Ուպամանա
Ուպամանա (սանսկր․ upamāna – անալոգիա, համեմատում), հնդկաստանի փիլիսոփայության ճանաչողության տերմին, նյայայի և միմանսայի գիտելիքի աղբյուրներից մեկը, հավաստի գիտելիքի երրորդ աղբյուր, (առաջին աղբյուրը՝ պրատյակշա, երկրորդը՝ անումանա), որը հաստատվում է հավաստի գիտելիքի չորրորդ աղբյուրով՝ վկայություններով (շաբդա)։
Հինդուիզմ |
Դհարմա · Արտհա · Կամա |
Վեդաներ · Ուպանիշադներ |
Համանման նյութեր
Հինդուիզմ ըստ երկրի · Հինդուիզմը Հայաստանում · Սրբապատկերագրություն · Ճարտարապետություն · Օրացույց · Տոներ · Կրեացիոնիզմ · Կինը հինդուիզմում · Մոնոթեիզմ · Աթեիզմ · Այուրվեդա · Աստղագիտություն |
Ճանաչողություն ըստ նմանության
խմբագրելՈւպամանան առարկայի և նրա անվան կամ բառի և նրա ճշգրիտ իմաստի միջև կապերի մասին մեր գիտելիքի աղբյուրն է։ Այդպիսի ճանաչողությունը գործում է, երբ մենք լսում ենք որևէ հեղինակության խոսք այն մասին, որ այս կամ այն բառը նշանակում է ինչ–որ օբյեկտների դաս, իսկ հետո այդ նկարագրության հիման վրա կիրառում ենք այդ նկարագրությունը օբյեկտի կամ օբյեկտների նկատմամբ, որոնք համապատասխանում են այդ նկարագրությանը, չնայած մենք դրանք հնարավոր է, որ նախկինում չէինք էլ տեսել։
Ըստ «Նյայա–սուտրաների», ուպամանան «առարկայի ճանաչողության միջոց է օգտվելով արդեն ճանաչված առարկայի հետ նրա նմանությունից (I.1.6)։ Ըստ Վատսյայանայի, երբ ինչ–որ մեկն իմանում է, որ վայրի կովը ընտանի կովի նման է և անտառում հանդիպում է կովի նման կենդանու, ապա նա ճանաչում է վայրի կովին՝ նախկինում նրա մասին ունեցած իր ինֆորմացիայի շնորհիվ։ Այդ ճանաչումն էլ, ճանաչողության ուպամանա տեսակն է, այսինքն նմանության միջոցով ճանաչողություն։
Տղային, որը երբեք ագռավ չի տեսել, կարելի է ասել, որ օբյեկտը նման է ագռավի, բայց մի քիչ մեծ է նրանից և կապտա–սև գույնի է։ Եվ, եթե դրանից հետո ագռավ տեսնելիս, նա ասի «Հնարավոր է, սա է ագռավը», նշանակում է տղան հասկացել է այդ բառի ճիշտ նշանակությունը։ Կամ Ստեբբինգի բերած օրինակներից մեկ այլ օրինակ, ենթադրենք, որ դուք չգիտեք, ինչ է սաքսաֆոնը։ Երաժիշտը կարող է ասել․ «Սաքսաֆոնը փողային երաժշտական գործիք է, որը նման է U տառին»։ Եթե արդյունքում, դուք կճանաչեք գործիքը, դա կնշանակի, որ դուք հասկանում եք «սաքսաֆոն» բառի իմաստը։ Այսպիսով, ուպամանան բառերի ճշգրիտ իմաստի կամ անվանումների և օբյեկտների միջև հարաբերության ճանաչողության ուղին է։
Ուպամանայի միջոցով ճանաչողությունը հիմնվում է դիտարկմանը ենթակա օբյեկտների այնպիսի նկարագրության վրա, որը կհենվի արդեն հայտնի օբյեկտների վրա, ցույց տալով նրանց ընկալելի նմանությունը և այլն։ Մարդը վայրի կովին ճանաչում է, երբ հիշելով նկարագրությունը ընկալում է նրա նմանությունը ընտանի կովի հետ[1]։
Ճանաչողություն ըստ տարբերությունների
խմբագրելՎաչասպատի Միշրայի համար ուպամանան ճանաչումն է հակառակ տարբերանշաններից ելնելով։ Հարավաբնակը՝ իմանալով, որ ուղտը տարբերվում է իր իմացած բոլոր կենդանիներից, նրան հյուսիսում հանդիպելով ճանաչում է։
Ճանաչողություն ինքն իրենով
խմբագրելՈւպամանան ընդունելով ճանաչողության հավաստի աղբյուր, միմանսայի և վեդանտայի հետևորդներն այն այլ կերպ են բացատրում։ Ընտանի կովին նմանացնելու միջոցով վայրի կովին ճանաչելը կատարվում է նախկինում որևէ վստահելի աղբյուրից իմացած հիշողության միջոցով։ Այդպիսով ճանաչողությունը հանգում է տրամաբանական եզրակացության՝ ելնելով նախկին գիտելիքից։ Հետևաբար համեմատումը ճանաչողության աղբյուր չէ[2]։
