Տոկոսադրույք, ֆինանսավարկային գործիքի եկամտաբերության ցուցիչ, որը պայմանագրով սահմանված ժամանակաշրջանում վճարված կամ ստացված տոկոսների և տրամադրված վարկերի կամ ավանդների գումարների հարաբերակցությունն է։ Այն բնութագրվում է ներգրավված կամ տրամադրված դրամական միջոցների նկատմամբ հատկացված տոկոսագումարների չափը։ Տոկոսադրույքը արտահայտվում է հետևյալ նշանով՝ «%», և հաշվարկներ կատարելիս բազմապատկվում է 100-ով։

Օրինակ, առևտրային բանկը վարկ է տրամադրում իր հաճախորդին 10.000.000 դրամի չափով և ըստ պայմանագրի՝ նրանից ակընկալում է 1.200.000 դրամ տոկոսային եկամուտ։ Այս դեպքում տարեկան տոկոսադրույքը կկազմի (1.2/10) x 100% = 12%:

Լողացող տոկոսադրույք

խմբագրել

Բանկային այս տերմինն ունի երկու իմաստ`

  1. այն որոշ պարտատոմսերի, ավանդային սերտիֆիկատների և այլնի տոկոսադրույքն է, որը փոխվում է շուկայական տոկոսադրույքին զուգընթաց և հիմնված է բազային տոկոսադրույքի վրա,
  2. երկարաժամկետ և միջնաժամկետ վարկերի տոկոսադրույքն է, որի չափը չի ամրագրվում վարկի ամբողջ ժամկետի ընթացքում, այլ պարբերաբար վերանայվում է՝ կախված վարկային շուկայում ձևավորված իրադրության, այսինքն՝ պարտատիրոջ և փոխառուի կողմից փոխհամաձայնեցված ժամանակաշրջանում, օրինակ՝ ամիսը, եռամսյակը մեկ անգամ։

Հաշվարկային տոկոսադրույք

խմբագրել

Բանկային այս տերմինը նույնպես ունի երկու իմաստ`

  1. տոկոսադրույք, որով առևտրային բանկերը դրամական շուկայում հաշվառում կամ զեղչում են մուրհակները։ Այն ունի հաշվարկման հետևյալ բանաձևը՝ զեղչի գումար = մուրհակի գումար x զեղչատոկոս x մարմանը մնացած օրերի թիվ։
  2. տոկոսադրույք, որով կենտրոնական բանկը պատրաստ է հաշվառել կամ վերահաշվառել առաջնակարգ մուրհակները կամ վարկեր տրամադրել առևտրային բանկերին։ Այս գործողությունը նպաստում է դրամավարկային կարգավորման գործընթացին։

Միջբանկային տոկոսադրույք

խմբագրել

Այն իրենից ներկայացնում է տոկոսադրույք, որով հաշվարկային պալատի անդամները գնում կամ ներկայացնում են ԱՄՆ դոլար գնելու հայտ ոչ թե տարբեր ֆինանսական հաստատություններից անմիջապես մատակարարումով, այլ արժույթների հետ փոխանակելու նպատակով։

Շուկայական տոկոսադրույք

խմբագրել

Տոկոսադրույքի այս տեսակը ունի երկու իմաստ՝

  1. տոկոսադրույք, որը որոշվում է շուկայի այն մասնակիցների կանոնավոր գնումների հիման վրա, որոնք մասնակցում են իրական գործարքներին,
  2. տոկոսադրույք, որը ֆիրման վճարում է՝ միջոցների փոխառության նպատակով։

Վարկային տոկոսադրույք

խմբագրել

Տոկոսադրույքի այս տեսակը հանդիսանում է որոշակի ժամկետով տրամադրվող վարկի օգտագործման համար հաճախորդի կողմից բանկին վճարվող հաշվարկային գինը։ Վարկային տոկոսադրույքի դասակարգման հիմքում դրված են՝ վարկի տեսակները, վարկային կազմակերպությունները, վարկի ժամկետները, վարկի օգտագործման ուղղությունները, գործառնությունների տեսակները, տոկոսադրույքի հաշվարկման ձևերը։

Գրականություն

խմբագրել
  • Լ․Հ․ Բադանյան, Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, Երևան 2003թ․։ ISBN 99930-2-773-1
  • Ա․Հ․ Բայադյան, ֆինանսա-վիճակագրական բացատրական բառարան, Երևան, «Լիմուշ» հրատարակչություն 2008թ․։ ISBN 978-9939-805-14-6
  • Ռ․Ա․ Թովմասյան, Տնտեսագիտության տեսություն, Հարցեր և պատասխաններ, Երրորդ լրացված, վերամշակված հրատարակություն, Երևան, «Աստղիկ գրատուն» հրատարակչություն 2007թ․։ ISBN 99941-51-12-6