Կացուշիքա Հոքուսայ (ճապոներեն՝ 葛飾 北斎  ( ), հոկտեմբերի 31, 1760(1760-10-31)[1][2], Honjo, Katsushika district, Էդո - մայիսի 10, 1849(1849-05-10)[3][2][4][…], Ասակուսա, Էդո), ճապոնացի Էդո ժամանակաշրջանի ուքիյո-է ոճի նկարիչ ու փորագրող, ու կայացմանը ազդել են Սեշշուն ու չինական տարբեր ոճեր։ Առավել հայտնի է որպես «Ֆուջի սարի 36 տեսարանի ճապ.՝ (富嶽三十六景 Ֆուգաքու Սանջուրոքու-քեյ)» հեղինակ։ Այն ներառում է 1820-ական թվականներին ստեղծված ու այժմ համաշխարհային ճանաչում ստացած «Քանագավայի մեծ ալիքը», որի կրկնօրինակները կարելի է տեսնել Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում և Լոնդոնի Բրիտանական թանգարանում և նույնիսկ Կլոդ Մոնեի տանը։

Կացուշիքա Հոքուսայ
葛飾 北斎
Ինքնանկար
Ծնվել էհոկտեմբերի 31, 1760(1760-10-31)[1][2]
ԾննդավայրHonjo, Katsushika district, Էդո
Վախճանվել էմայիսի 10, 1849(1849-05-10)[3][2][4][…] (88 տարեկան)
Մահվան վայրԱսակուսա, Էդո
ԱզգությունՃապոնացիներ
ՔաղաքացիությունՃապոնիա
Մասնագիտություննկարիչ, փորագրիչ, նկարազարդող, ukiyo-e artist, արվեստագետ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող, դիզայներ, գծագրող, վիզուալ արտիստ և գծանկարիչ
Ոճճապոնիզմ, Kasei culture? և ուկիյո-է[5]
Ժանրուկիյո-է[6] և դիմապատկեր[6]
Թեմաներուկիյո-է, գեղանկարչություն[7], Կերպարվեստ[7], wood engraving technique?[7], գրաֆիկա[7], իլյուստրացիա[7] և գծանկար[7]
Ուշագրավ աշխատանքներՖուջի սարի 36 տեսարաններ, Ձկնորսի կնոջ երազը, Hokusai Manga?, Ehon Chūkyō?, A Tour of the Waterfalls of the Provinces?, Oceans of Wisdom?, Watermelon? և Great Daruma?
ՈւսուցիչKatsukawa Shunshō?
ԱշակերտներKatsushika Taito II?, Yashima Gakutei?, Numata Gessai?, Untaishi Torai?, Hyakuju Raizan?, Gasanjin?, Manjisai Isshō?, Katsushika Hokutō‎?, Suigetsu Koryuu? և Taigadō Issen?
Ներշնչել էիմպրեսիոնիզմ
Ամուսինանհայտ և անհայտ
ԶավակներԿացուշիկա Օյ[8] և Կացուշիկա Տացուջո
ստորագրություն
Изображение автографа
Կացուշիքա Հոքուսայ Վիքիքաղվածքում
 Katsushika Hokusai Վիքիպահեստում

Հոքուսայը նկարել է «Ֆուձի լեռան 36 տեսարան» թե վերջին ճանապարհորդության տպավորությունների, թե որպես Ֆուջի սարին մոլեգնության հասնող սիրո արտացոլում։ Հենց այս շարքը, մասնավորապես «Քանագավայի մեծ ալիքն» ու «Պարզ եղանակի Ֆուջին» աշխատանաքները, ապահովեցին նկարչի համբավը Ճապոնիայում ու նրա սահմաններից դուրս։ Սա փաստում է նաև պատմաբան Ռիչարդ Լանը. «Իրոք, եթե կա մի բան, որ ստեղծել է Հոքուսայի անունը, դա հենց այս փառահեղ շարքն է»։ Չնայած «36 տեսարանին» նախորդող նկարչի աշխատանքները նույնպես մեծ արժեք են ներկայացնում, արևմուտքում Հոքուսային, թերևս, ճանաչեն միայն Քանագավան պատկերող փայտե տախտակներով։

Ամբողջ կյանքում Հոքուսայն ունեցել է ավելի քան 30 կեղծանուն. շատ անուններով հանդես գալը Ճապոնիայում տարածված երևույթ էր, բայց Հոքուսայն այս առումով առաջ է ընկել իր կոլեգաների մեծամասնությունից։ Կեղծանունների փոփոխությունները հաճախ են ու կապված են նկարչի ոճի փոփոխությունների հետ, դրա համար օգտագործվում են նրա կյանքն ու գործունեությունը մասերի բաժանելու համար։ Անունը, որով մենք նրան այժմ ճանաչում ենք, նկարիչը վերջնականապես իրեն է վերագրել մոտավորապես 1800 թվականին։

Կենսագրություն

խմբագրել

Կյանքի արշալույսը

խմբագրել

Հոքուսայի ծննդյան ստույգ օրը հայտնի չէ, բայց սովորաբար ընդունում են, որ նկարիչը ծնվել է Հորեքի ժամանակաշրջանի 10-րդ տարվա 9-րդ մասի 23-րդ օրը, որը համապատասխանում է 1760 թվականի հոկտեմբերի 31-ին։ Ծննդավայրը Էդոն էր՝ Ճապոնիայի նախկին մայրաղաքը։ Իսկական անունը Տոկիտարո է։ Ասվում է, որ նկարչի հայրը շոգունի համար հայելիներ պատրաստող Նաքաջիմա Իսեն է։ Հոքուսայի երբևէ չի հավակնել հոր ժառանգորդը լինելուն, այնպես որ բացառված չէ, որ մայրը քոնուբինա՝ հարճ էր։ Անվանի Հոքուսայագետ Նարաձակի Մունեշիգեի կարծիքով, Իսեն տղայի խորթ հայրն էր, իսկականը՝ հասարակ գյուղացի Կավամուրան, ով որդուն 4-5 տարեկանում հանձնել էր հայելագործ վարպետին։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Հոքուսայի ընտանիքը ծայրահեղ աղքատ էր ու հնարավորություն չուներ իր բոլոր երեխաներին խնամելու։ Նաև կարելի է ենթադրել, որ Հոքուսայը ծնողների ավագ որդին չէր, քանի որ ավագ երեխաներին ուրիշ ընտանիքների դաստիարակության չէին հանձնում։

Ամենայն հավանականությամբ, նկարել նա սկսում է 6 տարեկանից ու բացառված չէ, որ առաջին ուսուցիչը Նաքաջիմա Իսեն է եղել՝ հայելիներ պատրաստելը ներառում էր նաև նրանց ձևավորումն ու նկարներով շրջանակումը։

Հոքուսայի մանկության ու երիտասարդության տարիներին ստեղծագործել են փորագրության այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Հարունոբուն, Կացուքավա Շունշոն ու Ուտագավա Տոյոհարուն։

1770 թվականին, 12 տարեկանում հայրը Հոքուսային ուղարկում է Յոքոմոչո շրջանի գրախանութում աշխատելու։ Այս շրջանում Հոքուսայը կրում է Տեցուձո անունը։ Հավանաբար հենց այստեղ է Հոքուսայը գրագիտություն ու չինարեն սովորում։

Շուտով՝ 14 տարեկանում, նա դառնում է Նակայամա Տեցուսոնի՝ հայտնի փորագրող-փայտագործի աշակերտը, ում մոտ սովորում ու աշխատում է մինչև 18 տարեկանը։ Սա տարածված երևույթ էր, քանի որ փայտի վրա փորագրված գրքերի ընթերցանությունը միջին ու բարձր խավի ներկայացուցիչների սիրելի զբաղմունքներից էր։ 18-րդ դարի վերջին տասնամյակները ամբողջ Ճապոնիայի համար մշակույթի ծաղկման տարիներ էին։ Թատրոն, կերպարվեստ, գրականություն նոր մեթոդներ են ներմուծվում ու նոր ոճեր մշակվում։ Բեկումնային փուլ է սկսվում տպագրության մեջ։ Երիտասարդ Հոքուսայը հասարակ դիտորդ չէր. նա սկսում է փորագրություն սովորել։ Փայտագրությունը մի նոր մակարդակի վրա է բարձրանում, ինչպես տեխնիկական, այնպես էլ գեղարվեստական իմաստով։ Բայց փորագրող-վարպետի աշխատանքը սահմանափակվում էր հասարակ կատարողականությամբ. որպես տեխնիկական կատարող, փայտագործը իրավունք չուներ միջամտելու նկարչի ցանկություններին։ Այդպիսով, Հոքուսայը սկսում է ինքնարտահայտման նոր ոլորտ փնտրել՝ սկսում է նկարել ու սեփական գործերով փորագրոթյուններ կատարել։

1776 թվականին, 18 տարեկանում Հոքուսայը տեղափոխվում Կացուքավա Շունշոյի մոտ։ Շունշոն ուքիյո-է ոճի ներկայացուցիչ էր՝ ոճի, որի վարպետը հետագայում կդառնա Հոքուսայը, ու Կացուքավա դպրոցի ղեկավարը։ Ուքիյո-է-ի ներկայացուցիչները հիմնականում պատկերում են պոռնիկների ու կաբուկի թատրոնի հայտնի դերասաններին։

