Մեծ բռնապետը
«Մեծ բռնապետը» (անգլ.՝ The Great Dictator), Չառլի Չապլինի ֆիլմը՝ նկարահանված 1940 թվականին։ Ֆիլմի կարգախոսն է. «Կատակերգություն՝ գլուխգործո՛ց»։ Առաջին անգամ ցուցադրվել է 1940 թվականի հոկտեմբերի 25–ին, ԱՄՆ–ում։ Ֆիլմը քաղաքական երգիծանք է Ադոլֆ Հիտլերի և ֆաշիզմի հանդեպ։ «Մեծ բռնապետը» շատ լավ ընդունվեց հանդիսատեսների կողմից, և միաժամանակ քաղաքական երգիծանքի պատճառով բուռն վեճերի ալիք բարձրացրեց։
Սյուժե
խմբագրելՖիլմի գլխավոր հերոսը (Չառլի Չապլին) ծագումով՝ հրեա, վարսահարդար է։ Նա որպես շարքային է ծառայում Տոմանիայի (հորինված պետություն, երգիծանք Գերմանիայի հանդեպ) բանակում և մասնակցում Առաջին աշխարհամարտին։ Օրերից մի օր այդ շարքայինը փրկում է Շուլց անունով օդաչուի կյանքը, իսկ դրանից հետո օգնում նրան ինքնաթիռ վարել։ Այդպես է ստացվում, որ ինքնաթիռը վայր է ընկնում, ինչի պատճառով զինվորը կորցնում է հիշողությունն ու կոմայի մեջ ընկնում քսան տարով։
Այդ ժամանակահատվածում, պատերազմում պարտված Տոմանիայի իշխանությունն իր ձեռքն է առնում բռնապետ՝ Ադենոիդ Հինկելը (երգիծանք Ադոլֆ Հիտլերի հանդեպ)։ Վերջինս իր արտաքինով շատ է նման հրեա վարսահարդարին։ Հինկելին օգնում են կառավարել նախարարներ՝ Գարբիչը (երգիծանք Գեբելսի հանդեպ) և Խերինգը (երգիծանք Հերինգի հանդեպ)։ Հրեաների թաղամասը գետտո է դարձված (ակնարկ հրեաների ցեղասպանության վերաբերյալ)։ Ամենուրեք գրոհայիններ են հսկում, ում կողմից հրեաները հալածանքների են ենթարկվում։
Վարսահարդարը արթնանում է կոմայի միջից և ոչնչից տեղեկացված չլինելով, գնում է իր հին վարսավիրանոց։ Այդ պահին, երկու շտուրմովիկներ սկսում են վարսավիրանոցի լուսամուտին, սպիտակ ներկով՝ «հրեա» բառը գրել։ Վարսահարդարը չհասկանալով թե ինչ է կատարվում, փորձում է կանգնեցնել շտուրմովիկներին։ Կռիվ է սկսվում, որին խառնվում է է նաև գեղեցիկ հարևանուհի՝ Հաննան։ Երկու հրեաներին հաջողվում է վռնդել շտուրմովիկներին։ Վարսահարդարը սիրահարվում է Հաննային և ավելի մոտիկ ծանոթանում հարևանուհու հետ։
Դրանից հետո շտուրմովիկները որոշում են պատժել չենթարկվող վարսահարդարին։ Գրոհայինների մի մեծ խումբ բռնում է խեղճ վարսահարդարին ու համարյա կախաղան բարձրացնում փողոցային լապտերի վրա։ Այդ պահին օգնության է հասնում փողոցով իր մեքենայով անցնող հին օդաչու ընկեր՝ Շուլցը։ Վերջինս այս տարիների ընթացքում մեծ պաշտոն էր ստացել ու մոտիկացել Հինկելի հետ։ Նա դեմքով ճանաչում է վաղուց իր կյանքը փրկողին և հրամայում այլևս ձեռք չտալ վարսահարդարին ու իր ընկերներին։
Իսկ այդ ժամանակ՝ Ադենոիդ Հինկելը իր պալատում երազում է գրավել ամբողջ աշխարհը։ Իրեն ամեն կերպ ոգեշնչում է նախարար Գարբիչը։ Երազանքին հասնելու համար հարկավոր է գրավել Օսթերլիխ երկիրը (ակնարկ Ավստրիայի վերաբերյալ, որը գերմաներեն հնչում է որպես՝ գերմ.՝ Österreich)։ Սակայն առկա են լուրջ խնդիրներ ֆինանսների հետ։ Ոչ մի ուրիշ պետություն չի ցանկանում վարկեր տալ Տոմանիային։ Միակ անձը, ով կարող է դա անել, հրեա բանկիր Էփշթեյնն է։ Վերջինիս սիրտը շահելու նպատակով, Հինկելը հրաման է տալիս այլևս չհալածել հրեաներին։
Այսպիսով թվում է, որ հրեաների թաղամասում կյանքը դեպի բարելավման է գնում։ Գրոհայինները այլևս չէին հալածում բնակիչներին, այլ ընդհակառակը՝ ամեն ինչով օգնում նրանց։ Վարսահարդարը ինչպես նախկինում, դարձյալ զբաղվում էր իր սիրած գործով։ Նա և Հաննան սիրահարված են միմյանց ու երջանիկ հանդիպում են իրար հետ։ Սակայն խաղաղ կյանքը երկար չի տևում։ Հրեա բանկիր Էփշթեյնը մերժում է Հինկելին խոշոր գումար տրամադրելու, ինչից հետո Հինկելը վրեժխնդիր լինելու համար, հրամայում է ավելի խստացնել հրեաների հալածանքները։ Գրոհայինները ջարդեր են սկսում հրեաների գետտոյում։ Վարսահարդարն ու Հաննա փրկվում են, թաքնվելով շենքի տանիքում։ Գրոհայիններն այրում են գլխավոր հերոսի վարսավիրանոցը։
Շուլցն այդ ամենը տեսնելով, միանգամից բողոքարկում է Հինկելին, բայց ապարդյուն։ Իրեն էլ ուղարկում են համակենտրոնացման ճամբար։ Շուտով Շուլցը փախչում է այնտեղից ու թաքնվում գետտոյում՝ Հաննայի ընտանիքում, որտեղ թաքնվում էր նաև վարսահարդարը։ Շուլցը դավադրություն է պատրաստում, տան անդամների ու հարևանների հետ՝ Հինկելի դեմ։ Ըստ իր ծրագրի՝ իրենցից մեկը պետք է զոհաբերի ինքն իրեն ու պայթեցնի Հինկելի պալատը։ Ի վերջո այս տարբերակը մոռացվում է կատակերգական տեսարանով։
Իսկ այդ ժամանակ սրվում են հարաբերությունները Ադենոիդ Հինկելի և նրա դաշնակից, Բակտերիա պետության դիգգատիչե՝ Բենզինո Նապալոնիի (ակնարկ Բենիտո Մուսոլինիի և Իտալիայի վերաբերյալ) միջև։ Նա նույնպես ցանկանում է հարձակվել Օսթերլիխի վրա և նույնիսկ հզոր զորքեր է մոտեցրել այդ երկրի սահմանին։ Այդ հարցի շուրջ բանակցելու համար, Նապալոնին Տոմանիայի մայրաքաղաք է հրավիրվում։ Դրանից հետո հանդիսատեսը ականատես է լինում բազում կատակերգական տեսարանների, Հինկելի ու Նապալոնիի մրցակցության մասին։ Վերջ ի վերջո Հինկելին հաջողվում է ստի միջոցով համոզել Նապալոնիին հետ քաշել զորքերը։
Այդ ժամանակ, գրոհայինները ներխուժում են գլխավոր հերոսների բնակավայր։ Շուլցը և վարսահարդարը ստիպված փախուստի են դիմում։ Շենքերի տանիքներով երկար փախչելուց հետո, նրանք ի վերջո գրոհայինների ձեռքն են ընկնում ու համակենտրոնացման ճամբար ուղարկվում։
Հաննան իր ընտանիքի ու որոշ հարևանների հետ, Օսթերլիխ է փախչում և փորձում նոր կյանք սկսել։
Օրերից մի օր Շուլցն ու վարսահարդարը՝ զինվորական համազգեստ հագնելով, կարողանում են փախչել համակենտրոնացման ճամբարից։ Զինվորները տագնապ են բարձրացնում և սկսում փախչողների որոնումները։ Գլխավոր հերոսները մտադիր են նույնպես փախչել Օսթերլիխ և մոտենում են սահմանին։ Հինկելի զորքերն արդեն կանգնած են սահմանին և պատրաստվում են ներխուժել հարևան պետություն։ Այդ պահին, Հինկելը զբաղված էր բադերի որսով։ Նա միայնակ լող էր տալիս նավակի վրայով լճի մեջ, երբ հանկարծ ջուրն ընկավ։ Դուրս գալով ափ Հինկելին ձերբակալում են կողքով միամիտ անցնող զինվորները։ Վերջիններս Հինկելին վարսահարդարի հետ են շփոթեցնում և համակենտրոնացման ճամբար ուղարկում։ Իսկ վարսահարդարին ընդհակառակը՝ իսկական Ադենոիդ Հինկելի տեղն են դնում սահմանին կանգնած զորքերը։ Նա և Շուլցը զորքերի հետ Օսթերլիխ են ներխուժում։
Հիմա կեղծ Ադենոիդ Հինկելը, պետք է ելույթ ունենա միլիոնավոր մարդկանց առաջ։ Նրա ձայնը լսելու է համարյա ամբողջ աշխարհը։ Նա պետք է ճառ արտասանի Օսթերլիխը Տոմանիային միավորվելու վերաբերյալ։ Սարսափած վարսահարդարը, շփոթված մոտենում է խոսափողին և երկար մտածելուց հետո, սկսում է արտասանել իր իսկ սեփական հռետորական ճառը։ Նրա խոսքերը կարծես մարգարեի կամ հոգևորականի խոսքեր լինեին։ Նա կոչ է անում համայն մարդկությանը լինել՝ բարի, ազնիվ, աշխատասեր, օգնության ձեռք մեկնել յուրաքանչյուրին, չչարագործել, չնախանձել, չսպանել, չթալանել, ապրել Աստծո օրենքներով և այլն... Ապրել իրական կյանքով, այլ ոչ թե արհեստական ու կեղծ։ Նա ժխտում է այն ամենն, ինչ մինչ այդ քարոզում էր բռնապետ Հինկելը։ Նա սկսում է բարձր բացականչել։ Նա կոչ է անում ամբողջ մարդկությանը պայքար սկսել բռնատիրության դեմ։ Իսկ վերջում նա նույնիսկ Հաննայի անունն է տալիս։ Վերջինս լսում է ելույթը ռադիոյով։ Հասկանալով ամեն ինչ, Հաննան լավատեսությամբ լի նայում է երկնքին։
Դերերում
խմբագրելԴերակատար | Դեր |
---|---|
Չառլի Չապլին | Ադենոիդ Հինկել / վարսահարդար |
Փոլեթ Գոդար | Հաննա |
Ջեք Օուքի | Բենզինո Նապալոնի |
Ռեջինալդ Գարդիներ | Շուլց |
Հենրի Դենիել | Գարբիչ |
Բիլլի Հիլբերթ | Հերինգ |
Գրեյս Հեյլ | մադամ Նապալոնի |
Կարտեր Դե Հեյվեն | դեսպան |
Մորիս Մոսկովիչ | միսթեր Ջեքիլ |
Էմմա Դանն | միսսիս Ջեքիլ |
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրել- Լավագույն դերասան (Չառլի Չապլին)
- Երկրորդ պլանի լավագույն դերասան (Ջեք Օուքի)
- Լավագույն երաժշտություն (Մերեդիթ Վիլսոն)
- Լավագույն ֆիլմ
- Լավագույն օրիգինալ սցենար (Չառլի Չապլին)
- 1960 թվական - ֆիլմը Ճապոնիայում արժանացել է՝ «Կինեմա դզյուպնո» մրցանակի, լավագույն օտարերկրյա ֆիլմ անվանակարգում։
- 1974 թվական - Ֆինլանդիայում արժանացել է՝ «Յուսսի» մրցանակի, լավագույն օտարերկրյա ռեժիսոր անվանակարգում (Չառլի Չապլին, նաև «Նոր ժամանակներ (1936)» ֆիլմի համար)։
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն կատակերգական ֆիլմերի ցանկում 37-րդն է։
- 1997 թվական - ընդգրկվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեգիստրում։
Հայտնի տեսարաններ
խմբագրելՖիլմը պարունակում է մի շարք տեսարաններ, որոնք առանձնահատուկ ձևով շատ հայտնի են։ Դրանցից է Ադենոիդ Հինկելի ճառը ֆիլմի սկզբում։ Սա ակնհայտ երգիծանք է Ադոլֆ Հիտլերի հանդեպ։ Տեսարանը ակնարկում է Հիտլերի այն տարիների հռետորական ճառերի ու ելույթների մասին։
Հայտնի է այն տեսարանը, որտեղ գլխավոր հերոսը սափրում է հաճախորդին, Յոհաննես Բրամսի՝ Հունգարական պար № 5-ի հնչունների տակ։ Այս տեսարանը շատ հետաքրքիր ու վարպետորեն է արված։ Այս միտքը հետագայում շատ ռեժիսորներ են օգտագործել իրենց ֆիլմերում։
Սակայն ամենահայտնի տեսարանը այն է, երբ բռնապետ Հինկելը պարում է գլոբուսի տեսք ունեցող փուչիկի հետ, երազելով տիրել ամբողջ աշխարհին։ Պարում է Ռիխարդ Վագների՝ Լոհենգրին օպերայի հնչունների տակ։
Աչքի է ընկնում նաև տեսարանը Բենզինո Նապալոնիի հետ։ Հետաքրքիր է այն դրվագը, երբ Ադենոիդ Հինկելը փորձում է ավելի բարձր աթոռին նստել, քան Նապալոնին։ Դա պետք է հոգեբանորեն ազդի վերջինիս վրա, որը իրեն դրանից կաշկանդված կզգա։ Այս տեսարանի միտքը ծագել է Չապլինի և Բելգիայի թագավորի հանդիպման ժամանակ։ Թագավորը նստած էր ավելի բարձր ոտքեր ունեցող բազկաթոռին, քան Չապլինը։
Կինոքննադատների մոտ, առանձնակի տեղ է գրավում եզրափակիչ ելույթի տեսարանը։ Քննադատները կարծում են, որ այստեղ Չապլինը ներառել է անձնական կարծիքները, և հենց դա դարձավ նրան ԱՄՆ-ից աքսորելու պատճառը։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- «Մեծ բռնապետը» Չառլի Չապլինի առաջին, ամբողջովին հնչունային ֆիլմն է (իսկ ընդհանրապես, համր կինոյի դարաշրջանը ավարտվել էր դեռ 1920 թվականին)։
- «Մեծ բռնապետը» ֆիլմի ցուցադրությունը, դժվար փորձություններով էր անցնում.
