Տոբա (ինդոն.՝ Danau Toba), լիճ ինդոնեզիական Սումատրա կղզում գտնվող Հյուսիսային Սումատրա պրովինցիայում, Մեդան քաղաքի պրովինցիայի վարչական կենտրոնից հարավ։ Տոբան գտնվում է հսկայական կալդերայի մեջ, որը գոյացել է համանուն հրաբխի՝ 74 հազար տարի առաջ, ժայթքման հետևանքով։ Լիճը տեղակայված է ծովի մակարդակից 904 մ բարձրության վրա, որի առավելագույն խորությունը կազմում է 505 մ։ Տոբա լճի երկարությունը 87 կմ է, իսկ լայնությունը՝ 27 կմ։ Լճի հայելու մակերեսը կազմում է 1103 կմ²[5][6]։ Այս ցուցանիշներով Տոբան Ինդոնեզիայի ամենամեծ լիճն է, իսկ աշխարհի ամենամեծ հրաբխային ծագման լիճը[7]։

Տոբա
Տեսակխառնարանային լիճ
Երկիր Ինդոնեզիա[1]
ՎարչատարածքՀյուսիսային Սումատրա[2]
Երկարություն87 կմ
Լայնություն27 կմ
ԲԾՄ905 մետր և 900 մետր
Խորություն529 մետր
Շրջանագծի երկարություն294 կմ
Մակերես1145 կմ²[3]
Ծավալ240 կմ³
Կազմված էSamosir Island?[4]
Աշխարհագրական տեղադրությունՍումատրա
Ավազանի երկիր Ինդոնեզիա
Լճից հոսող գետAsahan river?
Հրաբխային կայանDirectorate of Volcanology and Geological Hazards Mitigation?
Քարտեզ
Քարտեզ

Կենսաբազմազանության և բատակիների մշակույթի պատմական ժառագության շնորհիվ Տոբա լիճը և իր կենտրոնում գտնվող Սամոսիր (ինդոն.՝ Pulau Samosir) կղզին հանդիսանում են Ինդոնեզիայի կարևոր զբոսաշրջային կենտրոններից[8]։ Սակայն լճի ափամերձ գոտում և այդ հատվածներին մոտ տարածքներում ծավալվող տնտեսական գործունեությունը բերում է լճի ջրի աղտոտմանը և այլ էկոլոգիական խնդիրների[9]։

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր խմբագրել

Երկրաբանություն խմբագրել

Տոբա լիճը գտնվում է Սումատրա կղզու հյուսիսային հատվածի կենտրոնական մասում՝ Հյուսիսային Սումատրա պրովինցիայում։ Այն գտնվում է Բարիսան լեռնաշղթայի սահմաններում[10]։ Այս լեռնաշղթան համարվում է կղզու գլխավոր լեռնաշղթան, որը կազմված է քարածխային, պերմի փոխակերպված ապարներից, ինչպես նաև միոցենի նստվածքային և չորրորդականի մագմատիկ ապարներից[11]։ Հենց լիճը իր շրջակայքով հանդիսանում է հսկայական կալդերա, որն ունի 100 կմ երկարություն և 30 կմ լայնություն[12]։ Այն հանդիսանում է աշխարհի խոշոր կալդերաներից մեկը։ Տոբայի կալդերան տեղակայված է Սումատրայի Մեծ բեկվածքի մոտ[13], որը անցնում է Սումատրա կղզու կենտրոնով՝ լճից 20 կիլոմետր հարավ-արևմուտք[5]։ Կալդերան հանդիսանում է Զոնդյան կղզիների աղեղի հրաբխային համակարգերից մեկը, որը Երկրի ակտիվ սեյսմիկ շրջաններից է։ Այստեղ տեղի են ունենում Հնդավստրալական սալի սուզումը Եվրասիական սալի տակ, որի ունի 56 մմ մեկ տարվա ընթացքում արագություն[13]։ Սուբդուկցիայի գոտին այս շրջանում շատ ակտիվ է։ Սումատրայից արևմուտք՝ ծովի հատակին, 1995 թվականին տեղի է ունեցել մի քանի խոշոր երկրաշարժ։ Դրանցից են 2004 թվականի Հնդկական օվկիանոսի 9,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը, 2005 թվականի Սումատրայի երկրաշարժը 8,6 մագնիտուդ հզորությամբ։ Այս երկրաշարժերի էպիկենտրոնները գտնվում էին Տոբայից մոտավորապես 300 կմ հեռավորության վրա։ Տոբայի շրջանի ռելիեֆը բնութագրվում է մեծ բարձրացումներով և միջին բարձունքներով, որոնք ունեն 1500 մետր բարձրություն և 220 × 100 կմ լայնակի չափեր, ինչպես նաև ոչ շատ ուշ տեղի ունեցած հրաբխային ակտիվության բազմաթիվ վկայություններով՝ ինչպիսիք են խարամային կոները[13]։

