Նոր նյութականություն[1], նոր առարկայականություն, նոր իրողություն[2] (գերմ.՝ Neue Sachlichkeit), գեղարվեստական շարժում Գերմանիայում 1920-ականների երկրորդ կեսին (այսպես կոչված, «ոսկե քսանականներ»), որն ընդգրկել է նկարչությունը, գրականությունը, ճարտարապետությունը, լուսանկարչությունը, կինոն, երաժշտությունը։ Հակադրվել է ուշ ռոմանտիզմին և էքսպրեսիոնիզմին, և իրեն սպառել է 1933 թվականին՝ նացիզմի իշխանության գալով և արվեստի ոլորտում միասնական պետական քաղաքականություն հաստատելով։ Գեղարվեստական նոր շարժումը չի ներկայացրել մեկ գեղարվեստական ուղղություն կամ ոճ։ «Նյութականները» «կորած սերնդի» մարդիկ էին, դրանք Էրիխ Մարիա Ռեմարկի, Ստեֆան Ցվայգի, Բերտոլդ Բրեխտի ստեղծագործությունների հերոսներն էին, ովքեր կորցրել էին իրենց հոգևոր կողմնորոշումը երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում։ Այդ աշխարհընկալումն արտացոլում էր Գերմանիայի տարբեր շրջանների նկարիչների ձգտումները, որոնք փորձում էին ընդդիմանալ ֆորմալիզմի և վերացական արվեստի հարձակումներին։ Դրանց թվում էին «կենցաղագիրներ», նեոկլասիցիստներ, «բիդիերմայիստներ», երգիծաբաններ, հոռետեսներ, ցինիկներ, պոռնոգրաֆիստներ և ծաղրանկարիչներ։ Նկարիչները ձգտում էին ընկալել իրերն այնպիսին, ինչպիսին իրականում են՝ առանց իդեալականացման և ոգևորվածության։ Չընդունելով աբստրակցիոնիզմը՝ «մատերիալիստները» մերժեցին նաև նատուրալիզմը, նրանք ձգտում էին նորացնել գեղարվեստական լեզուն։ Այստեղից էլ «նոր» նախածանցը[3]։

Կարլ Գրոսսբերգի տպագրատուն (1925)

Տերմին խմբագրել

Նոր նյութականություն հասկացությունը գործածության մեջ է մտել 1925 թվականին Մանհայմի պատկերասրահի տնօրեն Գուստավ Հարտլաուբի կողմից, որը փորձել է բնորոշել երիտասարդ արվեստագետների ավանգարդից հեռանալը և ռեալիստական ավանդույթների վերանայումը։ Հարտլաուբը այս ռեալիզմը բնութագրել է հետևյալ կերպ.

  Դա կապված էր ցինիզմի ընդհանուր տրամադրությունների և ճակատագրի հնազանդեցման հետ, որը համակել էր գերմանացիներին այն բանից հետո, երբ ապագայի հանդեպ նրանց պայծառ հույսերը փոշիացան (ինչը իր արտացոլումը գտավ էքսպրեսիոնիզմի մեջ)։ Ցինիզմը և ճակատագրին հանձնվելը «նոր նյութականության» բացասական կողմերն էին։ Դրական կողմն այն էր, որ անմիջական իրականությանը մեծ հետաքրքրությամբ էին վերաբերվում, քանի որ արվեստագետների մոտ ցանկություն առաջացավ ընկալել իրողությունն այնպիսին, ինչպիսին այն գոյություն ունի՝ առանց իդեալականացնող կամ ռոմանտիկ զտումների։  

Գեղանկարչություն խմբագրել

Ինչ-որ չափով փոխառելով գեղանկարիչների «Կամուրջ» խմբի էքսպրեսիոնիստական տեխնիկան` «մատերիալիստները » մտադրվել էին հակադրվել ակադեմիական արվեստի ճնշող միօրինակությանը և տափակաբանությանը, ինչպես նաև քաղքենիական գոյության անհուսալիությանը, նոր գեղարվեստական լեզվի` «էքսպրեսիոնիստական ռեալիզմի» արտահայտչականությանը։ Նրանք օգտագործում էին մռայլ ուրվագծեր, տխուր, հիմնականում սառը գույներ, կարծրացած ձևի մեթոդներ։ Կոշտ վարքագծի և «ոչ նրբագեղ» լինելու համար նրանց մեղադրում էին նիհիլիզմին հարելու համար։ Ավելի շուտ դա պատկերավոր ոչ կոնֆորմիզմ էր։ Երբեմն նման արվեստը կոչվում է ոչ օբյեկտիվիստական, իսկ նրանց ներկայացուցիչներին՝ «իրականության նկարիչներ»։ Հայտնի են նաև այլ անվունումներ, որոնք արտացոլում են մոտ, բայց ոչ նույնական երևույթները (նեոռեալիզմ, նոր առարկայական գեղանկարչություն, նոր ռեալիզմ)[4]։

