իժ) գերակշռությամբ։ Չոր տափաստանը (որ դեպի արևմուտք լայնանում է, իսկ Եղեգիս-Սուլեմայի հովտով ձգվում դեպի հյուսիս՝ մինչև Քարագլուխ գյուղը) բնորոշ է նաև մինչև 1700-1800 մետր բարձրության լեռնալանջերին (Արփայի ձախափնյակում այդ բարձրությունների վրա գերիշխում են չոր լերկացած լանջերը, բեդլենդները)։ Այստեղ կլիման չորցամաքային է, չափավոր ցուրտ ձմեռներով և տաք ամառներով։ Օդի միջին ջերմաստիճանը հունվարին-3,2 °C է, օգոստոսին՝ 25,9 °C, տարեկան տեղումները՝ 500 մմ։ Կենդանական աշխարհը հիշեցնում է ֆրիգանայինին, բայց տարբերվում է տեսակների քչությամբ։
Շատ են միջատները, կան սողուններ (Հայաստանի համար էնդեմիկ հայկական իժը), թռչուններից՝ կաքավ, ճնճղուկ և այլն։ Միջին գոտին ընդգրկում է լեռնալանջերի 1400-2800 մետր բարձրություն ունեցող հատվածը։ Այս գոտու մեջ են մտնում Վայքի լեռնաշղթայի արևմտյան կեսի հյուսիսային լանջերը, Թեքսարը, Վարդենիսի ու Գեղամա լեռնաշղթաների լավային ծածկոցներից ազատ լեռնաբազուկները լերկացած ռելիեֆի տիպերով և մասնատված խոր գետահովիտներով։ Այստեղ Սուլեմայի էրոզիոն օվալաձև գոգավորությունը ամֆիթատրոնի նման մի քանի սանդուղքներով իջնում է դեպի հարավ՝ Շատին գյուղի շրջակայքը։ Միջին գոտում գերակշռում են դենուդացիոն, հատկապես սելավային պրոցեսները։ Բնորոշ են ինչպես լեռնատափաստանային, այնպես էլ լեռնաանտառային լանդշաֆտները։ Առաջինին հատուկ է չափավոր տաք կլիման՝ երկարատև ու բարեխառն ձմեռով, տարեկան 500-600 մմ տեղումներով։ Բուսականությունը բացառապես խոտային է՝ տրագանտային, փետրախոտային, քսերոֆիլ-տարախոտային և մարգագետնատ ափ սատանային։ Կենդանական աշխարհին բնորոշ են գայլը, աղվեսը, նապաստակը, գետնասկյուռը, բազմաթիվ թռչաններ։ Լեռնաանտառային լանդշաֆտը (3132 հա անտառ և թփուտներ) ներկայացված է առանձին կղզիների ձևով։ Համեմատաբար մեծ տարածություն են գրավում Տորսի, Ալագյազի ն Ղավուշուղի անտառները։ Կլիման չափավոր տաք է, չոր, մեղմ ձմեռներով, տարեկան 700-800 մմ տեղումներով։ Օդի միջին ջերմաստիճանը հունվարին -5,6 °C է, նվազագույնը՝ -35 °C, հուլիսին՝ 18 °C։ Գոտին հարուստ է աղբյուրներով։ Հիմնական ծառատեսակը կաղնին է, կան նաև բոխի, գերեմաստի։ Բարձրադիր գոտու ալպյան մարգագետիններն ունեն զառիթափ լանջերով, ալիքավոր ու նեղ լեռնակատարներով, իսկ լավային ծածկոցների շրջանում՝ ընդարձակ ու տափարակ աստիճանակերպ ռելիեֆ, ձնասառցադաշտային ռելիեֆի վերամշակված ձևերով։ Հրաբխային ռելիեֆն այս գոտում մեծ չափով ենթարկվել է չորրորդական սառցադաշտերի վերամշակմանը։
Տնտեսություն
խմբագրելԵղեգնաձորի շրջանը գյուղատնտեսական-արդյունաբերական շրջան է։ 1975 թվականին Եղեգնաձորի շրջանում կար 14 սովետական տնտեսություն, 8 կոլտնտեսություն, մեկ միջտնտեսային մեղվաբուծական ձեռնարկություն։ Հողային ֆոնդը 113406 հա է, որից վարելահողեր՝ 11615 հա, խոտհարքներ՝ 1853 հա, արոտավայրեր՝ 15․486 հա, պտղատու և խաղողի այգիներ՝ 2000 հա, մնացածը անօգտագործելի, քարքարոտ, խիստ կտրտված և մեծ թեքություններով լեռնալանջեր են։
