Խուրմա արևելյան
Խուրմա արևելյան | |
Խուրմա արևելյան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հավամրգածաղկավորներ (Ericales) |
Ընտանիք | Էբենազգիներ (Ebenaceae) |
Ցեղ | Խուրմա (Diospyros) |
Տեսակ | Խուրմա արևելյան (D. kaki) |
Միջազգային անվանում | |
Diospyros kaki | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Խուրմա արևելյան (լատին․՝ Diospyros kaki), էբենազգիների ընտանիքի պտղատու, սաղարթավոր ծառ, որն աճում է արևադարձային երկրներում։ Խուրմայի համեմատաբար ցրտադիմացկուն տեսակները շատ լավ աճում ու պտղաբերում են բարեխառն գոտու մերձարևադարձային շրջաններում։
Այն երկտուն կամ միատուն բույս է։ Ապրում է 100 և ավելի տարի։ Հայրենիքը Չինաստանն է։
Արտաքին տեսք
խմբագրելԽուրմայի ծառի բարձրությունը՝ 8—12 մ է։ Այն գեղեցիկ է իր հարուստ սաղարթով։ Աշնանը նրա բրգաձև սաղարթը զարդարվում է հասունացած ոսկենարնջագույն պտուղներով։ Նրա վեգետացիոն շրջանը մերձարևադարձային երկրներում սկսվում է մարտ ամսին, ավարտվում՝ նոյեմբերին։ Ծառը պտղակալում է 7–րդ տարում։ Բերքը հասունանում է հոկտեմբեր–նոյեմբեր ամիսներին։ Տերևները ձվաձև են, հերթադիր, մուգ կանաչավուն, խոշոր, կաշեկերպ, տերևաթափից առաջ կարմրում են։ Ծաղիկները 3 տիպի են. արականները մանր են, փնջերով, իգականները և երկսեռները՝ մեկական, բաց կանաչավուն։ Պտուղը տարբեր ձևի, խոշոր, մսալի հատապտուղ է, նարնջադեղին կամ կարմիր գույնի։ Չհասունացած պտուղները տտիպ են։ Դրանք լինում են գնդաձև, գլանաձև կամ տափակ, 3—8 սմ տրամագծով, որոնց քաշը հասնում է 100—400 գրամի։ Հասունացած պտղի պտղամիսը փխրուն, կիսահեղուկ է, իսկ մի քանի տեսակները՝ չոր, մսալի։ Ծառի բերքատվությունը հասնում է 100–150 կգ–ի։ Լավ խնամքի դեպքում խուրմայի ծառը պտղաբերում է մինչև 100 տարեկան հասակը։
Պատմություն
խմբագրելԱյն աճեցվել է Կալիֆորնիայում, որտեղից տարածվել է Ֆլորիդայի, Ալաբամայի և մյուս նահանգներում։ Չինական խուրմայի լավագույն տեսակները տարածված են նրա հյուսիսային նահանգներում։
Խուրմայի պտուղի մեջ չոր նյութերը կազմում են 30 %, իսկ ջրի պարունակությունը քիչ է։ Քիմիական անալիզից պարզվել է, որ պտղի պարունակության մեջ սպիտակուցը կազմում է 1,16-1,16 %, ճարպերը 0,31-0,85 % , մոխրանյութերը՝ 0,61-0,72 % ։ Շաքարը նրա մեջ կազմում է մինչև 25 %, ավելի շատ քան խնձորի, բալի կամ նարնջի մեջ։ Խուրման պարունակում է նաև A և C վիտամիններ։ C վիտամինի պարունակությամբ խուրմայի մի քանի տեսակները չեն զիջում արքայանարինջին։ Խուրմայի պտուղները օգտագործվում են ինչպես թարմ, այնպես էլ չորացված և պահածոյացված ձևով։ Չոր խուրմայի մեջ շաքարը հասնում է 62%-ի։ Խուրման պահելու համար ջերմաստրճանը 1-2 °C -ից բարձր չպետք է լինի։ Բարձր ջերմաստիճանում խուրմայի մեջ եղած արժեքավոր նյութերը ոչնչանում են։
Ամերիկայում շատ հարգի են խուրմայի հյութից պատրաստված պուդինգը, կեքսը, օշարակները։ Խուրմայի պտուղներից պատրաստում են բարձրորակ օղի։ Ինչպես նրա պտուղները, այնպես էլ ճյուղերն ու արմատները պարունակում են մեծ քանակությամբ դաբաղանյութեր, որոնք օգտագործում են բժշկության մեջ վերքերը, ստամոքսի խոցերը բուժելու համար։ Այն միաժամանակ լավ դեղամիջոց է սակավարյունության և լնդերի հիվանդությունները բուժելու համար։ Խուրմայի որոշ սորտերի հյութը, որոնց մեջ դաբաղանյութերը շատ են, ճապոնացիները օգտագործում են ձկնորսական ուռկանները և ճոպանները տոգորելու համար։ Այդ նյութը կիրառվում է նաև թղթի արդյունաբերության մեջ ջուր չծծող փաթեթաթուղթ արտադրելու համար։
Խուրմայի վիրգինյան և մյուս տեսակի ծառերը տալիս են բարձրորակ ատաղձափայտ, որը բարձր է գնահատվում համաշխարհային շուկայում։ Այդ ծառերը ատաղձագործության մեջ հայտնի են սև կամ էբենոսյան ծառեր անուններով։ Էբենոսյան բնափայտը շատ ծանր է, ամուր ու ճկուն։ Միաժամանակ հեշտ մշակվում է և հղկվում։ Այդ փայտանյութից պատրաստում են երաժշտական գործիքներ, տեքստիլ արդյունաբերության գործվածքային մաքոքներ, ինչպես նաև կահույքի թանկարժեք տեսակներ։ Խուրմայի ծառերով կանաչապատում են պուրակներն ու փողոցները։ Արևելյան խուրման Հայաստանում աճեցնելու փորձեր արվել են 1930-ական թվականներին Իջևանի և Նոյեմբերյանի շրջաններում։
Խուրմայի պտուղը, ճյուղերը և տերևները շատ լավ հումք են բարձրարժեք ներկեր ստանալու համար։ Այդ ներկերը օգտագործում են հատկապես տեքստիլ արդյունաբերության մեջ բարձր որակի գործվածքները ներկելու համար։ Այդ նույն հումքից ստացվում է բարձր որակի լաք և չջնջվող թանաք։
Մշակում
խմբագրելՄշակվում է արևմտյան և արևելյան Վրաստանում, Ադրբեջանում, Սև ծովի ափերին (Կրասնոդարի երկրամաս), Ղրիմի հարավային շրջաններում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում, Հայաստանում՝ Նոյեմբերյանում, Իջևանում, Բերդի տարածաշրջանում։ Թարմ պտուղները պարունակում են շաքարներ, պրոտեին, ճարպեր, վիտամին, երկաթ և այլն։ Օգտագործում են ստամոքս-աղիքային հիվանդությունների, սակավարյունության, ցինգայի բուժման նպատակով։ Կանաչ պտուղները և տերևները պարունակում են դաբաղանյութեր։
Խուրմա արևելյանի բնափայտը լավ ողորկվում է, նրանից պատրաստում են կահույք, երաժշտական գործիքներ։ Բազմացվում է ստրատիֆիկացված սերմերով, ինչպես նաև պատվաստով։
Պատկերասրահ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 103)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուրմա արևելյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուրմա արևելյան» հոդվածին։ |