Ըստ միմանսայի դպրոցի, համեմատման մրջոցով գիտելիք ստանալ հնարավոր է, եթե օրինակ, երբևէ կապիկ տեսած մարդը, գտնվելով անտառում օրանգուտանին տեսնելով որոշում է․ «Այս օրանգուտանը կապիկի նման է»։ Այս՝ ընկալման վրա հենված դատողությունից հետո նա ևս մեկ դատողություն է անում․ «Նախկինում իմ տեսած կապիկը նման է օրանգուտանին»։ Այս գիտելիքը ստացվում է հենց համեմատություն կատարելով և ընկալման արդյունք չէ, քանի որ տվյալ պահին կապիկ չկա[3]։
Շաբարասվամին ուպամանան հանգեցնում է արևմտյան տրամաբանության տերմինաբանության մեջ ընդունված արգումենտ կամ անալոգիա հասկացություններին։ Ըստ նրա, մեկ այլ Ես–ի գոյությունը հիմնավորել կարելի է հետևյալ արգումենտի միջոցով․ «Ճիշտ այնպես, ինչպես մարդը զգում է իր գոյությունը, այնպես էլ նա կարող է ենթադրել, որ մեկ ուրիշն էլ է զգում իր գոյությունը»։ Այս տեսակի արգումենտը ուպամանա է։ Ըստ Շաբարասվամիի տված բնորոշման («որոշակիորեն ծանոթ օբյեկտի հետ նմանությամբ անճանաչելի օբյեկտի ճանաչողություն»), ուպամանան անալոգիայի միջոցով ստացված արգումենտ է[4]։
Միմանսան նմանությունը (սադիրշյա), որը հանդիսանում է ուպամանայի օբյեկտ, դիտում է որպես իրականության ինքնուրույն կատեգորիա։ Նմանությունը չի կարող հատկանիշ (գունա) համարվել, քանի որ մի հատկանիշը չի կարող օժտված լինել մեկ ուրիշ հատկանիշով, բայց «նմանը» հատկություններով օժտված է։ Նաև չի կարելի նմանությունը դիտարկել որպես համընդհանուր (սամանյա), քանի որ համընդհանուր նշանակում է այնպիսի մի բան, որ բազմաթիվ տեսակների համար նույնական է (օրինակ, կովությունը կովերի համար), նմանությունը չի նշանակում լիակատար նույնականություն։
Այսպիսով, ըստ միմանսայի, ուպամանան ռեֆերենտի անունի հետ կապի ճանաչումը չէ, այլ հենց նմանության ճանաչումը, որը ոչ որակական է, ոչ՝ ընդհանուր, այլ հանդիսանում է իրականության առանձին կատեգորիա (այդ իսկ պատճառով նրան ֆիքսող ուպամանան նույնպես չի հանգում գիտելիքի մեկ այլ աղբյուրի)։
Ճանաչողության ինքնուրույն աղբյուրի հերքում
խմբագրելՄի քանի փիլիսոփայական դպրոցներ ուպամանան չեն ընդունում որպես հավաստի գիտելիքի ճանաչողության ինքնուրույն աղբյուր։
Չարվակաները պնդում են, որ ուպամանան ամենևին էլ ճանաչողության հավաստի աղբյուր չէ, ինչպես պնդում են նյայայի փիլիսոփայության ներկայացուցիչները, քանի որ չի կարող տալ որևէ հավաստի գիտելիք բառի ճշգրիտ իմաստի մասին։
Բուդդայական տրամաբանները ուպամանան համարում են հավաստի ճանաչողության տեսակներից մեկը, սակայն այն հանգեցնում են ընկալմանը և վկայությանը, և հետևաբար, չեն համարում ճանաչողության ինքնուրույն աղբյուր։
Վայշեշիկան և սանկխյան նմանապես, մտահանգման տեսակներից մեկը համարելով ուպամանան ո՛չ ճանաչողության հատուկ տեսակ են համարում և ոչ էլ՝ ճանաչողության ինքնուրույն աղբյուր։
Ջայնիստները ուպամանան հանգեցնում են պրատյաբհիջնյային (ճանաչում, ինչպես Պլատոնի փիլիսոփայությունում վերհուշը)։
Գրականություն
խմբագրել- Сатисчандра Чаттерджи, Дхирендрамохан Датта. Древняя индийская философия․ Упамана - сходство․ Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Библиотека "Полка букиниста"
- УПАМАНА Новая философская энциклопедия
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Jivananda Vidyasagara, Tarkasangraha, էջ. 62-63
- ↑ Parthasarathi, Sastra-dipika, 1. 1. 5.
- ↑ Сатисчандра Чаттерджи, Дхирендрамохан Датта. Древняя индийская философия․Система мимансы(չաշխատող հղում) Библиотека "Полка букиниста" Значимые книги отечественных и зарубежных авторов
- ↑ Sabarasvami, "Bhasya", "Jaimini sutra", 1 1 15.