Ուդիտ Նարայան (Ուդիտ Նարայան Ջհա, նեպալ.` उदित नारायण झा, դեկտեմբերի 1, 1955(1955-12-01)[1], Supaul district, Kosi division, Բիհար, Հնդկաստան[2]), նեպալյան և հնդկական երգիչ, դերասան, պրոդյուսեր և հեռուստահաղորդավար։ Հնդկական կինոյի առավել հայտնի արտակադրային երգիչներից մեկն է։ Կատարել է ավելի քան 25000 երգ` մոտ 34 լեզուներով, այդ թվում հինդի, տելուգու, թամիլերեն, կաննադա, մալայալամ, նեպալերեն և այլն։ Filmfare Awards-ի հնգակի, Ազգային կինոմրցանակի եռակի դափնեկիր է։ Արժանացել է նաև այլ երաժշտական պարգևների։ Պարգևատրվել է Նեպալի պետական Գուրկհայի աջ ձեռքի շքանշանով և հնդկական Պադմա Շրի և Պադմա Բհուշան պարգևներով։

Ուդիտ Նարայան
անգլ.՝ Udit Narayan
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 1, 1955(1955-12-01)[1] (68 տարեկան)
ԾննդավայրSupaul district, Kosi division, Բիհար, Հնդկաստան[2]
Քաղաքացիություն Հնդկաստան և  Նեպալ
Կրոնհինդուիզմ
Մասնագիտություներգիչ, կինոդերասան, հեռուստահաղորդավար, կինոպրոդյուսեր, արտակադրային երգի կատարող և ստուդիական երաժիշտ
Պարգևներ և
մրցանակներ
Պադմա Բհուշան Արվեստում նշանակալի ավանդի համար Պադմա Շրի մրցանակ և Գորկայի աջ ձեռքի շքանշան
ԵրեխաներAditya Narayan?
 Udit Narayan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ուդիտ Նարայանը ծնվել է Նեպալում։ Նրա հայրը ագարակատեր էր։ Սկզբնական կրթությունը ստացել է Ռաջբիրաջ քաղաքի P.B. School դպրոցում, իսկ հետո Կատմանդուի Ratna Rajya Laxmi Campus քոլեջում։ Երգչի կարիերան սկսել է Կատմանդուի ռադիոյում` կատարելով աշուղական, ժողովրդական և ժամանակակից էստրադային երգեր նեպալերեն, ինչպես նաև մաիթհիլի և բհոջպուրի լեզուներով։

Առաջին անգամ կինոյում, որպես արտակադրային երգիչ, Ուդիտ Նարայանը հանդես է եկել երգելով նեպալյան «Sindur» կատակերգական ֆիլմում։ 1978 թվականին Հնդկաստանի դեսպանատան հրավերով տեղափոխվել է Մումբայ, որտեղ Bhartiya Vidya Bhavan հեղինակավոր երաժշտական դպրոցում ուսումնասիրել է դասական երաժշտություն։ 1980 թվականին կոմպոզիտոր Ռաջեշ Ռոշանը Ուդիտ Նարայանին հնարավորություն է տվել երգելու Բոլիվուդի արտակադրային երգի վետերան Մոհամեդ Ռաֆիի հետ` «Տասնինը - Քսան» կինոնկարում։ Այնուհետև նա երգել է «Sannata» (1981թ.), «Bade Dil Wala» (1983թ.), «Tan-Badan» (1986թ.) կինոնկարների համար։

1988 թվականին Ուդիտ Նարայանը մեծ ճանաչում ձեռք բերեց «Դատավճիռ» ֆիլմում կատարած երգերի շնորհիվ, որոնք նրան ներկայացրին Filmfare Award մրցանակի։ 1993 թվականին նա կրկին փայլեց` Յաշ Չոպրայի «Կյանք` վախի ներքո» կինոնկարում կատարելով հերթական երգը։ 1995 թվականին կոմպոզիտորներ Ջաթին և Լալիտ ստեղծագործական զույգի հետ համագործակցելու շնորհիվ, երգել է «Չառևանգված հարսնացուն» կինոնկարի համար, որի արդյունքում արժանացել է Filmfare Award մրցանակի` տղամարդու լավագույն արտակադրային վոկալ անվանակարգում[3]։

Ուդիտ Նարայանը երգում էր նաև նեպալյան ֆիլմերի համար և նույնիսկ հանդես է եկել նաև որպես դերասան։ 2004 թվականին թողարկել է իր առաջին նեպալյան «Upahaar» ալբոմը, որտեղ բացի մեներգերից, կատարել է զուգերգեր իր կնոջ հետ միասին։ Նեպալի ամենահեղինակավոր երաժշտական Hits FM Awards մրցանակաբաշխությունում, նրա ալբոմը արժանացել է երկու` «Տարվա ռեկորդ» և «Տարվա երաժշտական ալբոմ» պարգևներին։ Իր կնոջ հետ ձայնագրել է նաև «Dil Deewana» ալբոմը։

Բոլիվուդի 100-ամյակի կապակցությամբ, Ուդիտ Նարայանը կատարել է «Taal Se Taal Mila» երգը` «Սիրո ռիթմեր» կինոնկարից, որը ճանաչվել է «դարի լավագույն երգ»։ Ուդիտ Նարայանը նաև հեռուստահաղորդավար է, հեռուստատեսային երաժշտական շոուների ժյուրիի անդամ։ Որպես երգիչ հանդես է գալիս Հնդկաստանի և այլ երկրների բեմերում։ Նա համագործակցել է այնպիսի կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են Լաքսմիկանտ և Պյարելալ, Կալյանջի և Անանդջի, Ջաթին և Լալիտ ստեղծագործական զույգերը, Ռաջեշ Ռոշանը, Ռահուլ Դև Բուրմանը, Ադեշ Շրիվաստավան և այլք։

Մեներգերին զուգընթաց, կատարել և ձայնագրել է զուգերգեր հայտնի երգչուհի Ալկա Յագնիկի հետ, համագործակցել երգիչներ Կումար Սանուի, Սոնու Նիգամի, Կավիտա Կրիշնամուրթհիի և այլոց հետ։ Նրա կատարմամբ երգերը հնչում են «Կյանք` վախի ներքո» (1993թ.), «Չառևանգված հարսնացուն» (1995թ.), «Խելագար սիրտը» (1997թ.), «Կյանքում ամեն ինչ պատահում է» (1998թ.), «Հավերժ քոնը» (1999թ.), «Սիրո ռիթմեր» (1999թ.), «Կգա վաղը կամ ոչ» (2003թ.), «Վիրն ու Զառան» (2004թ.) և այլ կինոնկարներում։

Անձնական կյանքը

խմբագրել

Ուդիտ Նարայանը ամուսնացել է երկու անգամ։ Երկրորդ կինը` Դիպա Նարայան Ջհան, նույնպես երգչուհի է։ Նրանք ամուսնացել են 1985 թվականին, իսկ 1987 թվականին ծնվել է նրանց որդին` Ադիտյա Նարայանը, ով այժմ հանդես է գալիս որպես երգիչ, դերասան և հեռուստահաղորդավար։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 'Getting Padma Shri a dream come true' // Hindustan TimesHT Media, 2009. — ed. size: 1143000 — ISSN 0972-0243
  3. «Dilwale Dulhania Le Jayenge creates record» (անգլերեն). Business of cinema. 2007 թ․ ապրիլի 13. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուդիտ Նարայան» հոդվածին։