Հակասեմականություն, հակասեմիտիզմ, անտիսեմիտիզմ, ազգային և կրոնական անհանդուրժողություն հրեաների նկատմամբ։ Սկիզբ է առել Հին աշխարհում, երբ Բաբելոնում, Եգիպտոսում, Ասորեստանում և այլուր սփռված հրեական համայնքների վերնախավը, հետևելով «աստծու ընտրյալ ժողովրդի» դոգմային, հրեաներին դարձրեց ինքնապարփակ և նրանց ու տեղաբնիկ ժողովուրդների միջև ստեղծեց պատվարներ։ Դրա հետևանքով հրեաների նկատմամբ առաջացան դարից դար խորացող սոցիալ-կենցաղային նախապաշարումներ։ Հրեական համայնքների ստվարացման և տեղաբնիկների հետ տնտեսական ու քաղաքական մրցակցության պայմաններում հակասեմիտիզմը սուր բնույթ ստացավ (մ.թ. սկզբին Ալեքսանդրիայում, Անտիոքում և Հռոմեական կայսրության այլ կենտրոններում հրեաների հալածանքներ սկսվեցին)։

Միջին դարերում հակասեմիտիզմն ավելի սրվեց, երբ Արևմտյան Եվրոպայի երկրներում հրեաների նկատմամբ տնտեսական, քաղաքական անհանդուրժողությանը ավելացավ նաև կրոնականը։ Քրիստոնեական եկեղեցու գործիչները հրեաներին դիտում էին որպես այլակրոններ և նրանց վերագրում տեսություններ (Քրիստոսին խաչ հանած հրեաները հատուկ ծիսակատարություններով վերախաչել են նրան, ժամանակին առաքյալներին հալածելով՝ հետագայում ոտնահարել եկեղեցու սրբությունները, քրիստոնյա երեխաների արյունով թխել զատկական հացը և այլն)։ 11-րդ դարի վերջից գործադրվեցին հակահրեական արյունալի բռնություններ։ XIII-XIV դարերում, ապրանքադրամային հարաբերությունների զարգացման պայմաններում, Եվրոպայում աշխուժացավ հակասեմականության տնտեսական դրդապատճառը։ Հակասեմիտիզմի այնպիսի դրսևորում, ինչպիսին հրեաների զանգվածային արտաքսումն էր (1290 թ. Անգլիայից, 1394 թ. Ֆրանսիայից, 1492 թ. Իսպանիայից և այլն), կատարվում էր պարտամուրհակների ոչնչացման, հրեաների շարժական և անշարժ հարստությունների բռնագրավման նպատակով։ Այն երկրներում, որտեղ շարունակեցին գոյատևել հրեական համայնքները, հակասեմականությունն առավելապես դրսևորվեց ազգային խտրականության ձևերով՝ խառնամուսնությունների արգելում, որոշակի արտահագուստների պարտադրում, հատուկ թաղամասերում (գետտո) ապրելու բռնադատում և այլն։

XVI-XIX դարերում ֆրանսիական հեղափոխությունների շնորհիվ հրեաների իրավական և այլ սահմանափակումները զգալի չափով վերացվեցին։ Այնուամենայնիվ, XIX դարում, հատկապես վերջին տասնամյակներին, Արևմտյան Եվրոպան ցնցող տնտեսական տագնապների, այդ թվում հրեական, կապիտալի դեմ տրամադրությունների սրման պայմաններում, XIX դարում հակասեմականությունը նոր թափ ստացավ Գերմանիայում, Ավստրո-Հունգարիայում, Ֆրանսիայում։ Այդ ժամանակ էլ հրապարակ եկավ և տարածում գտավ «Հակասեմիտիզմ» եզրույթը (հրեաները ենթադրվում են աստվածաշնչական Սեմի հետնորդներ), Դրեզդենում նույնիսկ գումարվեց (1882) հակասեմական 1-ին միջազգային կոնգրեսը։ Հակասեմիտիզմի դեմ եվրոպական առաջավոր մտավորականության ուժեղացող պայքարը (օրինակ, Ֆրանսիայում «Դրեյֆուսի գործի» կապակցությամբ) դժվարանում էր սիոնիզմի աշխուժացման պատճառով։ Ռուսաստանում հակասեմականությունը ցարական կառավարության կողմից լայնորեն օգտագործվեց ժողովրդական զանգվածներին հեղափոխական շարժումներից ետ պահելու համար (հրեական ջարդերը Ալեքսանդր II-ի սպանությունից հետո, 1905-1907 թթ. հեղափոխության ժամանակ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի տարիներին)։

1930-1940-ական թվականներ հակասեմիտիզմի գլխավոր օջախ դարձավ Խորհրդային Միությունն ու ֆաշիստական Գերմանիան, որտեղ հակասեմիտիզմն «հիմնավորվելով» ցեղապաշտական տեսություններով, պետականորեն կազմակերպված ցեղասպանության բնույթ ստացավ (ՀոլոքոստԵրկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայում և դրա օկուպացրած երկրներում, հատկապես կառուցված «մահվան ճամբարներում» ոչնչացվեց շուրջ 6 միլիոն հրեա։ Հիտլերականների տապալումից և Նյուրնբերգյան դատավարությունում հակասեմականությունը մարդկության դեմ հանցագործություն հայտարարվելուց հետո, միառժամանակ թուլացած հակասեմականությունը, հետագա աշխուժացում ապրեց բազմաթիվ երկրներում սկիզբ առած նեո-նացիստական գաղափարախոսություններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 62