 
Պուսուբուկիտ հրաբխային կոնը

Տոբա լիճը առաջացել է համանուն հսկայական հրաբխի ժայթքման հետևանքով, որը տեղի է ունեցել ուշ պլեյստոցենում՝ 72 500-75 900 տարի առաջ[14]։ Ժայթքած նյութերի ծավալը հասել է 2800 կմ³[15][16], իսկ մթնոլորտ կարող էր արտանետված լինել մինչև 10 միլիարդ տոննա ծծմբական թթու[17] կամ 6 միլիարդ տոննա ծծմբի օքսիդ (IV)[18]: Հրաբխի ժայթքման արդյունքում, որը դարձավ չորրորդականի հայտնի ամենամեծ ժայթքումը[19], ձևավորվել է հրաբխային տուֆի շերտ, որն անվանվել է Տոբայի երիտասարդ տուֆ։ Այս նստվածքները հայտնաբերվել են Հարավ-Չինական ծովում, Հնդկական օվկիանոսում և Հնդկաստանի տարածքում, որը ժայթքման տեղից հեռու է 4500 կմ[14]։ Այս ժայթքման հետևանքները հանդիսանում են գիտնականների բանավեճերի առարկան։ Գիտնականների մի մասը կարծում է, որ ժայթքման հետևանքով Երկրի կլիման որոշ ժամանակ գտնվել է հրաբխային ձմռան վիճակում, իսկ մարդկանց քանակը կանցներ «շշի բերանով»[20][21]։ Գիտնականների մյուս խումբը կարծում է, որ, չնայած ժայթքման հսկայական չափերին, հրաբխի ազդեցությունը կլիմայի վրա եղել է ավելի փոքր և մարդկանց լուրջ վնաս չի հասցվել[14][22][23]։

Ժայթքման հետևանքով ձևավորվել է հսկայական կալդերը, որը 1500 տարվա ընթացքում լցվել է ջրով՝ առաջացնելով Տոբա լիճը[11]։ Սամոսիր կղզու լճային նստավածքները, որը Ուլուան (ինդոն.՝ Semenanjung Uluan) թերակղզու հետ միասին հանդիսանում է մեկ կամ երկու ռեզուրգենտային գմբեթներից մեկը, ցույց են տալիս այն, որ կալդերայի հատակը՝ գլխավոր ժայթքման պահից հետո, ծայրահեղ դեպքում բարձրացել է 450 մետրով[12][19]։ Այսպիսով՝ վաղ շրջանում, Սամոսիր կղզին, որը ձևավորվել կալդերայի նյութերից և լճային նստվածքներից, ամբողջությամբ ծածկվել է Տոբա լճի ջրերով[19]։ Ներկա դրությամբ կալդերան հրաբխային ակտիվություն չի ցուցաբերում, սակայն նրա ներսում տեղակայված են մի քանի հրաբխային գմբեթներ՝ ոչ մեծ ստրատոհրաբուխ Պուսուբուկիտը (ինդոն.՝ Pusubukit), որի հյուսիսային կողմում գտնվում են սոլֆատարներ[12], ինչպես նաև Տանդուկբենուա (ինդոն.՝ Tandukbenua) կոնը, որը տեղակայված է կալդերայի հյուսիսարևմտյան սահմանին։ Տանդուկբենուայի գործնականում ամբողջությամբ բուսազուրկ լինելը կարող է կապված լինել այն բանի հետ, որ կոնը ձևավորվել է ընդամենը մի քանի հարյուր տարի առաջ[24]։ Սրա հետ մեկտեղ Սամոսիր կղզու արևմտյան սահմանի երկայքով կան հիդրոթերմալ (ջրաջերմային) ազբյուրներ և ծծմբային տեռասաներ[19]։ Տոբա լճի տարածքում հզոր երկրաշարժեր են եղել 1892, 1916, 1920-1922 և 1987 թվականներին[12]։ 1987 թվականի երկրաշարժը, որի հիպոկենտրոնը 11 կմ խորության վրա է գտնվել, դարձել է 2 մարդու մահվան պատճառ և ժամանակավորապես կանգնեցրել է լճի շրջանում գտնվող ջրաջերմային աղբյուրների հոսքը[25]։ Տոբա լճի հրաբխատեկտոնական ծագման մասին առաջին անգամ հայտարարել է հոլանդացի երկրաբան Ռեյնաուտ վան Բեմմելենը՝ 1949 թվականին։ Հետագա դեպրեսիաների ձևավորումը բացատրվում էր հրաբխի գործունեության և խզվածքների ակտիվության համադրությամբ[5]։

Ափ, հատակի ռելիեֆ և կղզիներ խմբագրել

Տոբայի լճային գետահովիտը շրջապատված է խոշոր քարերով, որոնց բարձրությունը հասնում է 400-1200 մետրի։ Սրանք բաժանվում են ոչ մեծ հովիտներով[5]։ Ամենամեծ քարերը հանդիպում են լճի հյուսիսարևելյան մասում[8]։ Տոբայի ջրի մակարդակը հասնում է ծովի մակարդակից 904 մետր բարձրությանը[5]։ Լճի ընդհանուր մակերեսը՝ Սամոսիր և Պարդապուր (ինդոն.՝ Pulau Paradapur) կղզիների հետ միասին, կազմում է 1780 կմ²[26]։ 1939 թվականին տեղի ունեցան լճի խորության առաջին չափումներ, որոնք ցույց տվեցին 529 մետր խորություն։ 2003 թվականին էխոլոտով կատարված լճի հատակի ուսումնասիրությունները ցույց տվեցին 505 մետր արդյունք։ Ստացված արդյունքների՝ 24 մետրի տարբերությունը, բացատրվում է չափման մեթոդների տարբերությամբ, սակայն առավել ճշգրիտ է համարվում 2003 թվականին կատարված չափումների արդյունքները[5]։ Բացի սրանից՝ 2003 թվականի հետազոտությունների արդյունքները ցույց տվեցին, որ լճի հյուսիսային մասը ավելի խորն է քան համեմատաբար ծանծաղ հարավայինը։ Լճի հատակը շատ հատվածներում ունի ընդարձակ և հարթ տեղամասեր[5]։

Տոբան ունի երկու հիմնական կղզիներ. Սամոսիրն ունի 647 կմ², այս ցուցանիշը կղզին դարձնում է աշխարհի լճային կղզիներից չորրորդը մեծությամբ[27], և Պարդապուրը, որն ունի 7 կմ² մակերես[5]։ Սամոսիրն ունի սեփական ոչ մեծ լճակ՝ Սիդիխոնին (ինդոն.՝ Danau Sidihoni)[28]: Կղզին ունի նաև տաք աղբյուրներ և ջրվեժներ, որոնք չորային սեզոնին մեծ մասամբ դադարում են հոսել[29]։ Մինչև 1906 թվականը Սամոսիրը եղել է թերակղզի, մինչև Նիդերլանդների Օստ Ինդիայի կառավարության կողմից թերակղզին ցամաքի հետ կապող պարանոցով ջրանցքի կառուցումը, որը առանձնացրեց Սամոսիրի տարածքը Տոբայի ափերից[30]։ Ջրանցքի անընդհատ տիղմ լցվելու հետևանքով Սամոսիրը հնարավոր է, որ նորից վերածվի թերակղզու[30]։

Ավազան և ջրագրություն խմբագրել

Տոբայի ջրհավաք ավազանի ընդհանուր մակերեսը՝ լճի մակերեսի հետ միասին, կազմում է 3658 կմ²[5]։ Ջրհավաք ավազանի տարածքի մեծ մասը զաբաղեցնում են բլրապատ ու լեռնային ռելիեֆը, որտեղ կան 2000 մ բարձրություն ունեցող գագաթներ։ Լիճ են թափվում 202 գետեր և առվակներ, որոնցից 70 են համարվում մշտական հոսք ունեցող[6]։ Լճից դեպի Մալակկայի նեղուց ջրի հոսքը տեղի է ունենում Ասախան գետի միջոցով[10], որը հատում է զառիվայր լանջերով սարահարթը հարավարևելյան կողմից[26]։ Միջինը ջրի ծախսը կազմում է 102 մ³/վրկ[5]։

