Ուրբինյան Վեներա, իտալացի մեծ նկարիչ Տիցիանի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը:

Picto infobox artiste.png
Ուրբինյան Վեներա
Venus de Urbino, por Tiziano.jpg
տեսակգեղանկար
նկարիչՏիցիան
տարի1538
բարձրություն119,2 սանտիմետր
լայնություն165,5 սանտիմետր
ստեղծման վայրՎենետիկ
ուղղությունԲարձր վերածնունդ
ժանրնյու և դիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էՈւֆֆիցի
հավաքածուՈւֆֆիցիի պատկերասրահ
պատվիրատուGuidobaldo II della Rovere, Duke of Urbino?
ներշնչված էՔնած Վեներան
https://www.wga.hu/html/t/tiziano/08/08urbin2.html, https://www.wga.hu/html/t/tiziano/08/08urbin1.html կայք
Venus of Urbino Վիքիպահեստում

Ստեղծման պատմությունԽմբագրել

Կտավը պատկերվել է Ուրբինոյի հերցոգ Գվիդոբալդո 2-րդ դելա Ռովերեի պատվերով: Հնարավոր է` Ուրբինյան Վեներայի նախատիպ է ծառայել Գվիդոբալդոյի երիտասարդ հարսնացու Ջուլիա Վարանոն: Ըստ մեկ այլ վարկածի` կտավի համար բնորդուհի է եղել Տիցիանի սիրելին, ում նա պատկերել է ամենաքիչը երեք կտավներում: Վարկած կա նաև, որ կտավի վրա պատկերվել է Գվիդոբալդոյի մայրը, Էլեոնորա Գոնզագան. այս տարբերակի համար հիմք է հանդիսացել այն նմանությունը, որ կա Էլեոնորայի դիմանկարի ու «մերկ կնոջ» միջև, ինչպես նաև` երկու կտավներում էլ պատկերված է միևնույն դիրքում կծկված շնիկը:

 
Անոլո Բրոնզինո. Գվիդոբալդո դելա Ռովերեի դիմանկանը, Ֆլորենցիա, 1532

1538 թվականի մարտի 9-ին Գվիդոբալդոն սուրհանդակ է ուղարկում Վենետիկ` պահանջելով բերել Տիցիանին պատվիրած իր երկու կտավները: Սուրհանդակը չպետք է վերադառնար առանց կտավների, անգամ եթե ստիպված լիներ սպասել 2 ամիս: Կտավներից մեկն իր դիմանկարն էր, մյուսը` la donna nuda` մերկ կնոջ:

ՆկարագրությունԽմբագրել

Կտավի առաջին պլանում, ճոխ հարդարանքների մեջ պատկերված է պառկած մերկ կին, ում նույնացնում են աստվածուհի Վեներայի հետ: Նրա վրա միայն մի քանի զարդարանքներ կան` մատանի, թևնոց և ականջօղեր: Կնոջ բաց հայացքն անմիջականորեն ուղղված է դեպի հանդիսատեսը: Աջ ձեռքում Վեներան ծաղիկներ է բռնել, ձախ ձեռքը փակում է գիրկը` այդպիսով ստեղծելով նկարի կենտրոնը: Վեներայի ոտքերի մոտ քնած է փոքրիկ շնիկը: Աջ կողմում, նկարի հետին պլանում պատկերված են սպասուհիներ, ովքեր զբաղված են զգեստների սնդուկներով: Տիցիանի մերկ գեղեցկուհու վերաբերյալ մի քանի բացատրություն կա: Ըստ դրանցից մեկի, նկարը խորհրդանշում է ամուսնական կապեր: Զգեստներով սնդուկը հետին պլանում խորհրդանշում է մերկ աղջկա օժիտը: Այլ ուսումնասիրողներ կարծում են, որ «Ուրբինյան Վեներան» կուրտիզանուհու դիմանկար է, ով փաստացի իրեն առաջարկում է հանդիսատեսին: Հնարավոր է` Տիցիանը ցանկացել է իր կտավում պատմել ամուսնության մեջ սեքսուալության մասին` միավորելով հուզիչ էրոտիկան հավատարմության հետ, ինչը խորհրդանշում է կտավի վրա պատկերված շնիկը: Սակայն վերածննդյան կտավի գեղագիտական իդեալները թույլ են տալիս Վեներայի մերկության մեջ տեսնել առավել գաղափարական թեմատիկա: Մերկ կինը մերկ տղամարդու հետ միասին 15-16-րդ դարերի Իտալիայում ձեռք են բերում գեղարվեստական չափանիշի նշանակություն: Մերկությունը չի ընկալվում ուղղակի որպես առանց հագուստի մարդ: Մերկության մեջ նկարիչները տեսնում են մարդու բնական վիճակը, նրա գեղարվեստական միտքը: Մերկությունը որպես բարոյական մաքրության, խելամտության ու ճշմարտության մարմնավորում Վերածննդի նկարիչների կողմից հակադրվում էին հագնված կերպարներին, ինչպես «մերկ ճշմարտությունը» «զարդարված ճշմարտությանը»[3]: Հնարավոր է` «Ուրբինյան Վեներա» կտավի վերաբերյալ նման վերամբարձ բացատրությունների պատճառը նաև դրա գեղանկարչական առանձնահատկությունների հետ է կապված. «Վեներան կարծես առանձնացված է սենյակի տարածությունից, ինչի շնորհիվ այն գոյություն ունի իր սեփական աշխարհում, որտեղ իդեալականի ու իրականի սահմանը շատ երերուն է»[4], «Տիցիանը Վեներայի մարմնի պատկերման մեջ տաք ու սառը երանգների համադրությամբ լույսի ու գույների անընդհատ խառնուրդ է ստեղծում, և այդ հավերժ շարժման մոտիվը ոչ միայն եզրագծում է մարմնի ձևը, այլև բացում է դրա մեջ կյանքի շնչառությունը: Միևնույն ժամանակ, Վեներայի հետևում բարձրանում է պատի աբստրակտ սև գույնը, ոչ մի տեղ չգնացող ուղղահայացը: Այդ սև կերպարի կողքին լուսամուտը ստեղծում է կապույտի ու սևի համադրություն, ինչը հոգեկան տարածության, տրանսցենդենտալ զգացողություն է առաջացնում»[5]

Կանացի գեղեցկության իդեալԽմբագրել

Տիցիանի կտավում կինը ձեռքին վարդ ունի, ինչը Վեներայի խորհրդանիշն է: Ով էլ որ լինի կինը, Վեներան թե donna nuda (մերկ կին), նրա մարմինը ցուցադրում է գեղեցկության իդեալ ու համարվում է բարձր Վերածննդի դարաշրջանի խորհրդանիշ: Բարձր ճակատը, որը միջնադարում գեղեցկության խորհդրանիշ էր, և հանուն ինչի կանայք հանում էին ճակատի մազերը, դադարել էր գեղեցկության չափանիշ համարվել: Այժմ մազերը շրջանակում են դեմքը` մեղմացնելով դիմագծերը: Մազերի նախընտրած գույնը ոչ թե սևն էր, ինչպես շատ իտալուհիների մոտ է ի ծնե, այլ բաց գույնը: Վերածննդի ժամանակաշրջանում պատկերված գրեթե բոլոր դիցաբանական կերպարները բաց գույնի մազեր ունեն: Կուրծքը գեղեցիկ էր համարվում, եթե այն փոքր էր, կլոր ու ձիգ: Կնոջ փորը Տիցիանը պատկերել է փոքր-ինչ կլոր: Գոթական կտավներում կանանց փորը պատկերվում էր առավել ուռուցիկ: Վերածննդի ժամանակաշրջանում նկարիչները հրաժարվել են այդ փորձից և փնտրում էին առավել բնական ձևեր: Ամեն դեպքում, փորը համարվում էր կանացի մարմնի կենտրոնը, պտղաբերության ու մարդկության շարունակության խորհրդանիշը:

ՆախատիպերԽմբագրել

1508-1510 թվականներին հայտնվել է Ջորջոնեի «Քնած Վեներան», որի ստեղծմանը, ըստ հետազոտողների, մասնակցել է Ջորջոնեի աշակերտ Տիցիանը: Երկու կտավների տիպային համընկնումն ակնհայտ է: Միևնույն ժամանակ, ըստ Ալպատովի, Տիցիանը «Ուրբինյան Վեներա»-ով «ոչ միայն հետ է մնում Ջորջոնեից մանրամասներում», այլև փոխում է դրա ողջ կերպարային կառուցվածքը. «Տիցիանի ճոխ մերկությունը փոխարինում է Ջորջոնեի կուսական-խելամիտ մերկությանը, ինչպես ծաղկող ամառը փոխարինում է ամաչկոտ գարնանը»[3]:

 
Ջորջոնե. Քնած Վեներան, 1508-1510, Դրեզդենի պատկերասրահ


ՏեխնիկաԽմբագրել

«Ուրբինյան Վեներա» կտավում իրենց ամբողջական արտացոլումն են գտել Տիցիանի գեղանկարչական բոլոր հատկանիշները: Մասնավորապես մազերը, մաշկը, մորթիները, գույները, կտորներն ու թանկարժեք քարերը նկարչի կողմից պատկերվել են բնական կերպով, տեսողական խաբկանքին մոտ: Կրոնական թեմաներով կտավներից բացի Տիցիանը պատկերել է նաև պատմական կերպարներ ու չճանաչված անձանց: Տիցիանի ստեղծագործության մեջ մի ամբողջ շարք նվիրված է անհայտ կանանց, որտեղ Տիցիանը սիմվոլների լեզվով պատմում է կանացի ձգողականության ուժի մասին: Կտավներում կարող են հանդիպել վենետիկյան կուրտիզանուհիներ, ովքեր 17-րդ դարում բարձր սոցիալական դիրք ունեին:

 
Էդուարդ Մանե, Տիցիանի «Ուրբինյան Վեներայի» պատճենը

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Տիցիանի «Ուրբինյան Վեներա»-ն ներշնչել է Էդուարդ Մանեին ստեղծել իր հայտնի «Օլիմպիա»-ն:
 
Էդուարդ Մանե, Օլիմպիա, 1863, Փարիզի Օրսե թանգարան

ԿինոԽմբագրել

«Էլ Գրեկո» (2007) ֆիլմում կա դրվագ, որտեղ ցուցադրվում է Տիցիանը «Ուրբինյան Վեներա»-ն պատկերելիս: Ըստ սյուժեի, իսպանացի սուրհանդակները, որ եկել են Վենետիկ, այցելում են Տիցիանի արվեստանոցը հենց այն պահին, երբ նա աշխատում էր «Ուրբինյան Վեներա» կտավի վրա:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 http://www.economist.com/node/21559586
  2. 2,0 2,1 Hale S. Titian: His Life — 1 — Harper, 2012. — ISBN 978-0-06-059876-1
  3. 3,0 3,1 Միխայիլ Ալպատով. «Венера» Джорджоне / Этюды по всеобщей истории искусств. — М., Советский художник (серия "Библиотека искусствознания"), 1979. — 43-67 с.
  4. Маркова В. Э. Выставочная экспликация к картине «Венера Урбинская».
  5. Тавьев М. Ю. «Венера Урбинская». Опыт зрительского восприятия / От Венецианова до Ван Гога. Этюды о живописи. — М., Издательский дом Руденцовых, 2012. — 24-29 с.