Հայ-իրանական հարաբերություններ

Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններն ունեն հազարավոր տարիների պատմություն։

Հայ-իրանական հարաբերություններ
Հայաստան և Իրան

Հայաստան

Իրան

Պատմություն խմբագրել

Հայ-իրանական քաղաքական, պատմական և մշակութային առնչությունները գալիս են հազարամյակների խորքից։ Հայաստանն առաջին անգամ հիշատակվում է Աքեմենյան Իրանի արքա Դարեհ I-ի եռալեզու Բիհիսթունյան սեպագիր արձանագրության մեջ, մ.թ.ա. 521 թ., որպես “Արմինիա”, իսկ հայ ժողովուրդը՝ “արմինայա”: Ըստ Մովսես Խորենացու՝ Ասորեստանի գրավման ժամանակ մարերին օգնել է Հայոց Պարույր Սկայորդի թագավորը։ Մ.թ.ա. 4-րդ դարի հույն պատմիչ Քսենոփոնն իր “Կյուրոպեդիա” աշխատության մեջ, մանրամասն ներկայացնելով պարսից պետության հիմնադիր Կյուրոս Մեծին, խոսում է նաև արմենների (հայերի) մասին։ Հույն պատմիչը վկայում է, որ Կյուրոսը և Հայաստանի թագաժառանգ Տիգրանը մտերիմ ընկերներ են եղել։

Հայ-իրանական հարաբերությունները հատկապես սերտանում են պարթևական ծագում ունեցող Արշակունիների արքայատոհմի մի ճյուղի Հայաստանում հաստատումով։

Եզակի են եղել այն պահերը, երբ երկու երկրների հարաբերությունները պարզվել են պատերազմների միջոցով, այս առնչությամբ հարկ ենք համարում առանձնացնել 451 թ. տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտը, որն ավարտվում է 484 թ. կնքված Նվարսակի հաշտության պայմանագրով։

Հռոմի ու Սասանյան Իրանի նկրտումների դեմ ծանր պայքարը թուլացնում են Հայկական թագավորությունը, որի տարածքը 387 թվականին բաժանվում է վերը նշված տերությունների միջև։ Իսկ 428 թվականին Հայոց թագավորությունը լուծարվում է պարսից արքունիքի կողմից՝ վերածվելով մարզպանության։ 6-րդ դարում պարսկա-բյուզանդական պատերազմների հետևանքով Հայաստանը 591 թ. երկրորդ անգամ բաժանվում է այս անգամ արդեն Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։

1604-1605 թթ. Շահ Աբբաս Մեծի կողմից Իրանում արհեստները և գյուղատնտեսությունը զարգացնելու, երկիրը շենացնելու նպատակով բռնի կերպով Սպահան քաղաքի մերձակայք են տեղափոխվում Արարատյան դաշտի, Վայքի և Նախիջևանի մոտ երեք հարյուր հազար հայեր։

19-րդ դարում հայերն ակտիվորեն ներգրավվում են նաև երկրի քաղաքական կյանքին, իսկ 1905-1911 թթվականներին՝ սահմանադրական հեղափոխությանը։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական զորքերը ներխուժում են Ատրպատական, կողոպտում և կոտորում հայերին։ Իրանի կառավարությունը արգելք է հանդիսանում թուրքերի կողմից Իրանի տարածքում ջարդեր կազմակերպելու դեմ։ 1915 թ. Հայոց ցեղասպանությունից փրկված հազարավոր հայեր ապաստան են գտնում Իրանում։

Առևտրատնտեսական հարաբերություններ խմբագրել

Վաղ ժամանակաշրջան խմբագրել

Հայ վաճառականները էական դեր են խաղացել Իրանի և նրա սահմաններից դուրս առևտուրը հեշտացնելու գործում։ Այդ իսկ պատճառով, երբ Սեֆյան կառավարիչ Շահ Աբբասն (1587–1629) ծրագրում էր աշխուժացնել Իրանի տնտեսությունը, նա Ջուղա քաղաքից դուրս բերեց և վերաբնակեցրեց հայ համայնքը իր նոր բնակավայրում՝ մայրաքաղաք Սպահանում։ Հայերն աշխուժացրեցին իրանական մետքասի առևտուրը՝ այն դուրս բերելով աշխարհին շուկաներ։

