Նոյեմբերյան
Նոյեմբերյանը, քաղաք Հայաստանի Տավուշի մարզում՝ Նոյեմբերյան համայնքում։
Քաղաք | |||
---|---|---|---|
Նոյեմբերյան | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Տավուշ | ||
Համայնքի ղեկավար | Արսեն Աղաբայան | ||
Հիմնադրված է | 898 թ. | ||
Այլ անվանումներ | Բարանա | ||
Մակերես | 39.5 կմ² | ||
ԲԾՄ | 820 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 5 000[1] մարդ (2015) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | նոյեմբերյանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (266) | ||
Փոստային ինդեքս | 4101 | ||
Փոստային դասիչ | 4101 | ||
Ավտոմոբիլային կոդ | 58 | ||
Պաշտոնական կայք | noyemberyan.am | ||
| |||
Անուն Խմբագրել
Ըստ ավանդազրույցի՝ բնակավայրը ժողովրդական խոսակցությունում որոշ ժամանակ կոչվել է Բարանա, քանի որ Ժամանակին Ապարանից այստեղ բնակություն են հաստատում մի քանի հայ ընտանիք։ Մոտակա գյուղերի բնակիչները նորեկներից հարցնում են՝ «Էդ որտեղից եք եկել»։ Նրանք էլ ասում են՝ Ապարանա։ Դրանից հետո գյուղը երբեմն կոչում էին Բարանա[2]։
Աշխարհագրություն Խմբագրել
Մայրաքաղաք Երևանից հեռու է 185[3] կմ, իսկ մարզկենտրոն Իջևան քաղաքից՝ 55 կմ դեպի հյուսիս-արևմուտք[4] ։ Քաղաքի մոտ հայ-ադրբեջանական սահմանն է։ Մոտակայքի գյուղերը Կողբը, Դովեղը և Ջուջևանն են։ Նոյեմբերյանից հարավ գտնվում է Ոսկեպարի լեռնաշղթայի լանջերը, հյուսիսից և արևմուտքից Գուգարաց լեռնաշղթան։ Մակերեսը՝ 28.93 կմ2։
Պատմություն Խմբագրել
Նոյեմբերյանը գտնվում է ՀՀ հյուսիսարևելյան լեռնային գոտում, Գուգարաց լեռնաշղթայի արևելյան լանջին՝ Այրում երկաթուղային կայարանից 22 կմ հարավ-արևելք։ Ստույգ տվյալներ չկան այս տարածքում հնագույն բնակավայրերի վերաբերյալ, սակայն նրա անմիջական հարևանությամբ գտնվող 13-րդ դարում կառուցված «Մշկավանքն» ու «Սուրբ Սարգիս» եկեղեցին, «Ղարիչաքար» ամրոցը հուշում են, որ այս տարածքը հնում ևս բնակեցված է եղել։ Հնագիտական ուսումնասիրությունները վկայում են, որ Նոյեմբերյանի տարածքում մարդը բնակվել է հին քարե դարից։ Նոյեմբերյանից մոտ 5 կմ արևմուտք գտնվում է Սրոցահանք հանդամասը, որտեղից անցյալում սրոցաքար է արտահանվել Պարսկաստան և Թուրքիա։
Հնում Նոյեմբերյանի տարածքը մտել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի, 10-րդ դարի և 12-րդ դարի սկզբին՝ Տաշիր-Ձորագետի (Կյուրիկյան) թագավորության կազմի մեջ։ 11-րդ դարի վերջում և 12-րդ դարի սկզբին Կյուրիկյան թագավորությունը նվաճեցին սելջուկները, և Նոյեմբերյանի տարածքը միացվեց Գանձակի ամիրայությանը։ 1118-1124 թվականներին վրաց Դավիթ Շինարար թագավորը տարածքը վերագրավել է սելջուկներից և միացրել Վիրքին։ 1236 թվականից նվաճվեց մոնղոլների կողմից։ 1801 թվականից Նոյեմբերյանի տարածքը միացավ Ռուսաստանին։ 19-րդ դարին այն մտնում էր Ելիզավետպոլի նահանգի Ղազախ գավառի մեջ, 1920-29 թվականին՝ Լոռի-Փամբակի գավառի մեջ։ 1938 թվականից Նոյեմբերյանը համանուն վարչական շրջանի կենտրոնն է։
Պատմամշակութային կառույցներ Խմբագրել
