Անտառային հրդեհներ, կրակի տարերայնորեն տարածումն անտառում, որի հետևանքով անտառը լրիվ կամ մասնակի ոչնչանում է։ Մեծ չափերի են հասնում խիտ և հատկապես ասեղնատերև անտառներում։ Առաջանում են բնական ճանապարհով (կայծակից, տորֆի ինքնաբռնկումից) և մարդու անզգուշությունից (ծխախոտից կամ ապակուց, որը կատարում է ոսպնյակի դեր)։ Անտառների հրդեհավտանգությունը պայմանավորված է տեղումների զգալի պակասով, որը բարձրացնում է օդի ջերմաստիճանը և նվազեցնում հարաբերական խոնավությունը։

Եղջերուները, կանգնած ջրում, փրկվում են անտառային հրդեհից, Մոնտանա նահանգ

Անտառային հրդեհների տեսակներ խմբագրել

Անտառային հրդեհները լինում են

  • գետնամերձ (կրակը տարածվում է հողի մակերևույթով՝ այրելով չոր խաշամը, մամռան խոտածածկույթները, երբեմն նաև ենթանտառը և մատղաշը),
  • սաղարթային (այրվում է նաև ծառերի սաղարթը),
  • ստորգետնյա (այրվում են տորֆն ու փտած խաշամը, հաճախ կրակը չի նկատվում)

Հրդեհների մարում խմբագրել

Գետնամերձ հրդեհները հանգցնում են կրակի վրա հող, ավազ լցնելով, հարվածելով կտրած ճյուղերով, սաղարթայինը՝ բնական կամ արհեստական հակահրդեհային խոչընդոտներով, քիմիական նյութերով, ստորգետնյան՝ որոշ հեռավորության վրա փորելով 1  Մ լայնության և տորֆի շերտի հաստության ակոսներ։

Անտառային հրդեհները լինում են նաև անցումային (մի տիպի հրդեհը փոխարինվում է մյուսով) և խառը (տարբեր տիպերը տարածվում են միաժամանակ)։

Անտառային հրդեհները մեծ վնաս են հասցնում տնտեսությանը, փչացնում են փայտանյութերը, նվազեցնում հողի բերրիությունը, ազդում ծառերի հետագա աճի և ծառուտների կազմի վրա, նպաստում վնասատուների տարածմանը և սանիտարահիգիենային վիճակի վատթարացմանը։

Հայաստանում հրդեհային անվտանգության միջոցառումներն իրականացնում է Հայանտառ կազմակերպությունը։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտառային հրդեհներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 444  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։