Մենուայի ջրանցք կամ Շամիրամի ջրանցք, կառուցել է Մենուա թագավորը՝ հավանաբար մ.թ.ա. IX դ. վերջ -  VIII դ. սկզբին՝ Տուշպա (Վան) մայրաքաղաքին խմելու և ոռոգելու ջուր մատակարարելու նպատակով։ Երկարությունը 72 կմ է, լայնությունը՝ 4.5 մ, խորությունը՝ 1.5 մ։ Սկիզբ է առնում Հայոց ձոր գավառի Վերին Մժնկերտ գյուղի մոտից՝ Խոշաբ գետից 5 կմ հարավ գտնվող լեռան ստորոտից բխող բազմաթիվ ջրառատ աղբյուրներից։ Ջրանցքն անցնում է լեռների լանջերի ու փորված ժայռերի միջով։ Այն կառուցված է հսկայական քարերից և անցնում է 15-20 մ բարձրություն ունեցող լայն ու անշաղախ կիկլոպյան պատերի վրայով[1]։ Ջրանցքն օգտագործվում է առ այսօր[2]։

Մենուայի ջրանցք
Տեսակջրանցք
Երկիր Թուրքիա
Վարչատարածքային միավորԳյուրփընար
Երկարություն80 կմ
Քարտեզ
Քարտեզ

Ջրանցքը

խմբագրել

Մենուայի ջրանցքը գտնվում է Վանա լճի հարավարևելյան կողմում։ Ջրանցքի հեռավորությունը Վան քաղաքից կազմում է 70 կմ, սակայն ջրանցքի ամբողջական երկարությունը, հաշվի առնելով նաև կորությունները, կազմում է 80 կմ[3]։

Ժամանակին ջրանցքի ջրերով աշխատել է մոտ 40 ջրաղաց։ Մենուայի ջրանցքից ճյուղավորվում են փոքր ջրանցքներ ու առուներ։

Ջրանցնքն ունեցել է կարևոր տնտեսական նշանակություն, նրա պահպանման համար կառուցվել են ամրոցներ։ Ջրանցքն իր չափերով ու նշանակությամբ խոշորագույններից էր Հին Արևելքում։

Մենուայի ջրանցքը սկիզբ է առնում Հայոց ձոր գավառում։ Ջրանցքը բարդ կառուցվածք ունի։ Այն անցկացրած է լեռների լանջերին փորված և տեղ-տեղ քարե պատնեշներով ամրացված հունով, ինչպես նաև ձորերի վրա կառուցված կամուրջներով։ Ջրանցքի տնտեսական նշանակությունն այնքան մեծ է եղել, որ նրա պահպահման համար ամրոցներ են կառուցվել։

Ըստ հնագետ դոկտոր Վալդեմար Պելքի, որը հնագիտական ուսումնասիտություններ է անցկացրել ջրանցքի տարածքում՝ հոկտեմբեր ամսին ջրանցքը ապահովում է 1500 լ ջուր վայրկյանում։ Այդ ջուրը պարունակում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ։ Ըստ Պելքի՝ մինչև ջրանցքի կառուցումը ջուրը ժայռերի ճեղքերից հոսել է ցած և թափվել Խոշաբ գետը, որը ակունքից գտնվել է 5 կմ հեռավորության վրա։ Ջրանցքի կառուցումով ջուրը ուղղվեց Վերին Մեշինկերտ, ուր կառուցվել է նաև մեծ ավազան։ Վերին Մեշինկերտից հաստաբուն ծառերի կոճղերից պատրաստված խողովակով ջուրն անցկացվել է գետի մյուս ափը և ուղղվել դեպի արևմուտք՝ ոռոգելով Իշխանիգոմ, ապա Սյոլպլասան, Կեմ, Քարավանց, Անող և Մաշքելտեք գյուղերը։ Իսկ Իշխանիգոմից հույսիս՝ դեպի լեռան ստորոտը դառնալով՝ ջրանցքը ձգվում է դեպի արևելք՝ ոռոգելով Խադամ, Քյոշկ, Ս. Վարդան, Խարաբքյո գյուղերը և հասնում մինչև Արտամեդ։ Ընդհանուր առմամբ, ջրանցքը ժամանակին ոռոգել է 42 գյուղ, որոնցից 1890-ականների դրությամբ միայն 20-ն էր մնացել։ Ջրանցքի տեղում, ըստ ավանդության, ժամանակին մեծ քաղաք է եղել։ Դրա մասին կա նաև հիշատակություն Խորենացու «Հայոց պատմությունում»[3]։

Մենուա թագավոր

խմբագրել

Մենուայի թագավորման ժամանակ Վանի թագավորությունը դարձավ Առաջավոր Ասիայի հզոր պետություն։Վանի թագավորության հզորացման այս շրջանը տևել է 70 տարի, շարունակել են Մենուային հաջորդելով՝ Արգիշտի Ա-ն, Սարդուր Բ-ն, Ռուսա Գ-ն։ Մենուան մեծ նվաճումներ կատարեց, ինչի հիմքում ընկաց էր ներքին քաղաքականության բարելավված վիճակը։ Մենուայի ջանքերով Ուրարտուն դարձավ կայսրություն։ Մենուայի գլխավոր բարեփոխումներից մեկը մշակույթն է, Մենուայի գործերը արժեքավոր են ճարտարապետական տեսակետով, նրա գլխավոր մեծագործությունը, իր անունով կոչվող Մենուապիլի նշանավոր ջրանցքը։ Ըստ Լեոի սեպագիր արձանագրությունների այս ջրանցքը կոչվել է Մենուասա։

Սեպագիր արձանագրություններ

խմբագրել

Ջրանցքի եզրային հատվածներից մեկում կան երկու սեպագիր արձանագրություններ, որոնցում հիշատակվում է Մենուա արքայի անունը.

  Խալդիի հզոր որդիներից ես՝ Մենուաս՝ Իշպուինիի որդին, կառուցեցի այս պիլին (ջրմուղը)։ Դրա անունը Մենուասա է[4]։  

Սեպագրություններից հայտնի է դառնում նաև, որ Մենուան միայնակ չի կատարել այդ գործերը, այլ իր մոր հետ։ Սրա մասին է վկայում Արտամեդից երեք քառորդ ժամ հեռավորության վրա գտնվող ժայռին արված 3 տողանի արձանագրությունը։ Այդ արձանագրությունից իմանում ենք, որ Մենուայի մոր անունը Տարիաս է[4]։ Ըստ Պելքիի՝ հավանական է, որ Մենուան իր մորը դարձրել էր գահաժառանգ, ինչպես որ ինքն է գահակալում իր հոր՝ Իշպուինիի օրոք։ Հետագայում Մենուայի կնոջ անունը ժողովրդական ավանդության մեջ թյուրիմացաբար վերածվել է Շամիրամի և ջրանցքի կառուցումը նույնպես վերագրվել է նրան[3]։

Միայն Ներքին Մժնկերտ գյուղի մոտից ջրանցքի երկայնքով տեղադրված է Արարատյան թագավորության ժամանակաշրջանի 14 արձանագրություն։

Խորենացու ավանդությունը

խմբագրել
 
Մենուայի ջրանցքի պատը սեպագիր արձանագրությամբ (XIX դարի գծանկար)

Ըստ ավանդության (պահպանվել է Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» Երկում և ժողովրդական բանահյուսության մեջ)՝ Մենուայի ջրանցքի կառուցումը վերագրվել է Ասորեստանի Շամիրամ թագուհուն և անվանվել է նաև վերջինիս անունով։ Այդ ավանդությունում նշվում է, որ Արա Գեղեցիկի մահից հետո Շամիրամը մնում է նրա անունով Այրարատ կոչված դաշտում և, անցնելով շատ վայրերով, հասնում է Վանա լճի մոտ և այնտեղ տեսնում մի բլուր։ Շամիրամն անմիջապես հրամայում է 12.000 անարվեստ գործավորներ և և իր ընտրյալներից 6000 գործավորներ բերել Ասորեստանից և իր իշխանության տակ գտնվող մյուս վայրերից, որոնք հմուտ էին փայտի, քարի, պղնձի և երկաթի գործի արհեստներում և կառուցել քաղաք։ Ապա նա հրամայում է ապառաժ խոշոր քարերով, կրի ու ավազի շաղախով կառուցել շատ լայն ու բարձր գետի ամբարտակ։ Ըստ Խորենացու՝ այդ ամբարտակը տեղի բնակիչների համար ծառայել է որպես ապաստարան, իսկ ամբարտակն այնքան ամուր է կառուցված եղել, որ անհնար էր անգամ պարսատիկի համար մեկ քար պոկել։ Այնուհետև Շամիրամը բաժանել է տալիս գետի մի մասը (առուների) և անցկացնում քաղաքի միջով՝ բուրաստանների ու ծաղկոցների ոռոգման նպատակով, իսկ մյուս մասը՝ Վանա լճի աջ ու ձախ ափերով՝ քաղաքը և դրա բոլոր շրջակայքը ոռոգելու համար[5]։

Վերանորոգում

խմբագրել

Ջրանցքը վերանորոգվել է միայն մեկ անգամ՝ 1950 թվականին, երբ ջրանցքի միջին հատվածը փոխարինվեց երկաթ-բետոնե կոնստրուկցիաներով[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հ․ Գ․ Ժամկոչյան, Ա․ Գ․ Աբրահամյան, Ս․ Տ․ Մելիք-Բախշյան, Ս․ Պ․ Պողոսյան, «Հայ ժողովրդի պատմություն․ սկզբից մինչև XVIII դարի վերջ», էջ 40
  2. Şamran Kanalı Turizme Kazandırılacak
  3. 3,0 3,1 3,2 Հանդէս Ամսօրեայ, 1893 թ., մարտ, N3, էջ 84-87
  4. 4,0 4,1 Լեո, «Հայոց Պատմություն», առաջին հատոր, Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 1966, էջ 215
  5. Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն», աշխարհաբար թարգմանությունն ու մեկնաբանությունները՝ Ստ. Մալխասյանի, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1981 թ., էջ 63-67
  6. Garbrecht, Günther, The Water Supply System at Tuspa (Urartu), World Archaeology, 1980, vol. 11, pp. 306—312
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։