Ոսկու շուկա, շուկա, որն ապահովում է միջազգային կարգավորման, արդյունաբերական և ներքին սպառման, մասնավոր ապրանքների, ներդրումների, ռիսկերի ապահովագրության, սպեկուլյատիվ գործարքների իրականացումը։ Կազմակերպական տեսակետից սովորաբար տեղական բանկերի ու մասնագիտացված ֆիրմաների կոնսորցիումներ են, որոնք բացի ոսկու սանտրից, նաև զտում են մետաղը (աֆինաժ) ու պատրաստում ձուլակտորներ։ Շուկաներում ոսկին վաճառում են հիմնականում արդյունահանող երկրներն ու դրանց պաշարների մասնավոր տերերը, իսկ գնում են մասնավոր ֆիրմաներն ու առանձին անձինք, որոշ դեպքերում՝ կենտրոնական բանկերը։

Ոսկու շուկաների մեծ մասը սպասարկում է ներքին պահանջարկը։ Գոյություն ունեն նաև միջազգային ոսկու շուկաներ։ 19-րդ դարից մինչև 20-րդ դարի 60-ական թվականներին ոսկու համաշխարհային առևտրի միակ գլխավոր կենտրոնը Լոնդոնն էր, հետագայում՝ նաև Ցյուրիխը։ Դրանք ոսկու առևտրի ռեգիոնալ միջազգային կենտրոնների կամ առանձին երկրների (մասնավորապես Ֆրանսիայի ու Ճապոնիայի) ներքին խոշոր ոսկու շուկաների միջոցով ոսկին արտադրողներից ուղարկում են սպառողներին։ Միջազգային ռեգիոնալ գլխավոր ոսկու շուկաներից են Մերձավոր Արևելքում՝ Դիբայը, Բեյրութը, Քուվեյթը, Ջիդան, Հեռավոր Արևելքում՝ Սինգապուրն ու Սյանգանը (Հոնկոնգ), Արևմտյան կիսագնդում, մինչև 1970-ական թվականները, Տորոնտոն ու Վիննիպեգը, 1975-ից՝ նաև Նյու Յորքն ու Չիկագոն։ Ոսկու ներքին խոշորագույն շուկան Փարիզն է, (Ֆրանսիայում ոսկու ներմուծումը ձևականորեն արգելված է, մաքսանենգ ճանապարհով այն բերվում է հարեվան երկրներից), խոշոր են նաև Եվրոպայում՝ Միլանի ու Մայնի Ֆրանկֆուրտի, Ասիայում՝ Տոկիոյի, Բոմբեյի («սև շուկա»), Դաքայի ու Կարաչիի, Աֆրիկայում՝ Կասաբլանկայի, Ալեքսանդրիայի, Կահիրեի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 636