Գյուղատնտեսության գլխավոր ճյուղը անասնապահությունն է, որն ունի մսակաթնատու և բրդատու ուղղություն։ 1975 թվականին հաշվվում էր 21950 գլուխ խոշոր և 150․170 գլուխ մանր եղջերավոր անասուն։ Բուծում են բալբաս ցեղի ոչխար, որի բուրդը լավագույն հումք է գորգագործության համար։ Մեծ ճանաչում ունի ոչխարի կաթից պատրաստած Եղեգնաձորի «Բրինզա» պանիրը։ Շրջանը հայտնի է իր մեղվաբուծությամբ։ Զարգանում է թռչնաբուծությունը։ 1975 թվականին Եղեգնաձորի շրջանում կար 9700 մեղվաընտանիք և 144 հազար թև թռչուն։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի մոտ 60 %-ն ստացվում է անասնապահությունից։
Բուսաբուծությունը նույնպես բազմաճյուղ է։ Մշակում են Հայկական ԽՍՀ-ին հատուկ հացահատիկային և կերային կուլտուրաների համարյա բոլոր տեսակները։ Շնորհիվ կլիմայական պայմանների խաղողագործությունն ու պտղաբուծությունը հայտնի են արտադրվող խաղողի ն մրգերի բարձր որակով։ Կարևոր տեղ ունեն նաև ծխախոտագործությունն ու բանջարաբուծությունը։ Ջրհան կայանների ջրերը հիմնականում օգտագործվում են այգեգործության, ծխախոտագործության, բանջարաբուծության և կերային կուլտուրաների մշակության համար։ Շրջանի արդյունաբերական ձեռնարկությունների առաջնեկը 1938 թվականին շարք մտած Գետափի գինու գործարանն է, որի թողարկած «Արենի», «Գետափ», «Վերնաշեն», «Կարմիր կիսաքաղցր» գինիները հայտնի են Հայկական ԽՍՀ սահմաններից դուրս։
Եղեգնաձոր ավանում կա պանրագործարան, պահածոների գործարանը, Երևանի «Էլեկտրասարք» արտադրատեխնիկական միավորման մասնաճյուղը, արդյունաբերական գործարան, «Հայգորգ» ֆիրմայի մասնաճյուղ։ Գործում են Արենիի ՀԷԿ-ը և Եղեգնաձորի շրջանային ենթակայանը, որը օղակաձև միացած է Անդրկովկասի էներգոհամալիրի հետ։ Խճուղային ճանապարհների ընդհանուր երկարությունը 122 կմ է, որից 110 կմ միութենական նշանակության։ Ասֆալտապատ է 84 կմ։ Եղեգնաձորի շրջանով է անցնում Երևան-Զանգեզուր մայրուղին։
Շրջանում գործում են 5 հիվանդանոց (170 մահճակալով), 22 բուժ-մանկաբարձական կայան, կոլտնտեսային 8 ծննդատուն, առողջապահական 3 կետ, 2 պոլիկլինիկա (մեկ մանկական), 3 բուժամբուլատորիա, 4 դեղատուն։
Եղեգնաձորի շրջանն ունի 35 հանրակրթական (17 միջնակարգ, 16 ութամյա և 2 տարրական), մեկ երեկոյան և մեկ հեռակա միջնակարգ դպրոցներ։ Հանրակրթական դպրոցներում սովորում է 10 հազար աշակերտ։ Գործում են նաև պրոֆտեխուսումնարանը (200 աշակերտ), 8 մսուր-մանկապարտեզ (720 երեխա)։ Դպրոցներում աշխատող 670 ուսուցիչներից 364-ը ունի բարձրագույն կրթություն։ Մանկական մարզական, երաժշտական և նկարչական դպրոցներում սովորում է 700 երեխա։ Եղեգնաձորի շրջանում կա 32 ակումբային հիմնարկ (6-ը՝ կուլտուրայի տուն), 35 մասսայական և դպրոցական գրադարան (317 հազար կտոր գրքային ֆոնդով), 22 ստացիոնար և 2 շրջիկ կինո, ժողովրդական թարրոն, հանրապետության երգչախմբային ընկերության շրջանային բաժանմունք, հայրենագիտական թանգարան։ 1931 թվականից լույս է տեսնում շրջանային թերթը (1962 թվականից՝ «Վերելք»)։
Պատկերասրահ
խմբագրելՏես նաև
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 501)։ |