Մաշկագտակ (Գյոլբաշը, թուրքերեն՝ Gölbaşı), հայկական նախկին բնակավայր Արևմտյան Հայաստանում՝ Հայոց ձորի գավառում, ներկայում՝ քրդաբնակ բնակավայր Թուրքիայի Հանրապետության Վանի մարզում[1]։

Գյուղ
Մաշկագտակ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Թուրքիայի նահանգՎանի մարզ
Խոսվող լեզուներՄինչև Մեծ եղեռնը՝ հայերեն ,
Մեծ եղեռնից հետո՝ թուրքերեն, քրդերեն
Ազգային կազմՄինչև Մեծ եղեռնը՝ հայեր ,
Մեծ եղեռնից հետո՝ քրդեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Իսլամ (Մեծ եղեռնից հետո)
Մաշկագտակ (Թուրքիա)##
Մաշկագտակ (Թուրքիա)

Անուն խմբագրել

Հնագույն ժամանակներից բնակավայրի անունը Մաշկագտակ է։ Տարածված է եղել նաև Մաշտակ, Մաշկակտակ, Մաշկակ, Մեծկելտեկ անվանաձևերը։ Հայոց ցեղասպանության նախօրեին առավել կիրառելի էր Մաշտակ անունը։ Հայոց ցեղասպանությունից հետո, երբ բնակավայրն արդեն հայաթափվել էր, օսմանյան իշխանություններն այն վերանվանել են Գյոլբաշը[1]։

Աշխարհագրություն խմբագրել

Մաշկագտակ գյուղը գտնվում է Անգղ գետի աջ ափին՝ Վանա լճի ափից 4 կմ հեռու։ Ծովի մակարդակից բարձր է միջինը 1670 մ[1]։

Պատմություն խմբագրել

Մաշկագտակը հայկական հնագույն բնակավայրերից է։ Բնակավայրի տարածքում հայտնաբերվել է Վանի թագավորության Իշպուինիի որդու՝ Մենուա թագավորի սեպագիր արձանագրությունը։ Գյուղի մոտով է անցնում Մենուա թագավորի կառուցած ջրանցքը[1][2]։ Բնակավայրի մասին գրավոր ամենահին հիշատակությունը թվագրվում է 1490 թվականով և հանդիպում է Պարսամ գրչի կազմած հիշատակարանում[1][3]։

Օսմանյան տիրապետության ժամանակաշրջան խմբագրել

Հայկական Մաշկագտակ գյուղում 1870-ական թվականներից սկսած սկսել են աստիճանաբար բնակություն հաստատել փոքրաթիվ քրդեր։ Մոտավորապես 15 տարի անց քուրդ բնակչությունը քուրդ առաջնորդի՝ Սեյիդ բեյի գլխավորությամբ սկսել են հայ ազգաբնակչության նկատմամբ հալածանքները։ Սեյիդ բեյը մի քանի քրդերի հետ միասին հարձակվել է հայկական եկեղեցու վրա, կրակել և վիրավորել մի քանի հայի, հեռացրել քահանային ու փակել կրոնական հաստատության դուռը։ Դրանից հետո նա գյուղի դպրոցի ուսուցչին սպառնացել է և հայտնել, որ նա հեռանա գյուղից և ասել, որ կրթական հաստատությունը պետք է փակվի[1][4]։

1894-1896 թվականներին Օսմանյան կայսրությունում հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված ջարդերի ժամանակ, որոնք հայտնի են որպես Համիդյան ջարդեր, Մաշկագտակում սպանվել է 8-ից ավելի հայ և թալանվել հայերի 27 տուն[1][5]։

Համիդյան ջարդերից հետո Մաշկագտակի հայերի նկատմամբ հարձակումները շարունակվել են։ Այդպիսի դեպքերից են 1905 թվականին կատարված մի խումբ հայերի դաժան սպանությունները, որոնց թվում էին նաև կանայք և ծերեր։ Ըստ տեղեկությունների սպանելուց առաջ կանանց նկատմամբ տեղի են ունեցել բռնաբարություններ[1][6]։

Հայոց ցեղասպանություն խմբագրել

Հայոց ցեղասպանության նախօրեին Մաշկագտակի հայ ազգաբնակչության նկատմամբ թուրքական իշխանությունների կողմից սահմանվել է պատերազմական տուրք, որի հետևանքով գյուղից բռնագրավվել է 110 ոչխար, 100 չափ ցորեն, 16 չափ գարի, 12 չափ ձավար, 6 լիտր յուղ, 260 զույգ գուլպա, 52 զույգ ձեռնոց, 4 լիտր պանիր, 68 լիտր կարտոֆիլ, 250 ձու, 575 խուրձ խոտ, 25 սայլ հարդ, 1920 լիտր վառելափայտ, 40-ական շապիկ և վարտիք[7]։

Պատերազմական տուրքը վերցնելուց հետո օսմանյան իշխանությունները զորահավաքի անվան պատրվակով հավաքագրել են գյուղի 40 երիտասարդի, որոնցից ողջ է մնացել միայն երկուսը[7]։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Մաշկագտակ բնակավայրը հարուստ է եղել տարբեր դարաշրջաններով թվագրվող պատմամշակութային հուշարձաններով, ինչպիսիք են՝ Վանի թագավորության ժայռափոր արձանագրություններ, հնագույն ջրանցքների հատվածներ, եկեղեցիներ, գերեզմաններ և այլն[1]։

Սուրբ Աստվածածին եկեղեցի խմբագրել

Մաշկագտակ գյուղի ներսում գտնվում էր հայկական առաքելական Սուրբ Աստվածածին եկեղեցին, որն ուներ միանավ թաղածածկ բազիլիկ հորինվածք։ Եկեղեցու արտաքին չափերն էին 8,7 x 5,3 մ։ Այն կառուցված էր կիսամշակ և անմշակ քարերով ու կրաշաղախով։ Ներսի կողմից պատված է եղել սվաղի շերտով։ Եկեղեցու հիմնադրման մասին հստակ տեղեկություններ հայտնի չեն, սակայն այն կառուցվել է 1490 թվականից առաջ, քանի որ գրավոր հայտնի ամենահին հիշատակությունը թվագրվում է այդ թվականով։ Եկեղեցու ճարտարապետական հորինվածքը հուշում է, որ այն կառուցվել է 16-ից 17-րդ դարերում, քանի որ կառույցի մասին առկա են ավելի վաղ դարերի հիշատակություններ։ Ուստի, ըստ ուսումնասիրողների, այդ ժամանակահատվածում այն հիմնովին վերանորոգվել է, այլ ոչ թե նոր կառուցվել։ Հայտնի է, որ եկեղեցին վերանորոգվել է 1870 թվականին[1][3][8]։

Օսմանյան կայսրությունում հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված ցեղասպանության սկզբում՝ 1915 թվականին, եկեղեցին հրկիզվել է[1][9]։

2013 թվականին Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն՝ Սուրբ Աստվածածին եկեղեցուց պահանվել է ընդամենը խորանի պատը[1]։

Սուրբ Դանիել սրբատեղի խմբագրել

Մաշկագտակ գյուղում էր գտնվում Սուրբ Դանիել սրբատեղին, որը, ըստ ուսումնասիրողների, ժամանակին իրենից ներկայացրել է մատուռ[1][10]։

Սուրբ Հարություն եկեղեցի խմբագրել

Սուրբ Դանիել սրբատեղիից փոքր ինչ արևմուտք գտնվում էր հայ առաքելական Սուրբ Հարություն եկեղեցին։ Այն շրջապատված է եղել բազմաթիվ տապանաքարերով[1][10]։

Գերեզմանոց խմբագրել

Մաշկագտակ գյուղի հայկական գերեզմանոցը գտնվել է բնակավայրի հյուսիս-արևելքում՝ ծովի մակարդակից 1707 մ բարձրության վրա։ Հայկական գերեզմանոցին կից 1880-ական թվականներից սկսել է ձևավորվել այդտեղ հաստատված քրդերի գերեզմանոցը։ Հայոց ցեղասպանությունից հետո հայկական գերեզմանոցը ոչնչացվել է, իսկ գերեզմանաքարերն օգտագործվել շինարարական աշխատանքների մեջ։ Ներկայում հայկական գերեզմանոցը գոյություն չունի․ տեղում կառուցվել են բնակելի տներ և տնտեսական կառույցներ[1]։

Սրբատեղի խմբագրել

Մշկագտակ գյուղից 1,4 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Մենուայի ջրանցքի հարևանությամբ է գտնվում հայկական առաքելական սրբատեղի, որի անունը չի պահպանվել։ Այն իրենից ներկայացնում է կրային բաղադրությամբ ժայռ, որի վրա փորագրվել են խաչեր[1]։

Բնակչություն խմբագրել

Մաշկագտակ գյուղի բնակչության վիճակագրական տվյալները սկսած 1855 թվականից
Տարի
Հայեր
Հայ տուն
Քրդեր
Քուրդ տուն
1855[1][11]
243
32
0
0
1873[1][12]
-
40
0
0
1883[1][10]
-
40
-
10
1895[1][13]
-
30
-
-
1897[1][14]
-
48
-
6
1909[1][15]
- (319[16])
56 (61[16])
-
11 (7[16])
1914[1][17][18][19]
394
64
66
9
1915 (Մեծ եղեռնի նախօրեին)[1][20]
350
55
-
15
1915 (նոյեմբեր)[1][21]
2
-
-
-
1916 (հոկտեմբերի 10)[1][22]
-
14
-
-
2013[1][22]
0
0
-
300

Մաշկագտակ գյուղի բնակչության վերաբերյալ վիճակագրական հստակ տվյալները հայտնի են 1855 թվականից։ Ըստ տեղեկությունների՝ բնակավայրը նախկինում ունեցել է մոտավորապես 300 տուն հայ բնակչություն, սակայն հետագայում հայ ազգաբնակչության թվաքանակը նվազել է[1][8]։

Օսմանյան կայսրությունում հայ ազգաբնակչության նկատմամբ թուրքերի ու քրդերի կողմից իրականացված ցեղասպանության հետևանքով Մաշկագետակը մյուս հայկական բնակավայրերի նման զրկվել է հայ ազգաբնակչությունից[1]։ Ցեղասպանությունից փրկված Մաշկագտակի հայերի մի մասը հաստատվել է Էջմիածնում, Դաշբուռուն, Քանաքեռ, Սև Քար գյուղերում, Արտաշատի շրջանում, ինչպես նաև Բաքվի Հայոց գյուղում (Արմենիքենդ)[1][23]։ 1919 թվականի մարտի դրությամբ Բաղդադ քաղաքի մոտակայքում կառուցված փախստականների Պագուպայի ճամբարում է ապրել Մաշկագտակի բնակիչ Մելքոն Սանասարյանի ընտանիքը[24]։ Նույն թվականի ամռանը Թիֆլիսում էին գտնվում Մաշկագտակի բնակիչներ Արմենակ Մուրոյանի (ընտանիքը կազմված էր 2 անդամից), Ավետիս Հովսեփյանի (ընտանիքը կազմված էր 11 անդամից), Կարապետ Հակոբյանի (ընտանիքը կազմված էր 2 անդամից), Պատուր Զատոյանի (ընտանիքը կազմված էր 4 անդամից) և Ավետիս Հովսեփյանի (ընտանիքը կազմված էր 4 անդամից) ընտանիքները[25]։

Տնտեսություն խմբագրել

Մինչև Հայոց ցեղասպանությունը Մաշկագտակ գյուղի հայ ազգաբնակչությունը հիմնականում զբաղվել է գյուղատնտեսությամբ՝ հողագործությամբ և անասնապահությամբ։ Հայտնի է, որ մինչև Մեծ եղեռնի նախօրեն հայերն ունեցել են շուրջ 1090 խոշոր և մանր եղջերավոր անասուն, որոնցից 570-ը՝ ոչխար։ Հողագործությունից տարեկան ստացել են 30.000 չափ ցորեն, 300 չափ տարեկան և 260 չափ գարի[1][9]։

Կրոն խմբագրել

Մաշկագետակ գյուղում եղել են հայկական առաքելական մի քանի եկեղեցիներ, մատուռներ և սրբատեղիներ[1]։

Հայտնի է, որ 1852 թվականին գյուղի քահանան է եղել տեր Մարտիրոսը[1][26]։

Գրականություն խմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 «Հայոց ձոր», հատոր Ա, Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2015 թվական։
  2. Ադոնց Ն., Հայաստանի պատմություն, Երևան, 1972, էջ 158։
  3. 3,0 3,1 ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, մասն Գ, Երևան, 1967, էջ 157-158։
  4. «Դրօշակ», 1895, N 15-16, էջ 14։
  5. «Հնչակ», 1896, N 16, էջ 123։ Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները, Երեւան, 1912, էջ 370։
  6. «Դրօշակ», 1906, N 4, էջ 54։
  7. 7,0 7,1 Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ, հ. 1, Երևան, 2012, էջ 177, 180։
  8. 8,0 8,1 Միրախորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մասն Ա, Կ.Պօլիս, 1884, էջ 132։
  9. 9,0 9,1 Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ, հ. 1, Երևան, 2012, էջ 180։
  10. 10,0 10,1 10,2 Միրախորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մասն Ա, Կ.Պօլիս, 1884, էջ 131։
  11. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 468, ց. 1, գ. 3, թ. 1:
  12. Տևկանց Ե., Ճանապարհորդություն Բարձր Հայք և Վասպուրական (1872-1873 թթ.), Երևան, 1991, էջ 223։
  13. Աղթամարայ հանգուցեալ Խաչատուր կաթուղիկոսի վերջին թուղթն եւ տեղեկագիրը, «Արարատ», 1896, Ե, էջ 247։
  14. Маевский В., Ванский вилает, Тифлис, 1901, էջ 263։
  15. «Հորիզոն», 1913, N 12, 17 յունվար, էջ 3։
  16. 16,0 16,1 16,2 Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները, Երեւան, 1912, էջ 47
  17. Бекгульянц Р., По Турецкой Армении, Ростов на Дону, 1914 г., էջ 93:(ռուս.)
  18. Ա-Դօ, Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թւականներին, Երեւան, 1917, էջ 18
  19. «Սիոն», 1967, N 5-6, էջ 228
  20. Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ, հ. 1, Երևան, 2012, էջ 174, 177, 180։
  21. Կ. Խ., Նամակ Վանից, «Վան-Տոսպ», 1915, N 3, 13 դեկտեմբեր, էջ 14։
  22. 22,0 22,1 «Աշխատանք», 1916, N 52, 29 հոկտեմբեր, էջ 3։
  23. Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ, հ. 1, Երևան, 2012, էջ 174, 177, 182։
  24. «Կոչնակ Հայաստանի», 1919, N 17, էջ 545։
  25. «Կոչնակ Հայաստանի», 1919, N 34, էջ 1103։
  26. Մաթևոսյան Կ., Աղթամար, Սբ. Էջմիածին, 2013, էջ 145։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 261