Տենգվար[1], արհեստական գրային համակարգ, որը ստեղծել է Ջոն Թոլքինը՝ իր կողմից ստեղծված էլֆական լեզուների համար։ Համաձայն Թոլքինի՝ այս գրային համակարգը ստեղծել է Ֆեանոր էլֆը և օգտագործել է այն գրի առնելու վալարին հրեշտակային լեզուն, ինչպես նաև քուենյան և թելերինը։ Հետագայում Միջերկրի մեծաքանակ լեզուներն օգտագործում էին տենգվարը որպես իրենց գրային համակարգ։ Այդպիսի լեզուներից է սինդարինը։ Թոլքինն օգտագործում էր տենգվարը, որպեսզի գրառի անգլերենը. Թոլքինի կողմից ներկայացված տենգվարով օրինակների մեծ մասն իրականում անգլերեն է։

Տենգվար
Տեսակմտացածին գրահամակարգ, featural writing system?, աբուգիդա, այբուբեն, արհեստական գրային համակարգ և միատառ այբուբեն
Լեզուներկվենյա, գինդարին, սև բառբար
Ստեղծման վայրԱման
ՏարածքԱման, Միջներկիր
Գրելաձևըձախից աջ
Ստեղծվել էծարերի դարաշրջան
ՀեղինակFëanor? և Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին
Մասն էտենգվար և կիրթ
Ժառանգված համակարգSarati?
Հորինած տիեզերքիցՏոլկինի լեգենդարիում
ISO 15924Teng
 Tengwar Վիքիպահեստում

Հորինված պատմություն և եզրաբանություն խմբագրել

 
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի առաջին հոդվածը անգլերենով՝ գրված տենգվարով

Համաձայն «Թանկարժեք քարերի պատերազմի» («Քուենդի և Էլդար»-ի Հավելված Դ-ն)՝ Ֆեանորը, երբ ստեղծեց իր գիրը, եզրաբանության մեջ փոփոխություններ մտցրեց։ Տառը, այսինքն բանավոր խոսքի տարրական միավորը, նա անվանեց տենգվա։ Մինչ այդ, ամեն տառ կամ նշան կոչվում էր սարատ (*sar՝ քերթվածք բառից)։ Վալինորցի Ռումիլի այբուբենը, որի վրա մեծապես հիմնել էր իր աշխատանքը Ֆեանորը, կոչվում էր սարատի։ Այն հետագայում հայտնի դարձավ որպես «Ռումիլի տենգվար»։ Տենգվա բառի հոգնակին տենգվարն էր, և հենց այդ անունն էլ Ֆեանորի այբուբենն ստացավ։ Սակայն, քանի որ տենգվարի տեսակների մեծ մասում տենգվան մեկ բաղաձայն նիշն էր, տենգվարն էլ հայտնի դարձավ որպես բաղաձայնների համակարգ, մինչ ձայնավորները կոչվեցին օմոթեհթար։

Պատմություն խմբագրել

Նախնիները խմբագրել

Սարատին, որը Թոլքինը ստեղծել էր 1910-ականներին և նկարագրել Պարմա Էլդալամերոն 13-ում, հանդիսանում է տենգվարի մի անմշակ նախատիպ. այն նույնպես ձայավորները ներկայացնում էր կետադրական նշանների միջոցով, ինչպես նաև նմանություններ ուներ տենգվարի գրերի հետ։

Տենգվարին ավելի մոտ էր վալմարական գիրը, որն առկա էր Պարմա Էլդամերոն 14-ում, որը Թոլքինն օգտագործում էր 1922 թվականից 1925 թվականն ընկած ժամանակահատվածում։ Այն արտաքինից շատ է նման տենգվարից, դրա -ա- նշանը նույնն է, ինչ տենգվարի որոշ տարբերակներում։

Ջիմ Ալլանը (Էլֆերենի Ներածություն, ISBN 0-905220-10-2) համեմեատում է տենգվարը Ֆրենսիս Լոդվիքի Համընդհանուր այբուբենի հետ, որոնց միջև նա գտնում է բազմաթիվ նմանություններ թե՛ հնչյունաբանությունում, թե՛ տառերի և հնչյունների համապատասխանությունում, թե՛ տառերի դիզայնով։

Տենգվար խմբագրել

 
Համիշխանության մատանու գրվածքը՝ գրված Մորդորի Սև խոսվածքով, օգտագործելով տենգվարը

Տենգվարն ամենայն հավանականությամբ զարգացվել է 1920-ականների վերջին կամ 1930-ականների սկզբին։ «Միայնակ լեռան անոթի գրվածքը», որը տենգվարով առաջին տպագիր գրությունն է, տպվել է 1937 թվականին։ Տենգվարի ամբողջական նկարագրությունը տպագրվել է 1955 թվականին՝ «Մատանիների տիրակալի» Հավելված Ե-ում։