Գեղանկարչության ոլորտում շարժումը բաժանվում էր երկու թևի[5]։ Աջ թևի նկարիչները (Մյունխեն, Կարլսրուե) փորձեցին վերակենդանացնել նախապատերազմական նեոկլասիցիզմը՝ հիմնվելով Ջորջո դե Կիրիկոյի և Ֆելիքս Վալոթոնի ստեղծագործությունների վրա, երբեմն նրանց փորձերն արտահայտելու համար օգտագործելով «մոգական ռեալիզմ» տերմինը։ Երբեմն աջ թևին են դասվում «Կապույտ ձիավորի» նկարիչները` Վասիլի Կանդինսկին, Հ. Կամպենդոնկը, Ա. Գ. Յավլենսկին, (ինչը շատ վիճելի է)։ Երբեմն, «մատերիալիստներ»-ի շարքին են դասվում աբստրակտիվիստները` Վ. Բաումայստերը և Կ. Շվիտտերսը ինչը նույնպես վիճելի է։

Ձախ, քննադատական և երգիծական թևի նկարիչները (Գեորգ Գրոսը, Օտտո Դիքսը, Մաքս Բեքմանը) հիմնականում աշխատում էին Բեռլինում և Դրեզդենում, սոցիալական քննադատության և ծաղրանկարների բնագավառում։ 1930-ականներին ձախ կողմնորոշումը նացիստական քարոզչության կողմից որակվեց որպես մշակութային բոլշևիզմ և դեգեներատիվ արվեստ, որը ենթակա էր խորհրդանշական պղծման և ոչնչացման։ Գեղանկարչության և գծանկարչության բնագավառին, բացի արդեն թվարկվածներից, նոր նյութականությանն էին պատկանում Ժաննա Մամմենը, Քրիստիան Շադը, Հենրիխ Մարիա Դավրինգհաուզենը, Ռուդոլֆ Դեշինգերը, Կարլ Բարտը, գրականության մեջ՝ Հանս Ֆալլադան, Մաքս Հերման-Նայսենը և Ալֆրեդ Դյոբլինը, երաժշտության մեջ՝ Պաուլ Հինդեմիթը, Կուրտ Վայլը, լուսանկարչության մեջ` Ավգուստ Զանդերը, Կառլ Բլոսֆելդտը, Ալբերտ Ռենգեր-Պատչը։ Վերջինս, որի ալբոմը կրում էր «Կյանքը գեղեցիկ է» (1926), հատկանշական վերնագիրը, իր մոտեցումը հիմնավորելու համար գրում է.

  Եկեք արվեստը թողնենք նկարիչներին և լուսանկարչական միջոցներով փորձենք ստեղծել պատկերներ, որոնք կարող են պաշտպանել իրենց արժանապատվությունը զուտ լուսանկարչական հատկություններով՝ առանց արվեստից փոխառություններ կատարելու։  

Ռուս նկարիչներից նոր նյութականության ուղղության հետ նմանեցնում են առաջին հոսքի արտագաղթող Նիկոլայ Զագրեկովի աշխատանքները, ով այդ ժամանակ աշխատում էր Գերմանիայում[6], Էստոնիայում այդ շարժման ներկայացուցիչը եղել է Նատալիա Մեյը։

Ճարտարապետություն խմբագրել

Ճարտարապետության մեջ Գերմանիայում (մասամբ Հոլանդիայում) նոր նյութականությունը կոչվում էր Նոր շինարարություն (Neues Bauen): Էրիկ Մենդելսոնը և Թաութ Բրունոը համարվում են այս ուղղության հիմնական ներկայացուցիչները։

Կինեմատոգրաֆիա խմբագրել

Գեորգ Վիլհելմ Պաբստը և «Ոսկե քսանականների» այլ ռեժիսորներ մերժեցին կինոէքսպրեսիոնիզմի չափազանց սուբյեկտիվությունը։ Իր «Տխուր նրբանցք» (1925) և «Պանդորայի արկղ» (1929) ֆիլմերում Պաբստը, իրատեսական ֆոնի վրա, շեշտակի և անկողմնակալ բարձրացնում է սոցիալական ամենասուր խնդիրները՝ մարմնավաճառություն, ալկոհոլիզմ, աբորտներ, նույնասեռական հարաբերություններ, աշխատանքային վեճեր։ Մեծ բյուջե ունեցող «Մետրոպոլիս» (1927) ներկայացման մեջ Ֆրից Լանգը ստեղծում է էքսպրեսիոնիզմի և նոր նյութականության օրգանական սինթեզը։ Այս ուղղության հիմնական հատվածում Բերտոլդ Բրեխտն իր կարիերան սկսեց թատերական ռեժիսուրայում։


