Մատանի
Մատանի, պերճանքի առարկա, մատի զարդ։
Ընդհանուր տարածվածություն
խմբագրելՏարածված է աշխարհի շատ ժողովուրդների մոտ։ Ոսկրե մատանիները երևան են եկել քարի դարում, մետաղե մատանիները՝ բրոնզի դարում։ Հին Եգիպտոսում կրում էին արձանագրություններով, կենդանիների, թռչունների ու փորագրազարդ այլ պատկերներով կնքամատանիներ, որոնց դրոշմները փոխարինում էին տիրոջ ստորագրությանը։ Նման մատանիները հայտնի էին նաև հույներին, էտրուսկներին, հայերին և այլ ժողովուրդների։ Հին Հռոմում տարածված էին ոսկե և արծաթե մատանիները։ Միջին դարերում և հետագայում սովորական էին թանկարժեք և կիսաթանկարժեք քարերով ոսկե, արծաթե մատանիները։
Մատանին Հայաստանում
խմբագրելՀայկական լեռնաշխարհում մետաղե մատանիները հայտնի են III հազարամյակից։ Շենգավիթից գտնվել է եզակի մատանի, միջուկի ոսկե բարակ ձողի վրա՝ ոսկե թիթեղ։ Նույն շրջանի արծաթե մատանի է գտնվել Ջրահովտից։ Հայաստանում մատանին տարածված զարդ է դառնում մ.թ.ա. II հազարամյակից, օղակաձև, օձագլուխ ծայրերով, սեգմենտավոր, օձագալար և այլ ձևավորումներով միաձույլ ոսկե, արծաթե, բրոնզե, երկաթե բազմատեսակ մատանիներ են գտնվել Լճաշենի, Արթիկի, Մեծամորի, Լոռու բերդի, Շիրակավանի ու բրոնզի ու երկաթի դարերի այլ հնավայրերի դամբարաններից։ Բրոնզե, երկաթե, ինչպես նաև թանկարժեք ու կիսաթանկարժեք (օձաքար, սարդիոն, նռնաքար, քաղկեդոն, լագարիտ և այլն) քարերից զեմմաներով մատանիներ հայտնի են Հայաստանի անտիկ ժամանակաշրջանի հնավայրերից։ Դրանց վրա փորագրված են պաշտամունքային-առասպելական, կենցաղային տեսարաններ, կենդանիների, գազանների, թռչունների և այլ խորհըրդանշական պատկերներ, դիմանկարներ։ Հին հայկական արվեստի կատարյալ ստեղծագործություն է հայոց թագուհի պատկերող՝ մ.թ.ա. 1-ին դարում գեմման, փորագրված դեղին նռնաքարի վրա (պահվում է Փարիզի գրադարանում)։ Մ.թ.ա. առաջին դարերի մատանիներ են գտնվել Գաոնիում՝ Աթենասի, կենդանագլուխ մարդու և այլ պատկերներով։ Ընդելուզման, եղանակներով պատրաստված մետաղե մատանիներ՝ Դվինում և Անիում։ Հայ եկեղեցին մատանի կրել արտոնում էր միայն եպիսկոպոսներին։ Կնքամատանիները համարվել են թագավորների, իշխանների և այլ բարձրաստիճան անձանց իշխանության խորհրդանշան։ Դրանցով հաստատում կնքում էին նամակներ, հրամանագրեր, պայմանագրեր ու այլ վավերագրեր։ Այդ նշանակությունն ունեին Հայաստանում հնում տարածված, այսպես կոչված՝ «վարազագիր» մատանիները, ինչպես զանազան ժողովուրդների, այնպես էլ հայերի մոտ հարատևում է հարսին նշանի մատանի հանձնելու սովորույթը՝ իբրև զույգերի միությունը վավերացնելու խորհրդանշան[1]։
Մատանիների տիրակալը։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 281)։ |