Խորձեան

Մեծ Հայքի Ծոփք նահանգի գավառ
(Վերահղված է Խորձյանից)

Խորձեան, գավառ Մեծ Հայքի Ծոփք նահանգի կազմում[1]։ Գտնվում է Արածանի գետի Գայլ վտակի հովտում։ VII դ. «Աշխարհացոյց»-ում հիշատակվում է որպես նահանգի առաջին գավառ։ Մինչև XIII դարը կոչվել է Խորձյան, իսկ դրանից հետո՝ Կեղի (այժմ՝ Քղի, տարածքը համապատասխանում է այժմյան Քղիի գավառին)։ Կենտրոնն էր Կողոբերդը կամ Կեղին՝ Քղին։

Խորձյանը սահմանակից էր հյուսիսից՝ Բարձր Հայքի Մուզուր, Մանանաղի, հարավից, հարավ-արևմուտքից՝ Չորրորդ Հայքի Պաղնատուն, Հաշտյանք, Տուրուբերան, Արշամունիք և Մարդաղի գավառներին։ Ունի խիստ լեռնային մակերևույթ։ Հյուսիսային մասով ձգվում են Գայլախոզուտի լեռները Պախր գագաթով (3282 մ)։ Խորձյանով է հոսում Գայլ գետը, որն սկիզբ է առնում Խաչդաղ և Խալխալ լեռների հարավային լանջերից և Խարբերդի մոտ թափվում Արածանիի մեջ։

Հարուստ է անտառներով, արծաթի և երկաթի հանքերով։ Ձմեռը երկարատև է, ձյունը՝ առատ, բայց կլիման մեղմ է ու առողջարար։

Խորձյանը հետագայում բաժանվել է երկու մասի՝ Վերի Քղի և Վարի Քղի։ Խորձյանի գավառը XX դարի սկզբին ուներ 206 գյուղ, որից 50-ը՝ հայաբնակ (մնացածը՝ քրդաբնակ)։ 1909 թ.-ին գավառի կենտրոնը՝ Քղին, ուներ 2450 (350 տուն) հայ և 1050 (100 տուն) քուրդ բնակիչ։ Մարդաշատ հայաբնակ գյուղերից էին Դարմանը, Խուբսը, Առեկը, Ճերմակը, Չանախչին, Սերկևլիկը։ Գավառում գործում էր 27 դպրոց՝ մոտ 1700 աշակերտով։ Վանքերից նշանավոր էին Սբ. Կիրակոսը՝ Աստղաբերդ գյուղի մոտ, Սբ. Փրկիչը՝ Սերկևլիկ գյուղի մոտ։ Գլխավոր ուխտատեղի էր համարվում Սբ. Լույս լեռը իր քարայրներով։ Խորձյանի պատմական վայրերից հայտնի է Արտալես բերդը (գրվում է նաև Արտալեսոն ձևով)։ Այն գտնվում էր Քղիից հարավ, Գայլ գետի աջ ափին, որտեղով անցնում էր Հայաստանի առաջին բաժանման (387 թ.) սահմանը։ Հենց այդ էր պատճառը, որ Հուստինիանոս կայսրը առանձնակի ուշադրություն դարձրեց նրա ամրացման վրա։

Խորձյանի հայ բնակիչները բռնությամբ տեղահանվեցին Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվեց բռնագաղթի ճանապարհին։ Կոտորածից փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.

Գրականություն

խմբագրել
  • Ինճիճյան Ղ., Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, մաս 1, Ասիա, հ. 1, Վնտ., 1806։

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 90