Անասազի կամ պուեբլոյի նախորդներ, հնդկացիական նախապատմական քաղաքակրթություն, որ գոյություն է ունեցել ներկայիս ԱՄՆ-ի հարավարևմտյան տարածքում, որ հայտնի է Չորս անկյուններ անունով (Կոլորադո, Յուտա, Արիզոնա և Նյու Մեքսիկո նահանգներ)։ Անասազի մշակույթին բնորոշ է եղել խեցեղենի և բնակարան կառուցելու ինքնատիպ ոճը։

Պալատ ժայռում, Մեսա Վերդե ազգային պարկ
Ժայռուտ պալատը այլ դիտանկյունից, Մեսա Վերդե

Մինչ օրս էլ հնագետների շրջանում շարունակվում է անասազիի ծագման ժամանակաշրջանի շուրջ վեճը, սակայն ներկայումս գիտնականները գրեթե համամիտ են այն տեսակետին, որ մշակույթը սկզբնավորվել է մոտավորապես մ. թ. ա. 12-րդ դարում։ Սկսած ամենավաղ պեղումներից` մասնագետները ենթադրել են, որ հին պուեբլոները եղել են ժամանակակից պուեբլոների նախնիները[1]։ Մինչ օրս մեզ է հասել բնակավայր` Տաոս Պուեբլոն, որ 1.000 տարի առաջ բնակեցված է եղել պուեբլոներով։ Այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում։

Անվան ծագումնաբանություն խմբագրել

«Անասազի» եզրը պուեբլոների ընդունելի չէ։ Նավահո ցեղի լեզվով անասազի (anaasází <anaa- «թշնամի», sází «նախնի») նշանակում է «հին թշնամի»[1]։ Եզրն առաջին անգամ 19-րդ դարում առաջարկել է Ռիչարդ Ուեզերիլը (Richard Wetherill), ով տիրապետում էր նավահո լեզվին։ Եզրն ամրագրվել է հնագիտության մեջ Պեկոսի դասակարգման համակարգով 1927 թվականին։ Ներկայումս պուեբլոները հանդես են գալիս «անասազի» եզրի դեմ, իսկ նավահոները` «հին պուեբլոներ» կամ «պուեբլոների նախնիներ» (ancestral Pueblo) եզրերի դեմ։

«Հին պուեբլոներ» եզրն ունի նաև ավելի լայն նշանակություն։ Այն ներառում է ոչ միայն անասազի մշակույթը, որը ժամանակակից պուեբլոների հնդկացիական ցեղինն է, որ խոսում է տարբեր լեզուներով, այլև անասազի, մոգոլյոն, պատայան և հոհոկամ հնագիտական մշակույթները։

Աշխարհագրություն խմբագրել

 
Անասազի, մոգոլյոն և հոհոկամ քաղաքակրթությունների տարածման քարտեզ

Հին պուեբլոները եղել են հարավ-արևմուտքի հիմնական չորս մշակույթներից մեկը։ Անասազի մշակույթը, աշխարհագրական մոտ դիրքով պայմանավորված, ընդհանուր շատ գծեր է ունեցել մոգոլյոն մշակույթի հետ` միևնույն ժամանակ կտրուկ տարբերվելով հոհոկամ և պատայան մշակույթներից։ Հարևանների համեմատությամբ հին պուեբլոները զբաղեցրել են քառակուսի տարածքի հյուսիսարևմտյան մասը[2]։ Հին պուեբլոների պատմական հայրենիքը Կոլորադոյի սարավանդն է, իսկ ամբողջ շրջանը ձգվում է Նյու Մեքսիկոյի կենտրոնից մինչև Նևադայի հարավ։ Պուեբլոների հին մշակույթի վկայությունները հանդիպում են մինչև Մեծ հարթավայրերը, Սիմարոն և Պեկոս գետերի շրջանը, ինչպես նաև Գալիստեո գետի ավազանը։

