Ռոմանտիկ ազգայնականություն

Ռոմանտիկ ազգայնականություն (գերմ.՝ Volkstum - «ազգություն»), ռոմանտիզմի ուշ շրջանին բնորոշ ձգտում՝ իդեալականացնելու ազգի անցյալն ու մշակույթը: Եվրոպայի պատմության մեջ ռոմանտիկ ազգայնականությունը սկսվել է Նապոլեոնյան պատերազմներից և շարունակվել մինչև Առաջին համաշխարհային պատերազմը: Ազգային ինքնագիտակցության բարձրացումը անջնջելի հետք է թողել Եվրոպայի պատմության մեջ, իսկ Գերմանիայում, Իտալիայում, Հունաստանում և մի շարք այլ երկրներում հիմք է դարձել ազգային պետությունների ստեղծման համար[1]:

Նկարազարդում «Կալեվալե» (նկարիչ՝ Ակսելի Գալլեն-Կալլելա)

ՆկարագրությունԽմբագրել

Ռոմանտիզմի ժամանակաշրջանում ժողովուրդը դժգոհում էր երկրի ներկա դրությունից՝ հայացքն ուղղելով նախկին ժամանակաշրջաններին: Վալտեր Սքոթի և այլ հեղինակների պատմական վեպերը ավելի էին բորբոքում միջին դարերի նկատմամբ ժողովրդի հետաքրքրությունը: Ամենից շատ հետաքրքրություն էին առաջացնում այն պատմական շրջանները, երբ այս կամ այն երկիրը իր ծաղկման գագաթնակետին էր: Օրինակ, Սկանդինավիայում դա Վիկինգների ժամանակաշրջանն էր, Լեհաստանում՝ շլյաչետական ժամանակների «ոսկե ազատությունը»:

 
Նորվեգիայի անկախանալու տարում նա ներկայանում էր տեղացի նկարիչներին որպես վիկինգների ժամանակների կույս-մարտիկ:

Ռոմանտիզմի պատմական ասպեկտին գումարվում էր նաև լեզվականը: Բացի պատմական ավանդույթից՝ ազգը միաբանող ուժ էր համարվում նաև լեզուն: Սկսել էին գրվել «կենդանի» և «ազգային» լեզվի բառարաններ, լեզուն հղկվում էր՝ գրական չափանիշներին համապատասխան: Նորվեգիայում և Հունաստանում օտարամուտ բառերից լեզվի «մաքրման» շարժումը մեծ հետք է թողել ժամանակակից գրական լեզվի կազմավորման գործում: Լեզվի ուսումնասիրության հետ մեկտեղ ուսումնասիրվում էին ազգային ավանդությունները, հեքիաթները, բիլինաները, ասացվածքները և այլն:

Այս գործով առաջինը զբաղվել են Գրիմ եղբայրները: Էպոսներով հարուստ միջնադարյան գրականության ակտիվ հրատարակում էր կատարվում, որտեղ վառ կերպով արտահայտվում էր «ազգային ոգին»: Գերմանիայում մեծ տարածում էր ստացել «Նիբելունգների երգը», Բրիտանիայում՝ «Բեովուլֆը», Ֆրանսիայում՝ «Երգ Ռոլանդի մասին» էպոսը, Շվեդիայում՝ «Հերվերի մասին առասպելը», Ռուսաստանում՝ «Ասք Իգորի ճակատամարտի մասին» էպոսը[2] : Երկրում միջնադարյան էպոսի բացակայությունը հավասարակշռվում էր միջնադարյան ոճի ընդօրինակմամբ նոր աշխատանքների ստեղծմամբ (օրինակ՝ ֆիննական «Կալեվալան»):

1770-1780 թվականներին՝ Իոսիֆ Երկրորդի գահակալության տարիներին, Գերմանիայում ազգային ինքնագիտակցության ձևավորման նշաններից էր ազգային օպերան, հատկապես Վիեննայում Իտալիայի ազգային օպերայի փակումից հետո: Նույն դերակատարումն ուներ «ռոմանտիկ բալետը» Անգլիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և Ռուսաստանում:

Ազգային ինքնագիտակցության ձևավորման տեսական հիմքը գերմանացի փիլիսոփաներՀեգելի, Յոհան Հերդերի, Յոհան Ֆիխտեի աշխատանքներն էին [3] : «Ազգություն» տերմինը փոխառնվել է գերմանական բառարաններից: Դպրոցներում և համալսարաններում արմատավորվել էր պատմական «մեծ դեպքերի ու դեմքերի» պաշտամունքը: Եթե ավելի վաղ շրջանում փողոցներում և հրապարակներում միապետների հուշարձաններն էին կանգնեցվում, ապա ռոմանտիկ ազգայնականությունը փողոցները լցրել էր ազգային հերոսների հուշակոթողներով: Կառավարությունը խրախուսում էր հնագիտական պեղումները: Մեծ արձագանք էին ստանում հնագիտական գտածոները:

Նախկին դարերի նյութական մշակույթի ուսումնասիրումը թույլ էր տալիս թատերական բեմահարթակներում և պատմական կտավներում վերականգնել այն ժամանակների պատկերը: Այս շրջանում ծաղկում է ապրել ազգային թեմաներով պատմական գեղանկարչությունը (Մատեյկո, Արբո, Վիկտոր Վասնեցով): Կարևոր հանրային կառուցները (օրինակ՝ կայարանները) դիտվում էին որպես ազգային ճարտարապետական ոճի ցուցահարթակներ:

ԱզդեցությունԽմբագրել

Հարավային Եվրոպայում առաջացել է Նեոգոթիկան, Հյուսիսային Եվրոպայում՝ Հյուսիսային մոդեռնը, Իսպանիայում՝  նեոմավրիտանյան, Ռուսաստանում՝ պսեվդոռուսական ոճը: Ժողովրդական երաժշտության հանդեպ հետաքրքրությունը ազգային երանգ էր տալիս այնպիսի կոմպոզիտորների աշխատանքներին, ինչպիսիք են Միխայիլ Գլինկան, Բեդրժիխ Սմետանան, Էդվարդ Գրիգը, «Հզոր խմբակի» անդամները:

 
Պսեվդոռուսական ոճի ճարտարապետական կառույց

Ռոմանտիկ ազգայնականությունը ամենից վառ դրսևորվել է Արևելյան և Հյուսիսային Եվրոպայի երկրներում: Լուսավորության դարաշրջանում այդ երկրների ազգային էլիտան հիմնվում էր ֆրանսիական և գերմանական նմուշների վրա՝ ընդօրինակելով միջնադարյան բարբարոսության մնացորդների ազգային ավանդույթները: Ազգային ինքնագիտակցությունը վերելք է ապրել Հունաստանի և Բելգիայի անկախության պատերազմների, 1848-1849 թվականներին Եվրոպայում տարածված հեղափոխական ալիքների ժամանակ: Ազգային ինքնորոշման ուսմունքի ձևավորումը շատերի համար իդեալ էր դարձրել միազգյա պետությունը:

Ազգայնամոլական գաղափարախոսությունները՝ ինչպես սլավոնապաշտությունը, լի էին վերադասավորումներով: Քաղաքական սպեկտրի աջ կողմում նրանք հաճախ վերածվում էին ազգային գերազանցության քարոզի կամ կայսերական նացիոնալիզմի։ Տեղական բարբառը հաճախ սպառնալիք էր դիտվում ազգային միասնության համար և ոտնահարվում: Ռուսական կայսրությունում գործը հասնում էր ազգային փոքրամասնությունների լեզուներով գրքերի տպագրության արգելքին։ Արդիականություն էին ձեռք բերել ազգային սահմանների ընդլայնման նախագծերը, ինչպիսիք էին «Մեծ Ռումինիան» և «Մեծ Բուլղարիան»: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ այդ երևույթները հիմք են հանդիսացել Եվրոպայի քաղաքական կյանքում ռևանշիստական-ազգայնական հոսանքների առաջացման համար:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Joep Leerssen, "Notes towards a Definition of Romantic Nationalism", Romantik: Journal for the Study of Romanticisms, 2.1 (2013): 9-25 (28).
  2. Oscar Julius Falnes, National romanticism in Norway, 1968.
  3. King Brian (2016)։ «Herder & Human Identity»։ Philosophy Now (112)։ Վերցված է սեպտեմբերի 2, 2018