Քասաղ (գետ)

գետ Հայաստանի Արագածոտնի մարզում
(Վերահղված է Քասաղ գետից)

Քասաղ, գետ Հայաստանի Արագածոտնի մարզի և Արմավիրի մարզում։ Երկարությունը 89 կմ է, ավազանի մակերեսը՝ 1480 կմ2։

Քասաղ
Բնութագիր
Երկարություն89 կմ
Ավազանի մակերես1480 կմ²
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԱրագած
Գետաբերանի տեղակայումՍևջուր
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԱլվար, Ամբերդ, Գեղարոտ, Դաշտակի ջուր, Ենգո, Երնջառու, Թթուջուր, Նիգատուն, Շաղվարդ, Ջառջառիս, Վարդենիս, Գեղհովիտ, Անկյունասար, Գեղղհովիտ, Քարաղբյուր, Ամբարլու և Այուչայ
Երկիր Հայաստան
ԵրկրամասԱրագածոտնի մարզ և Արմավիրի մարզ

Քասաղի ակունքները երեք գետակներ են, որոնցից ձախ օժանդակը՝ Քարաղբյուր, սկիզբ է առնում Փամբակի լեռների հարավային լանջերից, հոսում նախկին Ախուրյանի շրջանով։ Աջակողմյան մյուս երկու՝ Դազքենդ և Ծաղկահովիտ օժանդակները սկիզբ են առնում Արագածի հյուսիսային լանջերից, հոսում Արագածի շրջանով, մեծ մասամբ հոսում են հարթ մարգագետիններով, և Ռյա Թազա գյուղի մոտակայքում միախառնվում աջ կենտրոնական հոսանքին։

Քասաղը վերին հոսանքում դանդաղահոս է և սակավաջուր, իսկ միջին հոսանքում դառնում է բավական ջրառատ ու արագահոս։ Վերին հոսանքի շրջանում գետի հունը մոտ 8 ամիս ցամաքում է։ Մշտական հոսք ունի սկսած Ապարանից, որտեղ նրա մեջ են թափվում հորդառատ աղբյուրներից գոյացած մի քանի ջրառատ գետակներ։ Հոսում է հարավ-արևելյան ուղղությամբ և Ապարանի ջրամբարից հարավ, Ափնագյուղ գյուղից արևելք թեքվում է դեպի հարավ և, աջից իր մեջ առնելով Գեղարոոտ վտակը, մտնում է Քասաղի կիրճը։ Առավել ջրառատ և սրընթաց է Քասաղի միջին հոսանքը, հատկապես Աշտարակի և Օշականի մոտերքում, որտեղ գետի հովիտը մինչև 200 մ բարձր հասնող խոր ձոր է։ Օշական գյուղից ցած՝ Քասաղը դուրս է գալիս Արարատյան դաշտ և, աջից իր մեջ ընդունելով Ամբերդ վտակը, գետաբերանային մասում բաժանվում է մի քանի բազուկների և ձախից միանում է Սևջուրին։

Ստորին հոսանքում՝ Արարատյան դաշտի սահմաններում, Քասաղի ջրերը գրեթե ամբողջովին օգտագործվում են շրջակա գյուղերի ցանքատարածությունները և այգիները ոռոգելու համար։ Այդ է պատճառը, որ այստեղ ամռան ամիսներին (ջրի ամենաուժեղ գոլորշիացումների շրջանում) Քասաղը իսպառ ցամաքում է։

Այլ անուններ

խմբագրել

Քասաղ գետը տարբեր ժամանակներում հայտնի է եղել նաև հետևյալ անուններով՝ Ապարան, Խարգախ, Խարսաղ, Կսզախ, Կասագ, Կասախ, Կասսախ, Կարբի, Կարբիի ջուր, Կարբի ջուր, Կարբո ջուր, Կարբվո ջուր, Կարբու ջուր, Կարպի, Կարփի, Ղազախ, Վսղարշապատի գետ, Քասախ, Քարբի, Քարբվո ջուր, Քարսախ, Քարսահ, Քարսահղ, Քարսաղ, Քարփի, Քացախ, Քսաղ։

Աշխարհագրություն

խմբագրել

Քասաղն ունի 89 կիլոմետր երկարություն[1], ավազանը՝ 1480 կմ:²։ Նրա մեջ թափվող վտակներից ամենաջրառատը Ամբերդն է։ Սա սկիզբ է առնում Արագածի հորդառատ աղբյուրներից և ամռանը տեղ-տեղ պահպանվող ձյան հալոցքային ջրերից։ Ամբերդի ռեժիմի կարգավորման համար առանձնապես կարևոր դեր է կատարում լեռնալանջերից քամիների բերած և խոր ձորերում կուտակված ձյունը, որը սովորաբար ստվերի տակ հալվում է դանդաղ ու դրանով իսկ գետահունը մշտապես ապահովում ջրերով։ Ամբերդը հոսում է խոր կիրճով։ Այն, Արագածում պարբերաբար թափվող տեղումների հետ կապված, մերթ ուժեղ վարարում է և մերթ էլ խիստ նվաղում։

Քասաղի ջրերը ամբարվում են Ապարանի ջրամբարում և օգտագործվում ոռոգման նպատակով։

Սնումը ձնանձրևային է (76 %), հորդանամ է ապրիլ-հունիս ամիսներին։ Գլխավոր վտակներն են Գեդարոտը, Շաղվարդը և Ամբերդը։ Ջուրը մաքուր է, նախկինում ձկնառատ էր։ Քասաղի վրա կառուցված Ապարանի ջրամբարի ջրերը օգտագործվում են ոռոգման համար։ Դեռևս XIV դ առաջին կեսին Ագիգբեկյան իշխանական տոհմի ներկայացուցիչ Ագիգբեկ Ա-ն Քասաղից ջրանցք է հանել։ Գետի վրա կան քարե գեղեցիկ կամուրջներ. Աշտարակի (հին՝ 1644 թ և նոր ու մեծ՝ 1955 թ), Օշականի մոտ (XVII դ), Էջմիածնի հյուսիս-արևմտյան կողմում (մինչև 1833 թ կանգուն է եղել) Քասաղը հիշատակում է Մովսես Խորենացին՝ Քասաղ, Քարսահղ, Քսադ ձևերով։ Ղ. Ալիշանը Քասաղ անունը առաջացած է համարում Քարսահ ձևից։ Քասաղը V դ-ում ունեցել է Սևջուր գետից անկախ ընթացք և հոսել է Վաղարշապատի միջով։ Հետագայում հունը գնալով փոխվել է դեպի արմ։ Ոմանք Կորյունի հիշատւսկած Ռահ գետը նույնացնում են նաև Քասաղի հետ։ 1834 թ Քասաղը վարարել և քշել-տարել է Հովհանավանքի Անապատը։ Քասաղի ձորում կան պաշտպանության համար հարմարեցված քարայրեր։ Ակունքների շրջանում պահպանվել են Տրդատ թագավորին վերաբերող մի հունարեն արձանագրություն և հեթանոսական մեհյանի մնացորդներ[2]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 131 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 307 — 916 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 419  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քասաղ (գետ)» հոդվածին։