17-րդ դարում հայ համայնքը Սեֆյան Իրանում և  Հնդկաստանում՝ Մեծ մողոլի կայսությունում վարում էր մետաքսի առևտրի ճյուղը։ Իրենց առևտրական հմտությունների, քրիստոնեական հավատքի և ցրված համայնքի շնորհիվ հայերը հաջող գործունեություն ծավալեցին և  ցանցեր ստեղծեցին  Եվրոպայում և Ասիայում։ Եվրոպայում վաճառվող գործվածքները հաճախ վերածվում էին եկեղեցական զգեստների[1]։

Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում ցուցադրված  է 17-րդ դարի հայկական մետաքսը, որը պատված է մետաղական թելերով հյուսված զարդանախշերով։ Թանկարժեք մետաղի հողի վրա ծաղիկների կանոնավոր շարքերը հիշեցնում են 17-րդ դարի երկրորդ կեսի մահմեդական Հնդկաստանի գործվածքները։ Միևնույն ժամանակ, մետաղով փաթաթված թելերի հյուսման և կիրառման կոնկրետ տեխնիկական մանրամասներն ավելի բնորոշ են իրանական գործվածքներին։ Իրանում և Հնդկաստանում մետաքսի օգտագործումը ոճական  նմանություն ուներ։ Թանգարանի հավաքածուի մեկ այլ, ավելի շքեղ զարդարված ցուցափեղկ, հավանաբար, գալիս է Սպահանի հայկական եկեղեցուց, ինչպես հուշում է հայ եպիսկոպոս-սրբերի և հայերեն արձանագրությունների առկայությունը որբանոցում։ Որբանոցն ունի տասը զարդարված պանելներ՝ յուրաքանչյուր կողմում հինգը։ Ցուցադրվում են վեց կերպարներ, որոնցից են Մարիամ Աստվածածինը և երեք վաղ շրջանի սրբերը՝ Նիկողայոս Միրացին և երկու հայ պատրիարքները՝ Ներսես Ա-ն և Սահակ I-ը, որոնք նույնականացվել են հայերեն արձանագրություններով։ Մնացած չորս վահանակները պարունակում են խաչեր։ Ասեղնագործ սրբերի տակ հայտնվում են հայերեն գրված արձանագրություններ։ Ծածկոցը հավաքված էր տասնյոթերորդ դարի պարսկական թանկարժեք, հայտնի թավշից (կարերը դեռ երևում են) խալաթներից։ Հատկանշական է, որ թիկնոցի վրայի զարդը հիշեցնում է հայկական ավանդական ասեղնագործության «Ուրֆա» կարի ծաղկային նախշը[1][2]։

Նոր ժամանակաշրջան խմբագրել

Հայաստանն Իրանից ներկրում է կենդանիներ, սննդամթերք, հանքահումքային արտադրանք, մոլիբդեն, էլեկտրաէներգիա, քիմիկատներ, ավտոմեքենաներ, սարքավորումներ և արդյունաբերական ապրանքներ և արտահանվում է հանքահումքային արտադրանք, փայտ, սննդամթերք, էլեկտրաէներգիա։

2007 թ. հոկտեմբեր ամսին տեղի ունեցավ ԻԻՀ Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի պաշտոնական այցը Հայաստան, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ Իրան-Հայաստան գազատարի շինարարության շարունակումը, Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը, Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի և Իրան-Հայաստան նավթամթերքի խողովակաշարի կառուցումը։

2007 թ. հոկտեմբերի 26-ին Հայաստանի Նախագահի մասնակցությամբ տեղի ունեցավ Իրան-Հայաստան /Կապան-Մեղրի/ այլընտրանքային ճանապարհի բացման արարողությունը։ Մեղրի - Կապան էապես ավելի էժան ինքնարժեք ունեցող նոր ճանապարհի երկարությունը 91 կմ է։ 2008 թ. նոյեմբերի վերջին ավարտվեցին Իրան-Հայաստան գազատարի երկրորդ հատվածի շինարարարական աշխատանքները։

2010 թ. հունվարի 27-ին Երևանում գումարվեց հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը, որի արդյունքում ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր։ Այդ հուշագրով պայմանավորվածություններ ձեռք բերվեցին առևտրատնտեսական, բանկային, տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության, առողջապահության և մյուս բնագավառներում։ Ներկայումս հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը լուրջ դերակատարություն ունի հայ-իրանական տնտեսական հարաբերություններում[3]։

Հայաստան-Իրան առևտրի ծավալները

Տարեթիվ արտահանում /հազ.ԱՄՆ դոլար/ ներմուծում /հազ. ԱՄՆ դոլար/ ընդհանուր ծավալ /հազ.ԱՄՆ դոլար/
2008 թ. 25056,3 202991,2 228047,5
2009 թ. 33025.9 162398.0 195423.9
2010 թ. 84831.2 199884.7 284715.9
2011 թ. 106254.2 217156.6 323410

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած Հայաստանի արտաքին առևտրի ամփոփ ցուցանիշների համաձայն՝ 2014 թ. Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 293 միլիոն 620 հազար ԱՄՆ դոլար, որից 84 միլիոն 630 հազարը բաժին է ընկել Հայաստանից Իրան արտահանմանը, իսկ 208 միլիոն 990 հազարը՝ ներմուծմանը։ Նշենք, որ 2013 թ. Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 289 միլիոն 23 հազար ԱՄՆ դոլար, որից 94 միլիոն 955 հազարը բաժին է ընկել արտահանմանը, իսկ 194 միլիոն 68 հազարը՝ ներմուծմանը։

Հայաստանը հիմնականում Իրան արտահանում է հետևյալ ապրանքատեսակաները՝ էլեկտրաէներգիա, մանր եղջերավոր կենդանիներ, թուղթ, մետաղի ջարդոն, մեխանիկական սարքավորումներ, բժշկության մեջ կիրառվող սարքավորումներ, սուրճ, հանքային ջուր և այլն։

Իրանից Հայաստան են ներկրվում հետևյալ ապրանքատեսակները՝ գազ, բիտում, նավթ, նավթամթերք, տնտեսական ապրանքեր, պարարտանյութեր, ապակի, միրգ, բանջարեղեն և այլն։

2014 թվականը երկու երկրների համար էլ տնտեսական առումով անկայուն տարի էր։ Հայաստանում նոր կառավարություն ձևավորվեց, իսկ Իրանը պատժամիջոցների մի մասի՝ չեղյալ հայտարարվելուց հետո կարողացավ փոքր-ինչ կայունացնել տնտեսությունը, վերակենդանացավ բանկային համակարգը, որոշակի կայունություն նկատվեց փոխարժեքի շուկայում։

2014 թ. դեկտեմբերի 15-16-ը ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում տեղի ունեցավ հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստը, որին մասնակցելու նպատակով Թեհրան էր մեկնել Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարաների նախարար Երվանդ Զախարյանի գլխավորած պատվիրակությունը։ Նիստի օրակարգում ի թիվս այլ հարցերի, ընդգրկված էին Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման, Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության մասին պայմանագրի թարմացման, Հայաստանի հանքավայրերում համատեղ հետազոտություններ իրականացնելու և շահագործելու վերաբերյալ հարցեր։ Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 13-րդ նիստը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերին՝ Երևանում։

Հունվարի 2-ից Հայաստանն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը։ Օրերս Երևան կատարած այցի ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը պաշտոնապես հայտարարեց, որ Իրանը պատրաստ է Հայաստանի հետ խորացնել իր առևտրատնտեսական հարաբերությունները ոչ միայն երկկողմ, այլ նաև ԵՏՄ-ի ձևաչափով։ Բացի այդ՝ Իրան-ԵՏՄ սերտ համագործակցություն ծավալելու պատրաստակամության մասին հայտարարեցին ՌԴ-ում և Ադրբեջանում Իրանի դեսպանները։

Իրանն ու Հայաստանը մեծ ներուժ ունեն առավել զարգացնելու տնտեսական հարաբերությունները, սակայն դա լիարժեքորեն չի օգտագործվում՝ կապված երկրներից որևէ մեկում ծագած այս կամ այն ֆինանսական խնդրի հետ։ Երկու երկրների ղեկավարներն էլ բազմիցս հայտարարել են, որ առևտրաշրջանառության ցուցանիշները գոհացուցիչ չեն։

Տնտեսական կապերն ընդլայնելու համար անհրաժեշտ քիչ թե շատ բարենպաստ միջավայրը կարծես թե ձևավորվել է, հետևաբար 2014 թ. տեղի ունեցած դրական տեղաշարժերը և փոխադարձ այցերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները հաշվի առնելով՝ կարելի է ենթադրել, որ 2015 թ. երկկողմ առևտրաշրջանառության ծավալները կապահովեն գոհացուցիչ արդյունքներ։

Դեսպանություններ խմբագրել

 
Իրանի դեսպանություն Երևանում
Հայաստան
Իրան

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Margaryan, Ani (2022). «THE COPES IN THE MET COLLECTION REFLECT THE MULTICULTURALISM AND WIDE HORIZON OF THE ARMENIAN MERCANTILE CLASS».
  2. Հուլիս 18, 2022 Հայ արվեստ, Հոդվածներ
  3. «Հայաստանի արտաքին գործերի նախարարություն». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19-ին.