Այս շրջանում լանդշաֆտն ու ռեսուրսները տարբեր են։ Սարավանդի շրջանները հիմնականում բարձր են` 1.5-2.5 կմ ծովի մակարդակից։ Ընդարձակ հարթավայրերը ծածկված են տարբեր շերտերով, որտեղ աճում են թավուտ անտառներ` գիհու, կաղնու տեսակներով, ընդ որում, ծառատեսակներից ամեն մեկն ունի նախընտրելի բարձրությունը։ Ջրի և քամու էրոզիայի հետևանքով առաջացել են թեք լանջերով կիրճեր, կրաքարե ժայռերին` «պատուհաններ» ու «կամուրջներ»։ Այն տեղերում, ուր կրաքարի ու ավազաքարի շերտեր են` էրոզիայի նկատմամբ կայուն, վերին շերտերում եղել են անկայուն շերտեր կավից։ Դրա հետևանքով ձևավորվել են ժայռային գոյացություններ։ Հենց այդ վայրերում են նաև հին պուեբլոները իրենց համար կացարաններ պատրաստել։ Տեղանքը, ուր բնակություն են հաստատել հին պուեբլոները, եղել է սառը կլիմայով ցածրավանդակ, ուր տարածված են եղել անապատային թփերն ու խոտաբույսերը։ Պուեբլոները տնտեսություն են վարել հիմնականում գետերից ոչ հեռու, ուր աճել են նաև եղեգ և ուռենի։ Լեռների բարձրությունն այս հատվածում հասնում է 4 կմ-ի։ Դրանք եղել են փայտի, որսի և ասբեստի տեսակի հատուկ քարերի աղբյուր։

Հարավ-արևմուտքում ջրի հասանելի լինելը մեծ նշանակություն է ունեցել։ Հին պուեբլոների զբաղեցրած գրեթ ողջ տարածքն աչքի է ընկել չորությամբ, քամու և ջրի էրոզիայով։ Ամռանը անձրևները եղել են հանկարծակի` հաճախ վերածվելով ավերիչ փոթորկի։ Չնայած ձյան տեղումները կանոնավոր բնույթ չեն կրել, հենց դրանք են եղել ջրի հիմնական աղբյուրը։ Գարնանը ձնհալը նպաստել է հացահատիկային բույսերի աճմանը` ինչպես վայրի, այնպես էլ մշակովի։ Այն տեղերում, ուր ավազաքարի շերտերը տարածվել են կավի վրա, ձնհալի հետևանքով աղբյուրներ են առաջացել։ Ձյունը ջրով է սնել նաև փոքր գետերը, օրինակ` Չինլեն, Անիմասը, Խեմեսը և Տաոսը։ Մեծ գետերը փոքր դեր են ունեցել, քանի որ ավելի հեշտ է եղել փոքր վտակները թեքել անհրաժեշտ ուղղությամբ և օգտագործել ոռոգման նպատակով։

Մշակութային բնութագիր խմբագրել

 
Պուեբլո Բոնիտո, Չակոյի մեծ տներից խոշորագույնը: Գտնվում է Չակո կիրճի հյուսիսային վերջավորության հարևանությամբ

Հին պուեբլոների մշակութային հուշարձաններից առավել հայտնի են քարե և կավային հիմքով կառույցները, որ ձգվում են ուղղաբերձ ժայռերի երկայնքով։ Այդ տները պահպանվել են ԱՄՆ-ի ազգային պարկերում` Չակո ազգային պատմական պարկում, Մեսա Վերդեում, Հովենուիպում և Կանյոն դե Շեյում։ Այս գյուղերը, որոնք իսպանացի նվաճողները կոչել են պուեբլոներ, մարդիկ այցելել են դժվարությամբ. երբեմն նույնիսկ հարկ է եղել բարձրանալ շրջակա ժայռերը` հաճախ պարանի օգնությամբ։

Այս ինքնատիպ տների ծագումը առավել քան համեստ է։ Հին պուեբլոների առաջին տներն ու գյուղերը եղել են տուն-քաարնձավներ, որոնք բնորոշ են եղել զամբյուղագործության շրջանին։

Հին պուեբլոները հայտնի են նաև խեցեղենի առանձնահատուկ ոճով, որ ներկայումս շատ բարձր է գնահատվում` շնորհիվ իր եզակիության։ Նրանք թողել են նաև ժայռապատկերներ ու պատկերագրեր։

Ծագում խմբագրել

 
Քարանձավային կացարան, Բանդելյեր, Նյու Մեքսիկո

Մ. թ. 700-1130 թվականներին նկատվում է բնակչության կտրուկ աճ` շնորհիվ անձրևային տեղումների աճի։ Կմախքների մնացորդների հետազոտությունները ցույց են տվել, որ բնակչության աճին ավելի շատ նպաստել է հողի բերրիության բարձրացումը և ոչ թե մահացության ցուցանիշի նվազումը։ Ամեն դեպքում, բնակչության աճի բարձրացումը կարճ ժամանակահատվածում կապված է եղել նաև մոտակա տարածքներից մարդկանց ներգաղթով։ Այնպիսի նորամուծություններ, ինչպիսիք են խեցեգործությունը, մթերքների երկարատև պահպանումը և գյուղատնտեսությունը, նույնպես իրենց դերն են ունեցել բնակչության թվաքանակի աճման վրա։ Մի քանի տասնամյակների ընթացքում հին պուեբլոների մշակույթը տարածում է գտնում ամբողջ լանդշաֆտով և բաժանվում աշխարհագրական երեք հիմնական շրջանների` Չակո կիրճ (Նյու Մեքսիկոյի հյուսիս-արևմուտք), Կայենտա (Արիզոնայի հյուսիս-արևելք) և Հյուսիսային Սան Խուան կամ Մեսա Վերդե (Կոլորադոյի հարավ-արևմուտք)։

Համաձայն ժամանակակից պուեբլոների ավանդությունների` նրանք ծագում են այն տեղից, որը գտնվում է իրենց ժամանակակից բնակավայրերից հյուսիս` Սիպապուից (Շիբապու), որտեղ նրանք իբր դուրս են եկել լճի նմանվող գետնի տակից։ Որոշ ժամանակ նրանց Ամերիկայում առաջնորդել են ռազմական առաջնորդները` Մեծ հոգու գլխավորությամբ։ Մի քանի հարյուրամյակ նրանք ապրել են այն տեղերում, ուր հնագետները հայտնաբերել են անասազի մշակույթը, այնուհետև տեղափոխվել են ներկայիս բնակության վայրեր։ Արտագաղթի նպատակը եղել է ինքնակատարելագործումը, բնության հետ ներդաշնակ ապրելու ձգտումը և ժողովրդի փրկությունը վերջնական բնաջնջումից։

Արտագաղթ պատմական հայրենիքից խմբագրել

 
Հին պուեբլոների կացարանների ավերակներ, Յուտա

Լիովին պարզաբանված չէ, թե ինչու են հին պուեբլոները 12-13-րդ դարերում արտագաղթել իրենց բնակավայրերից։ Ենթադրյալ պատճառներից են կլիմայի գլոբալ փոփոխությունը (այսպես կոչված` փոքր սառցե դարաշրջան), տևական երաշտը, հողի վերնաշերտի փուլային էրոզիան, տնտեսական վատ պայմանները, անտառների վերացումը, ներգաղթյալների հետ ունեցած թշնամությունը, կրոնական կամ մշակութային փոփոխությունները և նույնիսկ մեսոամերիկյան մշակույթի ազդեցությունը։ Այս փաստարկումների օգտին են վկայում հնագիտական հետազոտությունները։

Պատմաբանների կարծիքով հին պուեբլոները դարձել են Կոլորադոյի հարթավայրում բնակություն հաստատած նումիական լեզուները կրողների, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների զոհը, ինչը հանգեցրել է գյուղատնտեսության անկմանը։ Հնագիտական տվյալներով հին պուեբլոները բազմիցս արձագանքել են կլիմայական փոփոխություններին` փոխելով իրենց բնակության վայրը։ Պուեբլոների` վաղ շրջանի կացարանները տեղավորում էին մինչև 600 բնակիչ, ովքեր ապրում էին մի քանի առանձին, բայց միմյանց մոտ տեղակայված կացարաններում։ Մյուս կողմից, այս բնակավայրերը գոյատևել են 30 տարուց ոչ ավել։ Հնագետ Թիմաթի Քոլերը պուեբլոների խոշոր հուշարձանների մոտ (Կոլորադո, Դոլորես) իրականացրել է պեղումներ և հայտնաբերել, որ դրանք հիմնադրվել են անձրևային ուժեղ (միջինից բարձր) տեղումների ժամանակ։ Դա թույլ է տվել գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնել` առանց լրացուցիչ ոռոգման։ Այդ նույն ժամանակ անասազիները լքել են իրենց բնակավայրերը երաշտի պատճառով։

 
Անասազի կոշիկ, Չակո կիրճ, 12-րդ դար

Մշակութային ոսկեդարը պուեբլոների մոտ եղել է 900-1130 թվականները։ Այս շրջանում, որ սովորաբար կոչվում է Պուեբլո II, կլիման համեմատաբար ավելի տաք է եղել, իսկ տեղումները` չափավոր։ Համայնքներն ընդարձակվել են` ավելի երկար գոյատևելով։ Ձևավորվել են ճարտարապետական և խեցեգործության ինքնատիպ ավանդույթներ, զարգացել է առևտուրը։ Բնակիչները սկսել են հնդկահավեր պահել։

