Ճապոնիզմ (ֆր.՝ Japonisme), ուղղություն 19-րդ դարի եվրոպական արվեստում։ Ձևավորվել է ճապոնական գունավոր փորագրության` ուկիյո-է-ի և կիրառական արվեստի ազդեցությամբ[1]։ Ճապոնական արվեստում մոտիվները, տեխնիկան, գույների արտահայտումը արտացոլվել են այնպիսի վարպետների արվեստում, ինչպիսիք են Էդուարդ Մանեն, Պոլ Գոգենը, Վան Գոգը և այլ իմպրեսիոնիստներ։ Ճապոնիզմը նշանակալի ազդեցություն է թողել նաև մոդեռնի և կուբիզմի վրա[2]։

Ճապոնիզմի ոճով փայտե կամուրջ Կլոդ Մոնեի այգում, Ժիվերնի

Պատմություն

խմբագրել
 
Վինսենթ վան Գոգ, Տանգի հայրիկի դիմանկարը

1855 թվականին Ճապոնիան արտաքին աշխարհի համար բացելուց հետո ճապոնական մեծ քանակությամբ ապրանքներ ու արվեստի ստեղծագործություններ ներմուծվում են Եվրոպա` արագ արժանանալով շատերի ուշադրությանը։ Լոնդոնի և Փարիզի համաշխարհային ցուցահանդեսների ժամանակ ներկայացվում են ճապոնական գունավոր փորագրությունը և արհեստագործական տարբեր իրեր` հախճապակի, կիմոնո, շիրմա և այլն։

Ժիվերնիի իր այգում 1883 թվականին Կլոդ Մոնեն կառուցում է ճապոնիզմի ոճով փայտե կամուրջ։

Նշանակալի է ճապոնական փորագրության ազդեցությունը Վինսենթ վան Գոգի արվեստի վրա։ Իր երեք նկարներում Վան Գոգը կրկնօրինակել է ճապոնական գունավոր փորագրությունները կամ յուղաներկով վերարտադրել է դրանք իր կտավներում։ Այդ աշխատանքները ցուցադրում են նկարչի` ճապոնական մշակույթի գաղտնիքները յուրացնելու ցանկությունը։ Ճապոնական փորագրության հիման վրա Վան Գոգը, ուսումնասիրելով Կացուշիքա Հոքուսայի 15-հատորանոց մանգան, զարգացնում է կետ-գիծ կառուցվածքով իր ռիթմիկ գեղանկարչությունը, որ հետո կիրառում է նաև յուղաներկով աշխատանքներում։

 
Փորագրություն Կացուշիքա Հոքուսայի մանգայից

Մինչև Վան Գոգը իմպրեսիոնիստները ճապոնական գունավոր փորագրության մեջ փնտրում էին պատկերի արտահայտման անհրաժեշտ եղանակներ։ Նրանք կիրառում էին կոմպոզիցիայի տարբեր ձևեր, օրինակ` առանձին կանգնած, կարծես շրջանակով առանձնացված պատկերի կիրառումը նկարում, նկարի առջևի պլանում կանգնած պատկերը, նկարի ոչ համաչափ կառուցումը, խորքում խիստ ընդգծված անկյունագծերը, պատկերի կտրտվածությունը ծառերի օգնությամբ և այլն։ Հոքուսայի գունավոր ուրվանկարների շարքը (օրինակ, սրբազան Ֆուձիի 100 նկար) նախատիպ են ծառայել Սեզանի և Մոնեի համանման շարքերի համար։

Մեծ Բրիտանիայում ճապոնիզմի կարևոր ներկայացուցիչ էր այնտեղ ապրած ու ստեղծագործած ամերիկացի նկարիչ Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերը։ Նա ճապոնական արվեստին նմանակելու գործում այնքան հեռու է գնացել, որ արժանանանալով անգլիական գեղարվեստական լրագրության խիստ քննադատությանը, դատական գործընթաց է սկսել` տանելով հաղթանակ։

Առանց ճապոնիզմի ազդեցության` դժվար է պատկերացնել նաև մոդեռն ուղղության զարգացումը` զարդապատկերների պատկերմամբ, սկահակների ու պնակների ինքնատիպ ձևերով։ Այսպես, Գուստավ Կլիմտը, ով ուներ ճապոնական կիմոնոյի և Նո թատրոնի վարագույրների հարուստ հավաքածու, իր նկարների համար մշակել է զարդապատկերային վերացական նախշերով կտավներ։

Ուկիյո-է

խմբագրել

1860-ական թվականներից ուկիյո-է ուղղությունը, որ փայտե սալիկների վրա ճապոնական փորագրություն է, դարձավ արևմտյան շատ նկարիչների ոգեշնչման աղբյուրը[3]։ Ուղղությունը ձևավորվել է 17-րդ դարում որպես ճապոնական գեղանկարչական դպրոց[4]։ Ուկիյո-է-ի փորագրությունները ստեղծվել են ոչ թանկ հուշանվերների պահանջարկը բավարարելու համար։ Չնայած դրանք թանկ չէին, բայց նորարական էին։ Դրանք հազվադեպ էին ստեղծվում մեկ պատվիրատուի պահանջով. ավելի շուտ ստեղծվում էին Ճապոնիայի առևտրական շուկան բավարարելու համար։ Փորագրությունները արևմուտք էին հասցնում հոլանդացի առևտրականները, և միայն 1860-ական թվականներին Եվրոպայում դրսևորվեց մեծ հետաքրքրություն ուկիյո-է-ի նկատմամբ։ Արևմտյան նկարիչներին գրավում էր գույնի ու կոմպոզիցիայի կիրառումը փորագրություններում։ Ուկիյո-է-ի տպագիր հրատարակություններում ներկայացվում էին ոչ համաչափ կոմպոզիցիաներ[5]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ono, Ayako (2003). Japonisme in Britain: Whistler, Menpes, Henry, Hornel and nineteenth-century Japan. New York: Routledge Curzon. p. 1.
  2. "Japonism". The Free Dictionary. Retrieved 7 June 2013.
  3. Bickford, Lawrence (1993). "Ukiyo-e Print History". Impressions: 1. JSTOR 42597774 – via JSTOR.
  4. "Defining Ukiyo-e". Impressions. Japanese Art Society of America. 1: 6. 1976. JSTOR 42597582 – via Jstor.
  5. Ono, Ayako (2003). Japonisme in Britain: Whistler, Menpes, Henry, Hornel and nineteenth-century Japan. New York: Routledge Curzon. p. 45.
  6. «George Hendrik Breitner - Girl in White Kimono». Rijksmuseum, Amsterdam. Արխիվացված է օրիգինալից 2012-09-09-ին. Վերցված է մայիսի 12, 2012-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճապոնիզմ» հոդվածին։