Ուկիյո-է (ճապ.՝ 浮世絵, բառացի` փոփոխական աշխարհի նկարներ, կերպարներ), ուղղություն ճապոնական կիրառական արվեստում, որ զարգացում է ապրել Էդո դարաշրջանում (1603-1868)։

Կացուշիքա Հոքուսայ, «Հարավային քամի. պարզ օր»: Գունավոր փորագրություն փայտի վրա, 1823-1831
Տոսյուսայ Սյարակու, Կաբուկի թատրոնի դերասան Օտանի Օնիձին Յակկո Էդոբեյի դերում, 1974

«Ուկիյո» բառը բառացի նշանակում է «լողացող աշխարհ», համահունչ է բուդդիստական «սգո աշխարհ» եզրույթին, բայց գրվում է այլ հիերոգլիֆներով։ Ի սկզբանե «ուկիյո» եզրը բուդդայականության մեջ կիրառվել է «անցավոր աշխարհ, տխրության տանջավայր» նշանակությամբ, սակայն Էդո դարաշրջանում, քաղաքային հատուկ թաղամասերի ի հայտ գալով, որտեղ ծաղկում էր կաբուկի թատրոնը, և գտնվում էին գեյշաների ու կուրտիզանուհիների տները, եզրը վերաիմաստավորվում է և մասամբ սկսվում է հասկացվել «սիրո աշխարհ, վայրկենական հաճույքի աշխարհ» իմաստով։

Ուկիյո-է ոճի փորագրությունները քսիլոգրաֆիայի հիմնական տեսակն է Ճապոնիայում։ Արվեստի այս ձևը 17-րդ դարի երկրորդ կեսին լայն տարածում է ստացել Էդո քաղաքային մշակույթում (այժմ` Տոկիո)։

Սկզբնական շրջանում փորագրությունները եղել են սև-սպիտակ. օգտագործվել է միայն ստվերաներկ։ 18-րդ դարի սկզբից որոշ աշխատանքներ գունավորել են ձեռքով վրձնի միջոցով։ 18-րդ դարում Սուձուկի Հարունոբուն ներդրել է բազմագույն տպագրության տեխնիկան նիսիկի-է-ի (դիպակե նկարներ) պատրաստման համար։

Ոկիյո-է փորագրությունները գնային առումով հասանելի են դարձել դրանց զանգվածային արտադրությունից հետո։ Դրանք նախատեսված են եղել հիմնականում քաղաքային բնակչության համար, որոնք կարող էին իրենց թույլ տալ գումար ծախսել նկարների վրա։

Ոկիյո-է-ին բնորոշ են առօրեական կյանքի նկարները, որոնք համահունչ են այդ շրջանի քաղաքային գրականությանը։ Փորագրություններում պատկերված են գեյշաներ (բիդզին-գա), սումոյի մարզիկներ և կաբուկի թատրոնի հանրաճանաչ դերասաններ (յակուսյա-է)։ Ավելի ուշ հանրաճանաչ է դարձել բնանկարային փորագրությունը։

Պատմություն խմբագրել

 
Սուձուկի Հարունոբու, «Երկու կանայք շքապատշգամբում»: Գունավոր փորագրություն փայտի վրա, 1750

Ուկիյո-է ոճը ծագել է 16-րդ դարի վերջում ուրբանիզացման մակարդակի աճի հետ, ինչի հետևանքով ձևավորվել է վաճառականության ու մանր արհեստագործների խավը։ Նրանք սկսում են պատմություններ գրել ու դրանք ձևավորել նկարներով։ Նման ժողովածուները կոչվում էին էխոն (ճապ.՝ 絵本, բառացի` նկարների գիրք)։

Նման արվեստի օրինակներից է Հոնամի Կոեցուի «Իսե-մոնոգատարի» («Պատմություն Իսեի մասին») գիրքը` հրատարակված 1608 թվականին։ Նման գրքերում ձևավորման համար լայնորեն կիրառվում էր ուկիյո-է-ն։

Ավելի ուշ փորագրությունները սկսել են տպագրել որպես ինքնուրույն ստեղծագործություններ` կակեմոնո (ճապ.՝ 掛け物 նկարով թղթագլան) և ցուցապաստառներ կաբուկի թատրոնի համար։

18-րդ դարի կեսին մշակվել է բազմագույն տպագրության տեխնոլոգիա, որն ստացել է նիսիկե-է անվանումը (ճապ.՝ 錦絵 դիպակե նկարներ, հայտնի են էդո-է անվանումով)։

 
Վան Գոգ «Տանգի հայրիկի դիմանկարը» կտավ, յուղաներկ, 1887-1888, Ռոդենի թանգարան։ Ուկիյո-է արվեստի ազդեցության օրինակ արևմտյան մշակույթում

Այս շրջանի նշանավոր նկարիչներն են Կիտագավա Ուտամարոն, Կացուշիքա Հոքուսայը, Ուտագավա Հիրոշիգեն և Տոսյուսայ Սյարակուն։ Ուսումնասիրելով եվրոպական նկարչությունը` ճապոնացի նկարիչները նկարներում կիրառել են հեռանկարի պատկերման տեխնիկան, իսկ փորագրության մեջ զարգացել են բնանկարն ու այլ ժանրեր։ Հոքուսայը իր փորագրություններում հիմնականում պատկերել է բնապատկերներ։ 1831 թվականին հրատարակվել է նրա հանրահայտ «Ֆուձիի 36 տեսարաններ» ժողովածուն (ճապ.՝ 富嶽三十六景):

Մեյձի հեղափոխությունից հետո` 1868 թվականին, երբ բացվեցին Ճապոնիայի սահմանները, երկիր թափանցեցին արևմտյան քաղաքակրթության ձեռքբերումները։

Ուկիյո-է-ն սկսեց աստիճանաբար դուրս գալ նորաձևությունից` իր տեղը զիջելով լուսանկարներին։ Այդ շրջանում ուկիյո-է փորագրությունները մեծ համբավ ձեռք բերեցին Եվրոպայում և Ամերիկայում. սկսվեց դրանց զանգվածային գնումը արվեստագետների կողմից։

Ճապոնական փորագրությունները ներշնչանքի աղբյուր են եղել եվրոպացի նկարիչների համար, ովքեր ներկայացնում էին կուբիզմը, իմպրեսիոնիզմը, այնուհետև նաև պոստիմպրեսիոնիզմը։ Դրանցով տարված են եղել Վինսենթ վան Գոգը, Կլոդ Մոնեն և այլք։ Այս ազդեցությունն անվանում են ճապոնիզմ։

Ուկիյո-է փորագրությունների ժանրեր խմբագրել

  • բիձին-գա - գեղեցկուհիների պատկերում
  • յակուսյա-է - թատրոնի հանրաճանաչ դերասանների դիմանկարներ
  • սյունգա («գարնանային նկարներ») - էրոտիկ փորագրություններ
  • կատյո-գա - թռչուններ և ծաղիկներ
  • ֆուկեյ-գա - բնապատկերներ
  • մուսյա-է - նշանավոր սամուրայների պատկերներ

Ստեղծման գործընթաց խմբագրել

 
Փորագրությունը պատրաստման գործընթացում

Ուկիյո-է-ի ստեղծման համար պահանջվել են նկարիչ, փորագրիչ և տպագրիչ։ Ուկիյո-է փորագրությունները ստեղծվում էին հետևյալ կերպ. նկարիչը ստվերաներկով բարակ թղթի վրա նկարում էր փորագրության նախնական պատկերը։ Փորագրիչն այն ամրացնում էր բալենու, տանձենու կամ տոսախի փայտից պատրաստված տախտակի դիմային հատվածին` կտրելով թղթի սպիտակ հատվածները։ Դրա արդյունքում ստացվում էր տպագրության նախնական տարբերակը, բայց ոչնչանում էր նկարը։ Այնուհետև պատրաստվում էին մի քանի դրոշմվածքներ, որոնց նկարիչը անհրաժեշտ գույն էր հաղորդում։ Փորագրիչը պատրաստում էր անհրաժեշտ քանակությամբ (երբեմն 30-ից ավել) կաղապարներ, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանում էր մի գույնի կամ գուներանգի։ Տպագրիչը, նկարչի հետ որոշելով գունային ներկապնակը, բուսական կամ հանքային ծագման ներկը քսում էր կաղապարին և խոնավ բրնձաթերթի վրա տպագրում էր փորագրությունը։

Նշանավոր նկարիչներ խմբագրել

 
Օգատա Ջեկո «Երկինք բարձրացող վիշապ», 1897

Թատերական փորագրություն խմբագրել

  • Իպիցուսայ Բունտյո
  • Իսիկավա Տոյոնոբու
  • Կաբուկիդո Էնկյո
  • Կացուկավա Սյունկո
  • Կացուկավա Սյունսյո
  • Կացուկավա Սյունյեյ
  • Օկումուրա Մասանոբու
  • Օկումուրա Տոսինոբու
  • Սիբակունի
  • Սիկյուսայ Էյրի
  • Սուձուկի Հարունոբու
  • Սյարակու
  • Տորիի Կիյոմասու
  • Տորիի Կիյոմիցու
  • Տորիի Կիյոնագա
  • Տորիի Կիյոնոբու
  • Տորիի Կիյոսիգե
  • Տորիի Կիյոհիրո
  • Ուտագավա Կունիսամա
  • Ուտագավա Տոյոկունի
  • Ուտագավա Տոյոհարու
  • Յամամոտո Ֆուձինոբու

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • А. Савельева Мировое искусство. Мастера японской гравюры. — «Кристалл», 2007. — 208 с. — 10 000 экз. — ISBN 5-9603-0033-8
  • М. В. Успенский Японская гравюра. — Санкт-Петербург: «Аврора», «Янтарный сказ», 2004. — 64 с. — («Библиотека Авроры»). — 5000 экз. — ISBN 5-7300-0699-3