Ֆիլմի ցուցադրությունը արգելվեց՝ Պերույում, Իսպանիայում և Ճապոնիայում։ Վերջինս պաշտոնական մերժման մեջ հայտարարեց. «Բոլոր հականացիստական ֆիլմերը Ճապոնիայում արգելված են»։ Հիտլերի երգիծավոր կերպարը յուրօրինակ սենսացիա դարձավ, սակայն ավելի մեծ վախ առաջացրեց Չապլինի եզրափակիչ ելույթը. «Ապրելակերպը կարող է ազատ ու հիանալի լինել, սակայն մենք շեղվել ենք ճանապարհից։ Ագահությունը թունավորել է մարդկանց սրտերը, լցրել է կյանքը ատելությամբ, աստիճանաբար հասցնելով մեզ տառապանքներին ու արյունաթափությանը... Գիտելիքները դարձրել են մեզ ցինիկ, մեր խելքը ծանր է ու հոգնած։ Մենք չափից շատ մտածում ենք և չափից քիչ զգում։ Մեզ հարկավոր են ոչ այնքան տեխնոլոգիաներն, ինչքան մարդկությունը։ Ոչ այնքան խելքը, որքան բարությունն ու քնքշությունը։ Առանց դրա կյանքը կդառնա դաժան ու կկորցնի իմաստը։» - Դոն Բ. Սոուվա
|
Դրվագներ ֆիլմից
խմբագրել-
Շարքայինը փորձում է ազատվել վտանգավոր նռնակից
-
Շարքայինն ու Շուլցը թռչում են ինքնաթիռով
-
Ադենոիդ Հինկելը արտասանում է իր հռչակավոր ճառը
-
բռնապետը պարում է գլոբուսի հետ
-
Վարսահարդարի ու Հաննայի սիրային հանդիպումը
-
Վարսահարդարը կուլ է տվել կոպեկը
-
Ադենոիդ Հինկելն ու Բենզինո Նապալոնին վիճում են
-
Տեղերով փոխվելիս
-
Վարսահարդարի քարոզչային ճառը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.film4.com/reviews/1940/the-great-dictator
- ↑ Weissman S. M. Chaplin: A Life — 1 — NYC: Arcade Publishing, 2008. — P. 99. — ISBN 978-1-55970-892-0
- ↑ http://www.helios.pl/6,Bialystok/BazaFilmow/Szczegoly/film/2319/Dyktator
- ↑ http://www.imdb.com/title/tt0032553/
- ↑ http://www.allmovie.com/movie/the-great-dictator-v20649/corrections
- ↑ 6,0 6,1 Cakarel E. MUBI — 2007.
- ↑ 7,0 7,1 AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
- ↑ https://web.archive.org/web/20190428163310/http://theredlist.com/wiki-2-24-224-523-view-hollywood-cinecitta-stars-profile-paulette-goddard-charlie-chaplin.html
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=greatdictator.htm
- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=26423&type=MOVIE&iv=Basic
- ↑ film-dienst (գերմ.) — 1947. — ISSN 0720-0781
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 13,12 13,13 13,14 http://www.bbfc.co.uk/releases/great-dictator-2
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 http://stopklatka.pl/film/dyktator
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 15,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=2253.html
- ↑ 16,00 16,01 16,02 16,03 16,04 16,05 16,06 16,07 16,08 16,09 16,10 16,11 16,12 16,13 16,14 16,15 16,16 http://www.imdb.com/title/tt0032553/fullcredits
- ↑ 17,00 17,01 17,02 17,03 17,04 17,05 17,06 17,07 17,08 17,09 17,10 17,11 17,12 17,13 17,14 17,15 17,16 17,17 17,18 17,19 17,20 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 18,0 18,1 http://www.nytimes.com/movies/movie/20649/The-Great-Dictator/details
Արտաքին հղումներ
խմբագրել- «Մեծ բռնապետը»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
- «The Great Dictator»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ բռնապետը» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |