Ապարանջան
Ապարանջան (պարսկ. abrangan), զանազան նյութերից պատրաստված օղակաձև զարդ, օգտագործվել է գեղագիտական, հմայական և գործածական նպատակներով։ Հնագույն ապարանջանները պատրաստվել են մամոնտի ժանիքներից և հայտնի են հին քարի դարից։ Նոր քարի դարի վերջերից գործածվել են նաև քարե ապարանջաններ, բրոնզի դարում՝ մետաղյա ապարանջաններ։ Հին Արևելքում ապարանջաններ սովորաբար կրել են նաև տղամարդիկ, առավելապես՝ աստիճանավորները։ Նրբագեղությամբ հայտնի էին Հին Հունաստանի և Հին Հռոմի ապարանջանները։ Ըստ հռոմեացի պատմագիր Ամմիանոսի, մարտադաշտում Տիգրան Մեծի նահատակված զինվորների վրա եղել են ապարանջաններ, ինչպես նաև մանյակներ։ Ապարանջանները գործածվում էին նաև միջնադարյան Եվրոպայի երկրներում, ինչպես նաև 11-13-րդ դարերում Ռուսաստանում։ Այժմ ապարանջանները կանանց նախասիրած, ոսկերչական նուրբ հորինվածքով զարդեր են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 505)։ |