Տնտեսագիտական ինքնուրույն դպրոցներ

Տնտեսագիտական ինքնուրույն դպրոցներ, տնտեսագիտության տեսության զարգացման ուղղություններ։

Ադամ Սմիթի «Ազգերի հարստություն» գրքի առաջին էջը (1776 թվականի լոնդոնյան հրատարակությունը)

Հին աշխարհի մտածողները ձգտել են հասկանալ ու նկարագրել տնտեսական երևույթները։ Մ․թ․ա․ 5-րդ դարում Քսենոփոնը շրջանառության մեջ է դրել, իսկ հետագայում Արիստոտելի կողմից օգտագործվել է «օյկոնոմիա» բառը, որը նրանք բացատրել են որպես «տնային տնտեսությունը վարելու արվեստ»։ Նրանք տնային տնտեսությունը վարելու արվեստը չեն ուսումնասիրել որպես ինքնուրույն ոլորտ, այլ դիտարկել են հասարակության մասին գիտության համակարգում։

Տնտեսագիտության տեսության՝ որպես ինքնուրույն գիտության հանդես գալը կապված է Անտուան Մոնկրետիենի անվան հետ։ Այն տեղի է ունեցել 17-րդ դարում, երբ սկիզբ էր առել կապիտալիզմի տնտեսական համակարգը, ու աստիճանաբար ամբողջական պատկերացումներ էին ձևավորվում տնտեսական տարբեր երևույթների, մասնավոր սեփականության և այլնի մասին։ Քանի որ տնտեսական երևույթները անընդհատ զարգացման մեջ են գտնվել, ձևավորվել են տնտեսագիտության տեսության տարբեր ուղղություններ, որոնք իրենց ծագման ժամանակաշրջանի տնտեսական պայմանների արդյունք են։

Մերկանտիլիզմ խմբագրել

Մերկանտիլիզմը ձևավորվել է 16-17-րդ դարերում, երբ տեղի էր ունենում կապիտալի նախասկզբնական կուտակում և առևտրական կապիտալի ձևավորում։

Մերկանտիլիստերը («mercante» իտալերեն բառից, որը հայերեն նշանակում է «վաճառական») հասարակության հարստությունը նույնացրել են փողի հետ։ Ըստ նրանց՝ փողի ստացման աղբյուրը շրջանառության ոլորտն էր։

Մերկանտիլիստները հարուստ էին համարում այն երկիրը, որը մեծ դեր ուներ համաշխարհային առևտրում։ Նրանք տնտեսական զարգացման ու հարստության կուտակման սկզբունքները սահմանել են հետևյալ կերպ․

  1. Փողը դիտարկել են որպես հարստության համընդհանուր և բացարձակ ձև։ Հարուստ է համարվում այն երկիրը, որն ավելի շատ ոսկի ու արծաթ ունի։
  2. Հարստության կուտակման աղբյուր են համարել առևտուրը, հատկապես արտաքին առևտուրն ու թանկարժեք մետաղների արդյունահանումը։
  3. Ապրանքների վաճառքն ավելի շահավետ է, քան գնումը, քանի որ առաջինն օգուտ է բերում, իսկ երկրորդը՝ վնաս։ Հետևաբար պետք է շատ վաճառել և քիչ գնել։
  4. Հետազոտության հիմնական ոլորտը շրջանառությանն է, մասնավորապես՝ արտաքին առևտուրը, որի շնորհիվ, ըստ նրանց, ապահովվում է հարստության իրական մեծությունը։
  5. Այս բոլոր սկզբունքներին պետք է ավելացնել մերկանտիլիստների արտաքին առևտրի հովանավորման սկզբունքը։

Մերկանտիլիստները խորհուրդ են տվել արտահանվող ապրանքների գները սահմանել բարձր, որպեսզի ավելի շատ ոսկի և արծաթ ներկրվի երկիր, դրա հետ մեկտեղ սահմանափակել ապրանքների ներմուծումը։

Մերկանտիլիզմի հայտնի ներկայացուցիչներից են՝ Թոմաս Մենը, Ա․ Սերրան, Անտուան Մոնկրետիեն և Ժ․ Կոլբերը։

Մերկանտիլիսների տեսությունը սահմանափակ է, որովհետև նրանք հարստության միակ և բացառիկ ձևը համարել են միայն փողը, իսկ փողի աղբյուրը՝ միայն առևտրի ոլորտը։

Ֆիզիոկրատիզմ խմբագրել

Այս ուղղությունը սկսել է ձևավորվել 17-րդ դարի առաջին կեսերին, երբ կապիտալիզմը սկսել է զարգանալ հողագործության ոլորտում, իսկ գյուղատնտեսությունը կարևոր դեր էր խաղում տնտեսությունում։ Ֆիզիոկրատների ուսումնասիրության ոլորտը գյուղատնտեսական արտադրությունն էր։ Ֆիզիոկրատ եզրույթը հունարենից է վերցված և նշանակում է բնության իշխանություն։

Ֆիզիոկրատները քննադատում էին մերկանտիլիստներին և նրանց տեսակետը։ Նրանք պնդում էին, որ միայն գյուղատնտեսության մեջ զբաղված անձն է եկամուտ ստեղծում։ Նրանց կարծիքով հարուստ է այն երկիրը, որտեղ զարգացած է գյուղատնտեսությունը։

Այս ուղղության հայտնի ներկայացուցիչներից են Ֆրանսուա Քենեն և Անն Ռոբեր Ժակ Թյուրգոն։

Դասական տնտեսագիտություն խմբագրել

Տնտեսագիտության տեսության զարգացման մեջ իրենց ներդրումն են կատարել Վիլյամ Պետտին, Ադամ Սմիթը և Դավիդ Դիկարդոն։ Դասական տնտեսագիտությունը մերժել է նախորդ ուղղությունների տեսակետերը՝ հիմնավորելով, որ արժեք և հարստություն ստեղծվում են տնտեսության բոլոր ճյուղերում։ Դավիդ Ռիկարդոն նշում էր, որ արժեքի միակ աղբյուրն աշխատանքն է, և դա է տարբեր դասակարգերի եկամուտների (աշխատավարձ, շահույթ, տոկոս, ռենտա) աղբյուրը։

Մարքսիզմ կամ գիտական սոցիալիզմի տեսություն խմբագրել

Այս ուղղության նշանավոր ներկայացուցիչը Կարլ Մարքսն է։ Ֆրիդրիխ Էնգելսը Կարլ Մարքսի «Կապիտալը» աշխատությունը համարել է բանվոր դասակարգի ավետարանը։ Այդ աշխատության մեջ Մարքսը ներկայացրել է աշխատանքի երկակի բնույթը, արժեքի աղբյուր է համարել վերացական աշխատանքը, պարզաբանել է տնտեսական ճգնաժամերն ու դրանց առաջացման պատճառները, բացարձակ ռենտայի բովանդակությունը և այլն։ Մարքսի տեսության համաձայն մասնավոր սեփականությունը և կապիտալիզմն ունեն անցողիկ բնույթ։

Մարժինալիզմի դպրոց խմբագրել

Մարժինալիզմին բնորոշ է տնտեսագիտական վերլուծությունների հոգեբանացումը։ Նրանք առաջ են քաշել բարիքի արժևորման կամ գնահատման սահմանային օգտակարության տեսությունը՝ մերժելով արժեքի աշխատանքային տեսությունը։ Ըստ նրանց՝ մարդիք բարիք գնում են ոչ թե հաշվի առնելով, որ այն աշխատանքի արդյունք է, այլ նրանք գնահատում են բարիքի օգտակարությունը։

Մարժինալիզմ եզրույթը առաջացել է ֆրանսերեն «marginal» բառից, որը թարգմանաբար նշանակում է «սահմանային»։

Սահմանային տեսության ճանաչված ներկայացուցիչներից են՝ Կառլ Մենգերը, Ֆրիդրիխ ֆոն Վիզեսը, Օյգեն (Եվգենի) Ֆոն Բեն-Բավերկը (ավստրիական դպրոց) և անգլիացի տնտեսագետ Ուիլյամ Ստենլի Ջևոնսը։

Ավստրիական դպրոցի ներկայացուցիչները ապրանքի գինը համարել են գնորդի ու վաճառողի սուբյեկտիվ գնահատական։ Բեն-Բավերկը գնորդի սուբյեկտիվ գնահատումը համարել է գնի վերիվ սահման, իսկ վաճառողինը՝ ստորին։ Ըստ նրա՝ շուկայում գնորդների ու վաճառողների միջև առկա է մրցակցություն, որի շնորհիվ շուկայական գինը տատանվում է վերին և ստորին սահմանների միջև։ Այդ ամենի արդյունքում անհատական սահմանային օգտակարությունը վերածվում է հասարակական սահմանային օգտակարության։

Նորդասական ուղղություն խմբագրել

Դասական դպրոցի ներկայացուցիչները հետազոտություններ են կատարել միկրոմակարդակում, այսինքն ուսումնասիրել են առանձին ֆիրմաները (շուկայի առանձին սուբյեկտները)։ 19-րդ դարի երկրորդ կեսից տնտեսագետները մեծ ուշադրություն սկսեցին դարձնել սահմանափակ ռեսուրսների բաշխման ու օգտագործման խնդիրներին։ Արդյունքում շրջանառության մեջ դրվեց «էկոնոմիկա» հասկացությունը, որը եկավ փոխարինելու «քաղաքատնտեսությանը»։ Էկոնոմիկա հասկացությունը առաջին անգամ շրջանառության մեջ է դրել Ալֆրեդ Մարշալը (նորդասական դպրոցի հիմնադիրը) իր «Տնտեսագիտության տեսության սկզբունքներ» աշխատության մեջ։ Ըստ Մարշալի՝ տնտեսագիտության խնդիրը պետք է լինի սահմանափապ ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, բարիքների արտադրության, բաշխման ու սպառման ընթացքում մարդկանց վարքագծի ընդհանրացված հետազոտությունը։ Մարշալը կարծում է, որ կենսամակարդակի մաքսիմալացմանը կարելի է հասնել ազատ շուկայի ու մրցակցության միջոցով հավասարակշռվածություն ապահովելու դեպքում։

Նորդասական դպրոցի հիմնադիր Ալֆրեդ Մարշալի գաղափարակիցներից էին Արթուր Պիգուն, Լեոն Վալրասը, Վիլֆրեդո Պարետոն և ալյք։

Նրանք մերժում էին պետության միջամտությունը տնտեսությանը՝ ընդունելով տնտեսությունն ազատ մրցակցային շուկայի միջոցով կարգավորելու ու հավասարակշռության ապահովելու գաղափարը։

Քեյնսականություն խմբագրել

20-րդ դարի առաջին կեսին, երբ համաշխարհային տնտեսությունը հայտնվել է Մեծ ճգնաժամի մեջ, տնտեսագիտության մեջ ձևավորվեց նոր ուղղություն՝ քեյնսականություն, որի հիմնադիրն է անգլիացի նշանավոր տնտեսագետ Ջոն Մեյնարդ Քեյնսը։ Նա իր «Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսություն» աշխատության մեջ տնտեսագիտական հետազոտության գլխավոր օբյեկտ է համարել մակրոտնտեսական հիմնախնդիրները, քանի որ այդ ժամանակ ճգնաժամն ընդգրկել էր զարգացած երկրների տնտեսությունները գրեթե ամբողջությամբ։

Քեյնս առաջադրել է այն ելակետային դրույթը, ըստ որի՝ տնտեսության շարժիչ ուժը պահանջարկն է, այն էլ արդյունավետ պահանջարկը, որը ձևավորելու ու խթանելու համար պետք է կենտրոնանալ հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականությունների վրա։

Քեյնսը, ներկայացնելով շուկայի ձախողումները, հիմնավորեց պետության դերը տնտեսության կարգավորման ու զարգացման գործում։ Քեյնսյան տեսությունը զարգացրել են Փոլ Սամուելսոնը և Ջոն Հիկսը։

Քեյնսի տեսության քննադատությամբ հանդես են եկել մոնետարիստները, ապա՝ նորդասականները։

Մոնետարիզմ խմբագրել

Մոնետարիզմի հիմնադիրները հասարակության տնտեսական զարգացման հիմնական գործիքը համարել են փողն ու դրա շրջանառությունը։ Քանի որ փողի էմիսիայի ու շրջանառության կազմակերպումը վերապահված է պետությանը, մոնետարիստները պնդում էին, որ դրամավարկային քաղաքականության միջոցով պետությունը պետք է իրականացնի տնտեսության կարգավորումը։

Մոնետարիզմի ամենաճանաչված ներկայացուցիչը Միլթոն Ֆրիդմենն է, որը պնդում էր, որ տնտեսական կյանքն առաջին հերթին կապված է փողի հետ և «պարում է նրա նվագի տակ»։

Ինստիտուցիոնալիզմ խմբագրել

Ինստիտուցիոնալիզմի ելակետային հիմնադրույթն այն է, որ մարդու գործունեությունը պետք է ուսումնասիրել ոչ միայն տնտեսությունում, այլ այն միջավայրում, որտեղ ապրում և գործում է, որին բնորոշ են նաև ավանդույթներ։ Իստիտուցիոնալիզմի ներկայացուցիչները «տնտեսական մարդ» մոդելի փոխարեն առաջադրեցին «սոցիալական մարդ» մոդելը։ Նրանք մարդու մեդելավորումը կատարեցին ոչ թե ելնելով միայն տնտեսական միջավայրից, այլ այն ընդհանուր միջավայրից, որում մարդը գործում է։

Ինստիտուցիոնալիզմի ներկայացուցիչներից են՝ Վեբլենը, Կոմսոնը, Հելբրայտը, Քոուզը, Ուիլյամսոնը և ալյք։

Աղբյուրներ խմբագրել

  • Կիրակոսյան Գ. Ե., Խլղաթյան Ի.Ե., Խչեյան Լ.Խ., Թավադյան Մ.Ն., Վարդանյան Ա.Ա., Գրիգորյան Ս.Ա., Հակոμյան Մ.Ն., Վարդանյան Կ.Ս. (2.6.2021). «Տնտեսագիտության տեսություն». Երևան: Տնտեսագետ. էջ 22-27. ISBN 978-99941-51-98-1.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)