Տառեր խմբագրել

 
Տենգվարի աղյուսակը՝ ամեն տենգվայի անվանումով

Տենգվարի տառերի կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ դրանց ձևը ցույց է տալիս դրանց հնչողությունը։ Քուենյայի բաղաձայնային համակարգն ըստ արտաբերման տեղի բաժանվում է 5 տեսակների՝ շրթնային, ատամնային, քմային, ենտալեզվային և կոկորդային։ Ետնալեզվայինները բաժանվում են պարզ և շրթնայնացված ետնալեզվայինների։ Յուրաքանչյուր արտաբերական կետ և դրան համապատասխանող տենգվաների շարքն ունի իր անունը դասական քուենյա տարբերակում։ Ատամնային հնչյունները կոչվում են տինկոտեմա և քուենյայում ներկայացված են առաջին սյունակում։ Շրթնային հնչյունները կոչվում են պարմատեմա և ներկայացված են տենգվարի երկրորդ սյունակում, ետնալեզվայինները կոչվում են կալմատեմա և ներկայացված են չորրորդ սյունակում, իսկ շրթնայնացվածները կոչվում են քուեսսատեմա և ներկայացված են չորրորդ սյունակում։ Քմային հնչյունները կոչվում են տյելպատեմա և չունեն իրենց սեփական տենգվաները, սակայն ներկայացված են երրորդ սյունակում՝ համապատասխան կետադրական նշանով։

Միանման տառերը ոչ միայն միանման արտաբերում ունեն, այլև հնչողության ձևի նմանություն. դասական քուենյա տարբերակում առաջին տողը ներկայացնում է խուլ պայթականները, երկրորդ տողը ներկայացնում է նախաքթային պայթականները, երրորդ տողում են խուլ շփականները, խուլ նախաքթային պայթականները, հինգերորդ տողում՝ քթային պայթականները, իսկ վեցերորդ տողը ներառում է ապպրոքսիմանտները[2]։

Տառերի կազմումը խմբագրել

Տառերի մեծ մասը ստացվում է երկու պարզ մասնիկների համադրմամբ՝ ուղղահայաց գծիկ և կլորացված աղեղ(ներ) (որոնք կարող են լինել կամ չլինել ընդգծված և կարող են լինել գծիկի աջ կամ ձախ կողմերում)։

Հիմնական տառերը բաժանված են չորս տեսակների՝ տեմաների, որոնք համապատասխանում են տվյալ բաղաձայնի արտաբերմանը՝ վեց աստիճաններով, որոնք կոչվում են տյելլեր ու համապատասխանում են հնչողության ձևին։ Երկուսն էլ, կախված տեսակից, փոխվում են։ Ամեն խմբի սկզբում մի հասարակ նշան է՝ ուղղահայաց գծիկով և մեկ աղեղով։ Այդ տենգվաները ցույց են տալիս տվյալ շարքի խուլ պայթական բաղաձայնները։ Դասական քուենյա տարբերակում դրանք են /t/-ն, /p/-ն, /k/-ն և /kʷ/-ն, իսկ շարքերը կոչվում են տինկոտեմա, պարմատեմա, կալմատեմա և քուեսսատեմա, որտեղ տեմա բառը նշանակում է շարք քուենյայում։

Հիմնական կիրառման տողերում հնչողության ձևի և տառերի ձևի միջև համապատասխանությունները կարգավորում են հետևյալ կանոններով.

  1. Աղեղը կրկնապատկելը խուլ բաղաձայնը դարձնում է ձայնեղ,
  2. գծիկը գծից բարձրացնելը դարձնում է այն համապատասխան շփականի։
  3. գծիկը կարճացնելն այնպես, որ այն դառնա աղեղի մակարդակի, ստեղծում է համապատասխան քթայինը. տեսակների մեծ մասում կարճ գծիկով և մեկ աղեղով նշանները չեն համապատասխանում խուլ քթայիններին, այլ ապպրոքիմանտներին։

Որպես հավելում այս տարբերակումներին, կա նաև այլ տարբերակում՝ այն գծիկների կիիրառությունը, որոնք ձգվում են թե՛ գծից ներքև, թե՛ վերև։ Այս ձևը կարող է համապատասխանել այլ բաղաձայնային տարբերակումների։ Բացառությամբ որոշ անգլերեն հապավումների՝ այն բացակայում է տենգվարի հայտնի տեսակների մեծ մասում, սակայն հանդիպում է քուենյա տարբերակում, որտեղ պարմա տենգվան՝ երկարացված գծիկով, օգտագործվում է նշանակելու համար /pt/-ն, իսկ երկարացված գծիկով կալմա տենգվան՝ /kt/-ն[3]։ Բարձրացված գծիկով տնեգվաները հաճախ հանդիպում են գլիֆային տարբերակներում և նման են երկարացված նշանների, ինչպես երևում է Համիշխանության մատանու վրայի գրվածքին։

 

Ահա մի օրինակ պարմատեմայից՝ տենգվարի հիմնական կիրառության շարքից։

  1. Տարրական նշանը, որը կոչվում է պարմա, նշանակում է /p/ հնչյունը։
  2. Կրկնապատկաված աղեղով այն նշանակում է /b/ և կոչվում ումբար։
  3. Եթե բարձրացնենք գծիկը, այն կկոչվի ֆորմեն և կնշանակի /f/։
  4. Բարձրացված գծիկով և կրկնապատկված աղեղով այն կկոչվի ամպա և ցույց կտա որպես կանոն /v/, սակայն որոշ լեզուներում՝ /mp/
  5. Կարճացված գծիկով և կրկնապատկված աղեղով այն նշանակում է /m/ և կոչվում է մալտա։
  6. Մեկ աղեղով և կարճեցված գծիկով այն նշանակում է /w/ կամ /v/, եթե այն ունի սոնորային բաղաձայնի հատկություն (օրինակ՝ քուենյայում)։

Որոշ լեզուներում, որոնցից է քուենյան, որը չի պարունակում /v/-ից բացի այլ ձայնեղ շփական, բարձրացված գծիկ + կրկնակի աղեղ շարքը օգտագործվում է շատ տարածված քթային + պայթական միացությունները (նտ, մպ, նկ, նքու) ցույց տալու համար։

Հայերենը տենգվարով խմբագրել

 
Հայոց այբուբենի տառերն ու կետադրական մի քանի նշանները տենգվարով

Ունենալով հնչյուններ արտահայտող բազմաթիվ տառեր՝ տենգվարով կարելի է գրի առնել բազմաթիվ լեզուներ, ինչպիսիք են հայերենը, անգլերենը[4], իսպաներենը[5], էսպերանտոն[6], ռուսերենը[7], ֆիններենը[8], ուկրաիներենը[7], և այլն։

Տենգվարի հայերեն տարբերակում բացակայում են այսպես կոչված «երկարացված» ձայնավորները (անգլ.՝ long carriers) և մեծատառերը։ Բացի այդ, գոյություն ունեն նաև ստորակետի, միջակետի, վերջակետի, չակերտների, փակագծերի և միության գծիկի համար նախատեսված հատուկ նշաններ։ Տարբերվում են նաև «ս» և «զ» տառերի երկուական տեսակներ՝ վերտողային և ներտողային։ Ինչպես այլ լեզուներով[9]՝ այնպես էլ հայերենով գրելիս, ձայնավորների համար գոյություն ունեն հետևյալ կանոնները՝

  1. Եթե ձայնավորը հաջորդում է որևէ բաղաձայնի (բառամիջում), ապա ձայնավորը խորհրդանշող նշանը դրվում է այդ բաղաձայնի վրա,
  2. Եթե ձայնավորը գտնվում է բառասկզբում, ապա այն խորհրդանշող նշանը դրվում է ուղղահայաց կարճ գծիկի վրա։

Սակայն, տենգվարի հայերեն տարբերակն ունի թերություններ, որոնցից է այն հանգամանքը, որ «թ» և «տ», «փ» և «պ», «ր» և «ռ», «ք» և «կ» բաղաձայնները արտահայտող տառերը համապատասխանում են միմյանց (նշված զույգերով)։ Օրինակ՝ «թափ» բառը կարելի է կարդալ և՛ «տապ», և՛ «տափ», «պայտը»՝ «փայտ», և այլն։

Ստորև բերվում է Հայաստանի Հանրապետության օրհներգի առաջին տունը՝ գրված տենգվարագիր հայերենով։ Որոշ դեպքերում տեքստը կարող է չցուցադրվել։

tR7 9Ch7R5%z= `CkE1= `C5zEc= rY7 `Cq7Vj `V 2E7R2E7= hH7 rY72%z( `C72 zE5aMt `V= `CkE1= `C5zEc 9ChC81E5--

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սա բառ է քուենյայով, որը նշանակում է«տառեր»։ Տե՛ս «Մատանիների տիրակալը», Հավելված Ե, 2-րդ գրություն
  2. The Complete Tolkien Companion, Third Edition. Tyler, J.E.A. New York: St. Martins, 2004.
  3. See Parma Eldalamberon 19 (2010), pp. 41–43.
  4. Տենգվար այբուբենն անգլերենի համար Արխիվացված 2015-08-12 Wayback Machine (անգլ.)
  5. Տենգվարն իսպաներենի համար (անգլ.)
  6. Տենգվարն էսպերանտոյի համար (անգլ.)
  7. 7,0 7,1 Տենգվարի ռուսերեն տարբերակը Արխիվացված 2015-05-31 Wayback Machine (անգլ.)
  8. Գրել ֆիններեն տենգվարով Արխիվացված 2016-10-26 Wayback Machine (անգլ.)
  9. Amanye Tenceli․ Տենգվար (անգլ.)