Վարդան Մամիկոնյան

(Վերահղված է Վարդան Զորավարից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Մամիկոնյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վարդան Մամիկոնյան (388 - 451), 5-րդ դարի հայ զորավար, հայոց զորքերի սպարապետ, 450-451 թվականների հայ ազատագրական շարժման առաջնորդ։

Վարդան Մամիկոնյան
388 - հունիսի 3, 451[1][2]
ԾննդավայրԱրտաշատ, Հին Հռոմ
Մահվան վայրԱվարայր, Հայկական մարզպանություն, Սասանյան Պարսկաստան
Կոչումսպարապետ
Մարտեր/
պատերազմներ
Ավարայրի ճակատամարտ

Վարդան Մամիկոնյանը Ավարայրի ճակատամարտում հայոց բանակի հրամանատարն էր։ Այն տեղի է ունեցել 451 թվականի մայիսի 26-ին՝ Վասպուրականի Տղմուտ գետի եզերքին՝ Ավարայրի դաշտում։ Հայոց բանակը բաղկացած էր 66 000 զինվորներից, իսկ պարսիկների բանակը՝ 90 000 զինվորից, որոնք պաշտպանված էին նաև փղերով։ Ճակատամարտը վերջացավ հայերի հաղթանակով։ Զորավար Վարդանը զոհվեց այդ ճակատամարտում։ Հետագայում նա դասվել է սրբերի շարքը։

Կենսագրություն

խմբագրել

Վարդան Մամիկոնյանը սպարապետ Համազասպ և Սահականույշի (կաթողիկոս Սահակ Ա Պարթևի դուստրը) ավագ որդին է։ Ուսանել է Վաղարշապատի Սահակ-Մեսրոպյան նորաբաց դպրոցում։ 420 թվականին Կոստանդնուպոլսում Թեոդոսիոս II կայսեր հրամանով ճանաչվել է Հայաստանի բյուզանդական մասի ստրատելատ (զորավար)։

422 թվականին մեկնել է Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն, որտեղ Սասանյան Վռամ V Գոռ արքան նրան ճանաչել է Հայոց սպարապետ, իսկ հայ Արշակունիների թագավորության անկումից (428) հետո՝ 432 թվականին, հաստատվել է Մարզպանական Հայաստանի զորքերի սպարապետ։

Պարսից Հազկերտ II արքայի հրամանով Հայոց այրուձին 442 թվականին Վարդան Մամիկոնյանի հրամանատարությամբ կռվել է քուշանների դեմ։

Վարդանանց պատերազմ

խմբագրել
 
Վարդան Մամիկոնյանի արձանը Երևանում

Հազկերտ Բ-ի հրամանով Դենշապուհ պաշտոնյան 447թ.-ին իրականացնում է աշխարհագիր, որից հետո էլ ավելի է մեծացնում ժողովրդից գանձվող հարկերը:Պարսկաստանի Հազկերտ Բ Սասանյան արքան 449 թվականին հրովարտակով հայերին կոչ է արել հրաժարվել քրիստոնեությունից և ընդունել զրադաշտականություն (կրակապաշտություն)։ Վարդան Մամիկոնյանի մասնակցությամբ Արտաշատում գումարված ժողովը մերժել է Պարսից արքայի կրոնափոխության առաջարկը։ Մերժողական պատասխան են ուղարկել նաև դրացի վրացիներն ու աղվանները։ Վարդանին և Հայոց, Վրաց ու Աղվանից իշխանությունների ներկայացուցիչներին կանչել են Տիզբոն։ 450թ. ապրիլին Տիզբոն են գնում Վարդան Մամիկոնյանը, Վասակ Սյունին, Վահան Ամատունին, Գուգարքի բդեշխ Աշուշան, Վիրքի և Աղվանքի նախարարները։ Հազկերտը նրանցից պահանջում է կրոնափոխ լինել, հակառակ դեպքում սպառնալով իրենց ընտանիքների հետ աքսորել երկրի խորքերը՝ զրկելով իրենց ունեցվածքից։ Նախարարները որոշում են առերես ընդւնելը նրա առաջարկը և վերադառնալով իրենց երկրերը՝ ապստամբել։ Բայց Հազկերտը իր մոտ պատանդ է պահում Աշուշային և Վասակ Սյունու որդիներին՝ Բաբիկին և Ատրներսեհին։

Հազկերտը հայ նախարարներին 700 մոգի և հսկիչ զորախմբի ուղեկցությամբ ճանապարհում է Հայաստան՝ հանձնարարելով 1 տարում եկեղեցիները վերածել մեհյանների ու կրակատների և կառուցել ատրուշաններ։ Հայ նախարարները վերադարձել են հայրենիք՝ անհրաժեշտ դիմադրություն կազմակերպելու հույսով։ Մոգերը Անգղ ավանում փորձում են եկեղեցին վերածել ատրուշանի, սակայն հայերը՝ Ղևոնդ երեցի գլխավորությամբ հարձակվում են մոգերի վրա և ձերբակալում, հետագայում մահապատժի ենթարկելով Զարեհավանում։ Վարդան Մամիկոնյանը ժողով է հրավիրում և հայտնում, որ ուրացումը եղել է կեղծ։ Կազմվում է ժամանակավոր կառավարություն. Վարդան Մամիկոնյանը՝ սպարապետ, Հովսեփ Ա-ն՝ մեծ դատավոր, Վասակ Սյունին՝ մարզպան։

Ռազմական դաշինք կնքելով Աղվանից և Վրաց մարզպանությունների հետ՝ 450 թվականի սկզբին նա օգնություն է խնդրել Բյուզանդիայից, սակայն Մարկիանոս կայսրը ոչ միայն մերժել է, այլև այդ մասին գաղտնի տեղեկացրել Հազկերտ II-ին։ 450 թ-ին Աղվանքի մարզպանը դիմում է Վարդանին՝ ասելով, որ պարսիկները մեծաքանքկ զորքով մտել են Աղվանք և օգնություն է խնդրում:Վարդանը բանակը բաժանում է երեք մասի. առաջինը ղեկավարում է Ներշապուհ Արծրունին, երկրորդը՝ Վարդան Մամիկոնյանը, երրորդը՝ Վասակ Սյունին։ Վարդանը շտապում է Աղվանք և Կուրի գետնացումի մոտ հանդիպում է պարսկական զորքին։ Խաղխաղ (այժմ՝ Ղազախ, Ադրբեջան) քաղաքի մերձակայքում տեղի է ունենում ճակատամարտ, որն ավարտվում է պարսիկների պարտությամբ, որոնցզորավարն էր Սեբուխտը։ Վարդան Մամիկոնյանի զորախումբը հասել է մինչև Ճորա պահակի ամրությունները (այժմյան Դերբենդ քաղաքի մոտ) և փոխօգնության դաշինք կնքել հոների հետ։

 
Վարդան Մամիկոնյանի հուշարձանը Գյումրիում

Այդժամ լուր է հասնում, որ Վասակը որդիների համար վախենալով, հրաժարվում է ապստամբությունից՝ պատճառաբանելով, թե առանց հույների հաղթելը անհնար է։ Վարդանը վերադառնելով Հայաստան՝ իշխանությունը վերցնում է իր ձեռքը։ Վարդան Մամիկոնյանը վերականգնում է հայ նախարարների և հոգևորականության ոտնահարված իրավունքները, ամրացնումբերդերը և նախապատրաստվում վճռական մարտի։

Ճակատամարտը տեղի է ունեցել 451 թվականի մայիսի 26-ին՝ Վասպուրական նահանգի Արտազ գավառի Ավարայրի դաշտում։ Վարդան Մամիկոնյանը զորքը բաժանում է չորս մասի, որոնք ղեկավարում են Ներշապուհ Արծրունին, Խորեն Խորխոռունին, Թաթուլ Վանանդեցին և Վարդան Մամիկոնյանը։ Վարդան Մամիկոնյանը գրոհում է առաջինը, սակայն շրջափակման մեջ ընկնելով զոհվում է :Չնայած Վարդան Մամիկոնյանը զոհվում է, բայց պարսիկները, տեսնելով հայերի համառ դիմադրությունը, հարկադրված հետ են կանչում իրենց զորքերը։ Ավարայրի ճակատամարտից հետո Պարսից արքունիքը հրաժարվել է բռնի կրոնափոխության ծրագրից, ճանաչել է Հայաստանի ներքին ինքնավարությունը, թեթևացրել հարկերը և որոշ ժամանակ վարել է հայերին սիրաշահելու քաղաքականություն։ Պարսիկներին զգալի վնաս են պատճառել նաև հոները, որոնք, Վարդան Մամիկոնյանի հետ կնքած պայմանագրի համաձայն, ասպատակել են պարսկական նահանգները։

Վարդան Մամիկոնյանի կերպարն արտացոլվել է գեղարվեստական գրականության (Ղևոնդ Ալիշան, Դերենիկ Դեմիրճյան), քանդակագործության (Երվանդ Քոչար), գեղանկարչության (Էդուարդ Իսաբեկյան, Գրիգոր Խանջյան, Վահան Խորենյան) մեջ և թատերարվեստում։ Վարդանանց են նվիրված կաթողիկոսներ Պետրոս Ա Գետադարձի «Արիացեալք» և Ներսես Դ Կլայեցու (Ներսես Շնորհալի) «Նորահրաշ» շարականները։

Վաղ միջնադարից Վարդան Մամիկոնյանին և Վարդանանց նվիրված եկեղեցիներ ու վանքեր են կառուցվել Հայաստանի տարբեր նահանգներում, հայկական գաղթավայրերում, հետագայում՝ նաև Սփյուռքում։

Ժամանակակիցներ և Վարդան Մամիկոնյան

խմբագրել

Դեռևս 5-րդ դարում հայ պատմիչ Եղիշեն գրել էր «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» աշխատությունը։ Նրա հիմքի վրա Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Դերենիկ Դեմիրճյանը գրել է «Վարդանանք» պատմավեպը՝ հայ զինվորների ոգին բարձրացնելու համար։

Հայաստանում սահմանվել է «Վարդան Մամիկոնյան» շքանշանը, որով պարգևատրվում են հայրենիքի հանդեպ պարտքը կատարելիս ցուցաբերած բացառիկ խիզախության և բանակաշինությանը մատուցած ակնառու ծառայությունների համար։

Ավարայրի ճակատամարտում զոհված մարտիկները դասվել են Հայ առաքելական եկեղեցու տոնելի սրբերի շարքը և կոչվում են սուրբ Վարդանանք։

Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը Սասանյան Պարսկաստանի դեմ 450–451 թվականների «հանուն հավատքի և հայրենյաց» ազատագրական պատերազմի (Վարդանանց պատերազմ) առաջնորդն է։ Մեծարվել է Քաջ Վարդան պատվանունով։

2002 թվականին սկսվում և 2014 թվականին ավարտին է հասվում հոլիվուդյան մի նախագիծ, որը պատմում է այս պատերազմի մասին։ Հեղինակը հայազգի Ռոջեր Կուպելյանն է։ Ֆիլմը կոչվում է «Բյուզանդիայի արևելք. պատերազմ, աստվածներ ու սուրբ նահատակներ» («East of Byzantium։ War Gods and Warrior Saints», (անգլերեն))։ Այստեղ նկարագրվում են 4-րդ և 5-րդ դարերում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները՝ սկսած քրիստոնեության ընդունումից։ Կինոնկարի հիմնական թեման Վարդանանց պատերազմն է։

Տես նաև

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
  1. Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 330.
  2. Histoire de l'Arménie des origines à 1071 — P. 204—205.