1200x1000px


Քննադատություն խմբագրել

«Նոր նյութականության» արվեստը իր վրա գրավել է քննադատների և արվեստի պատմաբանների ուշադրությունը։ Գերմանացի լուսանկարիչ Ալբերտ Ռենգեր-Պատչը (1897-1966) 1928 թվականին հրատարակեց գիրք, որը պարունակում էր հարյուրից ավելի «կոշտ» լուսանկարներ «առանց գունազարդարման», «Աշխարհը գեղեցիկ է» («Die Welt ist schön») սադրիչ խորագրի ներքո։ 1925 թվականին գերմանացի արվեստի պատմաբան, քննադատ և լուսանկարիչ Ֆրանց Ռոն հրատարակեց «Էքսպրեսիոնիզմից հետո. Կախարդական ռեալիզմ. Ժամանակակից եվրոպական նկարչության խնդիրներ» («Nach Expressionismus: Magischer Realismus: Probleme der neuesten europäischen Malerei») մենագրությունը, որում նա ողջունում է «կերպարվեստի վերադարձը», այդ թվում «նոր նյութականության» արվեստում։

1937 թվականի նացիստների կողմից կազմակերպված «Այլասերված արվեստ» (Entartetekunst) կամ «Կեղտաջրերը արվեստում» տխրահռչակ ցուցահանդեսից հետո շատ ստեղծագործություններ այրվեցին։ Նախօրեին՝ հուլիսի 18-ին, Մյունխենի «Գերմանական արվեստի տան»-ը, Ադոլֆ Հիտլերը բացեց արվեստի օրինակելի ստեղծագործությունների «Գերմանական մեծ արվեստի ցուցահանդես»-ը։ Ֆրանց Ռոյին, որպես «այլասերված արվեստի» քարոզիչ, զրկեցին իր աշխատանքները դասավանդելու և հրատարակելու հնարավորությունից և նա որոշ ժամանակ անցկացրեց բանտում։ Հետագայում նա գրեց «Չճանաչված նկարիչը։ Մշակութային անըմբռնողության պատմություն և տեսություն» («Der Verkannte Künstler: Geschichte und Theorie des kulturellen Missverstehens»; 1948) գիրքը։

Գրականություն խմբագրել

  • Schmied W. Neue Sachlichkeit and German Realism of the Twenties. London: Arts Council of Great Britain, 1978.
  • Michalski S. New Objectivity. Cologne: Benedikt Taschen, 1994
  • Becker S. Neue Sachlichkeit. Köln: Böhlau, 2000
  • McCormick R.W. Gender and sexuality in Weimar modernity: film, literature, and «new objectivity». New York: Palgrave, 2001
  • Plumb S. Neue Sachlichkeit 1918-33: unity and diversity of an art movement. Amsterdam: Rodopi, 2006

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Крючкова В. А. Новая вещественность Արխիվացված 2019-02-12 Wayback Machine // Большая российская энциклопедия. Т. 23. М., 2013, с. 109.
  2. Луначарский А. В ОБ ИСКУССТВЕ. — Directmedia, 2015-02-20. — 374 с. — ISBN 9785447529895
  3. Турчин В. С. «Новая вещественность» — искусство потерянного поколения // Советское искусствознание. — Вып.26. — М.:Советский художник, 1990. — С. 99—100
  4. Власов, Виктор Георгиевич. «Новая вещественность» // Власов В. Г. Новый энциклопедический словарь изобразительного искусства. В 10 т. — СПб.: Азбука-Классика. — Т. VI, 2007. — С. 282—283
  5. Sabine Rewald, Ian Buruma, Matthias Eberle, Metropolitan Museum of Art (New York N.Y.) Glitter and Doom: German Portraits from the 1920s. — Metropolitan Museum of Art, 2006. — 306 с. — ISBN 9781588392008
  6. «Новая вещественность» Николая Загрекова и русские художники. К 110-летию со дня рождения Николая Загрекова. СПб: Петроний, 2007

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոր նյութականություն» հոդվածին։