Ջրի մակարդակի տարեկան բնական առավելագույն տատանումները կազմում է մոտավորապես 1,5 մետր, սակայն տեխնածին գործոնների հետ կապված այս ցուցանիշը կարող է աճել։ Այսպես՝ 1980-ական թվականներին գրանցվել է լճի ջրի մակարդակի 2,5 մ նվազեցում, որը պայմանավորված էր մի շարք ջրատեխնիկակն (հիդրոտեխնիկական) կառույցների աշխատանքով[5]։ Լճի մակերևույթին ջրի ջերմաստիճանը կազմում է 24,0 °C-ից 27,6 °C[5]: Մինչև 300 մետր խորությունները ջրի ջերմային ուղղահայաց բաշխումը ծայրահեղ միասեռ է[26]։ 1979 թվականի չափումների համաձայն՝ Տոբա լճի ջրի ջրածնային ցուցիչը տարբեր հատվածներում կազմում է 7,0-ից 8,4 մգ/լ, թթվածնի պարունակությունը տատանվում է 6,7-ից մինչև 9,3 մգ/լ, թթվածնի քիմիական պարունկությունը 1,24-ից 2,80 մգ/լ, ջրում ֆոսֆորի պաարունակությունը հասնում է 0,31-ից 0,66 մգ/լ-ի, քլորինը՝ 8,3-ից 11,8 մգ/լ[26]։ 1994 թվականի չափումների արդյունքները ցույց տվեցին, որ ջրում թթվածնի կենսաբանական պարունակությունը կազմում է 28,0 մգ/լ, երբ նորման համարվում է 5,0 մգ/լ, իսկ 2010 թվականին այն կարող էր աճել մեկուկես նգամ[5]։ Հետազոտությունների համաձայն ջրի հոսքը դեպի լիճ գնալով նվզում է. 1920-1932 թվականներին այն կազմել է 110 մ³/վ, իսկ 1957-1975 թվականներին այս ցուցանիշը իջավ մինչև 104,4 մ³/վ, 1976-1988 թվականներին հասվ 90 մ³/վ[6]։ Մեկ օրվա ընթացքում ջրի մակերևույթից տեղի ունեցող գոլորշիացմն քանակը տատանվում է 3,5-5,5 մմ-ի սահմաններում[5]։

Կլիմա խմբագրել

Տոբա լիճը գտնվում է հասարակծային կլիմայակն գոտում, որը բնութգրվում է միջին ամսական ջերմաստիճանների աննշան տատանումներով և մեծ խոնավությմբ։ Լճի տարածքում արևի ճառգայթման օրական միջին ցուցնիշը կազմում է 15 ՄՋ/մ² (մոտավորպես 4,36 կՎտ⋅ժ/մ²)։ Քամու արագությունը ապրիլ ամսին կարող է հասնել 4 մ/վ, հունիսից հոկտեմբեր 8,8 մ/վ, որոնք առաջացնում են 1,8 մետր բարձրությամբ ալիքներ[5]։

Տնտեսական նշանակություն խմբագրել

Աշխարհագրական դիրքի և տնտեսական պոտենցիալի շնորհիվ Տոբա լիճը և իր շրջակա տարածքները ունեն ոչ միայն տեղական տնտեսության մեջ մեծ նշանակություն, այլ նաև ամբողջ Ինդոնեզիայի տնտեսության մեջ։ Լճի ավազանի ամբողջ տարածքում տեղակայված են՝ 5 շրջանների մեջ մտնող, 366 գյուղեր և քաղաքներ, որոնք ընդհանուր վերցրած ունեն 590 հազար բնակիչ[5]։ Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, որը տեղի տնտեսության համակարգում 64 % է կազմում[6]։ Լճի ջրհավաք ավազանի ավելի քան 41 հազար հեկտարը զբաղեցնում են բրնձի դաշտերը, որոնք ամեն տարի տալիս են 250 հազար տոննա բերք։ Տնտեսության մեջ մեծ տեղ է զբաղեցնում նաև սուրճի մշակումը. հետազոտությունների համաձայն սուրճի աճեցումը աշխատատեղ է ապահավում, այս տարածքներում ապրող, 27 հազար ընտանիքի համար[5]։ Այստեղ զբաղվում են նաև այլ մշակաբույսերի աճեցմամբ՝ բաթաթ, եգիպտացորեն, տարբեր բանջարեղեններ, դարչին, մեխակ, ֆիլիպինյան կանարիում, ինչպես նաև կոկոսյան արմավենի[26]։ Անասնապահությունը՝ հատկապես խոզաբուծությունն ու խոշոր եղջերավոր կենդանիների բուծումը, հանդիսանում են գյուղատնտեսության երկրորդական ճյուղը[5]։

Լճի շրջանում՝ գյուղատնտեսության, հաջորդ զարգացած ճյուղը ձկնորսությունն է։ Լճում իրականացվում է ձկնորսություն, ինչպես նաև ձկնաբուծություն։ Տաբա լճից տարեկան որսում են 1500 տոննա ձուկ, ընդորում 1996 թվականից սկասած որսված ձկան քանակը զգալի նվազել է։ Այս նվազեցումը պայմանավորված է լճում գիշատիչ ձկների թվի ավելացման, ինչպես նաև ձկների ընդհանուր բնական կերակրման նվազեցման հետ[5]։ Լճում հիմնական արդյունաբերական նշանակություն ունեցող ձկներն են՝ ծածանը, տիլյապին, պունտիուսը, լոքոն և օձագլուխը։ Լճում ձկնորսությամբ զբաղվում են տեղացիները, ինչպես նաև արտերկրյա ընկերությունները։ Տոբայի ջրատնտեսության արտադրած մթերքի ընդհանուր ծավալը կազմում է մոտավորապես 76 հազար տոննա[31]։ Ձկնարդյունաբերական տնտեսությունների առավել մեծ քանակ է նկատվում Հարանգաոլ (ինդոն.՝ Teluk Haranggaol) ծոցի հատվածում[7]։ Այս ճյուղը մեծ վնաս է հասցնում լճի ջրի որակին. ընկերությունների գործունեության և ձկների համար օգտագործվող արհեստական կերը մեծացնում են ջրում օտարածին նյութերի խտությունը, լճի ինքնամաքրման հնարավորությունը չի բավարարում, ինչը բերում է Տոբայի աղտոտմանը[7]։

Լճից սկիզբ առնող Ասախան գետի վրա 1980-ական թվականներին կառուցվել են հիդրոտեխնիկական կառույցներ, որոնք պետք է էլեկտրականությամբ ապահովեն Հյուսիսային Սումատրայի առավել քիչ զարգացած շրջաններին։ Բացի սրանից՝ 1984 թվականին, Ասախանի գետաբերանում կառուցվեց ալյումինի գործարան[10]։ Տոբայի շրջակայքի անտառները սկսեցին օգտագործվել 1985 թվականից սկսած, երբ Սոսորլադանգ (ինդոն.՝ Sosorladang) գյուղում կառուցվեց, արհեստական մետաքս արտադրելու հնարավորություն ունեցող, ցելյուլոզայի գործարան[5]։ Սակայն գործարանի առաջացրած էկոլոգիական խնդիրների հետ կապված (այդ թվում լճի մակարդակի նվազեցման հետ կապված) եղան ապստամբություններ, որի հետևանքով գործարանը փակվեց[8]։

Էկոլոգիական վիճակ խմբագրել

Տեղի բնակչության խոսքերով՝ Տոբայի որոշ հատվածներում, ջուրը պիտանի չէ խմելու և լողանալու համար[31]։ 2014 թվականի հետազոտությունները լիճը գնահատեցին Էվտրոֆիկացիայի ենթարկվող, այսինքն այն պարունակում է մեծ քանակությամբ ազոտ և ֆոսֆոր, որը բերում է ջրի ծաղկմանը[32]։ Բացի սրանից պարզվեց նաև, որ ջրի մեջ ֆոսֆորի պարունակությունը, 2012 թվականի համեմատությամբ աճել է 3 անգամ[31]։ Այս խնդիրներն առաջացան առաջին հերթին ձկնաբուծական տնտեսությունների չկառավարվող աճի պատճառով, ինչպես նաև կենցաղային ջրերով, կոյուղաջրերով և գյուղատնտեսական թափոններով լճի ջրի աղտոտման հետևանքով։ Այս ամենը միասին վերցրած խոչընդոտում են լճի ինքնավերականգնմանը և նախկին՝ օլիգոտրոֆ վիճակին վերադառնալուն, երբ ջուրը հարուստ է լինում թթվածնով և ունենում է կերակրային մասնիկների քիչ պարունակություն[31]։ Կեսաբանական տեսանկյունից այստեղի էկոհամակարգին վնաս են հասցնում ախտածին մանրէները, որոնք բազմանում են ձկնաբուծական տնտեսությունների գործունեության հետևանքով, և տարբեր ձկնատեսակների տարաբնակեցման հետևանքով[5]։

2014 թվականին Ինդոնեզիայի կառավարությունը հայտարարեց լճի ձկնաբուծական տնտեսությունների կրճատման մտադրության և լճի էկոլոգիական վիճակի բարելավման մասին։ Սրա նպատակն էր այստեղ զբոսաշրջության զարգացումը, որը շրջակա միջավայրի վատ վիճակի և քաղաքական անկայունության հետևանքով գործնականում դադարեցվել էր[31]։ Սպասարքավորվեցին բազմաթիվ ձկնային վանդակներ, մնացած ձկնարդյունաբերողները պետք է վերանայեին իրենց տնտեսական գործունեության մեթոդները, բացի սրանից, ձկնաբուծությամբ զբաղվողները գնեցին մաքրման հատուկ համակարգեր[31]։ Այնուամենայնիվ 2016 թվականի մայիսին՝ թթվածնի պակասի հետևանքով, Խարանգաոլ ծոցում 1500 տոննա ձուկ սատկեց։ Գիտնականները այս երևույթը կապեցի լճում՝ աղտոտող նյութերի, կուտակման, անբարենպաստ եղանակային պայմանների և տեղի ձկնաբուծական տնտեսությունների ոչ ճիշտ գործունեության մեթոդների հետ[31]։ Այս բոլոր դեպքերը բերեցին զգալի տնտեսական խնդիրների և տեղացիների վնասների։ Ձկների զանգվածային սատկելը առաջինն էր 2004 թվականից այս կողմ, երբ հերպեսվիրուս 3 տեսակի հիվանդության պատճառով լճում սակեցին կարպ տեսակի ձկների մեծ մասը[31]։

Տոբա լճի շրջակա միջավայրի մյուս խնդիրների կողքին կան նաև հետևյալները՝ հողագործության մեջ օգտագործվող հողի հարստացուցիչները և սիլիտրան, անտառահատումները, և աղբի այրումը, որը շատ անգամ բերումը անտառային հրդեհների։ Էկոլոգիային մեծ վնաս է հասցրել փակ ցելյուլոզի գործարանը։ 1993 թվականին, գործարանից թունավոր նյութերի արտահոսքի պատճառով, լճի շրջակայքի գյուղերից 5000 մարդ ստիպված եղան լքել իրենց տները[5]։ Ասախան գետի վրա գտնվող խոշոր ջրաէլեկտրակայանի, որը ապահովում էր էներգիայով ալյումինի գործարանը, գործունեության արդյունքում Տոբա լճի մակարդակը 2002 թվականին նվազեց մինչև կրիտիկական չափի։ Սրա հետևանքով ջրաէլեկտրակայանը և ալյումինի գործարանը ստիպված եղան նվազեցնել իրենց հզորությունը, որը գործարանի սեփականատիրոջ խոսքերով բերում է մեծ վնասների[5]։

Բնակչություն և զբոսաշրջություն խմբագրել

Առաջին եվրոպացին, ով թողել է լիճ այցելելու մասին փաստաթղթային հիշատակում, եղել է հոլանդացի լեզվաբան Հերման Նոյբրոններ վան դեր Տուկը։ Նա նկատել է լիճը 1847 թվականին[8]։ 1887 թվականի կազմվեց լճի շրջակայքի առաջին տեղագրական (տոպոգրաֆիական) քարտեզը[5]։ Տոբայի շրջակա տարածքների՝, հոլանդացիների կողմից գաղութացումը տեղացիների հետ պարտիզանական կռիվների պատճառ դարձավ, մասնավորապես բատակների ազգի ցեղերի հետ, որը շարունակվեց մինչև 1907 թվականը[33]։ Բատակին Ինդոնեզիական ազգերից մեկն է, որոնց թիվը ներկա պահին գերազանցում է 4 միլիոնը[34]։ Լճի ափամերձ հատվածում ապրող բատակների մեծ մասը հանդիսանում են քրիստոնյա բողոքականներ։ Բատակիների ավանդական տները իրենց բնորոշ կտուրներով և գունային գամմայով նկատվում են զբոսաշրջիկների և հետազոտողների կողմից[34]։ Բացի սրանից տեղացիները հայտնի են փորագրություններով նավակներ պատրաստելու ունակությամբ։ Նավակներն առաջ հանդիսանում էին Տոբա լճի շրջակայքում ապրող մարդկանց տեղաշարժի տրանսպորտի միակ միջոցը[33]։

Մեղմ եղանակը, յուրօրինակ բնությունը և տեղի մշակույթի պատմական ժառանգությունը դեպի Տոբա լիճ են գրավում էթնոտուրիզմի և էկոտուրիզմի սիրահարներին։ Լիճ այցելելու լավագույն շրջանը հանդիսանում է մայիսը, երբ եղանակը տաքանում է և վերջանում են ձմռանն այստեղ բնորոշ առատ տեղումները։ Սակայն զբոսաշրջիկների այցելլության առավելագույն քանակը լինում է հունվար-փետրվար ամիսներին, երբ տոնվում է չինական նոր տարին[35]։

Սամոսիր խմբագրել

Սամոսիրի կղզիների զբոսաշրջային առավել հայտնի տեղերից կարելի է առանձնացնել բատակիների առաջնորդ՝ Սիդաբուտարայի (ինդոն.՝ Sidabutar) դամբարանը, և Հուտարաջայում (ինդոն.՝ Hutaraja) գտնվող դամբարանը, ինչպես նաև Ամբարիտա (ինդոն.՝ Ambarita) գյուղի մոտ գտնվող բատակիների գյուղակի ավերակները[36]։ Սիմանինդոյում (ինդոն.՝ Simanindo) տեղակայված է Սիմալունգունի (ինդոն.՝ Raja Simalungun) վերականգնված նստավայրը, ինչպես նաև Բատակիների թանգարանը, որտեղ ամեն օր տեղի են ունենում ավանդական պարային ներկայացումներ[37]։ Կղզում է անցկացվում ամենամյա խամաճիկների փառատոնըէ Սիգալե Գալեն (ինդոն.՝ Sigale-gale)[38]: Սամոսիրում՝ Պանգուրուանա (ինդոն.՝ Panguruan) բնակավայրի մոտ, կան տաք աղբյուրներ, որոնք, սակայն ծծմբի վատ հոտի և շատ տաք լինելու պատճառով լողանալու համար պիտանի չեն[36]։ Սամոսիրը ընդհանուր առմամբ ունի բավականին զարգացած զբոսաշրջային համակարգ, որը հիմնականում կենտրոնացած է կղզու հյուսիսարևելյան ափին գտնվող Տուկ-Տուկ (ինդոն.՝ Tuk-Tuk) գյուղում[37]։

Սիպիսո Պիսո ջրվեժ խմբագրել

Սիպիսո Պիսո ջրվեժն ունի 120 մետր բարձրություն։ Այն գտնվում է Տոբայի հյուսիսային եզրին և հանդիսանում է Ինդոնեզիայի ամենաբարձր ջրվեժներից մեկը։ Այն ձևավորվել է փոքր ստորգետնյա գետից, որը հետո թափվում է լիճ[39]։

Պրապատ խմբագրել

Պրապատ քաղաքը տեղակայված է Տոբայի արևելյան ափին։ Այն հանդիսանում է տարածաշրջանի հիմնական տրանսպորտային հանգույցը, որը կապում է լիճը Մեդանում պրովինցիայի մայրաքաղաքի հետ[37] և ապահովում է Սամոսիրի հետ ուղիղ կապ[40][41]։ 1920-ական թվականներին Պրապատը (ինդոն.՝ Parapat) դարձավ կուրորտային բնակավայր։ Տներից շատերը պատկանում էին եվրոպացի պլանտատորներին (խոշոր կապիտալիստ-հողատերեր)։ 1948 թվականին քաղաքում են գտնվել Ինդոնեզիայի այդ ժամանակվա նախագահ Սուկարնոն և իր երկու զինակիցները՝ Մոհամեդ Հատան և Ագուս Սալիմը։ Այն տունը, որտեղ նրանք պահվում էին, այժմ բաց է ցուցադրության համար[42]։ Ներկա պահին Պրատապում զբոսաշրջիկները կարող են զբոսնել նավակներով, կանոեներով, կամ ջրային դահուկներով, զբաղվել ձկնորսությամբ, լողալ կամ գոլֆ խաղալ[43]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.indonesia-tourism.com/north-sumatra/toba_lake.html
  2. GEOnet Names Server — 2018.
  3. http://cosmopolitanfm.com/danau-toba-danau-indah-dengan-luas-lebih-dari-singapura/
  4. https://ragamwisata.com/pulau-samosir/
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 5,22 5,23 «Experience and Lessons Learned Brief for Lake Toba» (PDF) (անգլերեն). www.worldlakes.org. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «LakeNet — Toba (Danau Toba)» (անգլերեն). www.worldlakes.org. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Modeling the Aquaculture Carrying Capacity Of Lake Toba, North Sumatra, Indonesia» (PDF) (անգլերեն). www.edc.uri.edu. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 «ABOUT LAKE TOBA» (անգլերեն). www.sumatraecotourism.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  9. «Waste Water Management in Lake Toba» (PDF) (անգլերեն). www.worldlakes.org. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Lake Toba» (անգլերեն). britannica.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.(չաշխատող հղում)
  11. 11,0 11,1 «The Toba Caldera Complex» (PDF) (անգլերեն). geo.mtu.edu. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 «Toba, Sumatra, Indonesia» (անգլերեն). volcano.oregonstate.edu. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  13. 13,0 13,1 13,2 «The feeder system of the Toba supervolcano from the slab to the shallow reservoir» (անգլերեն). www.nature.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  14. 14,0 14,1 14,2 «Тоба не приложился к "бутылочному горлу" человечества...». antropogenez.ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  15. C. Oppenheimer Limited global change due to the largest known Quaternary eruption, Toba ≈74 kyr BP?(անգլ.) // Quaternary Science Reviews : журнал. — 2001. — Т. 21. — doi:10.1016/S0277-3791(01)00154-8
  16. «Supersized eruptions are all the rage!» (անգլերեն). USGS. 28 апреля 2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  17. C. Y. Huang, M. X. Zhao, C. C. Wang, G. J. Wei Cooling of the South China Sea by the Toba Eruption and correlation with other climate proxies ∼71,000 years ago(անգլ.) // Geophysical Research Letters : журнал. — 2001. — В. 20. — Т. 28. — С. 3915—3918. — doi:10.1029/2000GL006113 — Bibcode2001GeoRL..28.3915H
  18. A. Robock, C. M. Ammann, L. Oman, D. Shindell, S. Levis, G. Stenchikov Did the Toba volcanic eruption of ∼74 ka B.P. produce widespread glaciation?(անգլ.) // Journal of Geophysical Research : журнал. — 2009. — В. 20. — Т. 114. — doi:10.1029/2008JD011652 — Bibcode2009JGRD..11410107R
  19. 19,0 19,1 19,2 19,3 «Кальдера Тоба». Global Volcanism Program. Smithsonian Institution. Վերցված է 2016-11-17-ին..
  20. M. R. Rampino, S. Self Volcanic winter and accelerated glaciation following the Toba super-eruption(անգլ.) // Nature : журнал. — 1992. — Т. 359. — doi:10.1038/359050a0
  21. F. J. Gathorne-Hardy, W. E. H. Harcourt-Smith The super-eruption of Toba, did it cause a human bottleneck?(անգլ.) // Journal of Human Evolution : журнал. — 2003. — Т. 45. — doi:10.1016/S0047-2484(03)00105-2
  22. C. A. Chesner, J. F. Luhr A melt inclusion study of the Toba Tuffs, Sumatra, Indonesia(անգլ.) // Journal of Volcanology and Geothermal Research : журнал. — 2010. — Т. 197. — doi:10.1016/j.jvolgeores.2010.06.001
  23. «Toba super-volcano catastrophe idea 'dismissed'» (անգլերեն). www.bbc.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  24. «Toba volcano» (անգլերեն). VolcanoDiscovery.com.
  25. «Significant Earthquakes of the World». Геологическая служба США (USGS). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  26. 26,0 26,1 26,2 26,3 26,4 «Danau Toba (Lake Toba)». International Lake Environment Committee. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  27. «Largest Lake Islands of the World» (անգլերեն). worldislandinfo.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  28. «Lakes - Sumatra» (անգլերեն). www.sumatra-indonesia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  29. «Lake Toba - Sumatra» (անգլերեն). www.sumatra-indonesia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  30. 30,0 30,1 R.Cribb Historical Atlas of Indonesia. — Curzon Press, 2000. — 240 p. — ISBN 0-7007-0985-1
  31. 31,0 31,1 31,2 31,3 31,4 31,5 31,6 31,7 «Why did millions of fish turn up dead in Indonesia's giant Lake Toba?» (անգլերեն). news.mongabay.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  32. «PHYTOPLANKTON AND TROPHIC STATUS IN LAKE TOBA, NORTH SUMATRA» (անգլերեն). www.was.org. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  33. 33,0 33,1 «Самое большое вулканическое озеро». geosfera.org. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  34. 34,0 34,1 «Batak People». IndonesianMusic.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  35. «Lake Toba, Sumatra» (անգլերեն). allindonesiatravel.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  36. 36,0 36,1 «Things to Do at Lake Toba, Indonesia» (անգլերեն). goasia.about.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  37. 37,0 37,1 37,2 «Travel Guide to Danau Toba in Sumatra, Indonesia» (անգլերեն). goasia.about.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  38. БАМБУКОВЫЕ ШЕСТЫ "СИГАЛЕ-ГАЛЕ" // Вокруг света : журнал. — 1980. — Т. 2473. — № 2. — С. 68.
  39. «Sipiso-piso waterfall» (անգլերեն). www.indonesia-tourism.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  40. «Lake Toba: Batak culture and relaxing» (անգլերեն). www.adventure-travel-tales-and-tips.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  41. «Travel Guide for Lake Toba and Samosir Island in Sumatra» (անգլերեն). goasia.about.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  42. «Parapat - Sumatra» (անգլերեն). www.sumatra-indonesia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  43. «Lake Toba, Indonesia» (անգլերեն). www.lakelubbers.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոբա» հոդվածին։