Մոտավորապես 1150 թվականին Հյուսիսային Ամերիկայում տեղի է ունեցել կլիմայական կարևոր փոփոխություն, որ հայտնի է Մեծ երաշտ անունով։ Այն շարունակվել է մոտ 300 տարի` հանգեցնելով Տիուանակո քաղաքակրթության վերացմանը Տիտիկակա լճի մոտ[3]։ Այդ ժամանակ անկում է ապրում միսսիսպյան մշակույթը։ Այս տեսակետի օգտին են վկայում Միսսիսիպիի արևմտյան շրջաններում արված պեղումները։ 1150-1350 թվականներին վերաբերող շերտերում նախանշաններ են հայտնաբերվել, որ այդ ժամանակաշրջանում ձմեռները եղել են տաք ու խոնավ, իսկ ամառները` չոր ու ցուրտ։ Պուեբլո II մշակույթի այդ վերջին շրջանում նվազում են առևտուրը և շփումը այլ համայնքների հետ։ Հարավարևմտյան մասի ֆերմերները գտնում են հողը ոռոգելու այլ ձևեր, ինչպիսիք են ամբարտակների կառուցումն ու սանդղային մշակումը։ Մյուս կողմից, տեղի բնակչությունը շարունակում էր լքել բնակավայրը անբարենպաստ պայմանների պատճառով։

Տեղումների մակարդակի վերոնշյալ փոփոխություններից բացի ամենայն հավանականությամբ ջրի մակարդակն իջել է նաև տեղումներով չպայմանավորված։ Դա հանգեցրել է նրան, որ ավելի չորային տեղերում բնակիչները լքել են տեղանքը։

 
Վուկոկի ավերակներ, Վուպատկի ազգային հուշարձան

Կան նաև վկայություններ, որ այս շրջանում հիմնավոր փոփոխություններ են եղել բնակիչների կրոնական հավատալիքներում։ Չակո կիրճի և այլ վայրերի կառույցները հիմնականում եղել են աստղագիտական ուղեցույցներ։ Մուտքերը հերմետիկ փակվել են քարերով և կրաքարային լուծույթով։ Կրոնական շինությունների պատերին նկատելի են մեծ հրդեհների հետքեր, ինչի հետևանքով հավանաբար քանդվել են հսկայական տանիքները, ինչը մեծ ջանքեր է պահանջել։ Դրանից հետո բնակավայրերը լքվել են, ցեղախմբերն առանձնացել են` բնակություն հաստատելով նոր հողերում։ Սա նշանակում է, որ կրոնական շինությունները ժամանակի հետ կորցրել են իրենց նշանակությունը։ Համաձայն պուեբլոների հավատալիքների` նրանց նախնիներն ունեցել են հոգու մեծ ուժ` կարողանալով ազդել բնության արհավիրքների վրա ու բնության մեջ փոփոխություններ կատարել։ Հավանական է, որ կրոնական շինությունների քանդումը եղել է փոփոխությունների խորհրդանշական փոփոխության փորձ, եթե նրանք կարծել են, թե չարաշահել են իրենց ուժերը, կամ բնությունը պատժում է նրանց անբարենպաստ պայմաններով։

Ինչպես ժամանակակից պուեբլո ժողովուրդների (կերսներ, հոպի, տանո) ավանդույթները, այնպես էլ պատմաբանները, օրինակ` Ջեյմս Լյովենը, գտնում են, որ հին պուեբլոները չեն վերացել, չնայած այդ կարծիքն առաջ է քաշվել ամերիկյան հանրաճանաչ մի շարք գրքերում, այլ տեղափոխվել են հարավ-արևմուտք, որտեղ առավել բարենպաստ պայմաններ են եղել։ Հին պուեբլոների հետնորդներից առաջացել են ժամանակակից ժողովուրդներ, որոնք ապրում են Արիզոնայում և Նյու Մեքսիկոյում։ Այս հետևությանն են հանգել նաև մարդաբանները 20-րդ դարի սկզբին, այդ թվում` Ֆրենկ Համիլթոն Կաշինգը, Ուոլթեր Ֆյուքսը և Ալֆրեդ Կիդերը։ Ժամանակակից շատ պուեբլոներ իրենց ժամանակագրությունն սկսում են հին բնիկներից։ Կան նաև վկայություններ, որ անասազի և մոգոլյոն հին մակույթների տեղում էական փոփոխություններ են եղել, օրինակ` Սան Իլդեֆոնսոյի պուեբլոները կարծում են, որ իրենց նախնիներն ապրել են Մեսա Վերդեում և Բանդելյերում։