Փաստը, որ Հոքուսային թույլատրելի էր այդ անունը կրել, խոսում է Շունշոյի բարեհաճ վերաբերմունքի մասին։ Շունշոն շատ էր սիրում իր աշխատասեր և կոկիկ աշակերտին, ով հաջողությամբ կատարում էր դժվար պատվերները։ Ի տարբերություն մյուս աշակերտների, Հոքուսային թույլատրվում էր իր աշխատանքները ստորագրել «Շունրո»՝ «Շուն» - Շունշոի անվան առաջին վանկը, և «րո» - «Քյոկուրո»՝ Շունշոյի նախկին անունից։ Հոքուսայը իր հերթին պաշտում էր ուսուցչին և ամեն ինչում հնազանդ էր նրան։ Հենց այդ անվամբ էլ Հոքուսայի առաջին ինքնուրույն շարքը՝ կաբուկի թատրոնի դերասանների դիմանկարները հրատարակվում են 1779 թվականին։

Վերջապես Հոքուսային թույլատրվում է հանդես գալ ինքնուրույն աշխատանքներով, և նրա առաջին փորձը լինում է 1784-1785 թվականների յակուսա-է ժանրում կատարված փորարգրությունների շարքը։ Հայտնի են Հոքուսայի այն ժամանակվա դերասանների դիմանկարները։ Իհարկե, դրանցում զգացվում էր Շունշոի ազդեցությունը, բայց, ամեն դեպքում, այդ ժամանակ Հոքուսայի համբավը յակուսա-է ժանրում արդեն հավասարվում էր նրա ուսուցչին։ Երիտասարդ նկարիչը շատ լավ ճաշակ ուներ, աշխատում էր «մանրակրկտորեն» և ամենակարևորը փոխանցելու կարողության երջանիկ տեր էր։

Սա կհանգեցնի սեփական ոճի առաջացմանը, որը չէր կարող սահմանափակվել Կացուկավայի դպրոցի շրջանակով։

«Շունրո» շրջանում Հոքուսայը շատ է աշխատում գրքերի նկարազարդման վրա։ Դրանք շատ տարածված, բայց էժան ապրանքներ էին, կոչվում էին «քիբյոշի»՝ «գրքեր դեղին շապիկներով»։ Այդ գրքերի բազմազան սյուժեները պահանջում էին նկարչից պատկերել ինչպես կենցաղային տեսարաններ քաղաքաբնակների կյանքից, այնպես էլ պատկերներ Ճապոնիայի և Չինաստանի պատմությունից։

Շունշոյի արվեստանոցում աշխատելու ժամանակաշրջանում, Հոքուսայն առաջին անգամ ամուսնանում է, սակայն նրա կնոջ մասին քիչ բան է հայտնի, քանի որ նա, ենթադրաբար, մահացել է վաղ 1790-ականներին։ Երկրորդ անգամ նկարիչը ամուսնացավ 1779 թվականին, բայց կինը նույնպես շուտով մահացավ։ Սակայն Հոքուսայն ունեցավ 2 տղա ու 3 աղջիկ։ Կրտսեր աղջիկը՝ Սաքաեն կամ Օին, նույնպես նկարիչ է։

Շունշոն մահացավ 1793 թվականին, ինչից հետո Հոքուսայը սկսեց նոր նկարչական ոճեր ուսումնասիրել, չխուսափելով նաև եվրոպական արվեստից. ֆրանսիական ու հոլանդական փորագրանկարների միջով նա հասավ նոր աստիճանի։ Շուտով Շունքոն՝ Շունշոյի գլխավոր աշակերտը, վռնդեց Հոքուսային Կացուքավա դպրոցից, հավանաբար մրցակից դպրոցի՝ Քանոյի ոճի, ինչպես նաև չինական գեղանկարչության ուսումնասիրությունների համար։ Այս իրադարձությունը, նկարչի խոսքերով, ոգեշնչող էր. «Իմ նկարչական կարողությունների զարգացման իրական խթանը շփոթությունն էր, որ զգում էի Շունքոյի մոտ»։ Կա նաև վարկած, որ Հոքուսայը ինքնակամ է լքել դպրոցը. դպրոցի նոր կառավարիչները ավելի շատ հետաքրքրված էին վարձատրությամբ, քան արվեստով։

Հոքուսայը նաև զարգացրել է իր աշխատանքների թեման, հեռու գնաց ավանդական պոռնիկներից ու դերասաններից, նրանց փոխարեն ընտրելով բնությունն ու տարբեր խավերի մարդկանց կենցաղը։ Այս փոփոխությունը բեկումնային եղավ ուքիյո-է-ի զարգացման մեջ ու Հոքուսայի կարիերայում։ 1790 թվականի «Րյոգոքու կամրջի հրավառությունը» վերաբերում է Հոքուսայի կյանքի այս ժամանակաշրջանի։

Կարիերան

խմբագրել

1793 և 1794 թվականները շրջադարձային դարձան Հոքուսայի կարիերայում։ Սկսելով ինքնուրույն կյանքը, նա դեմ առավ մեծ դժվարությունների։ Հայտնի է, որ նկարիչը շատ աղքատ էր, հաճախ սոված էր մնում, ստիպված էր զբաղվել մանր առևտրով։ Սակայն այդ ժամանակաշրջանում տեղի է ունենում Հոքուսայի՝ որպես վարպետի ձևավորումը։ Նա ուսումնասիրում է գեղանկարչության տարբեր ուղղություններ։ Քանո դպրոցից ու չինական գեղարվեստից բացի նրան հետաքրքրում էր Սոտացու (Կոէցու) դպրոցը, որը պատկանում էր յամատո-է ուղղությանը, հատկապես այդ դպրոցի երկու ներկայացուցիչները՝ Տավարայա Սոտացուն և Օգատա Կորինը։

Հոքուսայի կյանքի հաջորդ ժամանակաշրջանը առանձնացվում է «Տավարայա Սորի» մականվամբ՝ սրանք այն տարիներն են, երբ նկարչին ասոցացնում են Տավարայա դպրոցի հետ։ Այս ընթացքում Հոքուսայը ստեղծեց շատ վրձնով արված նկարներ՝ սուրիմոնո, ու նկարազարդումներ քյոքա էհոնների (հումորային պոեմներ) համար։ 1798 թվականին Հոքուսայը սկսեց գործել որպես ինքնուրույն նկարիչ, իրեն ազատ զգալով դպրոցների կանոններից ու սահմանափակումներից, ընտրելով իրեն Հոքուսայ Տոմիսա անունը։

Պետք է ասել, որ Հոքուսայը ժամանակի այն եզակի նկարիչներից էր, ով հետամուտ չեղավ վարկանիշին։ Մարդիկ այն ժամանակ պահանջում էին ուքի-յո ժանրի նկարներ, բայց Հոքուսայը ձեռնամուխ եղավ սեփական ոճը ստեղծելուն՝ փոխառնելով որոշ հնարքներ ճապոնական Րիմպա և Տոսա դպրոցներից, նաև՝ Եվրոպայից կերպարվեստի տարեր։

1975 թվականին լույս են տեսնում Հոքուսայի պատկերազարդումները «Կակա Էդո մուրասակի» բանաստեղծական անտոլոգիայի համար։ Նրա վերջին սուրիմոնոները այնքան մեծ հաջողություն են ունենում, որ հետագայում այլ նկարիչներ սկսեցին կրկնօրինակել նրան։

Հենց 1796 թ-ին էլ նկարիչը սկսեց գործածել իր ամենատարածված կեղծանունը՝ Հոքուսայ։ Այս անվան տակ նա, 1798 թ-ից սկսած, ստորագրում է իր փորագրություններն ու գեղանկարչական աշխատանքները։ Որոշ պատվերներ նա ստորագրում էր Տացումասա կեղծանունով, հումորային վիպակների համար արված նկարազարդումները՝ Տոքիտարո, այլ աշխատանքներ և գրքերի պատկերազարդումներ ստորագրված էին Կակո կամ Սորոբէքու։ 1800 թ-ին, 41 տարեկան հասակում, նկարիչն ինքն իրեն անվանակոչեց Գակէջին Հոքուսայ, ինչը թարգմանվում է մոտավորապես այսպես՝ «Նկարչությունից խենթացած Հոքուսայ»։

1800-ական թվականներին Հոքուսայը, զարգացնելով իր ոճը, արդեն ետևում էր թողել դիմանկարները։ Նա նաև ամրապնդել էր իր «Կացուշիքա Հոքուսայ» անունը, որով հայտնի դարձավ, վերափոխելով նախկին անունը իր ծննդավայրի անվան հետ։ Այդ տարի նա հրատարակեց երկու բնանկարների հավաքածու՝ «Արևելյան մայրաքաղաքի տեսարաններ» ու «Էդոյի 8 տեսարան» ու սկսեց աշակերտներ հավաքել։ Ամբողջ կայքնի ընթացքում Հոքուսայը կունենա մոտ 50 աշակերտ։

Հոքուսայն ավելի ու ավելի հայտնի էր դառնում, քանի որ տաղանդավոր էր ու իրեն լավ էր գովազդում։ 1804 թվականի Տոկիոյի փառատոնին նա նկարեց հայտնի բուդդայական վանականի՝ Դարումայի 180 մետր երկարություն ունեցող դիմանկարը։

Շոգուն Իէնարին հրավիրել էր Հոքուսային Շոգունատի դատարան՝ մրցելու ավանդական ոճի նկարչի հետ։ Հոքուսայը շոգունի աչքի առաջ թղթի վրա կապույտ ֆոն, հետո վրայից վառ կարմիր ոտքերով ճուտիկ նկարեց։ Ներկայացնելով իր աշխատանքը որպես Տեցուրա գետում «նավարկող» թխկենու կարմիր տերևները պատկերող բնապատկեր, Հոքուսայը հաղթում է։

1807 թվականին Հոքուսայը համագործակցում է սիրված գրող Տաքիձավա Բաքինի հետ, նկարազարդումների շարք պատրաստելով նրա գրքերի համար։ Բայց չորրորդ գրքի վրա աշխատելիս նրանց հայացքների տարբերությունը ակնհայտ է դառնում, ու համագործակցությունը ավարտվում է։ Երկընտրանքի առաջ կանգնելով, հրատարակիչը նախընտրում է շարունակել աշխատել Հոքուսայի հետ, քանի որ այդ ժամանակաշրջանում նկարազարդողները շատ էին կարևորվում։

1811 թվականին, 51 տարեկանում, Հոքուսայը անվանափոխվեց Տայտո, ու նրա ստեղծագործական կայնքում նոր փուլ սկսվեց. նա ստեղծեց Հոքուսայ Մանգան ու տարբեր էտեհոններ։ Էտեհոնը Ճապոնիա է ներմուծվել 1812 թվականին ու որպես կանոն գումար վաստակելու կամ աշակերտներ հավաքելու միջոց էր։

1817 թվականին, հոկտեմբերի 5-ին Հոնգան-ջի Նագոյա Բեցուինում Հոքուսայը ստեղծեց «Մեծն Դարուման» նկարը՝ 18x10.8 մետր չափումներով, որը, ասվում է, ոգեշնչել է բազմաթիվ մարդկանց։ Ու չնայած օրիգնալը ոչնչացվել է 1945 թվականին, պահպանվել են գովազդային թռուցիկները ու այժմ պահվում են Նագոյաի թանգարանում։

1820 թվականին Հոքուսայը ևս մեկ անգամ է փոխում անունը, դառնալով Իիցու։ Այս փոփոխությունը նույնպես նոր ժամանակաշրջանի սկիզբ է խորհրդանշում. ժամանակաշրջանի, երբ նկարիչը ապահովեց իր ճանաչումը ամբողջ Ճապոնիայում։ Բայց, քանի որ Հոքուսայի կյանքի ընթացքում երկիրը մեկուսացված էր աշխարհից, համաշխարհային ճանաչում նկարիչը ստացավ միայն մահվանից հետո։ Հենց 1820-ականներին Հոքուսայը հասավ իր կարիերային գագաթնակետին։ Նրա ամենահայտնի շարքը՝ «Ֆուջի սարի 36 տեսարանը», ինչպես նաև «Ճանապարհորդություն պրովինցիաների ջրվեժներով» ու «Հայտնի կամուրջների անսովոր տեսարանները», վերաբերում են այս ժամանակաշրջանին։ Առաջին շարքն այնքան սիրվեց, որ Հոքուսայը նրան ևս 10 փորագրություն ավելացրեց։

Այս տարիներին նկարիչը սկսեց նաև շատ մանրամասն, ընգծված դետալներով ծաղիկներ ու թռչուններ նկարել, որոնցից առանձնացվում են «Կակաչներն» ու «Ճուտիկների երամը»։

Նույն թվականից սկսվում է Հոքուսայի և նկարիչ Բոկուսէնի մտերմությունը, ինչի արդյունքում էլ 1814 և 1834 թվականներին Նագոյա քաղաքում լույս տեսավ պատկերազարդված ալբոմների «Հոքուսայ մանգա» շարքը, որտեղ առաջին անգամ օգտագործվեց «մանգա» բառը, չնայած անունն իրականում թարգմանվում է «Հոքուսայի նկարներ»։ 1831 թ-ին լույս տեսավ բնանկարների հայտնի «Ֆուգակու սանջուրոքէյ» (Ֆուձի լեռան 36 տեսարան) շարքը, իսկ 1830-ականների սկզբին Հոքուսայը թողարկեց հայտնի ջրվեժների, կամուրջների, թռչունների և ուրվականների փորագրությունները, այսինքն՝ այն աշխատանքները, որոնցով նա հայտնի է ոչ ճապոնացի գեղավեստասերներին։

Նույն թվականին լույս է տեսնում Հոքուսայի գլուխգործոցը՝ «Ֆուգակու հյաքքէյը» (Ֆուջի լեռան 100 տեսարան)։ Իսկ 1835 թ-ին լույս է տեսնում նրա հերթական հանճարեղ աշխատանքը՝ «Հյակունին իշշու ուբա գա էտոկի» («100 բանաստեղծություն նյանիի փոխադրությամբ») փորագրությունների շարքը՝ պատկերազարդումներ «100 բանաստեղծի 100 ստեղծագործություն» անթոլոգիայի համար։ Այս շարքն ընդհատվեց 28 թերթի հրատարակչությունից հետո և այդպես էլ մնաց անավարտ։

Հոքուսայի առաջին էսքիզների ու ծաղրանկանրենի հավաքածուն՝ առաջին մանգա-գիրքը, որը մեծ ազդեցություն է ունեցել ժամանակակից համանուն կոմիքս-արվեստի վրա, տպագրվել է 1814 թվականին։ Հաջորդ 12 հատորների տպագրվեցին հետագա 6 տարիներին, ու ներառում էին նաև կենդանիների, աստվածների ու սովորական մարդկանց պատկերներ։ Նրանք հումորային երանգ ունեին ու այդ ժամանակներում շատ տարածված էին։

Կյանքի մայրամուտը

խմբագրել

1834 թվականին նկարիչը լքում է Էդոն և մի տարի ապրում է Էդոյից հարավ՝ Միուրա թերակղզում, աշխատավորների թաղամասում՝ Ուրագայի մոտակայքում։ Այդ թվականից սկսվում է Հոքուսայի ստեղծագործական հաջորդ դարաշրջանը՝ նա ստեղծագործում է «Գաքյո Րոջին Մանջի (Արվեստից Խենթացած Ծերունի)» կեղծանվամբ։ Այս ժամանակ ստեղծվեց «Ֆուջի սարի 100 տեսարանը», որը նույնպես նշանակալից բնապատկերների շարք է։

Նրան Հոքուսայը այս հավելումն է գրել.

  Վեց տարեկանից սկսել եմ կյանքը պատկերել։ Ես նկարիչ դարձա ու 50 տարեկանից հեղինակություն վաստակած որոշ գործեր ստեղծել եմ, բայց նախկինում արածս ոչ մի բան ուշադրության արժանի չէ։ 73 տարեկանում ես սկսեցի հասկանալ, ոնց են աճում ու մեծանում թռչուններն ու կենդանիները, միջատները, ձկներն ու բույսերը։ Եթե շարունակեմ, 86 տարեկանում շատ ավելի լավ կհասկանամ նրանց, իսկ 90 տարեկանում կներթափանցեմ նրանց հոգու մեջ։ 100-ում ես գրեթե աստվածային գիտակցության կհասնեմ, իսկ 130-ում, 140-ում կամ ավելի ուշ կհասնեմ այն մակարդակին, երբ ցանկացած նկարածս էակ կենդանի կլինի։ Մայիսյան երկինք, նվիրիր ինձ երկար կյանք։ Հնարավորություն տուր ապացուցելու, որ չեմ ստում։  

1839 թվականին Հոքուսայը արվեստանոցը վառվեց հրդեհից, իսկ աշխատանքների մեծամասնությունը՝ ոչնչացավ։ Այդ ժամանակ երիտասարդ նկարիչ Անդո Հիրոսիգեն ավելի ու ավելի հայտնի էր դառնում, խամրեցնելով Հոքուսայի փառքը։ Բայց նկարիչը երբեք չէր հուսահատվում ու շարունակում էր նկարել։ «Գետի բադերը» շարքը նա ավարտեց 87 տարեկան հասակում, 1847 թվականին։

Ասվում է, որ մահվան մահճում Հոքուսայը բացականչել է. «Եթե ինձ ևս մի 10 տարի տրված լիներ... Գոնե մի 5 տարի... Ես իսկական նկարիչ կդառնայի։»

Հոքուսայը մահացավ Քայեյ ժամանակաշրջանի 2-րդ տարվա 4 ամսվա 18-րդ օրը (1849 թվականի մայիսի 10-ին) ու թաղվեց Սեյքյո-ջի-ում, Տոկիոյում։

Ստեղծագործություններ

խմբագրել

Շունգա

խմբագրել

Հոքուսայը ստեղծագործել է նաև էրոտիկ ժանրում՝ շունգա։ Շունգան տերմին է, որով բնորոշում են էրոտիկ կերպարվեստը։ Շունգայի ստեղծագործությունների մեծամասնությունները ուքիյո-է ոճի փորագրություններ են։ Տերմինի գրական թարգմանությունը «գարնան նկարներն» է։ Շունգաները ընդունված հարսանեկան նվերներ էին։ Հնարավոր է նաև, որ շունգաները յուրահատուկ դասագրքեր էին հարուստ ընտանիքների երեխաների համար։

Շունգան սիրված է բոլոր խավերի կանանց ու տղամարդկանց կողմից։ Տարատեսակ սնահավատություններն ու ավանդույթները շունգային լայն կիրառություն են տալիս. սամուրայները հավատում էին, որ շունգաները նրանց պաշտպանում են մահից, հասարակ մարդիկ կախում էին շունգա ոճի նկարներ տան կամ պահեստի պատից՝ հրդեհից պաշտպանվելու համար։ Այստեղից կարող ենք հետևության անել, որ սամուրայները, առևտրականներն ու տան տնտեսուհիները արագորեն սպառում էին շունգա ոճի պատկերները։ Նրանք, ամենայն հավանականությամբ, երկար ժամանակ մեկուսացված էին հակառակ սեռի ներկայացուցիչներից։ Սամուրայներն ամիսներով ապրում էին զորանոցներում, սանքին-քոտայ համակարգի ներմուծման արդյունքում ամուսնական զույգերն առանձին էին ապրում, իսկ առևտրականները գործի բերումով երկար ժամանակ էին անցկացնում տարբեր քաղաքներում։

Աշխատանքն ու ազդեցությունը

խմբագրել

Հոքուսայը երկար կյանք է ունեցել, բայց կարևոր աշխատանքների մեծ մասը հրատարակել է, երբ արդեն 60-ն անց էր։ Ուկիյո-է ոճում, ինչպես արդեն մի քանի անգամ նշվել է, «Ֆուջի սարի 36 տեսարան» շարքն է։ Այն բաղկացած է 46 նկարից, որոնցից 10-ը ավելացվել են հրատարակությունից հետո։ Հոքուսայի վրձնին է պատկանում նաև «Ֆուջի սարի 100 տեսարան» շարքը, որը համարվում է ժանրի՝ բնապատկերների հավաքածուի, գլուխգործոց։ Նկարչի ուքիո-է ոճը պոռնիկների ու դերասանների բնապատկերներից աճել է մինչև բնապատկերներ, բույսեր ու կենդանիներ։

Հոքուսայ բառը նշանակում է «հյուսիսային սենյակ»՝ Հոքուշինսայի (北辰際) հապավումն է։ Հոքուսայը Բուդդայականության Նիչիրեն ուղղության հետևորդ էր ու հավատում էր, որ Հյուսիսային Աստղը Մյոքեն (妙見菩薩) աստվածության մարմանցումն է։

Ֆուջի սարը ավանդաբար ասոցացվում է հավերժական կյանքի հետ։ Այս հավատալիքը, հավանաբար, գալիս է եղեգ կտրողի մասին հեքիաթից, որտեղ մի աստվածուհի լեռնագագաթից կյանքի էլեքսիր է քամում։ Հենրի Սմիթը դա այսպես է մեկնաբանում. «Կյանքի վաղ ժամանակաշրջանում, Ֆուջի սարը դիտվում էր որպես անմահության աղբյուր. ավանդույթ, որին Հոքուսայը հավատում էր»։

Հոքուսայի ամենածավալուն աշխատանքը 15-հատորանի մանգաների հավաքածուն է։ Գիրք, որ ներառում է մոտավորապես 4.000 էսքիզ ու հրատարակվել է 1814 թվականին։ Սրանք սխալմամբ համարվում են ժամանակակից մանգայի նախադեպեր. Հոքուսայի աշխատանքները մարդկանք, կենդանիների, առարկաների պատկերներ են, ոչ սյուժետային կոմիքսներ։ Հոքուսայը, ինչպես ճապոնական մշակույթն առհասարակ, լուրջ ազդեցություն է ունեցել 19-րդ դարի եվրոպական արվեստի վրա՝ առ-նուվո ու ֆրանսիական իմպրեսիոնիզմ։ Առ-նուվոյի համար հատկանշական լարված ու խուճուճ գծերում լավ նկատելի է Հոքուսային բնորոշ ոճը։

Նկարչի կերպարվեստի ազդեցությունը նկատելի է նաև Կլոդ Մոնեի ու Պիեռ Օգյուստ Ռենուարի աշխատանքներում։

Հոքուսայի պատվին է անվանվել Մերկուրիի խառնարաններից մեկը։

Նկարչի ժառանգության ամենակարևոր բաղկացուցիչ մասերից է։ Մանգան բացահայտում է վարպետի գաղտնիքները, ցուցադրում նրա աշխարհայացքը, վերաբերմունքը արվեստին, փիլիսոփայությունը։ Մանգան արժեքավոր է ոչ միայն որպես Հոքուսայի ստեղծագործության մի վիթխարի մաս, այլև որպես անգին տեղեկատու՝ ուշ ֆեոդալիզմի դարաշրջանի Ճապոնիայի մշակույթի և արվեստի մասին։ Հոքուսայի մանգան անվանում են «Ճապոնիայի ժողովրդի հանրագիտարան»։

Մանգայի թողարկումը սկսվեց 1812 թվականին Հոքուսայի էսքիզներից, որոնք նա արել էր Կանսայի թաղամասում ճանապարհորդելիս։ Հոքուսայի աշակերտները՝ Կէքքոտէյը Բոկուսէնը, Հոքուունը և Հոքուտէյը այնքան էին տպավորված դրանցով, որ համոզեցին ուսուցչին դրանք հրատարակել առանձին գրքով։

Մանգան առաջին անգամ թողարկվեց 1814 թվականին Էդոյում (հրատարակիչ՝ Կակումարույա) և Նագոյայում (հրատարակիչ՝ Էյրաքույա)։ Այն ստորագրված էր Տամէկաձու անվամբ, որը Հոքուսայի կեղծանունն էր 1812-1814 թվականներին։ Առաջին թողարկումը կազմված էր 54 էջից։ Ընդամենը լույս է տեսել է մանգայի 15 հատոր. 12-ը նկարչի կենդանության օրոք և ևս 3-ը՝ մահից հետո։

Հենց առաջին թողարկումից մանգան շատ արագ տարածվեց ընթերցողների շրջանում։ Պետք է հաշվի առնեք, որ սա այն մանգան չէ, որին սովոր է ժամանակակից ընթերցողը։ Հոքուսայի մանգան իրենից ներկայացնում էր նկարչի օրագիրը, որտեղ սակայն երկար ու ձանձրալի տեքստերի փոխարեն ընթերցողը գտնում էր հրաշալի էսքիզներ և նկարներ։ Դրանք չէին համախմբվում որևէ թեմայի շուրջ, բայց հարուստ էին ամենատարբեր սյուժեներով։

Ընտրյալ աշխատանքների ցանկը

խմբագրել

Ստորև ներկայացված են Հոքուսայի ընտրյալ աշխատանքները ժամանակագրական հաջորդականությամբ։ Ընդգրկված նկարներից յուրաքանչյուրն օգտագործվել է Հոքուսայի կենսագիրների կողմից որպես նկարազարդում կամ Հոքուսայի լավագույն աշխատանքներից է, կամ էլ ներկայացնում է նրա արվեստի ու ոճի զարգացումը։

  • Տիկինն ու նրա ծառաները, 1779 թվական, նկար մետաքսի վրա
  • Ասաքուսա տաճարը, Էդո, 1780 թվական, փայտե փորագրություն
  • Չոջիա տան չորս պոռնիկները, 1782 թվական, փայտե փորագրություն
  • Դանջուրո (դերասան), 1784 թվական, փայտե փորագրություն
  • Չինացի տղաները ներկայացման ժամանակ, 1789 թվական, փայտե փորագրություն
  • Չուսինգուրայի հարձակումը Մորանոայի դղյակին, 1789-1806 թվականներ, փայտե փորագրություն
  • Ամանորյա նվերներով ուղևորներով նավը, 1800 թվական, սուրիմոնո
  • Շին-Յանգի կամրջի ցնցուղը Սումիդա գետի երկու ափերին, 1803 թվական, փայտե փորագրություններով գիրք-ուղեցույց
  • Պարզ նկարչության արագ ուղեցույց, 1812 թվական, նկարազարդված գիրք-ուղեցույց
  • Հոքուսայ Մանգա, 1814-1824 թվականներ, 15 հատոր
  • Ֆուջի սարի 36 տեսարանը, 1823-1829 թվականներ, փայտե փորագրությունների շարք
  • Երեք տիպի նկարներ, 1816 թվական, նկարազարդված գիրք-ուղեցույց
  • Ձկնորսի կնոջ երազանքները, 1820 թվական, հանրահայտ էրոտիկ փայտե փորագրություն
  • Փոքր ծաղիկ, Մեծ ծաղիկ, 1830 թվական, փայտե փորագրությունների շարքեր
  • Իմաստության Օվկիանոսը, 1833 թվական, փայտե փորագրությունների շարք
  • Ֆուջի սարի 100 տեսարան, 1834 թվական
  • Զինվորի գիրքը, 1836 թվական փայտե փորագրությունների շարք
  • Ինքնանկար, 1839 թվական, նկար
  • Ուիլլոուն ու երիտասարդ Ագռավները, 1842 թվական, նկար մետաքսի վրա
  • Փայտ հավաքողը, 1849 թվական, նկար մետաքսի վրա

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կացուշիքա Հոքուսայ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կացուշիքա Հոքուսայ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 524