Մենուայի ջրանցք կամ Շամիրամի ջրանցք, կառուցել է Մենուա թագավորը՝ հավանաբար մ.թ.ա. IX դ. վերջ -  VIII դ. սկզբին՝ Տուշպա (Վան) մայրաքաղաքին խմելու և ոռոգելու ջուր մատակարարելու նպատակով։ Երկարությունը 72 կմ է, լայնությունը՝ 4.5 մ, խորությունը՝ 1.5 մ։ Սկիզբ է առնում Հայոց ձոր գավառի Վերին Մժնկերտ գյուղի մոտից՝ Խոշաբ գետից 5 կմ հարավ գտնվող լեռան ստորոտից բխող բազմաթիվ ջրառատ աղբյուրներից։ Ջրանցքն անցնում է լեռների լանջերի ու փորված ժայռերի միջով։ Այն կառուցված է հսկայական քարերից և անցնում է 15-20 մ բարձրություն ունեցող լայն ու անշաղախ կիկլոպյան պատերի վրայով[1]։ Ջրանցքն օգտագործվում է առ այսօր[2]։

Մենուայի ջրանցք
Տեսակջրանցք
Երկիր Թուրքիա
Վարչատարածքային միավորԳյուրփընար
Երկարություն80 կմ

Ջրանցքը խմբագրել

Մենուայի ջրանցքը գտնվում է Վանա լճի հարավարևելյան կողմում։ Ջրանցքի հեռավորությունը Վան քաղաքից կազմում է 70 կմ, սակայն ջրանցքի ամբողջական երկարությունը, հաշվի առնելով նաև կորությունները, կազմում է 80 կմ[3]։

Ժամանակին ջրանցքի ջրերով աշխատել է մոտ 40 ջրաղաց։ Մենուայի ջրանցքից ճյուղավորվում են փոքր ջրանցքներ ու առուներ։

Ջրանցնքն ունեցել է կարևոր տնտեսական նշանակություն, նրա պահպանման համար կառուցվել են ամրոցներ։ Ջրանցքն իր չափերով ու նշանակությամբ խոշորագույններից էր Հին Արևելքում։

Մենուայի ջրանցքը սկիզբ է առնում Հայոց ձոր գավառում։ Ջրանցքը բարդ կառուցվածք ունի։ Այն անցկացրած է լեռների լանջերին փորված և տեղ-տեղ քարե պատնեշներով ամրացված հունով, ինչպես նաև ձորերի վրա կառուցված կամուրջներով։ Ջրանցքի տնտեսական նշանակությունն այնքան մեծ է եղել, որ նրա պահպահման համար ամրոցներ են կառուցվել։

Ըստ հնագետ դոկտոր Վալդեմար Պելքի, որը հնագիտական ուսումնասիտություններ է անցկացրել ջրանցքի տարածքում՝ հոկտեմբեր ամսին ջրանցքը ապահովում է 1500 լ ջուր վայրկյանում։ Այդ ջուրը պարունակում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ։ Ըստ Պելքի՝ մինչև ջրանցքի կառուցումը ջուրը ժայռերի ճեղքերից հոսել է ցած և թափվել Խոշաբ գետը, որը ակունքից գտնվել է 5 կմ հեռավորության վրա։ Ջրանցքի կառուցումով ջուրը ուղղվեց Վերին Մեշինկերտ, ուր կառուցվել է նաև մեծ ավազան։ Վերին Մեշինկերտից հաստաբուն ծառերի կոճղերից պատրաստված խողովակով ջուրն անցկացվել է գետի մյուս ափը և ուղղվել դեպի արևմուտք՝ ոռոգելով Իշխանիգոմ, ապա Սյոլպլասան, Կեմ, Քարավանց, Անող և Մաշքելտեք գյուղերը։ Իսկ Իշխանիգոմից հույսիս՝ դեպի լեռան ստորոտը դառնալով՝ ջրանցքը ձգվում է դեպի արևելք՝ ոռոգելով Խադամ, Քյոշկ, Ս. Վարդան, Խարաբքյո գյուղերը և հասնում մինչև Արտամեդ։ Ընդհանուր առմամբ, ջրանցքը ժամանակին ոռոգել է 42 գյուղ, որոնցից 1890-ականների դրությամբ միայն 20-ն էր մնացել։ Ջրանցքի տեղում, ըստ ավանդության, ժամանակին մեծ քաղաք է եղել։ Դրա մասին կա նաև հիշատակություն Խորենացու «Հայոց պատմությունում»[3]։

Սեպագիր արձանագրություններ խմբագրել

Ջրանցքի եզրային հատվածներից մեկում կան երկու սեպագիր արձանագրություններ, որոնցում հիշատակվում է Մենուա արքայի անունը.

  Խալդիի հզոր որդիներից ես՝ Մենուաս՝ Իշպուինիի որդին, կառուցեցի այս պիլին (ջրմուղը)։ Դրա անունը Մենուասա է[4]։  

Սեպագրություններից հայտնի է դառնում նաև, որ Մենուան միայնակ չի կատարել այդ գործերը, այլ իր մոր հետ։ Սրա մասին է վկայում Արտամեդից երեք քառորդ ժամ հեռավորության վրա գտնվող ժայռին արված 3 տողանի արձանագրությունը։ Այդ արձանագրությունից իմանում ենք, որ Մենուայի մոր անունը Տարիաս է[4]։ Ըստ Պելքիի՝ հավանական է, որ Մենուան իր մորը դարձրել էր գահաժառանգ, ինչպես որ ինքն է գահակալում իր հոր՝ Իշպուինիի օրոք։ Հետագայում Մենուայի կնոջ անունը ժողովրդական ավանդության մեջ թյուրիմացաբար վերածվել է Շամիրամի և ջրանցքի կառուցումը նույնպես վերագրվել է նրան[3]։

Միայն Ներքին Մժնկերտ գյուղի մոտից ջրանցքի երկայնքով տեղադրված է Արարատյան թագավորության ժամանակաշրջանի 14 արձանագրություն։

Խորենացու ավանդությունը խմբագրել

 
Մենուայի ջրանցքի պատը սեպագիր արձանագրությամբ (XIX դարի գծանկար)

Ըստ ավանդության (պահպանվել է Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» Երկում և ժողովրդական բանահյուսության մեջ)՝ Մենուայի ջրանցքի կառուցումը վերագրվել է Ասորեստանի Շամիրամ թագուհուն և անվանվել է նաև վերջինիս անունով։ Այդ ավանդությունում նշվում է, որ Արա Գեղեցիկի մահից հետո Շամիրամը մնում է նրա անունով Այրարատ կոչված դաշտում և, անցնելով շատ վայրերով, հասնում է Վանա լճի մոտ և այնտեղ տեսնում մի բլուր։ Շամիրամն անմիջապես հրամայում է 12.000 անարվեստ գործավորներ և և իր ընտրյալներից 6000 գործավորներ բերել Ասորեստանից և իր իշխանության տակ գտնվող մյուս վայրերից, որոնք հմուտ էին փայտի, քարի, պղնձի և երկաթի գործի արհեստներում և կառուցել քաղաք։ Ապա նա հրամայում է ապառաժ խոշոր քարերով, կրի ու ավազի շաղախով կառուցել շատ լայն ու բարձր գետի ամբարտակ։ Ըստ Խորենացու՝ այդ ամբարտակը տեղի բնակիչների համար ծառայել է որպես ապաստարան, իսկ ամբարտակն այնքան ամուր է կառուցված եղել, որ անհնար էր անգամ պարսատիկի համար մեկ քար պոկել։ Այնուհետև Շամիրամը բաժանել է տալիս գետի մի մասը (առուների) և անցկացնում քաղաքի միջով՝ բուրաստանների ու ծաղկոցների ոռոգման նպատակով, իսկ մյուս մասը՝ Վանա լճի աջ ու ձախ ափերով՝ քաղաքը և դրա բոլոր շրջակայքը ոռոգելու համար[5]։

Վերանորոգում խմբագրել

Ջրանցքը վերանորոգվել է միայն մեկ անգամ՝ 1950 թվականին, երբ ջրանցքի միջին հատվածը փոխարինվեց երկաթ-բետոնե կոնստրուկցիաներով[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ․ Գ․ Ժամկոչյան, Ա․ Գ․ Աբրահամյան, Ս․ Տ․ Մելիք-Բախշյան, Ս․ Պ․ Պողոսյան, «Հայ ժողովրդի պատմություն․ սկզբից մինչև XVIII դարի վերջ», էջ 40
  2. Şamran Kanalı Turizme Kazandırılacak
  3. 3,0 3,1 3,2 Հանդէս Ամսօրեայ, 1893 թ., մարտ, N3, էջ 84-87
  4. 4,0 4,1 Լեո, «Հայոց Պատմություն», առաջին հատոր, Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 1966, էջ 215
  5. Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն», աշխարհաբար թարգմանությունն ու մեկնաբանությունները՝ Ստ. Մալխասյանի, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1981 թ., էջ 63-67
  6. Garbrecht, Günther, The Water Supply System at Tuspa (Urartu), World Archaeology, 1980, vol. 11, pp. 306—312
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։