Պատերազմներ և մարդակերություն խմբագրել

Կյանքի դաժան պայմանները արտացոլվել են սոցիալական մակարդակում` հակամարտությունների ու պատերազմների առիթ դառնալով։ Կայենտայից ոչ հեռու` Արիզոնա նահանգում, հնագետ Ջոնաթան Հաասը Չիկագոյի Դաշտային հետազոտությունների թանգարանից (Field Museum in Chicago) ուսումնասիրել է անասազի բնակավայրերի խմբեր, որոնք 13-րդ դարում կիրճերից տեղափոխվել են բարձրավանդակ։ Ջրից հեռու վայրեր տեղափոխման միակ պատճառը Հաասը համարում է թշնամիների հարձակումը։ Նա կարծում է, որ մեկուսացված համայնքները կարող էին ասպատակություններ կատարել տնտեսությունը գրավելու նպատակով, և նման կոնֆլիկտները 13-րդ դարում շատ տարածված են եղել։ Կոնֆլիկտները խորացել են նումիական լեզուները կրող քոչվոր ցեղերի հոսքի հետ, ինչպիսիք են յուտեն, շոշոնները և պայուտները, որոնք ամենայն հավանականությամբ ձևավորվել են ժամանակակից Կալիֆորնիայի տարածքում։

1997 թվականին Կովբոյ Վոշում (անգլ.՝ Cowboy Wash) պեղումների ժամանակ հայտնաբերվել է մարդկային 24 կմախք` բռնի մահվան հետքերով, որոնք ակնհայտորեն մարդակերության նշաններ են կրում։ Հին պուեբլոների բնակավայրերի պեղումների ժամանակ ևս հայտնաբերվել են չթաղված, անդմահատված կմախքներ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «The Ancient Puebloans: How Do We Get Started?». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 13-ին.
  2. The Anasazi or «Ancient Pueblo» Արխիվացված 2015-08-28 Wayback Machine from CP-LUHNA
  3. Mountains of Evidence Արխիվացված 2015-09-25 Wayback Machine from American Scientist
  4. Tim White, Prehistoric cannibalism at Mancos 5MTUMR-2346, Princeton, 1992, ISBN 0-691-09467-5

Գրականություն խմբագրել

  • Childs, Craig House of Rain: Tracking a Vanished Civilization Across the American Southwest. Little, Brown and Company, February 22, 2007. ISBN 0-316-60817-3.
  • Cordell, Linda S. Ancient Pueblo Peoples. St. Remy Press and Smithsonian Institution, 1994. ISBN 0-89599-038-5.
  • Fagan, Brian M. «Ancient North America: Tha Archaeology of a Continent (part five).» Thames and Hudson, Inc., New York, New York, 1991. ISBN 0-500-05075-9.
  • Jennings, Jesse D. Glen Canyon: An Archaeological Summary. University of Utah Press, Salt Lake City, Utah, 1966, republished 1998. ISBN 0-87480-584-8.
  • LeBlanc, Steven A. «Prehistoric Warfare in the American Southwest.» 1999, University of Utah Press, Salt Lake City, Utah. ISBN 0-87480-581-3.
  • Plog, Stephen. Ancient Peoples of the American Southwest. Thames and Hudson, London, England, 1997. ISBN 0-500-27939-X.
  • Roberts, David D. In Search of the Old Ones: Exploring the Anasazi World of the Southwest. Simon & Schuster Adult Publishing Group, 1996. ISBN 0-684-81078-6.
  • Sofaer, Anna , Director. «Mystery of Chaco Canyon.» 1999. DVD/VHS. Bullfrog Films. Blurb: «Unveiling the ancient astronomy of southwestern Pueblo Indians.» Sequel to «The Sun Dagger.»
  • Great Drought. (2008). In Encyclopædia Britannica. Retrieved September 30, 2008, from Encyclopædia Britannica Online: http://www.britannica.com/EBchecked/topic/243212/Great-Drought

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անասազի» հոդվածին։