Շրջակայքում կան եկեղեցիներ, գյուղատեղի, գերեզմանոց, Ք.Ա II-հազարամյակի դամբարաններ։ Նոյեմբերյանից 2 կմ հյուսիս-արևելք գտնվում է պարսպապատ, առանց քարաբուրգերի, «Բերդաղ» կոչվող կիկլոպյան ամրոցը։ Այն ունի 1 հեկտար տարածք։ Մուտքը գտնվում է հարավարևելյան մասում, երկու աշտարակների միջև։ Ներսի կլոր կացարաններն ունեն քառանկյունի օժանդակ կառույցներ։ Նոյեմբերյանի մոտ, դժվարամատչելի մի բարձունքի վրա պահպանվել է «Մրաղանց Արեգունի» կիկլոպյան ամրոցը, որտեղ հայտնաբերվել են մետաղաձուլական հարմարանքներ։ Մոտ 50 մ հեռավորությամբ կան մետաղի հանքախորշեր։ Ամրոցից հայտնաբերվել են բրոնզե մատանի, ապարանջան, սև խեցանաթ, խեցեղեն բեկորներ։ Նոյեմբերյանի հյուսիսային կողմում գտնվում է «Թփի դաշ» (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.) կիկլոպյան ամրոցը։ Երեք ամրոցներն էլ Ք.Ա. I հազարամյակի են։
Նոյեմբերյանում 1903 թ.-ի Սուրբ Սարգիս եկեղեցին է։ Քաղաքի շրջակայքում կան զանազան հնություններ՝ հս. մասում «Թփի դաշ» ամրոցը, 2 կմ հյուսիս-արևելք՝ Բերդատեղի ամրոցը, 2 կմ հարավ-արևմուտք «Ջուխտակեղցի» եկեղեցին (XIII-XIV դարեր)։
Բնակչություն Խմբագրել
Նոյեմբերյանի ազգաբնակչության փոփոխությունը.[5]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1980 | 1989 | 2001 | 2004 | 2015 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 294 | 1197 | 1901 | 2655 | 3138 | 4330 | 5115 | 6116 | 5486 | 5500 | 5000 |
Տնտեսություն Խմբագրել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և այգեգործությամբ։ Հայտնի է իր դեղձով։ Կարևոր դեր ունի կաթնամթերքի, հատկապես պանրի արտադրությունը։
Օգտակար հանածոներ Խմբագրել
Նոյեմբերյանի տարածքում կան երկաթի բովեր, պղնձի երևակումներ, սպիտակ ֆելզիտի պաշարներ և հանքային ջրեր։
Առողջապահություն Խմբագրել
2010 թվականին Հայաստան համահայկական հիմնադրամն իր Գերմանիայի, Ավստրալիայի, Լիբանանի, Շվեյցարիայի տեղական մարմինների և Լիբանանի վարչապետ (2009-2011) Սաադ Հարիրիի ֆինանսավորմամբ հիմնանորոգել է Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոցը[6]։
Հասարակական կառույցներ Խմբագրել
Նոյեմբերյանում գործում են հյուրանոցներ, ռեստորաններ, երկու եկեղեցի, մեկ հիմնական և մեկ ավագ դպրոցներ, երաժշտական, գեղարվեստի և սպորտ դպրոցներ, 2 մանկապարտեզ, «Սարգիս Զուրաբյանի» անվան նախակրթական վարժարան, մշակույթի տուն, կինոթատրոն, հեռուստաընկերություն, բժշկական կենտրոն, կապի հանգույց։
Սպորտ Խմբագրել
Նոյեմբերյանը ավանդաբար ակտիվ դերակատարում է ունեցել հայկական սպորտի զարգացման մեջ։ Նոյեմբերյանում տարածված սպորտաձևերն են ըմբշամարտը, վոլեյբոլը, արևելյան մարտարվեստի տարբեր ոճերը, շախմատը և այլն։
Տես նաև Խմբագրել
Հղումներ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,»։ Վերցված է 2015 Օգոստոսի 9
- ↑ Արամ Ղանալանյան (1969)։ Ավանդապատում։ Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ
- ↑ «Նոյեմբերյան — Երևան, հեռավորությունը քաղաքների միջև (կմ, MI), Վարորդական ուղղություններ, ճանապարհ»։ am.toponavi.com։ Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15
- ↑ «Նոյեմբերյան — Իջևան, հեռավորությունը քաղաքների միջև (կմ, MI), Վարորդական ուղղություններ, ճանապարհ»։ am.toponavi.com։ Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 184»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 22
- ↑ Վերանորոգվել է Նոյեմբերյանի հիվանդանոցը