Վալտեր Սքոթ
Վալտեր Սքոթ (անգլ.՝ Walter Scott; օգոստոսի 15, 1771[1][2][3][…], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][5] - սեպտեմբերի 21, 1832[1][2][3][…], Էբոտսֆորդ Հաուս[6][5]), անգլիացի գրող, բանաստեղծ, ծագումով Շոտլանդիայից։ Հայտնի է գլխավորապես իր պատմավեպերով, որոնցից Քվենտին Դորվարդը և Այվենհոն թարգմանված են նաև հայերեն[10][11]։
Կենսագրություն
խմբագրել1792 թվականին փաստաբանի կոչման համար հաջող քննություն է հանձնել էդինբուրգի համալսարանում։ 1799 թվականից՝ Աելկերկ կոմսության շերիֆը, 1806 թվականից՝ դատարանի քարտուղար։
Սքոթի առաջին ինքնատիպ ստեղծագործությունը «Հովհաննու իրիկունը» (1800 թվական) ռոմանտիկական բալլադն է։ 1800 թվականից զբաղվել է շոտլանդական ժողովրդական բալլադներ հավաքելով («Շոտլանդական սահմանի երգերը»)։ 1805 և 1817 թվականների պոեմները ականավոր բանաստեղծի համբավ բերեցին նրան, հանրաճանաչ դարձրին քնարաէպիկական պոեմի ժանրը․ «Վերջին մենեստրելի երգը» (1805 թվական), «Մարմիոն» (1808 թվական), «Լճի լեյդին» (1810 թվական, հայկական հրատարակություն 1912 թվական), «Ռոուքբի» (1813 թվական)։ Սքոթը պատմավեպի ժանրի հիմնադիրն է։ Առաջին պատմավեպը («Ուեվըրլի», 1814 թվական) հրատարակվել է անստորագիր (հետագա վեպերը, ընդհուպ մինչև 1827 թվականը, լույս են տեսել որպես «Ուեվըրլի»-ի հեղինակի» երկեր)։
Սքոթի վեպերի կենտրոնում սոցիալ-պատմական խոշոր բախումների հետ կապված իրադարձություններ են։ Առանձնանում են շոտլանդական պատմանյութի հիման վրա գրված «Պուրիտաններ» (1816 թվական) և «Ռոբ Ռոյ» (1818) վեպերը։ Առաջինում պատկերված է 1679 թվականի ապստամբությունը՝ ուղղված 1660 թվականի Ատյուարտների դինաստիայի վերահաստատման դեմ, երկրորդում՝ հերոսը ժողովրդական վրիժառուն է, «շոտլանդական Ռոբին Հուդը»։ Սքոթի որոշ վեպեր՝ «Գայ Մանըրինգ» (1815 թվական), «Հնավաճառանոց» (1816 թվական), «Լամմերմուրի հարսնացուն» (1819 թվական), պատմական չեն։ 1810-ական թվականներին վեպերում իշխում է ռեալիստական մեթոդը։ 1819 թվականից հետո գրողի աշխարհայացքի մեջ ուժեղանում են հակասությունները։ Նա այլևս չի համարձակվում նախկինի նման սուր կերպով դնել դասակարգային պայքարի հարցերը։ Սակայն նկատելիորեն ընդլայնվում է նրա պատմավեպերի թեմատիկան։ Գրողին հետաքրքրում են արդիականությունից հեռու ժամանակները։ Նա գրում է «Այվենհո» (1820 թվական, հայկական հրատարակություն 1975 թվական), «Քենիլվըրդ» (1821 թվական), «Քվենտին Դորվարդ» (1823 թվական, հայկական հրատարակություն 1939 թվական), «Վուդսթոք» (1826 թվական), «Պերտի գեղեցկուհին» (1828 թվական) վեպերը, որոնցում, պահպանելով հանդերձ ռեալիստական հիմքերը, երբեմն տուրք է տալիս ռոմանտիզմին։ Սքոթի ստեղծագործության մեջ հատուկ տեղ է գրավում ժամանակի կյանքը պատկերող «Սուրբ Ռոնանի ջրերը» (1824 թվական) վեպը։ Կենցաղագրական վեպի ժանրային սկզբունքներն իրենց զգացնել են տալիս «Ծովահեն» (1822 թվական) և «Նայջելի արկածները» (1822 թվական) վեպերում։ Շոտլանդական ժողովրդի իրավազրկության թեման է Սքոթի 1820-ական թվականների նովելներում և վիպակներում։ Այդ շրջանում հրատարակվել են պատմական և պատմագրական թեմաներով մի շարք երկեր՝ «Նապոլեոն Բոնապարտի կյանքը» (1827 թվական), «Շոտլանդիայի պատմությունը» (1829—1830 թվականներ), «Լորդ Բայրոեի մահը» (1824 թվական), «Վիպագիրների կենսագրությունը» (1821—1824 թվականներ), որոնք պարզում են ստեղծագործի կապերը 18-րդ դարի գրողների հետ։
Ստեղծելով պատմավեպը՝ Սքոթը տվել է նոր ժանրի կանոններն ու դրանք հիանալի մարմնավորել իր գործերում։ Սքոթի ստեղծագործությունը վիթխարի ազդեցություն է թողել եվրոպական և ամերիկյան գրականությունների վրա։ Սքոթին առաջին անգամ հայերեն է թարգմանել Մաթեոս Մամուրյանը (1871 թվական)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Walter Scott (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Скотт Вальтер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 6,0 6,1 6,2 http://link.springer.com/content/pdf/10.1007/BF00390694.pdf
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Kindred Britain
- ↑ 9,0 9,1 9,2 Lundy D. R. The Peerage
- ↑ Քվենտին Դորվարդ։ Վեպ։ / Վ. Սքոթ; Ռուս. թարգմ. և խմբ.՝ Ա. Պողոսյան; Վերջաբ.՝ Ռ. Սամարին. - Երևան։ Լույս, 1985. - 496 էջ
- ↑ Այվենհո։ [Վեպ] / Վ.Սքոթ; Ռուս. թարգմ.` Ա. Ղուկասյան; Խմբ.՝ Է.Ս. Ավագյան; Նկ.՝ Ալ. Հ. Գրիգորյան,. - Երևան։ Հայաստան, 1975 - 526 էջ
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալտեր Սքոթ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |