Նորվեգիայի մշակույթ , Նորվեգիայի կերպարվեստ և գեղեցիկ արվեստներ։

Նիկոլայ Աստրուպ «Soleienatt»

Պատմություն խմբագրել

Նորվեգիայի մշակույթը բնութագրող հուշարձաններից մեկը վերաբերում է 8-9-րդ դարերին, այսպես կոչված վիկինգների դարաշրջանին։ 9-րդ դարին է պատկանում Ուսեբերգից հայտնի թաղման մակույկի հնագիտական կոմպլեքսում հայտնաբերված զարդաքանդակների ծաղկումը (մոտ 850 թ.):

Միջնադար խմբագրել

11-12-րդ դարերում, ռոմանական ոճի դարաշրջանում, նորվեգական մշակույթը հարստանում է նոր գծերով, բազմապատկվում են այն ոլորտները, որտեղ աշխատում են վարպետները` հայտնվում են մոնումենտալ քանդակներ և գեղանկարչություն։ 12-րդ դարի բարձր գեղարվեստական հուշարձաններից են հանդիսանում Խիլեստադի եկեղեցու դուռը և Բալդիսխոլից գործվածքե զարդապաստառների հատվածը։ Միաժամանակ ստեղծվում են նորվեգիական միջնադարի փայտե ճարտարապետության ինքնատիպ հուշարձաններ` հիմնակմախքային եկեղեցիներ։ 14-րդ դարի սկզբում Նորվեգիայում կառուցված 900 փայտե եկեղեցիներից պահպանվել են մի քանի տասնյակը, այդ թվում` Ուրնեսի (1060—1130), Բորգուննեի (մոտ 1150 թ.), հիմնակմախքային եկեղեցիները և այլն։ Քարե եկեղեցիներից պահպանվել են Տրոնխեյմի տաճարը (1140—1320, վերակառուցվել է 19-20-րդ դարերում), Ստավանգերի տաճարը (1130—1300), որտեղ երևում է անգլիական ռոմանական և գոթական ճարտարապետության ազդեցությունը։ Քաղաքացիական նշանակության գոթական շինություններից պահպանվել են միայն Բերգենում Թագավորական սրահը (Haakonshallen, 1246—1261) և Ակերսխուսի ամրոցը Օսլոյում (մոտ1300 թ.):

 
 
 
 
Հեդալի հիմնակմախքային եկեղեցի Բորգունդի ստավկիրկա Նիդարոսի Մայր Տաճար Ստավանգերի տաճար

Նորվեգիայի կերպարվեստում գոթական ոճը լայն տարածում է գտել 13-14-րդ դարերում` Մագնուս Լագաբյոտերի ձեռագրերը (մոտ 1300 թ.), Դալեում եկեղեցու զոհասեղանի պատկերը (14-րդ դարի սկիզբ), Ստուդեբերգի եկեղեցուց խաչի քանդակը (մոտ 1260թ.), Էնեբակեի եկեղեցուց «Տիրամայրը մանկան հետ» քանդակը (13-րդ դարի կեսեր)։

Վերածննդի դարաշրջան խմբագրել

15-17-րդ դարերում Նորվեգիայում ռենեսանսն ու բարոկկոն թույլ են արտացոլվել։ 14-րդ դարից մինչև 16-րդ դարի առաջին կեսը երկրում տիրող էր գեղջկական արվեստը` փորագրումը փայտի վրա, ասեղնագործությունը, ձուլումը և մետաղից այլ աշխատանքները, ժանյակների հյուսումը և այլն։ Նորվեգացի վարպետներից ոչ մեկը լայն ճանաչում չունեցավ, բացառությամբ փղոսկրի վրա փորագրող Մոգնուս Բերգի (1666—1739), որն աշխատում էր 17-18-րդ դարերում միայն Նորվեգիայի սահմաններում։

Նորվեգական արվեստի աշխուժացումն սկսվում է 16-րդ դարի վերջում և 17-րդ դարի առաջին կեսին, երբ ուժեղանում են մշակութային և առևտրական կապերը Գերմանիայի, Նիդերլանդների, Անգլիայի հետ։ Վերածննդի ճարտարապետության գծերը 17-րդ դարում որոշ չափով ի հայտ են գալիս քաղաքների կառույցներում` Էստրորտում (Austråt, 1654—1656, Էստլանում), Ռոզենդալում (1661—1665, Խարդանգերում) և Տրոնխեյմի, Ֆրեդրիկստադի ամրոցներում և այլն։ 18-րդ դարի որպես բարոկկոյի և ռոկոկոյի օրինակներ կարող են հանդես գալ եկեղեցին Կոնգսբերգում (ճարտարապետ` Ի. Ա. Ստուկկենբրոկ (1698—1756)), ինչպես նաև ճարտարապետներ Ի. Կ. Էրնստի (1666—1750) և Ս. Ասպոսի (Aspaas, 1736—1816) կողմից կառուցված կառույցները և այլն։

18-19-րդ դարերում Նորվեգիայում հայտնվում են վաղ կլասիցիզմի ոճով կառույցներ` Տրոնխեյմի թագավորական նստավայրը (1774—1778), Բոգստադի (1759—1762), Ուլեֆոսի (1802—1807) առանձնատները` կառուցված վարպետ Ի. Խ. Ռավերտի կողմից (1751—1853):

Գեղանկարչություն խմբագրել

18-րդ դարի երկրորդ կեսին Նորվեգիայում սկսում են առանձնանալ գեղանկարիչների երկու խումբ` Օսլոյի (Կրիստիանի) և Բերգենյան։ Բերգենի գեղարվեստական կյանքում մեծ նշանակություն է ունեցել Մատիաս Բլումենտալի (նորվ.՝ Mathias Blumenthal) գործունեությունը (մոտ 1719—1763 թթ.), որն աշխատել է բարոկկոյի ոճով դեկորատիվ նկարազարդումների վրա, ինչպես նաև եղել է հայտնի դիմանկարիչ և բնանկարիչ։

Կրիստիանիից ավելի հայտնի նկարիչներից են եղել Պեդեր Օդնեսը (նորվ.՝ Peder Aadnes) (1739—1792), դիմանկարիչ, բնանկարիչ և դեկորատոր, որն աշխատել է Ռանդսֆորդ լճի շրջակայքում գտնվող առանձնատներում, Ֆ. Հոսիֆելդերը (Hosenfelder, մոտ 1722—1805 թթ.), որը Նորվեգիա էր եկել Բեռլինից, ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ և դեկորատիվ արվեստի նմուշներ։ Բազմակողմանի է եղել քանդակագործ Գ. Բեկի (մահացել է 1776 թ.) գործունեությունը։ Փայտի վրա փորագրությամբ հայտնի է դարձել Կլուկստադը (մոտ 1715—1773 թթ.), որը Գուդբրանդալի, Ռոմսդալի և այլ եկեղեցիներում ստեղծել է հիանալի փորագրված սեղաններ և ամբիոններ։

 
 
 
 
Նկ. Մատիաս Բլումենտալ Նկ. Յուհան Դալ Նկ. Յուհան Դալ Նկ. Թոմաս Ֆերնլեյ

1810-ական թվականների հասարակական-քաղաքական վերելքը նպաստավոր պայմաններ ստեղծեց Նորվեգիայում կերպարվեստի զարգացման համար։ Չունենալով մասնագիտական դպրոցներ` նորվեգացի նկարիչները ստիպված են եղել ուսում ստանալ արտասահմանում, մասնավորապես Դանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և Իտալիայում։ 19-րդ դարի նորվեգացի նկարիչ Յուհան Դալը (1788—1857) արժանացել է նորվեգական գեղանկարչական դպրոցի հիմնադրի պատվին («Նորվեգիայի լեռնային բնությունը», 1836)։ Նրա անվան հետ է կապված նորվեգական գրաֆիկայի զարգացումը։ 1837 թվականին Դալը եղավ մայրաքաղաքում Ազգային պատկերասրահի բացման նախաձեռնողը, որը հասարակության առջև բացվեց 1842 թվականին։ Նա է 1839 թվականին հիմնադրել նաև նորվեգիացի նկարիչների մայրաքաղաքային միությունը, իսկ 1860 թվականին՝ ազգայինը։ Դալի բազմաթիվ աշակերտներից առանձնանում է Թոմաս Ֆերնլեյը (անգլ.՝ Thomas Fearnley) (1802—1842):

1840-ական թվականներից նորվեգացի նկարիչների մեծ մասը սովորում են Դյուսելդորֆում, գեղանկարչությունը հարստանում է ժողովրդական կյանքի թեմաներով, և նորվեգական արվեստում բնանկարի կողքին իրենց ուրույն տեղն են գրավում ժանրային նկարները։ Այդ ուղղության վառ ներկայացուցիչներից են Ա. Թիդեմանը (Tidemand, 1814—1876)` նորվեգական կենցաղային գեղանկարչության հիմնադիրը։ Դյուսելդորֆում հայտնի դեմքերից էր նաև Գուդեն (Gude, 1825—1903), որը Գերմանիայի գեղարվեստի ուսումնական կենտրոններում պրոֆեսոր էր, որտեղ էլ իր մոտ աշակերտել են հայտնի նորվեգացի վարպետներ Ֆրից Տաուլովը, Կրիստիան Կրոգը, Օտտո Սինդինգը։

1870-ական թվականներին նորվեգական գեղանկարչության նոր կենտրոն է դառնում Մյունխենը, իսկ ավելի ուշ` Փարիզը։ 1884 թվականին առաջին անգամ անց է կացվում ամենամյա ազգային գեղարվեստական ցուցահանդեսը, 1876 թվականին հիմնադրվում է Կիրառական արվեստի թանգարանը, իսկ 1894 թվականին՝ Նորվեգիայի ազգային թանգարանը, էթնոգրաֆիկ թանգարան բաց երկնքի տակ։ 1909 թվականին հիմնադրվում է Նորվեգիայի Գեղարվեստի ակադեմիան։

1897 թվականի հոկտեմբերի 23-ին Ռուսաստանում առաջին անգամ տեղի է ունենում սկանդինավյան արվեստի ցուցահանդես, որը կազմակերպել էր Սերգեյ Դյագիլևը։ Այնտեղ ցուցադրված էր նաև 27 նորվեգացի գեղանկարիչների աշխատանքները։ Քննադատների կողմից առանձնապես նշվել են Կրիստիան Սկրեդսվիգի (անգլ.՝ Christian Skredsvig), Կրոգ Կրիստիանի, Յակոբ Գլյոէրսենի (նորվ.՝ Jacob Gløersen), Հանս Հեյերդալի, Լարսա Յուրդենի, Էյլիֆա Պետերսենի, Օտտո Սիդինգի և Գուստավ Վենցելի աշխատանքները։ Սերգեյ Դյագիլևի կողմից ցուցահանդեսի համար ընտրվել էին նորվեգացի էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչներ Էդվարդ Մունկի կտավները, Օդա Կրոգի և Գերհարդ Մյունտեի աշխատանքները այդ շրջանի համար հակասական արձագանքներ առաջացրին։ Մեծ ոգևորությամբ ընդունվեցին Անդերս Ցորնի, Էրիկ Վերենշյոլի և Ֆրից Տաուլովի աշխատանքները։

 
 
 
 
Նկ. Էրիկ Վերենշյոլ
«På slätten», 1883
Նկ. Ֆրից Տաուլով
«Winter at the River Simoa», 1883
Նկ. Գերհարդ Մյունտե
«View of Nevlunghavn», 1880
Նկ. Անդերս Ցորն
«Ernest Cassel», 1886

Նորվեգական գեղանկարչության դպրոցի այլ ներկայացուցիչներից են Կիտտի Խյելանը, Լարս Խերտերվիգը, Յուհան Էկերսբերգը, Խալֆդան Էգեդիուսը։

Քանդակագործություն խմբագրել

Նորվեգացի հայտնի քանդակագործներից է համարվում Գուստավ Վիգելանդը, որը ստեղծել է մեծ քանակությամբ մարդկային հարաբերությունները արտահայտող քանդակներ[1]։ Օսլոյում Վիգելանդի քանդակների պարկն ունի ավելի քանի 200 տարբեր զգացմունքներ արտահայտող քանդակե խմբեր։

Ոսկերչություն խմբագրել

Նորվեգիայի հայտնի ոսկերիչներից են Իվեր Բուխը, որն աշխատել է Սանկտ Պետերբուրգում Եկատերինա 2-րդի պալատում, Հակոբ Տոստրուպը (JacobTostrup) և նրա որդին Ուլաֆ Տոստրուպը (Oluf Tostrup), Տորոլֆ Պրյուտցը (Torolf Prytz)[2]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Густав Вигеланд (1869—1943)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
  2. Видар Хален: Норвежское искусство эмали