Վիքիպեդիա:Արևելահայերենի տառադարձության ուղեցույց
Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգ է։ Այն հիմնականում սահմանում է չափանիշներ, որոնց խմբագրողները պետք է փորձեն հետևել, չնայած միշտ ընդունվում է առողջ բանականությունը և միշտ կարող են լինել բացառություններ։ Այս էջում բոլոր փոփոխությունները պետք է լինեն համաձայնեցված։ Եթե ունեք առաջարկներ սույն կանոնակարգի վերաբերյալ, կարող եք թողնել այն էջի քննարկման էջում։ |
Կարճ ասած՝ Այս էջը ընդգրկում է օտար լեզուներից արևելահայերենի տառադարձման (տրանսլիտերացիայի) որոշ կանոններ: |
Արևելահայերենի տառադարձության ուղեցույցը պարզաբանում է հայերենի օտար լեզուներից տառադարձության կանոնները, Վիքիպեդիայի հոդվածների համատեղելիության նպատակով: Ուղեցույցը հիմնված է «Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու» գրքում հրատարակված տերմինաբանական կոմիտեի և հայերենի բարձրագույն խորհրդի որոշումների հիման վրա:
Անգլերենից
խմբագրել- Անգլերեն p, t, k և k արտասանված c-ն տառադարձնել բառասկզբում փ, թ, ք, իսկ մնացած դիրքերում՝ պ, տ, կ. վերջին դեպքում նաև կրկնվողները տառադարձնել միայն մեկ բաղաձայնվող:
- Օրինակ՝ Փիռլ Հարբոր, Փիտ, Փայկ, Փեյն, Թաֆտ, Թեյլոր, թենիս, թիմ, Թոյնբի, Թուկ, Քարտեր, Քենեդի, Քլարկ, Լիպման, բադմինտոն, Դուայտ, միստեր, Ռուզվելտ, Սկոտ, ֆուտբոլ, Լասկի, Հոկ:
- Բացառություն՝ արդեն լայն տարածում գտած ավանդական ուղղագրություն ունեցող բառերը թողնել անփոփոխ, օրինակ՝ կոնգրեսմեն, կու-կլուքս-կլան, Նյու Յորք, Տվեն և մի շարք այլ բառեր:
- Բառասկզբի p, t, k (c) կանոնը նաև օգտագործել այն բաղադրյալ բառերի և հատուկ անունների երկրորդ բաղադրիչի համար, որոնց բաղադրիչները լիովին գիտակցվում են, հատկապես եթե բառի առաջին և երկրորդ բաղադրիչի միջև ապաթարց (') կամ գծիկ (-) կա, կամ երկուսը գրվում են անջատ:
- Օրինակ՝ Ջորջթաուն, Օ'Քեյսի, Օ'Քոնոր, Մակ-Թավիշ, Մակ-Քինլի, Մակ-Քորմիկ, Փորտ Փատրիկ, Լեյկ Փլեսիդ:
- Անգլերեն s տառը, որը օգտագործված է ձայնեղ բաղաձայնից հետո և զ է արտասանվում հայերեն ս տառադարձնել: Օրինակ՝ Թայմս, Ջեմս, Ուելս:
- Բացառություն՝ Ավանդաբար զ-ով գրվող և արտասանվող բառերը թողնել անփոփոխ: Օրինակ՝ Թեմզ, Չառլզ:
- Անգլերեն w(h)-ն հատկապես բառասկզբում տառադարձնել ու (wa-ն ուո):
- Օրինակ՝ Ուոլտոն, Ուայտհոլ, Ուայտ, Ուայլդ, Ուայտ, Ուիլկինսոն, Ուոլստրիտ, Բրոդուեյ, Դուայտ, Փորտ Քոնուեյ:
- Բացառություն 1՝ երբ հայերենում կարելի է իրար կողքի հանդիպել երկու ու, օրինակ անգլերեն wu, wo, woo պարագաներում, գրել և արտասանել վու:
- Օրինակ՝ Վուդ, Վուդրո, Վուլֆ:
- Բացառություն՝ 2 ավանդաբար վ-ով տառադարձված լայն տարածում ունեցող բառերը և հատուկ անունները թողնել անփոփոխ: Օրինակ՝ Վալտեր Սկոտ, Վաշինգտոն, վատտ, Վիլյամ, Դարվին:
- Ա-ի և է-ի միջին արտասանությունով անգլիական a-ն (ըստ հնչյունաբանական միջազգային այբունենի æ հնչյունը, օրինակ՝ cat, man) տառադարձնել ա:
- Օրինակ՝ Ադամս, Ալեն, Ալիս, Բաքստեր, Հարիսոն, Մաքսուել, Նանսի, Սանֆորդ, Ֆրանկլին:
- Բացառություն՝ արդեն տարածված և ավանդաբար ե տառադարձված բառերը թողնել անփոփոխ, օրինակ՝ դենդի, Թրումեն, լենդլորդ, չեմպիոն:
- Բաց վանկերում և որոշ դիրքերում էյ արտասանվող անգլերեն a-ը (ըստ հնչյունաբանական միջազգային այբունենի eɪ հնչյունը) ե տառադարձնել:
- Օրինակ՝ Բեկոն, Դեվիս, Ջեմս, Ուելս, Քեմբրիջ:
- Էյ արտասանվող անգլերեն ey, ai, ay (ըստ հնչյունաբանական միջազգային այբունենի eɪ հնչյունը) եյ տառադարձնել:
- Օրինակ՝ Լեյտոն, Դեյտոն, Թեյլոր, Փեյն:
- Բաց և երկար օ արտասանվող անգլիական a-ն (ըստ հնչյունաբանական միջազգային այբունենի ȯ հնչյունը) բառասկզբում օ և այլ տեղերում ո տառադարձնել:
- Օրինակ՝ օլդերման, Բոլդուին:
- Բացառություն՝ ավանդաբար ա-ով տառադարձված բառերը թողնել անփոփոխ:
- Օրինակ՝ Բալտիմոր, Վալտեր Սկոտ:
- Անգլերենում չշեշտվող վանկերի թուլացող և ը-ին մոտեցող ձայնավորը տառադարձնել համաձայն շեշտի տակ լինելու ժամանակ, և ոչ ը-ի:
- Օրինակ՝ Բայրոն և ոչ Բայրըն, Բեկոն, Լիպման, միստեր, Օլստեր:
- Բացառություն՝ Ավանդաբար տառադարձված Մանչեստր բառը:
- Հետձայնավորային դիրքում գրվող բայց չարտասանվող անգլերեն r և l տառերը հայերենում գրել և արտասանել:
- Օրինակ՝ Փիռլ Հարբոր, Քարտեր, Ֆոլկներ,
- Աստվածաշնչային, հունական, լատինական և այլ ծագման հատուկ անունները, որոնք տրվում են անգլիալեզու անձերին, տառադարձնել ըստ անգլերենից տառադարձման կանոնների:
- Օրինակ՝ Բենջամին, Դեվիդ, Ջոզեֆ, Սոլոմոն:
Ռուսերենից
խմբագրել- Ռուսերեն ье-ն տառադարձնել իե:
- Օրինակ՝ Վիետնամ, պրեմիեր, պրեմիերա, Պովոլժիե, Մոլիեր, Ֆելիետոն:
Հունական ծագումով
խմբագրել- Հունական ծագումով բառեր, որոնք հունարենում պարունակել են φ, θ, χ (լատիներեն՝ ph, th, kh, ch), հայերեն տառադարձնել ֆ, թ, խ, օրինակ՝ ֆաներ, ֆոսֆոր, թեորեմ, թեմա, խարտիա, մեխանիկա, ֆանտաստիկական, ֆիլատելիստ, ֆիլհարմոնիա, ամորֆ, ամֆիբիա, թեմա, թեոկրատիա, թերմոդինամիկա, պնևմոթորաքս, խոլերա, խրոնիկա, սխեմա:
- Բացառություն՝ ավանդաբար գրություն ունեցող փասիան, փյունիկ, քարտ, քարտուղար, քղամիդ, քաոս, քիմիկոս, քլոր և մի շարք ուրիշ բառեր:
Վրացերենից
խմբագրել- Բացի Թբիլիսի քաղաքի պարագայում, վրացական մյուս տեղանուններից տառադարձնելիս գրել առանց ի վերջահնչյունի:
- Օրինակ՝ Բաթում, Բորժոմ, Ախալքալաք, Թելավ, Կարզախ, Մցխեթ, Սուխում, Սուրամ, Քութայիս:
- Բացառություն՝ կանոնը չի տարածվում այն ի վերջահնչյունով բառերին, որոնք հայերենում զուգաձևություն չունեն և առանց այդ ի-ի չեն գործածվում, օրինակ՝ Գորի, Կախի:
Հապավումներ
խմբագրելՏարածված լատինատառ հապավումները հայերեն տառադարձնելուց, յուրաքանչյուր տառի անվանումը պետք է տառադարձվի ինչպես հնչում է մայր լեզվում: Ամեն հնչյունի անուն պետք է սկսվի մեծատառով, իսկ շարունակվի միայն փոքրատառերով: Յուրաքանչյուր հնչյուն միանում է մյուս հնչյունին, առանց տարածության, կետի, գծիկի, կամ այլ նշանների, ինչպես մայր լեզվում:
Անգլերենի տառերի անվանումը, և նրանց հայերեն տառադարձումները բերված են հետևյալ աղյուսակում՝
Անգլերեն տառերի տառադարձություն | ||
---|---|---|
Անգլերեն տառ | Տառադարձված անուն | Օրինակ |
A | Էյ | ԷյԲիՍի |
B | Բի | ԲիԲիՍի |
C | Սի | ՍիԷնԷն |
D | Դի | |
E | Ի | ԷնՎայԷսԻ |
F | Էֆ | ԷֆԷմ |
G | Ջի | ԷլՋի |
H | Էյջ | ԷյջՓի |
I | Այ | ԱյԲիԷմ |
J | Ջեյ | ՋեյՓի Մորգան |
K | Քեյ | ՔեյԷֆՍի |
L | Էլ | ԷլՋի |
M | Էմ | ԷֆԷմ |
N | Էն | ՍիԷնԷն |
O | Օ | |
P | Փի | ԷյջՓի |
Q | Քյու | ՔյուԷմԷլ |
R | Ար | ԱրՓիՋի |
S | Էս | ԻԷսՓիԷն |
T | Թի | ԹիԷնԹի |
U | Յու | ՅուՓիԷս |
V | Վի | ՎիԷլԷսԱյ |
W | Դաբլյու | ԴաբլյուԴաբլյուԴաբլյու |
X | Էքս | ԷքսԹիԷմԷլ |
Y | Վայ | ՎայԷմՍիԷյ |
Z | Զեդ |
Այս կայքը կարող է օգտակար լինել Հայաստանի Հանրապետությունում գրանցված որևէ ընկերության անվան հայերեն տարբերակի որոնման համար:
Կրկնակի բաղաձայններ
խմբագրել- Օտարալեզու բառերի կրկնակ բաղաձայնները ըստ հայերեն արտասանության տառադարձնել մեկ բաղաձայնով:
- Օրինակ՝ ակորդ, ակրեդիտիվ, ալեգրո, ալիգատոր, ամոնիում, Բարբյուս, կլասիցիզմ, կոլեգիա, կոլեկտիվ, կոմունիզմ:
- Կրկնակ ր տառը ի ձայնավորից առաջ տառադարձնել ր, իսկ մնացած բոլոր դեպքերում ռ:
- Օրինակ՝ բարիկադ, տերիտորիա, Մառ, Պյուռոս, տեռոր:
- Կրկնակ բաղաձայնների հայերենում ուժգին արտասանվելու դեպքում, գրել կրկնակ բաղաձայնով:
- Օրինակ՝ բրուտտո, Ջեմմա, մասսա, նետտո, պաննո, վաննա, վատտ:
Աղբյուր
խմբագրել- Հովհաննես Բարսեղյան (2006). Լավրենտի Միրզոյան (ed.). Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: «9-րդ հրաշալիք» հրատարակչություն. ISBN 9994156039.